Ռուբիկոն

Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Երեխա ժամանակ Ռիլկեն մեծացել է Պրահայում, ուր երբ նրան վերջին անգամ, 1923-ին, Մյուզոյում այցելեցի, խնդրեցի անհապաղ գրի առնել մանկական իր հիշողությունները: Մարդիկ շուտով կտնօրինեն չափազանց մեծաքանակ շատ գեղեցիկ այդ նամակները, որ նվիրաբերել է նա իր ընկերներին: Տարիներ շարունակ նրա ողջ արտադրանքը եղել է նման նամակներ գրելը: Սակայն ես վախենում էի, որ մանկական հիշողությունները գրի չեն առնվի: Վերջին տարիներին նրանից չափազանց շատ ժամանակ էին խլում ֆրանսերեն բանաստեղծությունները, ավելի շուտ այն փաստը, որ նա այժմ ֆրանսերեն էր գրում: Ես մի հրաշալի պատմություն եմ հիշում նրա մանկությունից և ուզում եմ այստեղ վերապատմել, որքան որ կարող եմ: Նրա ընկերները այսուհետ կիմանան, թե ինչպես նա, ամենաաննման պատմիչը բոլոր իմ իմացածներից, հետևյալն է պատմել:

Պրահայում էր ապրում նրա ամուրի ավագ քեռին: Նրա միակ մոլուցքը, հոգու համակվածությունը թռչուններն էին: Սենյակներից մեկը լի էր դրանցով: Շաբաթվա որոշակի մի օր փոքրիկ Ռիլկեն իրավունք ուներ այցելել քեռուն: Կեսօրին: Խորթ քրոջ հետ միասին: Քեռին գալիս էր թռչունների սենյակից, որը կից էր ճաշասենյակին: Փետուրներ կային նրա մազերում, մորուքում, բաճկոնը պատված էր դրանցով: Ոչ ոք իրավունք չուներ մտնել թռչունների սենյակը: Երբ ուտելու ընթացքում քեռին վեր էր կենում թռչուններին մի փոքրիկ թռչնոսկոր կամ մի կտոր միրգ տանելու, բացված դռնից լսվում էր բազմաթիվ թռչունների երգը, կանչն ու ծլվլոցը: Սակայն օրերից մի օր այդ ամենն ավարտվեց: Այլևս ոչ մի վանդակ, ոչ մի երգ ու ծղրտոց, այլևս ոչ մի փետուր քեռու մորուքում ու մազերում: Թռչունների փոխարեն շիկահեր, շատ խայտաբղետ պճնված մի անձ` հնչեղ ձայնով: Բոլոր այդ թռչունները, որոնց երբևէ որևէ մեկը տեսած չկար, փոխակերպվել էին կնոջ, որը հետագայում իմ քեռուն այլևս չլքեց և, ի վերջո, հողին հանձնեց, – ավարտելով ասաց Ռիլկեն:

Որքանով որ Ռիլկեն վճռորոշ իմաստով քիչ էր կրոնական, այնքանով էլ կարեկցանքի կամ առհասարակ ներքուստ հատուկ սոցիալական դիրքորոշման մարդ չէր: Հատկապես նրա կրոնականության վերաբերյալ տարածված են շատ սխալ պատկերացումներ: Ես բացահայտ խոստովանում եմ, որ ինձ համար անտանելի է «հարևան Աստված» հասկացությունը: Աղքատներին նա սիրում էր դարձյալ ոչ թե հանուն Որդու, այլ որովհետև նրանք բյուրգերական (քաղաքացիական) չեն: Աղքատությունն ու հարստությունը ուրիշ բանի մեջ են գտնում իրենց իմաստը: Հոր արքայությունում: Որդին խառնաշփոթ մտցրեց այդտեղ: Դեռ ականջիս է նրա ծիծաղը, շատ մեծ բերանի այդ տարօրինակ ծիծաղը, որ կարծես ներծծելու հակառակն էր, և որից ցաք ու ցրիվ եղավ ամենը, երբ Բրիգի կայարանում, ուր ուղեկցեց նա ինձ, ես նրան ասացի. «Ռիլկե, ես անձամբ իսկապես տարօրինակ մի հաստատում եմ գտել Ձեր աշխարհին, Ձեր վերջացող աշխարհին. բանն այն է, որ ես կյանքում հանդիպել եմ այնքան շատ հրաշալի պառաված օրիորդների և չափազանց շատ խենթ մայրերի, որ իրոք թվում է, թե առակի բոլոր խելացի օրիորդները դարձել են պառաված օրիորդներ, իսկ բոլոր խենթերը` մայրեր: Միաժամանակ սա միանգամայն հստակ ապացույցն է այն բանի, որ մենք վերջնականապես դուրս ենք նետված Բախոֆենի և Շուլերի մայրերի աշխարհից»:

Ռիլկեն միշտ արտահայտել է իր հատուկ հակումը այն էակների հանդեպ, որոնց աշխարհը, տղամարդու աշխարհը, պառաված օրիորդ է անվանում: Ոչ այնքան կարեկցանքից, «ամբարտավան» տղամարդու անորոշ իմաստով, այլ որովհետև կնոջը զգում է կնոջից ելնելով: Ռիլկեն նվիրված էր կանանց այնպես, ինչպես հավանաբար ոչ մի տղամարդ իրենից առաջ: Այդ իսկ պատճառով նրա համար գոյություն չուներ այսպես կոչված գեղեցիկ կին:

Սա ևս մի արարած էր` «ամբարտավան», «դիլետանտ» տղամարդու կողմից հորինված, որը բնավ խորամուխ չէր լինում կամ էլ խորամուխ էր լինում լոկ «ամբարտավան» ձևով: Վերջինիս սերը նույնպես զերծ էր Որդու «վեհությունից» կամ կեղծված էր լոկ դրանով: Ահա ինչու դրան ունակ էին միայն կանայք: «Մենք, – ասվում է Մալթե Լաուրիդս Բրիգգեում, – ապականված ենք հեշտագին բավականությունից բոլոր դիլետանտների նման և վարպետության համբավն ենք վայելում: Իսկ ի՞նչ, եթե արհամարենք մեր հաջողությունները, եթե ամենասկզբից սկսենք սովորել սիրո աշխատանքը, որը միշտ մեզ համար է արվել»:

Եվ քանի որ միայն ամենայն սերն ու բոլոր «վեհ» բաները սիրո մեջ են և երբեք ոչ դրանից դուրս, հավանաբար ինչ-որ չափով զարդ, խոպոպ, նախշ ու խաղ կա Ռիլկեի մոտ, բայց երբեք` կլիշե: Այստեղից էլ` հրաշալի միասնականությունը: Ռիլկեն բանաստեղծ էր, անձնավորություն նույնիսկ ձեռքերը լվալիս: Իր կյանքի միակ ահավոր հիշողությունը Սբ. Փյոլթենի կադետական դպրոցում անցկացրած տարիներն էին: Զինվորականությունը նրա համար սատանայի կլիշեն էր, կլիշե դարձած աշխարհը:

Այդպես և Ռիլկեի կրթությունն էր առանց կլիշե: Ես դեռ տեսնում եմ զարմանքը գաղտնի խորհրդական Բոդեի զինվորական դեմքին, երբ Ռիլկեն Դուինոյում խոստովանեց նրան, որ դեռ չի կարդացել «Համլետը»:

Այն, ինչ շատերը կցանկանային նրա ստեղծագործություններում էսթետություն համարել, նույնպես վեհության պակաս չէր, այլ վեհության կլիշեի բացակայություն: Կամ էլ` նրա իրական վեհությունը ձևի և բովանդակության միասնությունն էր: Սակայն նա ուզում էր դուրս գալ դրանից: Մի նոր «վեհություն», որ նա իր ողջ էությամբ պետք է ընկալեր ոչ թե որպես հերոս, այլ որպես մյութոս, միֆականի վեհություն: Հյոլդերլինի ուշ շրջանի բանաստեղծություններում նա ևս տեսնում էր արվեստի հաղթահարում արվեստով, մի նոր մյութոս: Անմահական Դուինյան էլեգիաները այդ ուղիով գնալու մի փորձ են. արվեստը արվեստով հաղթահարելու ուղիով:

Գերմաներենից թարգմանությունը`Արա Գուրզադյանի

Rudolf Kassner «Buch der Erinnerung»

Կարդալ նաև

Գրականություն Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935 Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության… Գրականություն Վարիացիա ըստ մի «Մտքի»* Պոլ Վալերի Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ: – Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա… Գրականություն Հայկական հակաժողովրդական հեքիաթներ Գրիգոր Բաբայան Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը…