Փորձն իբրև օբյեկտի և սուբյեկտի միջնորդ (1792)
Գյոթե
Հենց որ մարդ սկսում է իր շուրջը առարկաներ նկատել, նա դիտում է դրանք իր անձի վերաբերմամբ, և, իհարկե, իրավացի է: Քանզի իր ողջ ճակատագիրը կախված է այն բանից, թե արդյոք դրանք դուր են գալիս նրան, թե ոչ, ձգում են, թե վանում, օգտակար են, թե վնասակար: Առարկաներ դիտելու ու դատելու այդ միանգամայն բնական ձևը թվում է նույնքան դյուրին, որքան և անհրաժեշտ, և սակայն, մարդն առ այդ մատնվում է հազար ու մի մոլորությունների, որոնք նրա համար հաճախ ամոթի ու դառնության պատճառ են հանդիսանում:
Շատ ավելի ծանր խնդիր են ստանձնում նրանք, որոնց ճանաչողության կենդանի հակումը դրդում է զննել բնության առարկաներն ինքնին և միմյանց փոխհարաբերության մեջ, քանզի շատ շուտով մարդիկ սկսում են զգալ պակասն այն չափանիշի, որն օգնության էր գալիս, երբ նրանք զուտ մարդկային տեսանկյունից դիտում էին առարկաներն իրենց վերաբերմամբ: Նրանց պակասում է հաճույքի ու տհաճության, ձգման ու վանման, օգուտի ու վնասի չափանիշը: Դրանից նրանք պետք է բոլորովին հրաժարվեն: Որպես անտարբեր ու, ասես, աստվածային էակներ, նրանք պետք է փնտրեն ու քննեն այն, ինչ կա, և ոչ թե այն, ինչ հաճելի է: Այդպես, իսկական բուսաբանին չի հուզում ո՛չ բույսերի գեղեցկությունը, ո՛չ էլ օգտակարությունը, նա պետք է հետազոտի բույսերի կազմավորումը, դրանց կապը մնացած բուսական աշխարհի հետ: Եվ ինչպես արևը կյանքի է կոչում ու լուսավորում բոլոր բույսերը, այնպես էլ նա պետք է զննի ու շրջահայի այդ ամենը և ճանաչողության չափանիշը, դատողության համար տվյալները վերցնի ոչ թե ինքն իրենից, այլ դիտվող առարկաների շրջանից:
Հենց որ մենք փորձենք դիտել որևէ առարկա ինքնին, ինչպես նաև իր և ուրիշ առարկաների փոխհարաբերության մեջ, ու մոտենալ դրան առանց տենչանքի կամ նողկանքի, ապա հանգիստ ուշադրությամբ այն զննելիս մենք շատ շուտով կկարողանանք բավականին պարզ հասկացություն կազմել տվյալ առարկայի, նրա մասերի և հարաբերությունների վերաբերյալ: Որքան ավելի հեռու ենք մենք տանում այդ դիտումները, որքան ավելի շատ ենք մենք առարկաները միմյանց կապակցում, այնքան ավելի շատ ենք վարժեցնում մեզ բնորոշ դիտելու ձիրքը: Եթե մենք կարող ենք մեր արարքներում կիրառել այդ իմացությունները մեր անձի նկատմամբ, ապա մենք արժանի ենք խելացի կոչվելու: Յուրաքանչյուր նորմալ (wohl) կազմակերպված մարդու համար, որը կա՛մ ի բնե զուսպ է կա՛մ էլ այդպիսին է դարձել պարագաների բերումով, խելացի լինելը դժվար բան չէ, քանզի կյանքը ամեն քայլափոխին ուղղում է մեզ: Սակայն եթե դիտողը կիրառի այդ սուր դատողունակությունը բնության քողարկված հարաբերու- թյունների քննության համար, եթե նա աշխարհում, ասես միայնակ, պետք է հետևի յուրաքանչյուր իր քայլին, խույս տալով ամեն տեսակի հապճեպությունից, միշտ աչքի առաջ իր նպատակն ունենա, այն էլ բաց չթողնելով իր ճանապարհին որևէ օգտակար կամ վնասակար հանգամանք, և եթե անգամ այնտեղ, ուր նրան ոչ-ոք չի կարող հեշտությամբ հսկել, նա պարտավոր է լինել իր սեփական ամենախիստ դիտողը և նույնիսկ ամենաեռանդուն ջանքերի դեպքում միշտ պետք է ինքն իրեն թերահավատորեն վերաբերվի, ապա պարզ է դառնում, թե որքան խիստ են այդ պահանջները և որքան փոքր կարող է լինել դրանք լիովին բավարարված տեսնելու հույսը, անկախ այն բանից` ծառայել են դրանք ուրիշներին, թե հենց իրեն: Սակայն այդ դժվարությունները, անգամ, կարելի է ասել, հիպոթետիկ անհնարինությունը, չպետք է խանգարեն անելու այն, ինչ հնարավոր է անել, և մենք համենայն դեպս շատ ավելի առաջ կգնանք, եթե փորձենք ընդհանուր առմամբ պատկերացնել այն միջոցները, որոնց շնորհիվ մեծ մարդիկ կարողացել են ընդլայնել գիտությունները, եթե մենք ճշտորեն ցուցանենք բոլոր այն սխալ ուղիները, որոնց վրա մոլորվել են նրանք և, երբեմն դարեր շարունակ, նրանց հետևել բազում աշակերտներ, մինչև որ հետագա փորձը նորից ուղղել է դիտողին դեպի ճիշտ ճանապարհը: Որ փորձն ունի և պետք է ունենա մեծագույն ազդեցություն այն ամենի վրա, ինչ մարդ ձեռնարկում է, այդ թվում և բնագիտության ոլորտում, որի մասին ես այժմ հիմնականում և խոսում եմ, դա ոչ-ոք չի ժխտի, ինչպես նաև չի վիճարկի հոգու ունակությունները, որոնց շնորհիվ այդ փորձը ըմբռնվում, հավաքվում, կարգավորվում և զարգացվում է, դրանց բարձր, և ասես, ստեղծագործաբար անկախ զորությունը: Սա- կայն ինչպես ձեռք բերել և օգտագործել այդ փորձը, ինչպես զարգացնել և գործի դնել մեր ունակու- թյունները, դա չի կարող այնքան էլ հանրահայտ ու հանրաճանաչ լինել:
Հենց որ սուր ու առողջ զգայարանների տեր մարդիկ սևեռում են իրենց ուշադրությունը առարկաների վրա, ի հայտ են գալիս նրանց հակվածությունն ու հմտությունը դիտումների հանդեպ: Ես հաճախ առիթներ եմ ունեցել նկատելու դա այն օրվանից, ինչ եռանդով զբաղվում եմ լույսի և գույների ուսմունքով և, ըստ սովորության, զրուցում ինձ առավել հետաքրքրող հարցերի շուրջ անձանց հետ, որոնց համար նման դատողությունները սովորաբար խորթ են: Հենց որ նրանց ուշադրությունը գրգռվում էր, նրանք նկատում էին երևույթներ, որոնք մասամբ չգիտեի, մասամբ էլ աչքաթող էի արել, և դրա շնորհիվ բավական հաճախ ուղղում էին չափազանց հապճեպ հղված գաղափարը, նույնիսկ առիթ էին տալիս ավելի արագ ընթանալու և դուրս գալու սահմանափակումներից, որոնցում մեզ հաճախ գերի է պահում դժվարին հետազոտությունը: Հետևաբար այստեղ, ինչպես և մարդկային շատ ուրիշ ձեռնարկումների դեպքում, նույնպես նշանակություն ունի այն, որ միայն շատերի հետաքրքրությունը, ուղղված մեկ կետի, ի վիճակի է որևէ նշանակալից բան ստեղծելու: Այստեղ ակնառու է դառնում, որ նախանձանքը, որն այդքան շատ կուզենար զրկել ուրիշներին որևէ հայտնագործության պատվից, որ ինչ-որ բացահայտված բան յուրովի հրամցնելու և մշակելու անչափավոր տենչանքը մեծագույն խոչընդոտ են հանդիսանում հետազոտողի համար:
Մինչև հիմա շատերի հետ աշխատելու մեթոդը ինձ բավարարել է այնքան, որ ես չեմ կարող չշարունակել կիրառել այն: Ես ստույգ գիտեմ, ում և ինչով եմ պարտական եղել իմ ճանապարհին, և ուրախ կլինեմ հետագայում հրապարակորեն հայտնել դրա մասին:
Եվ եթե լոկ բնականից ուշադիր մարդիկ ի վիճակի են մեզ այդքան օգուտ տալու, ապա որքան ավելի մեծ պետք է լինի օգուտը, երբ բանիմաց մարդիկ աշխատում են ձեռք ձեռքի տված: Մի որևէ գիտություն ինքնին արդեն այնքան վիթխարի է, որ շատ ու շատ մարդկանց է տանում, այն դեպքում, երբ ոչ մի մարդ ի վիճակի չէ այն տանելու: Կարելի է նկատել, որ գիտելիքները` փակ, բայց կենդանի ջրի պես, հետզհետե բարձրանում են որոշակի մակարդակի, որ ամե նահրաշալի հայտնագործություններն արվում են ոչ այնքան մարդու, որքան ժամանակի կողմից: Ահա թե ինչու շատ կարևոր բաներ հաճախ կատարել են երկու կամ նույնիսկ ավելի մեծ թվով փորձառու մտածողներ: Եվ եթե առաջին դեպքում մենք այդչափ պարտական ենք հասարակությանն ու բարեկամներին, ապա երկրորդում` մենք շատ ավելի պարտական ենք աշխարհին ու դարին. երկու դեպքերում էլ անգնահատելի են տեղեկացումը, օգնությունը, հիշեցումն ու առարկությունը, որոնք մեզ ճիշտ ուղու վրա են պահում և առաջ մղում: