Փորձն իբրև օբյեկտի և սուբյեկտի միջնորդ (1792)
Այդ պատճառով էլ գիտական հարցերում պետք է անել ճիշտ հակառակն այն բանի, ինչ նպատակահարմար է գտնում անելու արվեստագետը, քանզի վերջինս ճիշտ է վարվում հրապարակորեն ցույց չտալով իր դեռևս անավարտ ստեղծագործությունը, քանի որ դճվար թե որևէ մեկը կարողանա նրան խորհուրդ տալ կամ օգնել: Իսկ եթե այն արդեն ավարտված է, ապա այժմ նա պետք է կշռադատի և սրտին մոտ ընդունի պարսավանքն ու գովեստը, որպեսզի միատեղելով այն իր փորձառության հետ, դրա շնորհիվ կատարելագործվի և նախապատրաստվի նոր գործերի համար: Դրան հակառակ, գիտության մեջ օգտակար է յուրաքանչյուր առանձին փորձառություն, անգամ ենթադրություն հրապարակորեն հաղորդել, և առավելագույնս նպատակահարմար է չկանգնեցնել գիտական որևէ կառույց, քանի դեռ դրա հետ կապված պլանն ու նյութերը համընդհանուր ճանաչման, քննարկման և հավանության չեն արժանացել:
Եթե մենք միտումնավոր կերպով կրկնում ենք այն փորձառումները, որոնք արվել են մեզնից առաջ, մեր կողմից կամ էլ ուրիշների` միաժամանակ մեզ հետ և նորից վերարտադրում մասամբ պատահաբար, մասամբ արհեստականորեն առաջացած ֆենոմենները, ապա մենք անվանում ենք դա էքսպերիմենտ:
Որևէ էքսպերիմենտի արժեքը առավելապես կայանում է նրանում, որ, լինի պարզ, թե բարդ, ուզած պահին այն կարելի է կրկնել, եթե միաժամանակ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները, համապատասխան սարքը և պատշաճ հմտությունը: Մենք իրավացիորեն հիանում ենք մարդկային դատողականությամբ, եթե թեկուզ և մակերեսայնորեն ենք դիտում այն համակցությունները, որոնք նա առաջ է բերել տվյալ վերջնական նպատակին հասնելու համար, և երբ զննում ենք մեքենաները, որոնք ստեղծվել են այդ բանի համար, և, կարելի է ասել, ստեղծվում են ամեն օր:
Սակայն որքան էլ առանձին վերցրած էքսպերիմենտը գնահատելի լինի, իր արժեքն այն, այնուամենայնիվ, ստանում է միայն ուրիշների հետ միավորվելու և կապվելու շնորհիվ: Բայց հենց երկու որոշակի նմանություն ունեցող էքսպերիմենտ միավորելու և կապելու համար անհրաժեշտ է ավելի մեծ խստություն և ուշադրություն, քան դա պահանջել են նույնիսկ իրենցից խորաթափանց դիտողները: Երկու ֆենոմեն կարող են ազգակից լինել, բայց ոչ այնաստիճան, որքան ենթադրում ենք: Երկու էքսպերիմենտ կարող են թվալ իրարից հետևող, թեպետ դրանք իսկապես բնական մի կապի բերելու համար դրանց միջև պետք է տեղադրված լիներ մի մեծ շարք:
Այդ իսկ պատճառով հարկավոր է զգուշանալ էքսպերիմենտներից չափից ավելի արագ հետևություններ անելուց, քանզի փորձառությունից դեպի դատողություն, ճանաչողությունից դեպի կիրառում անցնելիս մարդուն, ինչպես մի լեռնանցքում, վրա են հասնում ներքին թշնամիները: Երևակայությունը, անհամբերությունը, հապճեպությունը, ինքնագոհությունը, մտքի կարծրությունն ու ֆորմալիզմը, կանխակալ կարծիքը, հարմարավետությունը, թեթևամտությունն ու փոփոխականությունը, – և էլ ինչպես է կոչվում այդ ամբոխն իր շքախմբով, – բոլորն այստեղ դարան են մտել և, անսպասելիորեն հարձակվելով, պարտության են մատնում թե՛ գործունյա մարդուն, թե՛ հանգիստ, բոլոր կրքերից ապահովագրված թվացող դիտողին:
Այս վտանգից զգուշացնելու նկատառումով, որն ավելի մեծ և մոտ է, քան կարծում են, ես ուզում եմ այստեղ մի տեսակ պարադոքս առաջարկել մարդկանց կենդանի ուշադրությունը գրգռելու համար: Ես համարձակվում եմ պնդել, որ մեկ էքսպերիմենտը, նույնիսկ մի քանի իրար հետ կապված փորձերը ոչինչ չեն ապացուցում, որ չկա ավելի վտանգավոր բան, քան որևէ դրույթ անմիջապես էքսպերիմենտից հաստատելու ցանկությունը, և որ մեծագույն մոլորությունները առաջացել են այդ մեթոդի վտանգն ու անբավարարությունը չգիտակցելուց: Ես պետք է ավելի պարզ բացատրվեմ, որպեսզի չենթարկվեմ կասկածանքի, իբր ուզում եմ ինչ-որ արտասովոր բան ասել միայն:
Մեր կողմից արված յուրաքանչյուր փորձառություն, յուրաքանչյուր փորձ, որի շնորհիվ այն կրկնում ենք, իրականում մեր իմացության միայն առանձին մասն է կազմում: Հաճախակի կրկնությամբ մենք այդ առանձին գիտելիքը հասցնում ենք հավաստիության: Մեզ կարող են հայտնի դառնալ միևնույն բնագավառի երկու փորձառումներ, դրանք կարող են բավական սերտ հարազատություն ունենալ, սակայն իրար ավելի հարազատ թվան, – սովորաբար մենք հակված ենք դրանք իրար ավելի հարազատ համարել, քան իրականում կան: Դա բնորոշ է մարդուն. մարդկային դատողության պատմությունը մեզ հազար ու մի օրինակ է բերում, և ես ինքս ինձ վրա նկատել եմ, որ հաճախ եմ թույլ տալիս այդ սխալը:
Սխալն այդ նման է մեկ ուրիշի, որից մեծ մասամբ և բխում է: Բանն այն է, որ մարդն ուրախանում է ավելի շատ պատկերացման վրա, քան առարկայի, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, մարդն ուրախանում է սոսկ այն առարկայի վրա, որի մասին ի վիճակի է պատկերացում կազմել. այն պետք է համապատասխանի իր մտածելակերպին: Եվ որքան էլ նա բարձրացնի պատկերացման իր եղանակը ընդհանուր մակարդակից և մաքրի այն, միևնուն է, դա սովորաբար մնում է լոկ որպես մի փորձ` բազում առարկաներ որոշ ըմբռնելի հարաբերության բերելու, որը դրանք իրար նկատմամբ, խիստ ասած, չունեն էլ: Այստեղից է վարկածների, տեսությունների, տերմինաբանությունների և սիստեմների նկատմամբ հակումը, մի բան, որ չենք կարող դատապարտել, քանզի այն անհրաժեշտաբար բխում է մեր էության կազմակերպվածքից:
Եթե մի կողմից` յուրաքանչյուր փորձ, յուրաքանչյուր էքսպերիմենտ իրենց բնույթով կարող են իբրև մեկուսի դիտվել, իսկ մյուս կողմից` մարդկային ոգու ուժը ահռելի զորությամբ ձգտում է կապակցել այն ամենը, ինչ նրանից դուրս է գտնվում և հայտնի է դառնում իրեն, ապա չեն գիտակցում այն վտանգը, որին ենթարկվում են, երբ որևէ յուրացրած գաղափարով ցանկանում են կապակցել առանձին փորձը կամ առանձին էքսպերիմենտներով ապացուցել ոչ լրիվ զգայական, բայց ոգու կազմավորող ուժով արդեն արտահայտված որևէ հարաբերություն:
Այդպիսի ջանքերից մեծ մասամբ առաջանում են տեսություններ և սիստեմներ, որոնք պատիվ են բերում հեղինակի մտքի սրությանը, և որոնք, սակայն, երբ վայելում են ավելի մեծ հաջողություն, քան արժանի են, երբ պահպանվում են ավելի երկար ժամանակ, քան հարկ է, ապա իսկույն սկսում են խանգարել և վնասել մարդկային ոգու այն առաջընթացին, որին որոշակի իմաստով և նպաստում են:
Կարելի է նկատել, որ խելացի մարդն այնքան ավելի շատ է հմտություն բանեցնում, որքան քիչ են ձեռքի տակ եղած տվյալները. որ նա ասես ցանկանալով ցույց տալ իր իշխանությունը, անգամ առկա տվյալ- ներից ընտրում է միայն մի քանիսը, որոնք հաճելի են, շողոքորթում են նրան. որ մնացածները կարողանում է այնպես կարգավորել, որ դրանք այլևս իրեն ուղղակի չհակաճառեն. և որ, վերջապես, թշնա- մականները նա գիտե այնպես խճճել, շփոթել և կողմ դնել, որ ընդհանուրն այսուհետև իսկապես ավելի շատ նմանվում է ոչ թե ազատ գործող մի հանրապետության, այլ բռնապետի արքունիքի:
Մարդ, որ այսքան վաստակ ունի, չի կարող պակասը զգալ երկրպագուների և աշակերտների, որոնք նման հյուսվածքը պատմականորեն ուսումնասիրում են և դրանով հիանում և, որքան հնարավոր է, յուրացնում իրենց վարպետի պատկերացման կերպը: Հաճախ նման ուսմունքը այնքան մեծ իշխանություն է ձեռք բերում, որ նա, ով կհամարձակվի այն կասկածի տակ առնել, հանդուգն ու ժպիրհ մարդու համբավի կարժանանա: Միայն հետագա հարյուրամյակները կկարողանան նման սրբության նկատմամբ ոտնձգություն անել, դիտարկման առարկան կրկին վերադարձնել սովորական մարդկային դատողականությանը, խնդրին ավելի թեթև մոտենալ և աղանդի հիմնադրի մասին կրկնել այն, ինչ ոմն մեկը սրամտել է մի հռչակավոր բնագետի հասցեին` նա, անշուշտ, մեծ մարդ կլիներ, եթե փոքր-ինչ քիչ հայտնագործություններ աներ: