Ռուբիկոն

Փորձն իբրև օբյեկտի և սուբյեկտի միջնորդ (1792)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Սակայն, թերևս, դեռ բավական չէ մատնանշել վտանգը և դրանից զգուշացնել: Հարկավոր է, համենայն դեպս, հրապարակել սեփական կարծիքը և ցույց տալ, թե ինքդ ինչպես ես մտադիր խուսափելու նման շեղումից, կամ, եթե դա հայտնի է, ինչպես է դա արել մեզնից առաջ մեկ ուրիշը:

Քիչ առաջ ասացի, որ որևէ էքսպերիմենտի անմիջական գործադրումը այս կամ այն վարկածն ապա- ցուցելու նպատակով ես վնասակար եմ համարում, և այդպիսով հասկացնել տվեցի, որ դրա միջնորդավորված կիրառումը օգտակար եմ ընդունում, և քանի որ ամեն ինչ այդ կետին է հանգում, ապա անհրաժեշտ է հստակ բացատրվել:

Կենդանի բնության մեջ տեղի չի ունենում որևէ բան, ինչը ընդհանուրի հետ կապված չլիներ, և եթե դիտումները մեզ մեկուսացված են թվում, եթե մենք նայում ենք էքսպերիմենտներին սոսկ որպես մեկուսացված փաստերի, դրանից դեռ չի հետևում, որ դրանք մեկուսացված են: Հարցը միայն այն է, թե ինչպես գտնել այդ ֆենոմենների ու դեպքերի կապը: Վերը մենք տեսանք, որ մոլորության են մատնվում նախ և առաջ նրանք, ովքեր փորձում են մեկուսացված փաստը անմիջականորեն կապել իրենց մտածողության և դատողունակության հետ: Դրան հակա- ռակ մենք գտնում ենք, որ բոլորից շատ արել են նրանք, ովքեր չեն հրաժարվել ըստ կարելվույն հե- տազոտել և մինչև վերջ մշակել առանձին փորձի, առանձին էքսպերիմենտի բոլոր կողմերն ու մոդիֆիկացիաները:

Քանի որ բնության մեջ ամեն ինչ, և հատկապես ընդհանուր ուժերն ու տարրերը հարատև ազդեցության և հակազդեցության մեջ են, ապա յուրաքանչյուր ֆենոմենի մասին կարելի է ասել, որ այն կապված է անթիվ ուրիշների հետ, ինչպես որ մենք ասում ենք ազատ ճախրող լուսարձակ կետի մասին, որ այն իր ճաճանչները առաքում է բոլոր կողմերը: Եվ եթե մենք ահա այդպիսի փորձ դրեցինք և այդպիսի դիտում կատարեցինք, ապա մենք պետք է մանրազնին ուսումնասիրենք, թե ինչ է անմիջապես հարում սրան և թե սրանից հետո ինչ է ամենից առաջհետևում: Դա հենց այն է, ինչին մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք, քան այն բանին, ինչը դրան վերաբերում է: Այդպիսով, բնախույզի բուն խնդիրն է յուրաքանչյուր առանձին փորձի բազմազանումը: Դա հակառակ է գրողի պարտականությանը, որը ձգտում է զբաղեցնել ընթերցողին. նա ձանձրույթ կառաջացնի, եթե ինքնուրույն մտածելու ոչինչ չթողնի. իսկ բնախույզը պետք է անխոնջ աշ- խատի, ասես չկամենալով թողնել իր հետևորդներին անելու որևէ բան, թեպետ մեր դատողության և առարկաների բնույթի միջև եղած անհամաչափությունը չի հապաղի ժամանակին հիշեցնել, որ ոչ մի մարդ այնքան ունակ չէ որևէ գործ ավարտին հասցնելու համար:

Օպտիկային նվիրված իմ առաջին երկու հոդվածներում (1791 և 1792) ես ձգտել եմ դնել փորձերի այնպիսի մի շարք, որոնք սերտորեն սահմանակցվում են և անմիջականորեն փոխադարձ շփվում, ավելին, եթե դրանք ստույգ ճանաչել և քննել, ասես կազմում են միայն մեկ էքսպերիմենտ, ամենատարբեր տեսակետներից ներկայացնում միայն մեկ փորձ:

Այդպիսի փորձը, որ բաղկացած է շատ ուրիշներից, ակներևաբար ավելի բարձր կարգի փորձ է: Այն իրենից ներկայացնում է բանաձև, որի միջոցով ար- տահայտվում են անհամար առանձին թվային օրինակներ: Եռանդով զբաղվել նման բարձր կարգի փորձերով` ըստ իս, բնախույզի բարձրագույն պարտականությունն է. դա ցույց է տալիս տվյալ բնագա- վառում աշխատած մեծ մարդկանց օրինակը:

Այդ շրջահայացությունը` մոտական դնել մոտակայի կողքին կամ, ավելի ճիշտ, մոտական դուրս բերել մոտակայից, հարկ է սովորել մաթեմատիկոսներից, և նույնիսկ այնտեղ, որտեղ մենք չենք օգտվում հաշվարկներից, միշտ պետք է մոտենանք գործին այնպես, կարծես պարտավոր ենք հաշիվ տալու ամենախիստ երկրաչափին:

Քանզի, փաստորեն, մաթեմատիկական մեթոդն է, որ շնորհիվ իր շրջահայացության ու մաքրության, յու- րաքանչյուր թռիչք իսկույն բացահայտում է պնդման ապացույցի մեջ, իսկ նրա ապացույցները, ըստ էության, լոկ հանգամանալից շարադրանքներն են այն բանի, որ այդ կապակցությամբ առաջարկվածը արդեն իսկ իր պարզ մասերով ու ողջ հաջորդականությամբ եղել է, իր ծավալով դիտվել և բոլոր պայմաններում ճիշտ և անհերքելի հաստատվել: Այդ պատճառով նրա ցուցադրումները միշտ ավելի շատ շարադրումներ ու ընդհանրացումներ են, քան փաստարկներ: Այս տարբերակումն այստեղ անելով, թող թույլ տրվի ինձ հետադարձ մի հայացք նետել:

Ակնառու է մեծ տարբերությունը մի կողմից` մաթե- մատիկական ցուցադրման, որն հիմնական տարրերը անցկացնում է այդքան շատ կապերի միջով, և մյուս կողմից` ապացույցի միջև, որը որևէ խելացի հռետոր կկարողանար դուրս բերել փաստարկներից: Վերջիններս կարող են բովանդակել բոլորովին մեկուսացված հարաբերություններ, և այնուհանդերձ սրամտության ու երևակայության շնորհիվ հանգեցվել մեկ կետի, այնպես որ իրավացիության ու անիրավացիության, ճշմարիտի ու կեղծի երևութականությունը կարող է առաջանալ բավական անակնկալ:

Ճիշտ այդպես հօգուտ որևէ վարկածի կամ տեսության կարելի է փաստարկների նմանությամբ առանձին փորձերը միատեղել և առավել կամ պակաս շլացնող ապացույց կառուցել:

Ով, ընդհակառակը, ձգտում է իր և ուրիշների հետ բարեխղճորեն գործել, նա մանրամասնորեն ու հիմնովին կմշակի առանձին էքսպերիմենտները և, այդպիսով, կաշխատի կազմավորել բարձր կարգի փորձեր: Դրանք հնարավոր է ձևակերպել կարճ ու հասկանալի արտահայտություններով, իրար կողք դնել, հետզհետե կազմավորման համեմատ` կարգավորել ու բերել այնպիսի մի հարաբերության, որ մաթեմատիկական դրույթների պես թե՛ առանձին-առանձին և թե՛ միասին վերցրած անհողդողդ կանգնած լինեն:

Այդ բարձր կարգի փորձերի տարրերը, որոնք իրենցից բազում առանձին էքսպերիմենտներ են ներկայացնում, կարող են այնուհետև յուրաքանչյուրի կողմից ուսումնասիրվել ու քննվել, և դժվար չէ որոշել, հնարավոր է արդյոք բազմաթիվ առանձին մասերը մեկ ընդհանուր դրույթով արտահայտել, քանզի այստեղ որևէ կամայականություն լինել չի կարող:

Սակայն ուրիշ մեթոդի դեպքում, երբ որևէ բան, ինչ պնդում ենք, ցանկանում ենք ապացուցել մեկուսացված էքսպերիմենտների, ինչպես որ փաստարկների միջոցով, եզրակացությունը շատ անգամ ստացված է լինում անօրինաբար, եթե այն ընդհանրապես կասկածելի չէ: Բայց եթե արդեն հավաքված է բարձրակարգ փորձերի մի շարք, ապա թո՛ղ որքան հնարավոր է վարժվեն դրանց վրա դատողականությունը, երևակայությունը և սրամտությունը. վնաս դա չի բերի, նույնիսկ օգտակար կլինի:

Այն առաջին գործը ձեռնարկելիս ավելորդ չեն լինի մանրազնինությունը, ջանասիրությունը, խստությունը, անգամ մանրախնդրությունը, քանզի այն արվում է աշխարհի ու ապագա սերունդների համար: Սակայն այդ նյութերը պետք է կարգավորվեն ու դասավորվեն շարքերի և ոչ թե համադրվեն ինչ-որ հիպոթետիկ եղանակով կամ էլ գործածվեն որևէ համակարգ կառուցելու համար: Այդ դեպքում յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա դրանք յուրովի միացնել և դրանցից ամբողջություն կազմել, որն ընդհանրապես մարդկային պատկերացման կեր- պին շատ թե քիչ հարմար ու հաճելի կլինի: Այս եղանակով կտարբերվի այն, ինչ հարկ է տարբերել, և փորձնական տվյալների հավաքածուն շատ ավելի արագ ու մաքուր կերպով կընդլայնվի, քան եթե ավելի ուշ էքսպերիմենտները, շենքը կառուցելուց հետո բերված քարերի նման, չօգտագործված մի կողմ դրվեն:

Երևելի մարդկանց կարծիքն ու օրինակը ինձ թույլ են տալիս հուսալու, որ ես ճիշտ ուղու վրա եմ, և ուզում եմ, որպեսզի այս բացատրությունը գոհացնի բարեկամներիս, որոնք հաճախ հարցնում են, թե որն է ըստ էության, իմ օպտիկական աշխատանքների բուն նպատակը: Իմ նպատակն է` հավաքել այդ բնագավառում կուտակված ամբողջ փորձը, ինքնուրույն դնել բոլոր էքսպերիմենտները և դրանք անցկացնել իրենց մեծագույն բազմազանության միջով, որից հետո դրանք հեշտությամբ հնարավոր կլինի կրկին վերստեղծել և ինչի շնորհիվ դրանք չեն վերանա բազում մարդկանց տեսադաշտից: Այնուհետև` առաջ քաշել դրույթներ, որոնցում արտահայտվում են բարձր տեսակի փորձեր, և սպասել, թե ինչ չափով նաև դրանք կարող են դրվել ավելի բարձր սկզբունքի տակ: Իսկ եթե երբեմն այդ ընթացքում երևակայությունն ու սրամտությունը անհամբերաբար առաջ կշտապեն, ապա հենց աշխատելու եղանակն ինքը կցուցանի այն ուղղությունը, ուր նրանք հարկադրված կլինեն կրկին վերադառնալու:

Գերմաներենից թարգմանությունը` Սերգեյ Խաչիկօղլյանի

«Goethes Werke» Stuttgart 1867

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Դոգմատիզմ և սկեպտիցիզմ (1829) Գյոթե Բնության օբյեկտների վերաբերյալ տեսական հայացքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է գնահատել մի որևէ ավելի բարձր փիլիսոփայական տեսակետից: Վերների ուսմունքը իսկական դոգմատիզմ էր: Ջրաբերուկներից ու ողողատներից գնացին դեպի լեռնաշերտեր և ավելի հեռու` դեպի… Փիլիսոփայություն Փիլիսոփայական էտյուդ Գյոթե Կեցության և կատարելության հասկացությունը միևնույնն է: Երբ մենք հետևում ենք այդ հասկացությանն այնքան հեռու, որքան դա մեզ համար հնարավոր է, ապա ասում ենք, թե պատկերացնում ենք անվերջը: Սակայն անվերջը կամ լիակատար գոյությունը մենք ի վիճակի չենք… Փիլիսոփայություն Ինդուկցիա (1829) Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին…