Ռուբիկոն

Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Սերգեյ Ստեփանյան

Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և իր փիլիսոփայությանը տրված գնահատականների ու մեկնաբանությունների բազմազանությունը (այդ փիլիսոփայության ներքին մեծ պոտենցիալի վկայություն) մեր առաջ գծում են պարադոքսալ, բայց իր որոնումների ու հետևությունների մեջ չափազանց ազնիվ հոգու պատկեր: Ծնունդով Վիտգենշտայնը Ավստրիայից է: Նրա վառ երևակայությունը սնվել է դարասկզբին իր ծաղկումն ապրող վիեննական մշակույթից. Բրամսի, Կազալսի, Կրաուսի և այլոց անունները հաճախ ենք հանդիպում նրա գրվածքներում: Փիլիսոփայական առաջին գրքերի թվում է Արթուր Շոպենհաուերի «Աշխարհը որպես կամք և պատկերացում»-ը, որի հոռետեսական երանգները հատկապես նկատելի են Վիտգենշտայնի օրագրերում և աֆորիզմներում: Բեռլինի տեխնիկական դպրոցում, այնուհետև Մանչեստերի տեխնիկական համալսարանում ուսանելուց հետո նա անսպասելիորեն թողնում է ավիաինժեների հեռանկարային կարիերան և լրջորեն տրվում մաթեմատիկայի և տրամաբանության փիլիսոփայությանը:

Գերմանացի տրամաբան և մաթեմատիկոս Գոթլոբ Ֆրեգեի խորհրդով նա տեղափոխվում է Քեմբրիջ (Անգլիա), և դառնում «Principia Mathematica» հռչակավոր աշխատության համահեղինակ Բերտրան Ռասսելի ուսանողը: Իր առաջին աշխատությունը` «Տրամաբանա-փիլիսոփայական տրակտատը», որի վերնագիրը նրան հուշել էր Ջորջ Մուրը, Վիտգենշտայնը սկսում է գրել նորվեգական մի խուլ գյուղում, կիսատ թողնելով ուսումը:

Ավարտել իր աշխատանքը խաղաղ պայմաններում վիճակված չէր: Նյարդային հյուծվածությունը դրդում է նրան 1914 թվականին ինքնակամ զորակոչվելավստրիական բանակ և շարունակել իր երկը նախ խրամատներում, ապա գերության մեջ Իտալիայում: Առաջին աշխարհամարտից հետո որոշ ժամանակ աշխատում է որպես ուսուցիչ Ստորին Ավստրիայի գյուղական դպրոցներում` հրաժարվելով հայրական ժառանգության իր բաժնից հօգուտ հարազատների և մշակութային մի քանի գործիչների (Ռիլկե, Թրակլ, Կոկոշկա…), իսկ կարճ ժամանակ անց վերադառնում է Քեմբրիջ, սակայն արդեն որպես դասախոս: 

«Տրակտատին» Ռասսելի տված գնահատականը վհատեցնում է Վիտգենշտայնին, որն ավելի մեծ ըմբռնում էր սպասում իր ուսուցչից: «Տրակտատի» արժանիքները նշելիս Ռասսելը անտեսել էր ամենաէականը, այն, ինչը դուրս էր գալիս տրամաբանականի շրջանակներից: Վիտգենշտայնը խզում է իր կապերը փիլիսոփայության հետ և դարձյալ վերադառնում Քեմբրիջ միայն ութ տարի անց: Վերադարձի պատճառը նոր գաղափարներն էին և«Տրակտատից» տարբեր դիտակետը: 1936-1945 թթ. իր ձեռագրերի հիմնական մասը նա համակարգում և լույս է ընծայում «Փիլիսոփայական հետազոտություններ» վերնագրով, ձեռագիր նյութի մյուս մասը հետմահու լույս է տեսնում «Դիտողություններ մաթեմատիկայի հիմունքների վերաբերյալ» անվամբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վիտգենշտայնը աշխատում է հոսպիտալում որպես սանիտար, իսկ այնուհետև Նյուքասլում իր ուժերնէ փորձում բժշկության ասպարեզում (լաբորանտ): Կարճ ժամանակով նա կրկին վերադառնում է դասախոսական գործունեության, որից հետո վերջնականապես թողնում է այն և ազատ հետազոտությունների տրվում Իռլանդիայում: Միացյալ Նահանգներ իր կատարած այցելությունից հետո (1949), արդեն քաղցկեղով հիվանդ Վիտգենշտայնը գրում է իր վերջին (անավարտ) աշխատությունը, որը հրատարակիչները վերնագրում են «Հավաստիության մասին»: Մահանալիս իր աշակերտ Նորման Մալկոլմին Վիտգենշտայնը խոստովանում է, որ ապրել է «հեքիաթային կյանք»:

XX դարի առաջին տասնամյակին Քեմբրիջում սկիզբ առավ անալիտիկ փիլիսոփայության ուղղությունը, որի հիմնադիրները եղան Ջորջ Մուրը և Բերտրան Ռասսելը: Դրված խնդիրը նոր չէր փիլիսոփայության համար. հստակեցնել մտքերն ու գաղափարները: Նորը վերլուծության մեթոդն էր, որ հիմնված էր տրամաբանության ոլորտում առկա նվաճումների վրա: Թե՛ Ռասսելը, թե՛ Մուրը վերջին հաշվով զբաղվում էին լեզվական նյութի քննությամբ, նրանում տեսնելով փիլիսոփայական պրոբլեմների աղբյուրը և հետևաբար նաև լուծման բանալին: Հստակեցնել մտքերն ըստ այդմ նույնն էր, ինչ հստակեցնել լեզուն, իսկ հստակեցնել լեզուն անալիտիկ փիլիսոփայի համար նշանակում է բերել այնպիսի պայմանների, որոնց առկայությամբ այն կգործի ինչպես տրամաբանական նշանային համակարգ: Միևնույն ծրագիրը Ռասսելը փորձել է իրագործել մաթեմատիկայի նկատմամբ Ալֆրեդ Նորթ Ուայթհեդի հետ համատեղ հեղինակած «Principia Mathematica» գրքում:

Վիտգենշտայնի հետաքրքրությունները սկզբնապես պայմանավորված են եղել հենց անալիտիկ փիլիսոփայության գաղափարներով: Նրաաշխարհայացքի զարգացման երկու փուլերը, որոնք նշանավորվում են երկու կենտրոնական աշխատություններով` «Տրամաբանա-փիլիսոփայական տրակտատով» և «Փիլիսոփայական հետազոտություններով», վերաբերում են անալիտիկ ուղղության երկու շրջաններին: Մեզ հետաքրքրում է առաջին աշխատությունը և հետևաբար առաջին փուլը:

Հստակեցումը մշտապես գործ ունի սահմանազատման հետ: Այդ սահմանազատումը «Տրակտատում» իրագործվում է լեզվապես արտահայտելիի և անարտահայտելիի վերաբերությամբ` սկսելով առաջինից: «Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում», հետևաբար աշխարհը իրադարձությունների համակցություն է: Մենք աշխարհի պատկեր ենք կազմում վերարտադրելով փաստերը, ընդ որում օգտվելով պատկերի և պատկերվածի միջև առկա ընդհանուր ձևից: Փաստերը սուբստանցական առումով բաղադրված են օբյեկտներից, որոնք ատոմար են: Իրադարձության, այսինքն փաստիտեսանկյունից օբյեկտը կարևորվում է որպես հարաբերությունների շղթայի օղակ. լինել շղթայից դուրս նշանակում է լինել գործողությունից դուրս, հետևաբար չլինել աշխարհի համակցության մեջ և տեղի չունենալ: Աշխարհի համատարած հոդավորվածությունը հնարավոր է դառնում պատկերելլեզվի հոդավորվածության միջոցով: Պրոյեկտիվ պատկերման արդյունքում օբյեկտներին և նրանց հարաբերություններին մտքի մեջհամապատասխանում են անունները և նախադասությունները: Այն, ինչը կարող է ասվել փաստի ճանաչողության մասին, ենթակա է տրամաբանականվերլուծության, քանի որ լեզվի տրամաբանությունը ենթադրված է փաստի տրամաբանությամբ: «Նախադասությունների իմաստը այդ իմաստիհամապատասխանությունը կամ անհամապատասխանությունն է իրադարձությունների գոյության կամ չգոյության հնարավորություններին»: Ինքը լեզուն, առանց իր տրամաբանության տեղի և դերի հստակեցման, կարող է մեզ շատ հեռացնել նրանից, ինչ միտված էր արտահայտելու: «Մարդն ունակ էկառուցել լեզուներ, որոնցով հնարավոր է արտահայտել ցանկացած իմաստ, առանց պատկերացում իսկ ունենալու, թե ինչպես և ինչ է նշանակումյուրաքանչյուր բառ»: Իր ավելի ուշ գրվածքներում շարունակելով պաշտպանել այս միտքը` Վիտգենշտայնը խոստովանում է, որ ժամանակի կորուստ էհամարում պլատոնյան տրամախոսության ընթերցումը. ապացույցներն այնքան շատ են, բայց ո՞ւմ են պետք դրանք: Ցանկանալով տարածել մերխորհրդածությունը լեզվի նորանոր երևույթների վրա, կարող ենք տեսնել լեզվի անպիտանությունը: Կարող ենք տեսնել, թե ինչպես է լեզվի տարերքնինքը անիրագործելի պահանջներ դնում մեր առաջ` անհնար դարձնելով որևէ բացատրություն: Հիրավի սա այն է, ինչ կարելի է կոչել պայքար լեզվի հետ: Սոկրատեսը խճճվում է լեզվի մեջ ամեն անգամ, հենց որ փորձում է որևէ հասկացության սահմանում տալ, քանի որ յուրաքանչյուր նոր պարզաբանմանմեջ վերստին հայտնաբերելի է հակասականը: Լեզուն չար խաղ է խաղում Սոկրատեսի հետ, տանելով նրան իմաստի և անիմաստության սահմանագծովանցնող լաբիրինթոսով, ուստի և դերը, որ նշանակված է իր հերթական ընդդիմախոսին, ավելի բարձր տիրույթում վիճակվում է հենց իրեն` Սոկրատեսին: Փիլիսոփայի ճշմարիտ զբաղմունքը    մտքերի           լեզվական       թաղանթի հստակեցումն է: Այս գաղափարի հետևողական իրագործումն ըստՎիտգենշտայնի ի վերջո ցույց կտա, որ փիլիսոփայական խորագույն խնդիրներից շատերը ոչ թե կեղծ են, այլ անիմաստ: Լեզվի սահմաններն ըստՎիտգենշտայնի այդ լեզվի կրողի աշխարհի սահմաններն են: Իրականում սա քիչ չէ, որովհետև սահմանից այն կողմ ընկածն անմտածելին է, անտրամաբանականը, որի պատկերը հնարավոր չէ կազմել: Մինչդեռ լեզվի ողջ պատկերավոր զորությունը հիմնվում է պատկերման տրամաբանությանվրա: Հասկանալով նախադասությունը, մենք հասկանում ենք այն ոչ թե բացատրության կամ մեկնության արդյունքում, այլ այն բանի, որնախադասությունը ցույց է տալիս պատկերված իրականությունը, իր իմաստը: Իդեալիզմի թերությունը իրականության բազմազանությունըարտահայտության միջոցի սահմանափակությունից կախման մեջ դնելն է: Այսպես, կանտյան իդեալիզմի դեպքում տարածական հարաբերություններիտեսողությունը տարածական ակնոցով պայմանավորելը, համաձայն Վիտգենշտայնի, անխուսափելիորեն հանգեցնում է մի պակասավորության, որըգոյանում է այդ հարաբերությունների ողջ բազմազանության անտեսումից: Լեզուն (նախադասությունը) կարող է պատկերել իրականության ամբողջը, բացառությամբ նրա, ինչն իր դեպքում ընդհանուր է այդ իրականության հետ, այսինքն` բացի տրամաբանական (մտածելիության) ձևից: Այսպարադոքսալ պնդումը նկատի ունի, որ իրականության և լեզվի միջև ընդհանուրը, ինքը արտիկուլյացիան, մնում է լեզվականի և տրամաբանականիսահմանից այն կողմ, միաժամանակ լինելով նրա ներսում: Այն չի խոսում. այն ցույց է տալիս իրեն լեզվում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։… Փիլիսոփայություն Ստեղծագործություն և ճշմարտություն Մարտին Հայդեգգեր Հատված «Գեղարվեստական ստեղծագործության ակունքը» գրքից Գեղարվեստական ստեղծագործության ակունքը արվեստն է: Բայց ի՞նչ է արվեստը: Այն իրական է ստեղծագործության մեջ: Ահա ինչու մենք նախ և առաջ փնտրում ենք ստեղծագործության իրականությունը: Ո՞րն է այն:… Փիլիսոփայություն Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ) Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է…