Ռուբիկոն

Մարտին Հայդեգգեր. Գերմանական համալսարանի ինքնահաստատումը

Հրապարակվել է
15 ապրիլի 2022

Մարտին Հայդեգգեր


Մարտին Հայդեգգերն ասել է այս ճառը 1933 թվականին, Ֆրայբուրգի համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնելու կապացությամբ: Աղբյուրը՝ Heidegger, Martin; Die Selbstbehauptung der deutschen Universität; Breisgau, 1934 2 ; S. 5 – 22:

Ռեկտորության ստանձնումը այս բարձրագույն դպրոցի հոգևոր առաջնորդության պարտավորություն է: Ուսուցիչների և աշակերտների փոխհաջորդումը արթնանում և ամրանում է գերմանական համալսարանի էության մեջ ճշմարիտ և ընդհանուր արմատավորվածությունից: Բայց այդ էությունը պարզության, արժանիքի և ուժի է հասնում նախ և առաջ և միշտ այն դեպքում, երբ առաջնորդներն իրենք իսկ առաջնորդվողներ են՝ առաջնորդված հոգևոր այն առաջադրանքի անսասանությամբ, որը ստիպում է գերմանացի ժողովրդի ճակատագրին դրոշմվել իր պատմության մեջ: 

Գիտե՞նք արդյոք այդ հոգևոր առաջադրանքի մասին: Անկախ նրանից՝ գիտենք, թե ոչ, անխուսափելի է հետևյալ հարցը. արդյո՞ք մենք՝ այդ բարձր դպրոցի ուսուցչությունը և աշակերտությունը իսկապես և ընդհանուր կերպով արմատավորված ենք գերմանական համալսարանի էության մեջ: Ունի՞ արդյոք այդ էությունը դրոշմելու իսկական ուժ մեր գոյության համար: Հավանաբար լոկ այնժամ, երբ մենք հիմնավորապես կամենում ենք այդ էությունը: Բայց ո՞վ կուզեր կասկածի տակ առնել դա: Համալսարանի էության տիրապետող գիծը տեսնում են դրա «ինքնակառավարման» մեջ. այն պետք է պահպանել: Բայց մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ է պահանջում մեզնից ինքնակառավարման հավակնությունը:

Ինքնակառավարումը նշանակում է. մենք ինքներս ենք մեզ առաջադրանք դնում և ինքներս ենք որոշում դրա կատարման ուղիներն ու եղանակները, որպեսզի այդկերպ լինենք այն, ինչ կամենում ենք լինել: Բայց գիտե՞նք արդյոք, թե ովքեր ենք ինքներս, մենք՝ գերմանացի ժողովրդի բարձրագույն դպրոցի ուսուցիչների ու աշակերտների այս միությունը: Կարո՞ղ ենք ընդհանրապես իմանալ դա, առանց մշտական և խիստ ինքնաիմաստավորման:

Ո՛չ համալսարանի այսօրվա վիճակի իմացությունը, ո՛չ էլ ծանոթությունը նրա ավելի վաղ պատմության հետ չեն ապահովում նրա էության բավարար իմացություն, եթե մենք նախապես հստակ և խստորեն չսահմանագծենք այդ էությունը ապագայի համար, այդ ինքնասահմանագծման մեջ չկամենանք այն և այդ կամեության մեջ չհաստատենք ինքներս մեզ: 

Ինքնահաստատումը գոյություն ունի միայն ինքնաիմաստավորման հիմքի վրա: Իսկ ինքնաիմաստավորումը տեղի է ունենում շնորհիվ գերմանական համալսարանի ինքնահաստատման:Կիրագործե՞նք այն արդյոք և ինչպե՞ս:

Գերմանական համալսարանի ինքնահաստատումը նրա էության նախնական և ընդհանուր կամքն է: Գերմանական համալսարանը նշանակալի է մեզ համար որպես բարձր դպրոց, որը գիտությունից և գիտության միջոցով գերմանացի ժողովրդի առաջնորդներ և ճակատագրի պահապաններ է ընտրում դաստիարակության և կրթության համար: Գերմանական համալսարանի էության կամքը գիտության կամքն է, որպես գերմանացի ժողովրդի պատմական հոգևոր առաքելության կամք, ժողովրդուրդ, որը գիտի ինքն իրեն սեփական պետության մեջ: Գիտությունը և գերմանական ճակատագիրը պիտի իսկույն իշխանության գան էության կամքի մեջ: Եվ դրանք կգան իշխանության միայն և այնժամ, երբ մենք՝ ուսուցիչներս և աշակերտներս, նախ տրամադրենք գիտությունը իր ամենաներքին անհրաժեշտությանը և երբ այնուհետևպաշտպանենք գերմանական ճակատագիրը իր ծայրագույն կարիքի մեջ:

Գիտության էությունը մենք, իհարկե, փորձում ենք ոչ իր խորագույն անհրաժեշտության մեջ, քանի դեռ խոսելով «գիտության նոր հասկացության» մասին, վիճարկում ենք անչափ այսօրեական գիտության ինքնուրույնությունը և նախադրյալազրկությունը: Այս բացառապես բացասական և վերջին տասնամյակներից դուրս ոչինչ չտեսնող գործունեությունն ի վերջո դառնում է գիտության էության մասին իսկական մտահոգության պատրանք:

Եթե մենք կամենում ենք որսալ գիտության էությունը, ապա նախ պիտի աչքի առաջ ունենանք հետևյալ որոշիչ հարցը. պիտի՞ արդյոք գիտությունը շարունակի լինել մեզ համար, թե՞ մենք թույլ կտանք, որ այն հասնի իր մոտալուտ վախճանին: Որ գիտությունը ընդհանրապես պիտի գոյություն ունենա, երբեք անպայմանորեն անհրաժեշտ չէ: Իսկ եթե գիտությունը պիտի գոյություն ունենա մեզ համար և մեր շնորհիվ,ապա ո՞ր պայմանի առկայությամբ այն կարող է իսկապես գոյություն ունենալ:

Լոկ այնժամ, երբ մենք վերստին ենթարկենք մեզ մեր հոգևոր պատմական գոյության սկզբի իշխանությանը: Այդ սկիզբը հունական փիլիսոփայության պոռթկումն է: Նրա մեջ արևմտյան որևէ ժողովրդի մարդը իր լեզվի շնորհիվ կանգնած է ամբողջ գոյի առաջ և հարցանում ու ըմբռնում է այն որպես գոյ, ինչպես որ այն կա: Ամեն գիտություն փիլիսոփայություն է, անկախ նրանից գիտի դա, թե ոչ: Ամեն գիտություն կապված է մնում փիլիսոփայության այդ սկզբին: Նրանից է քաղում իր էության ուժը, պայմանով, որ մնում է այդ սկզբի հասակակիցը:

Մենք կամենում ենք վերադարձնել մեր գոյությանը իմացության սկզբնապես հունական էության երկու բացառիկ հատկությունները:

Հույներն ունեին հին վկայություն, ըստ որի առաջին փիլիսոփան եղել է Պրոմեթևսը: Ահա ինչու Էսքիլոսը Պրոմեթևսին է թույլ տալիս արտաբերել գիտության էությունն արտահայտող խոսքը. 

τέχνη δ᾽ἀνάγκης ἀσθενεστέρα μακρῷ

(Prom. 514 ed. Wil.)

 «Իմացությունը շատ ավելի տկար է անհրաժեշտությունից»: Սա նշանակում է. իրերի մասին ամեն իմացություն նախապես ենթարկված է ճակատագրի գերիշխանությանը և մերժվում է նրա կողմից:

Հենց այդ պատճառով գիտական իմացությունը պիտի գործի դնի իր բարձրագույն համառությունը, որի համար միայն և առաջ է գալիս գոյի թաքնվածության ողջ զորությունը, իսկապես մերժվելու համար: Այսպես է բացվում գոյողը իր անհատակ անփոփոխության մեջ և օժտում է իմացությունը ճշմարտությամբ: Իմացության ստեղծագործական անզորության մասին վերոհիշյալ խոսքը ուզում են հասկանալ որպես զուտ ինքնահաստատվող և ըստ այդմ ինքնամոռաց իմացություն, որը մեկնում են որպես «տեսական» հրամայական: – Բայց ի՞նչ է θεωρία-ն հույների համար: Ասում են, որ դա զուտ հայեցողություն է, որը կապված է միայն իրերին դրանց լիության և պահանջվածության մեջ: Այդ հայեցող գործառույթը, հղում անելով հույներին, պիտի իրագործվի հանուն ինքն իրեն: Բայց այդ հղումն անարդար է: Քանզի նախ «տեսությունը» իրագործվում է ոչ թե հանուն ինքն իրեն, այլ միայն գոյի մերձավորությամբ և նրա ճնշման տակ գտնվելու կրքի մեջ: Երկրորդ. հույները պայքարում էին հասկանալու և իրագործելու համար այդ հայեցող հարցանումը որպես մարդու էներգիայի, «գործի մեջ լինելու», որոշակի, անգամ բարձրագույն եղանակ: Նրանք մտածում էին ոչ թե պրակտիկան տեսությանը հավասարեցնելու, այլ լրիվ հակառակը՝ ինքը տեսությունը որպես իսկական պրակտիկայի բարձրագույն իրագործում տեսնելու մասին: Հույների համար գիտությունը «մշակութային բարիք» չէ, այլ ողջ ժողովրդական-պետական գոյության խորագույն որոշարկող միջոց: Գիտությունը նրանց համար նաև չգիտակցվածը գիտակցված դարձնելու սոսկ միջոց չէ, այլ ողջ գոյությունը հղկող և ընդգրկող ուժ: