Ռուբիկոն

Մարտին Հայդեգգեր. Գերմանական համալսարանի ինքնահաստատումը

Հրապարակվել է
15 ապրիլի 2022

Գիտությունը հարցանող համառություն է հաստատուն կերպով ամբողջի մեջ թաքնվող գոյի ներսում: Ընդ որում այդ գործող համառությունը գիտի ճակատագրի առաջ իր անզորության մասին:

Սա է գիտության սկզբնական էությունը: Բայց ընկած չէ՞ արդյոք այդ սկիզբը երկու հազարամյակ առաջ: Չի՞ փոխել արդյոք մարդկային գործունեության առաջընթացը նաև գիտությունը: Վստահաբար: Աշխարհի ծավալվող քրիստոնեական-աստվածաբանական մեկնությունը, ինչպես նաև նոր ժամանակի մաթեմատիկական-տեխնիկական միտքն ըստ էության հեռացրել են գիտությունը իր սկզբից ինչպես ժամանակի, այնպես էլ նրա խնդրո առարկայի առումով: Սակայն այդկերպ ինքն այդ միտքը ոչ մի դեպքում հաղթահարված և ոչնչացված չէ: Քանզի եթե սկզբնական հունական գիտությունը մեծ ինչ-որ բան է, ապա այդ մեծի սկիզբը մնում է նրա մեծագույնը: Գիտության էությունը չէր կարողա մինչև իսկ պարպվել և սպառվել, ինչպես դա պատահեց հիմա, չնայած բոլոր ձեռքբերումներին և «միջազգային կազմակերպություններին», եթե դեռ չպահպանվեր սկզբի մեծությունը: Սկիզբը դեռ գոյություն ունի: Այն ոչ թե մեր ետևում է, որպես վաղուց եղած մի բան, այլ մեր առջևում: Լինելով մեծագույն՝ սկիզբը ամեն գալիքից առաջ է և ուրեմն առաջ է անցել մեզնից: Սկիզբը մխրճվել է մեր ապագայի մեջ, այն կանգնած է մեզնից վեր որպես հեռավոր կարգադրություն, որպեսզի մենք նորից հասնենք նրա մեծությանը: 

Լոկ այն բանից հետո, երբ մենք ենթարկվենք այդ կարգադրությանը, սկզբի մեծությունը նորից վերագտնելու համար, գիտությունը կդառնա մեզ համար գոյության ներքնագույն անհրաժեշտություն: Այլապես այն կլինի պատահականություն, որպիսիք լինում են, կամ անվտանգ զբաղմունքի խաղաղ հարմարավետություն, զբաղմունք, որը նպաստում է իմացությունների մերկ առաջընթացին:

Բայց եթե մենք ենթարկվենք մեր սկզբի կարգադրությանը, ապա գիտությունը կդառնա մեր հոգևոր-ժողովրդական գոյության հիմնարար իրադարձություն: 

Եվ եթե մեր ամենաիսկական գոյությունը կանգնած է մեծ փոփոխության առաջ, եթե ճշմարիտ է այն, ինչ ասել է կրքոտ կերպով աստված փնտրող վերջին գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն. «Աստված մեռել է»,- եթե մենք պիտի լրջորեն ընդունենք այսօրվա մարդու լքվածությունը գոյի մեջ, ապա ինչպիսի՞ն է գիտության հարցը: 

Այդժամ գոյի առաջ հույների սկզբնապես ապշահար համառությունը վերածվում է բոլորովին անթաքույց ենթարկվածության թաքուցյալին և անհայտին, այսինքն՝ դառնում է արժանի հարցանման: Հարցանումը այդժամ ոչ միայն պատասխանին, որպես իմացությանը մոտենալու հաղթահարող քայլ է, այլ՝ իմացության բարձրագույն ձև: Հարցանումն այդ ժամանակ բացահայտում է բոլոր իրերի էականը հայտնաբերելու իր սեփական ուժը: Հարցանումն այդժամ դրդում է առավելագույնս պարզեցնել անխուսափելիին նետված հայացքը: 

Այդպիսի հարցանումը կոտրում է գիտությունների ամփոփումը առանձին մասնագիտությունների մեջ, դուրս է բերում դրանք մասնակի բնագավառներում և անկյուններում անծայրածիր ու աննպատակ ցրվածությունից և նորից հավաքում է գիտությունը անմիջապես մարդկային-պատմական գոյության բոլոր ուժերի արգասավորությունից և օրհնվածությունից այնպես, ինչպես որ դրանք կան. բնություն, պատմություն, լեզու. ժողովուրդ, բարոյականություն, պետություն. պոեզիա, միտք, հավատ. հիվանդություն, խելագարություն, մահ. իրավունք, տնտեսություն, տեխնիկա:  

Եթե մենք կամենանք գիտության էությունը որպես հարցանող, անթաքույց հաստատություն գոյի անհայտության մեջ ամբողջապես, ապա էության այդ կամքը կստեղծի մեր ժողովրդի համար նրա ներքնագույն և ծայրագույն վտանգի աշխարհը, այսինքն՝ նրա ճշմարտապես ոգեղեն աշխարհը: Քանզի «ոգին» ո՛չ դատարկ սրատեսություն է, ո՛չ սրամտության չպարտադրող խաղ, ո՛չ դատողական սահմանազատումների անզուսպ վազք, ո՛չ էլ համաշխարհային բանականություն, այլ՝ գոյության էության սկզբնապես համաձայնեցված, իմացյալ վճռականություն: Եվ ժողովրդի ոգեղեն աշխարհը մշակույթի խորդանոց չէ, և ոչ էլ գործի դրվող իմացությունների և արժեքների վկայություն, այլ իր միսն ու արյունը հանդիսացող ուժերի խորագույն պահպանման, որպես իր գոյության ներքնագույն գրգռման և ամենալայն ցնցման կարողություն: Միայն հոգևոր աշխարհն է պահպանում ժողովրդի մեծությունը: Քանզի այն ստիպում է, որպեսզի մշտական ընտրությունը մեծագույն կամքի և անկման թույլտվության միջև քայլքի օրենք դառնա այն երթի համար, որով մեր ժողովուրդը մուտք է գործում իր գալիք պատմության մեջ:

Եթե մենք կամենում ենք գիտության այս ձևը, ապա համալսարանի ուսուցումը պիտի իրապես առաջ մղվի դեպի աշխարհի մշտական անհայտության ծայրագույն դիրքերը: Եթե այդ ուսուցումը դիմանա այդտեղ, այսինքն՝ եթե նրա մեջ այդտեղից ծագի (բոլոր իրերի ճնշման էական մերձավորությամբ) ընդհանուր հարցանում և հանրային իմաստով պատճաշ խոսույթ, ապա այն ունակ կլինի առաջնորդության: Քանզի որոշիչը առաջնորդության մեջ ոչ թե մերկ առաջ ընկնելն է, այլ միայնակ գնալու ուժը, ընդ որում ոչ քմահաճությունից և իշխանասիրությունից, այլ խորագույն կոչումից և ամենալայն պարտավորվածությունից: Այդպիսի ուժը կապում է էականի հետ, կատարում է լավագույնների ընտրությունը և արթնացնում է իսկական հաջորդումը նրանց, ովքեր ունեն նոր խիզախություն: Գերմանական ուսանողությունը երթի մեջ է: Եվ փնտրում է առաջնորդներին, որոնց միջոցով իր սեփական կոչումը կհասցնի հիմնավորված, իմացյալ ճշմարտության պարզաբանող-արարող խոսքի և գործի:

Իր ծայրագույն կարիքի մեջ գերմանական ճակատագրին դիմակայելու գերմանական ուսանողության վճռականությունից է ծագում համալսարանի էության կամքը: Այդ կամքը իսկական կամք է, որքանով գերմանական ուսանողությունը նոր ուսանողական իրավունքի միջոցով ինքն իրեն դնում է սեփական էության օրենքի տակ և այդկերպ առաջին անգամ սահմանագծում է այդ էությունը: Ինքն իրեն օրենք տալը բարձրագույն օրենք է: Բազմիցս փառաբանված «ակադեմիական ազատությունը» վտարվում է գերմանական համալսարանից. որովհետև այդ ազատությունը իսկական չէ, այն սոսկ ժխտողական է: Այն նշանակում է գերազանցապես անհոգություն, մտադրությունների և հակումների կամայականություն, գործունեության և անգործության չկապակցվածություն: Գերմանացի ուսանողների ազատության հասկացությունը վերադարձնում է հիմա իր ճշմարտությունը: Վերջինից այսուհետ բացվում են գերմանացի ուսանողության կապն ու ծառայությունը: Առաջին կապը ժողովրդական համընդհանրության հետ է: Այն կոչում է համագործակցության և գործակցող մասնակցության դժվար իրադրություններում և ժողովրդի բոլոր անդամների ու վիճակների կարողություններում: Այդ կապը այսուհետ ամրագրվում և արմատավորվում է ուսանողական կյանքում աշխատանքային ծառայության միջոցով:

Երկրորդ կապը մյուս ժողովուրդների մեջ ժողովրդի պատվի և առաքելության հետ է: Այն պահանջում է իմացությամբ ու կարողությամբ հիմնավորված և ծառայությամբ հաստատված պատրաստակամություն զոհաբերվելու անմնացորդ: Այդ կապը այսուհետ կընդգրկի ուսանողական ողջ գոյությունը և կներթափանցի նրա մեջ որպես պաշտպանության ծառայություն: