Ռուբիկոն

Մարտին Հայդեգգեր. Գերմանական համալսարանի ինքնահաստատումը

Հրապարակվել է
15 ապրիլի 2022

  Ուսանողության երրորդ կապը գերմանացի ժողովրդի հոգևոր առաջադրանքի հետ է: Այդ ժողովուրդն աշխատում է իր ճակատագրի վրա՝ մղելով իր պատմությունը մարդկային գոյության բոլոր աշխարհակազմիչ ուժերի գերզորության բացության մեջ՝ մշտապես վերանվաճելով իր համար սեփական հոգևոր աշխարհը: Այսպես առաջադրված լինելով սեփական գոյության գերագույն հարցի մեջ՝ այդ ժողովուրդը կամենում է լինել հոգևոր ժողովուրդ: Նա պահանջում է իրենից և ինքն իր համար սեփական առաջնորդների և պահապանների մեջ բարձրագույն, ամենալայն և հարստագույն իմացություն: Ուսանողական երիտասարդությունը, որը հավակնում է վաղ առնականացման և տարածում է իր կամքը ազգի ապագա ճակատագրի վրա, ըստ էության դրդում է իրեն ծառայելու այդ իմացությանը: Նրա համար ծառայել իմացությանը այլևս չի նշանակում լինել դատարկ և հապճեպ վարժանք հանուն «առաջադեմ» մասնագիտության: Քանի որ պետական այրը և ուսուցիչը, բժիշկը և դատավորը, հոգևորականը և ճարտարապետը վարում են ժողովրդական-պետական կյանք և պահպանում ու հղկում են այն իր արմատական հարաբերություններում մարդկային գոյության աշխարհակազմիչ ուժերի նկատմամբ, որովհետև այդ մասնագիտությունները և դաստիարակությունը նրանց համար կոչված են ծառայելու իմացությանը: Իմացությունը չի ծառայում մասնագիտություններին, այլ ընդհակառակը՝ մասնագիտությունները պահանջում և յուրացնում են ժողովրդի գերագույն և էական իմացությունը իր ամբողջ գոյության մասին: Բայց այդ իմացությունը ոչ թե ինչ-որ ինքնին էությունների և արժեքների հանգստացնող ճանաչում է, այլ մեր գոյության ամենասուր վտանգվածություն գոյի գերզորության մեջ: Ընդհանրապես գոյության խնդրականությունը դրդում է ժողովրդին աշխատանքի ու պայքարի և մղում է նրան իր պետության մեջ, որին պատկանում են մասնագիտությունները: 

Երեք կապերը (ժողովրդի միջոցով պետության ճակատագրի հետ հոգևոր առաջադրանքի մեջ) գերմանական էության մեջ հավասարապես սկզբնական են: Այստեղից ծագող երեք ծառայությունները՝ աշխատանքի, պաշտպանության և իմացության, հավասարապես անհրաժեշտ և համաչափ են: 

Ժողովրդի մասին օժանդակող իմացությունը, պետության ճակատագրի մասին իրեն պատրաստ պահող իմացությունը հոգևոր առաջադրանքի հետ միասին առաջին անգամ ստեղծում են գիտության նախնական և լրիվ էությունը, որի իրագործումը հանձնարարված է մեզ, որքանով մենք լծվում ենք մեր հոգևոր-պատմական գոյության հեռավոր գործի սկզբին: 

Այդ գիտությունը մտածվում է, երբ գերմանական համալսարանի էությունը սահմանագծվում է որպես բարձր դպրոց, որը գիտությունից և գիտության միջոցով ձգտում է դաստիարակել և վարժեցնել գերմանացի ժողովրդի ճակատագրի առաջնորդներին և պահապաններին:  

Գիտության այս նախնական հասկացությունը պարտադրում է ոչ միայն «իրեղենություն», այլ նախ և առաջ ժողովրդի պատմական-հոգևոր աշխարհի մեջ հարցանման էականություն և պարզություն: Այո, միայն այստեղից և կարող է իսկապես հիմնավորել իրեն իրեղենությունը, այսինքն՝ գտնել իր տեսակը և սահմանը: 

Գիտությունը այդ իմաստով պետք է դառնա գերմանական համալսարանի օրգանիզմի կազմավորիչ ուժ: Այստեղ կա երկակիություն. ուսուցչությունը և աշակերտությունը  պետք է նախ և առաջ ամեն անգամ յուրովի ընդգրկվեն գիտության հասկացությամբ և մնան ընդգրկված: Բայց միաժամանակ գիտության հասկացությունը պիտի կազմավորման եղանակով ներխուժի հիմնարար ձևերի մեջ, որոնցում ուսուցիչները և աշակերտները ամեն անգամ գիտականորեն գործում են համայնքի մեջ` ֆակուլտետներում և մասնագիտացումներում: 

Ֆակուլտետը ֆակուլտետ է լոկ այն ժամանակ, երբ բացվում է իր գիտության էության մեջ արմատավորված հոգևոր օրենսդրության ունակության մեջ՝ վերափոխելու համար գիտությունը նեղող գոյության ուժերը ժողովրդի մեկ հոգևոր աշխարհի:

Բաժինը բաժին է լոկ այն ժամանակ, երբ նախապես տեղադրում է իրեն այդ հոգևոր օրենսդրության ոլորտ, այդկերպ վերացնելով իր մասնագիտության սահմանափակությունը և հաղթահարելով արտաքին մասնագիտական վարժանքների գաղջությունն ու անիսկականությունը:

Այն պահին, երբ ֆակուլտետները և բաժինները ընթացք են տալիս իրենց գիտության էական և պարզ հարցերին, ուսուցիչները և աշակերտները նույնպես լծորդվում են ժողովրդական-պետական գոյության այն նույն անխուսափելիությանը և բեռին:

Սակայն գիտության նախնական էության վերափոխումը պահանջում է խստության, պատասխանատվության և հաղթահարող համբերության այնպիսի թափ, որի առկայությամբ պատրաստի մեթոդների որևէ բարեխիղճ կատարում կամ հապճեպ բարեփոխում հազիվ թե ունենա որևէ կշիռ: 

Բայց եթե հույներից պահանջվեց երեք հարյուր տարի ճշմարիտ հողի և ապահով շավղի վրա դնելու հարցն այն մասին, թե ինչ է իմացությունը, ապա մենք չունենք իրավունք կարծելու, թե գերմանական համալսարանի էության լուսաբանումը և մշակումը տեղի կունենա ընթացիկ կամ հաջորդ կիսամյակում: 

Բայց մեկ բան մեզ հայտնի է գիտության նշված էության մասին: Այն, որ գերմանական համալսարանը կձևավորվի և կամրանա միայն այն ժամանակ, երբ երեք ծառայություն՝ աշխատանքի, պաշտպանության և իմացության, նախ կկարողանա հավաքվել մեկ կազմորոշ ուժի մեջ: Սա նշանակում է. 

Ուսուցչության էական կամքը պիտի արթնանա և ամրանա գիտության մասին իմացության պարզության և լայնության աստիճան: Աշակերտության էական կամքը պիտի հասցնի ինքն իրեն իմացության բնագավառի բարձրագույն պարզության և պահանջելով ու պայմանավորելով նաև իր իմացությունը տեղավորի ժողովրդի և նրա պետության մասին գիտության էության մեջ: Երկու կամքն էլ պիտի փոխադարձաբար մղեն միմյանց պայքարի: Կամքի և մտքի բոլոր հնարավորությունները, սրտի բոլոր ուժերը և մարմնի բոլոր կարողությունները պիտի բացվեն պայքարի միջոցով, աճեն պայքարի մեջ և պահպանվեն որպես պայքար: 

Մենք ընտրում ենք հարցանումի իմացյալ պայքար և Կառլ ֆոն Կլաուզեվիցի հետ միասին հաստատում. «Ես հրաժարվում եմ դիպվածի ձեռամբ փրկվելու թեթևամիտ հույսից»:

Ուսուցիչների և աշակերտների պայքարի ընդհանրությունը միայն այն ժամանակ կդարձնի գերմանական համալսարանը հոգևոր օրենսդրության ատյան և կմշակի նրա մեջ ժողովրդին իր պետության մեջ առավելագույնս ծառայելու խստագույն ժողովվածության կենտրոնը, երբ ուսուցչությունը և աշակերտությունը կազմակերպեն իրենց գոյությունը ավելի պարզորեն, խստորեն և սակավապետորեն, քան դա անում են բոլոր մյուս հայրենակիցները: Ամեն առաջնորդություն պիտի իր հետևորդների մեջ խոստովանի սեփական ուժը: Բայց ամեն հետևորդություն կրում է իր մեջ դիմակայություն: Այս էական հակադրությունը առաջնորդության և հետևորդության մեջ չպիտի ո՛չ ջնջվի, ո՛չ էլ մարվի: 

Միայն պայքարն է բովանդակում հակադրությունը բաց կերպով և ուսուցիչների ու աշակերտների ողջ կորպուսի մեջ ներմուծում այն հիմնարար տրամադրությունը, որի հիման վրա վճռական ինքնահաստատումը լիազորում է ինքնասահմանող ինքնաիմաստավորումը ճշմարիտ ինքնակառավարման:

Կամենո՞ւմ ենք արդյոք գերմանական համալսարանի էությունը, թե՞ չենք կամենում: Մեզնից է կախված, կաշխատենք արդյոք և որքան կաշխատենք հանուն ինքնաիմաստավորման, ընդ որում ելնելով ինքնահաստատման հիմքից, այլ ոչ հընթացս, թե, լավագույն դիտավորությունից ելնելով, միայն կփոխենք հին կառույցները և կավելացնենք նորերը: Բայց ոչ ոք չի հարցնի մեզ, կամենում ենք արդյոք, թե չենք կամենում, եթե Արևմուտքի հոգևոր ուժը հատնի և նրա հանգույցները խզվեն, եթե իր դարն ապրած թվացյալ մշակույթը փլուզվի, իր պարունակի մեջ ձգելով բոլոր ուժերը և թույլ տալով խեղդվել խելացնորության մեջ: 

Կպատահի դա, թե չի պատահի, կախված է նրանից, կամենում ենք մենք դեռ արդյոք ինքներս մեզ որպես պատմական-հոգևոր ժողովուրդ, թե այլևս չենք կամենում: Յուրաքանչյուր ոք իր հերթին վճռում է դա նաև այն և հենց այն ժամանակ, երբ խուսափում է այդ վճռից: 

Բայց մենք կամենում ենք, որ մեր ժողովուրդը կատարի իր պատմական առաջադրանքը:

Մենք կամենում ենք ինքներս մեզ: Քանզի ժողովրդի երիտասարդ և ամենաերիտասարդ ուժը, որն առաջ է անցնում մեզնից, արդեն վճռել է դա:

Այդ պոռթկման վսեմությունը և մեծությունը մենք կհասկանանք նախ և առաջ այն ժամանակ, երբ կարողանանք կրել մեր մեջ այն խորը և ընդգրկուն մտահոգությունը, որով արտաբերվել է հունական իմաստության հետևյալ խոսքը. 

τὰ… μεγάλα πάντα ἐπισφαλῆ…

«Համայն մեծը փոթորկի մեջ է»:

(Platon, Politeia 497 d, 9)

Գերմաներենից թարգմանությունը՝ Սերգեյ Ստեփանյան