Ռուբիկոն

Խուան Միրո

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև ստեղծեց այնպիսի արտահայտություններ, բանաստեղծություններ և պատմություններ, որ բառերն անկարող էին: Նա պատմեց գույների և գծերի լեզվով: Ինչ-որ տեղ անգամ գույների և գծերի կյանքից: Այն խորհրդավոր կյանքից, որի մեջ են ապրում երեխաները մինչև բառերին ու գրերին տիրապետելը:

Մինչև գրելը մարդը սկսել է նկարել:

Մտքից առաջ եղել է պատկերը, այն չի եղել լուռ: Պատկերը եղել է հնչող, այն արտահայտել է տիեզերական էությունները: Սակայն էվոլյուցիայի ընթացքում արձանագրված է մնացել միայն պատկերը, իսկ նախնադարյան հնչողությունը տիեզերական ձայնադարաններից լսելու հնարավորություն մենք այսօր դեռ չունենք: Մեր հանելուկային անցյալը մեզ է ժառանգել նախնադարյան վիթխարի պատկերասրահներ: Նրանց քար լռությունը դրաշմված է մեր լեռներում ու քարանձավներում: Դրանք ժայռապատկերներն են, իր մանկության մեջ գտնվող մարդկության աշխարհայացքային ճիչը: Այսօր արդեն լուռ ճիչը, երկնքի ու քարի արանքում ձերբակալված: Նախնադարյան այդ առեղծվածային ժամանակներից մոտ 10000 տարի հետո, XX դարում, արվեցին վերադարձի փորձեր դեպի արխաիկ մշակույթները, դեպի ժայռապատկերները: Դրանցից ամենափայլունը Խուան Միրոն էր: Այստեղ էլ կա ճիչ, սակայն դա կարծես կյանքում ոչ մի բառ չարտասանած մի մարդու կողմից երբեք չարտասանված բանաստեղծությունների կալլիգրաֆիական գրանցումն է ոչ թե ժայռերի, այլ XX դարի նյութերի վրա, որոնք ճիչը գեղագիտական արտակարգ նուրբ տակտի շնորհիվ հաճախ տեղ են հասցնում շշուկների ձևով, դիտորդի մեջ արթնացնելով ստեղծագործելու հզոր նախնադարյան բնազդը:

Եվ այսպես, Խուան Միրո, երեխա մնալու գաղտնիքը, կամ հզոր վերադարձ ժայռապատկերներին:

Հանճարեղ այդ կատալոնացին ծնվել է 1893-ին Բարսելոնայում: Նրա հայրը հաջողակ մի ոսկերիչ էր և արդեն որդու համար նախապատրաստել էր առևտրականի փայլուն ապագան: Սակայն նրա իղձերը այդպես էլ մնացին չիրականացված: Որդին նվիրված էր նկարչությանը և դժկամությամբ էր հաճախում առևտրի դպրոց: Թողնելով այն, նա սկսեց հաճախել Բարսելոնայի արվեստի դպրոցները և 1907-ից մինչև 1918-ը երեք տարբեր դպրոց փոխեց: Արագորեն ընկավ պոստիմպրեսիոնիստների ազդեցության տակ, հատկապես Վան Գոգի: Այդ շրջանում, 1918-ին, Բարսելոնայի Դալմոյի ցուցասրահում բացված նրա առաջին անհատական ցուցահանդեսը հաջողություն չունեցավ: 1915-ից մինչև 1923-ն ընկած հատվածում ծնունդ առած նրա ստեղծագործությունները հաջորդաբար կրեցին Սեզանի, Մատիսի և այնուհետև կուբիստների ազդեցությունը: Ֆովիզմի ազդեցությունն իհարկե ուժեղ էր, սակայն ինչպես գրում է Միրոյի բարեկամ, արվեստի քննադատ Մորիս Ռեյնալը «Միրոյի մոտ գույնն իր նշանակությունն էր ձեռք բերում ճիշտ այնտեղ, որտեղ ֆովիստները, Մատիսի հետ միասին հրաժարվում էին դրանից»:

Դրանք հիմնականում դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ են, որոնցում իսպանական կրակոտ խառնվածքն ու համարձակությունը միահյուսված է արևելյան քաղցր բանաստեղծականության հետ: Վերջինս, հատկապես ճապոնական գեղագիտական նրբին ընկալման հետ ներծծված, ի հայտ է գալիս 1918-19 թվականների բնանկարներում, որոնցում արդեն սքողված են սյուրռեալիստական տրամադրությունները: Իսպանական աշխարհըմբռնման իռացիոնալիզմն ու էքսպրեսիան դրոշմված են այստեղ դեկորատիվիզմի հզոր կնիքով, որն, ի դեպ, Միրոյի ամենայուրահատուկ կողմերից մեկն էր նաև հետագայում: Այս բնանկարների դեկորատիվ ռեալիզմն արդեն նկատելի հակվածություն է ցուցաբերում սիմվոլների մեջ տարրալուծվելու փաստին, որով հագեցած է 21-22 թվականների հայտնի «Գյուղացիական տնամերձ» կտավը: Ի դեպ մինչև Վաշինգտոնի ազգային թանգարան ընկնելը այն գտնվել է Հեմինգուեյի հավաքածույում: Սյուրռեալիստական սիմվոլները գալիս են բնակվելու բնանկարներում, և կամ ծնվում են հենց այնտեղ, բնության օրգանական պահանջներից ելնելով; 23-24 թվականների «Վարած հող» և «Կատալոնյան բնանկար (Որսորդը)»           հանրահայտ            ստեղծագործություններում բնությունը ձգտում է հանդես գալ խորհրդավոր գաղտնագրի ձևով, հանելուկի պես բացելով իր ներսը: Այդ ստեղծագործությունների տրամաբանական շարունակությունն է դառնում 25 թվականի «Առլեկինների            պարահանդեսը» նկարը,       որտեղ բնանկարը վեր է ածվում ինտերյերի, այսինքն` դուրսը դառնում է ներս: Էքստերյերը վեր է ածվում ինտերյերի:

Սա XX դարին շատ բնորոշ տենդենցներից մեկի առաջին մարմնավորումներից էր: Արտաքինը վեր է ածվում ներքինի: Իրականության կոորդինատներն ու չափանիշերը փոխվում են, երազների իռացիոնալ աշխարհը մուտք է գործում կերպարվեստ. և ոչ միայն կերպարվեստ. այն բնակություն է հաստատում և գրականության, և գեղագիտության, և կինեմատոգրաֆի և թատրոնի բնագավառներում: Հիշենք, որ 1922-ին Փարիզում լույս տեսավ Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», որն ահռելի մի հեղաշրջում էր արվեստի աշխարհում, այն հզոր մի հետք թողեց XX դարի գեղարվեստական ողջ մտածողության վրա, աշխարհընկալման բոլորովին նոր ձևեր ծնելով: 1925ին Անդրե Բրետոնի կողմից գրի առնվեց արդեն օդում կախված սյուրռեալիզմի մանիֆեստը, որում խոսվում էր քնած ժամանակ մարդու անցկացրած կյանքին, այսինքն` երազների կյանքին, որն, ի դեպ, կազմում է մարդու ողջ կյանքի գրեթե կեսը, ոչ մի ուշադրություն չդարձնելու փաստի մասին, առանց որի մենք բացարձակապես ի վիճակի չենք լինի հասկանալ մարդու գոյության ողջ առեղծվածը: Գեղագիտական այս փնտրումներում որոշակիորեն ակնհայտ էր ֆրոյդիզմի ազդեցությունը, որը կայանում էր մարդու ենթագիտակցական, թաքնված էության հնարավորությունների ուսումնասիրության և բացահայտման մեջ: Առաջացավ ահռելի մի հոսանք, որն արվեստի պատմության մեջ մտավ սյուրռեալիզմ անունով:

Միրոն այդ ուղղության պիոներներից էր:

Եվ «Առլեկինների պարահանդես»-ը դարձավ սյուրռեալիզմի հետագա դիմակահանդեսների առաջին խոստումնալից փորձը: Իսկ առլեկինների դերերը ստանձնել էին բջիջներն ու դեռ սաղմնային վիճակում գտնվող կենդանիներն ու առարկաները:

Դեղնակաթնագույն ինտերիերը եռում է նոր կյանքի կոչված էությունների մետաֆիզիկական ուրախությամբ: Եվ հենց այդ ուրախությունն էր մարմնավորում Միրոն իր ստեղծագործական ողջ ընթացքում: Հումորն ու հեգնանքը միախառնված կենսական հզոր էքսպրեսիայի հետ նրա իսպանական գիտակցության մեջ ստեղծում էին նոր հնարավոր աշխարհներ:

1919-ին առաջին անգամ եղավ Փարիզում: Մտերմացավ իր հայրենակից Պիկասսոյի հետ:

1920-ից սկսած պարբերաբար ձմեռներն անց էր կացնում Փարիզում, իսկ ամառներն` Իսպանիայում: Ծանոթանում է Պիեռ Ռևերդիի, Տրիստան Տզարայի և Մաքս Ժակոբի հետ: 1924-ին մասնակցում է սյուրռեալիստների հավաքներին, ծանոթանում է Լուի Արագոնի, Պոլ Էլյուարի և Անդրե Բրետոնի հետ: 1926-ին Մաքս Էռնստի հետ միասին ձևավորում է Դյադիլևի ռուսական բալետի «Ռոմեո և Ջուլիետա»-ի բեմադրությունը: 1928-ին Միրոն մի ուղևորություն է կատարում Հոլանդիա, որից հետո ծնվում է նրա հանրահայտ «Հոլանդական ինտերյերների» շարքը:

Կարդալ նաև

Արվեստ Արվեստն իբրև հաղորդության լեզու Արա Գուրզադյան Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված… Արվեստ «Քանդակ» Բարբարա Հեփվորթ (1903-1975) Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում… Արվեստ Զրույց Կառլեն Մուրադյան – Վիլհելմ Դեկունինգ Մուրադյան: Դուք և Գորկին շատ մոտ ընկերներ եք եղել: Դեկունինգ: Կարծում եմ իսկապես շատ պայծառ, սարսափելի պայծառ անձնավորություն էր: Ճիշտ գաղափարներ ուներ: Գիտեք, ես բնազդաբար զգում էի, որ նա ճիշտ է: Զգացողություն ուներ: Եվ…