Խուան Միրո
Եվ այսպես, թելի կտորը կարող է մի ամբողջ աշխարհ շարժման մեջ դնել: Ես սկսում եմ ինչ-որ բանից, որն անկենդան է համարվում և հասնում եմ աշխարհի: Եվ երբ ես անուն եմ դնում դրան, այն ավելի է կենդանանում:
Նկարն ինձ համար պետք է կայծի նման լինի: Այն պետք է կուրացնի պոեմի կամ կնոջ գեղեցկության նման: Այն պետք է փայլ ունենա, պետք է լինի այն կայծքարերի նման, որոնցից օգտվում էին պիրենեյան հովիվները իրենց չիբուխները վառելիս»:
70-80-ական թվականներին Միրոն, արդեն 80-նն անց հասակում շարունակում է ինտենսիվ աշխատել արվեստի տարբեր բնագավառներում` ստեղծելով նորանոր կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, կերամիկաներ, քանդակներ ու գոբելեններ: Անգամ այդ տարիքում համաշխարհային մեծ փառքի արժանացած այդ վարպետը չի սոսկում նորանոր ազդեցություներից, նյույորքյան դպրոցի ներկայացուցիչներից, անգամ նորաստեղծ փոփ-արտի ջատագովներից, որոնց վրա էլ ժամանակին ինքն էր մեծ ազդեցություն ունեցել: Սակայն իր բոլոր որոնումների մեջ այդ մեծ արվեստագետը միշտ էլ մնում է Միրո. այնպես որ, անհնար է շփոթել նրա ինքնատիպ ձեռագիրը ուրիշի հետ: Դա մեծ անհատականություներին հատուկ անընդհատ փոփոխվելու այն ձիրքն է, որի ընթացքում ինչ-որ բան միշտ մնում է նույնը: Դա տվյալ անհատականության բարձրագույն Ես-ի մնայուն կնիքն է արվեստի միջոցով նյութի վերափոխման դժվարին պրոցեսում:
Վերջին շրջանի ստեղծագործություններն արված են մի շնչով: Սուղ են միջոցների մեջ և մոնումենտալ արտահայտչականությամբ: Դիցաբանական արխաիկ էքսպրեսիան իր մանկական անմիջականությամբ ներխուժելով դիտողի մեջ` արթնացնում է նրանում նախնադարյան ապրումների խորտակված շերտերը և մոռացության մատնված հիշողությունները: Միրոյի արվեստն իր ողջ էությամբ նվիրված էր այդ նախնադարյան հիշողությունների պեղումներին: Այն հզոր մի քայլ էր դեպի ներս: Եվ այդ քայլն իր ամենափայլուն շարունակությունը գտավ ի դեմս Արշիլ Գորկու, որն ուսումնասիրելով Միրոյի հայտնագործությունները և սինթեզելով XX դարի գեղարվեստական փնտրումների բոլոր էական ուղղությունները` հաջորդ քայլն արեց դեպի ներս, տիեզերքի անըմբռնելի էությանն ընդառաջ:
1983 թվականի ապրիլին ամբողջ աշխարհում նշվեց Միրոյի 90 ամյակը: Տեղի ունեցան նրա ստեղծագործությունների ռետրոսպեկտիվ ցուցադրումներ: 1975-ին Բարսելոնայում հիմնված Միրոյի Ֆոնդն ու թանգարանը ցուցադրեցին 20-ական թվականների նրա ստեղծագործությունները:
Դեկտեմբերին վարպետի առողջությունը սկսեց վատանալ: Դեկտեմբերի 25-ին 90 տարեկան հասակում նա վախճանվեց:
Մարմինը հանձնվեց հողին իր ծննդավայր Բարսելոնայում: Հոգին մտավ անմահություն` մեծ հետք թողնելով երկրագնդի գեղարվեստական զարգացման վրա:
1990 հունվար.