Ռուբիկոն

Խուան Միրո

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ելնելով ներքին բովանդակության մղումներից` Միրոն առանձնահատուկ հմտությամբ է ընտրում տարբեր նյութերի գեղարվեստական արտահայտչականության հնարավորությունները, իր ֆանտաստիկ մտահղացումների իրականացման համար:

«Ինչքան շատ եմ ես աշխատում, այնքան ավելի շատ եմ ուզում աշխատել: Ես ուզում եմ տպագրական մի հաստոց գնել և ուժերս փորձել տպագրական գրաֆիկայում, նաև քանդակում, սափորագործության մեջ, և որքան հնարավոր է դուրս գալ հաստոցային նկարչությունից, որն իմ կարծիքով շատ է սահմանափակ. ես ուզում եմ նկարչության միջոցով մոտենալ բազմաթիվ այն մարդկանց, որոնց մասին ես վաղուց ի վեր մտածում եմ»:

Սկսվում է «Համաստեղությունների» շարքը, որոնցում կարծես մի տիեզերական սարդոստայնի մեջ ներհյուսված են մարդկանց, թռչունների, խխունջների և աստղերի խորհրդանիշերը: Սարդոստայն – համաստեղությունների այդ ուրախ սիմֆոնիան կարծես հատակագիծն է կալլիգրաֆիական այն զբոսանքների, որոնք այդ տարիներին գրանցվում էին Միրոյի ենթագիտակցության լաբիրինթոսներում: Սա ժամանակակից ժայռապատկերների նորահայտ լեզուն է, որում ֆիքսված են նաև տիեզերական հնչողություններ: Կա նաև Միջագետքի սեպագիր արձանագրությունների հմայքը, որը տարրալուծվում է ժամանակակից պոլիֆոնիկ երաժշտության կոնտրապունկտային կառուցվածքի մեջ:

«Ես դուրս պրծնելու մեծագույն ցանկություն ունեի: Սակայն գիտակցաբար փակվեցի ինքս իմ մեջ: Իմ կերպարային պատկերացումների մեջ ավելի մեծ դեր սկսեցին խաղալ գիշերը, երաժշտությունն ու աստղերը: Երաժշտությունը ինձ միշտ էլ ձգում էր, և այդ շրջանում այն սկսեց այնքան կարևոր դառնալ, որքան բանաստեղծությունը քսանական թվականներին»:

1944-ին վերսկսվում են յուղաներկ կտավները: Թե մեծ, թե փոքր կտավներում Միրոն շարունակում է իր ձեռքբերումները` գալով նորանոր ընդհանրացումների իր կալլիգրաֆիական լեզվամտածողության մեջ: 50-ական թվակաների կալիգրաֆիական– հիերոգլիֆիկ մարմնամարզությունները համաշխարհային ճանաչում են ստանում: 1954-ին Միրոն արժանանում է Վենետիկյան բիենալեի գրաֆիկների միջազգային մեծ մրցանակին: Ավարտում է Հարվարդի համալսարանի և Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանի համար արված մեծ որմնանկարները, ցուցադրվում է Փարիզում, Նյու Յորքում, Բազելում, Բեռնում, Ամստերդամում, Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում և այլուր: 1954-ին վերսկսում է Արտիգասի հետ խեցեգործությունը` ստեղծելով 386 նմուշներից բաղկացած մի ահռելի շարք: 1956-ին Բարսելոնայից տեղափոխվում է Պալմա դե Մալորկա, որտեղ մի սքանչելի արվեստանոց էր կառուցել նրա համար ճարտարապետ Խոսե Լուիս Սերտը: 57-58 թվականներին Արտիգասի օգնությամբ ավարտում է Փարիզում «Յունեսկոյի» շենքի համար արված «Արևի» և «Լուսնի» հսկայական կերամիկական պատերը, որի համար նրան շնորհվում է Գուգենհայմի ֆոնդի մեծ մրցանակ: 1960-ին Հարվարդի համալսարանի համար վերջացնում է կերամիկական մեծ պատը, իսկ 1970-ին` Բարսելոնայի օդանավակայանի 50×100մ վրա կերամիկական ահռելի պաննոն: XX դարի արխաիկայի այդ գլուխգործոցները ժամանակակից քաղաքակրթության որոգայթներում դրոշմված ազատության այն արտահայտություններն են, որի մասին երազել անգամ չէր կարող XIX դարի կլասիցիզմը, նատուրալիզմը, անգամ ռոմանտիզմն ու իմպրեսիոնիզմը: Սա միայն XX դարին հատուկ բացառիկ ազատության բոցկլտոցն էր, որի մասին են վկայում ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ռենե Շառի խոսքերը.

«Պարե՛ք, լեռներ»:

Միրոյի մասին մտածելուն պես իսկույն ոգեկան ծանր սարսուռի պատկերում անթիվ ճեղքվածքներ են բացվում, առանց աշխարհի անգամ չնչին մասնիկի տարրալուծման: Նավաբեկության դղրդացող մնացորդները, քանդակված արձանն ու խաղաղ կտավն այլևս չեն սահում ետ` դեպի հեռուներ: Նրանք բաց ճեղքի և հաստատ խոստումի են վերածվում: Այստեղ Միրոն է: Նա բնակվում է գյուղացիական հողամասում, վերևում, և նկարում է, փորագրում է հեքիաթային ժայռե ցանկապատի կողքին:

Ուրախ մի նկարիչ, առանց սովորության: Երջանկության հեծանիվից նա հավասարման կայծեր է սփռում: Սգո ծալքավոր զգեստը մի գեղեցկություն է թաքցնում, որն անգամ Օսիրիսին է արթնացնում:

Արդեն վաղուց ի վեր երկնային մեխանիկան ցույց է տվել նրբին այդ տենչանքներին իրենց արենաների, սեփական լաբիրինթոսների առաջացումն ու անհետացումը: Իսկ գիսաստղը չի կարող շատ բան նշանակել, երբ այն չի այրում:

Միրոն կանգնած է բոցերում, նվիրաբերվում է մեզ և բոցավառվում է նորովի»:

60-ական թվականներին Միրոյի ստեղծագործություններում վերացական նոր ընդհանրացումներ են սկսվում: Զգացվում է ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի ազդեցությունը: Միջոցների արսենալը դառնում է ավելի ու ավելի սուղ և անսպասելի: Մետաֆիզիկական տրամադրությունն ուժեղանում է: Սիմվոլները դառնում են գաղտնագրեր: Հանելուկային մթնոլորտն ինտենսիվանում է: Ծնվում են նոր առեղծվածագրեր: Սակայն խորաթափանց դիտողին է հաջողվում միայն երջանիկ հրավառության այդ մթնոլորտում կռահել Միրոյի միստիկական խորություններն ու շղարշված տագնապները: Գտնել նրա գեղագիտական շարժառիթները: Ահա թե ինչ է ասում ինքը վարպետը. «Յուրաքանչյուր փոշեհատիկ զարմանալի մի հոգի ունի: 

Սակայն նրան հասկանալու համար պետք է վերագտնել առարկաների կրոնական և մոգական իմաստը, նախնադարյան ժողովուրդների իմաստը»:

«Երկնքի ներկայացումը կլանում է ինձ: Ես ազդվում եմ, երբ նայում եմ ահռելի երկնքին, կիսալուսնին կամ արևին:

Իմ նկարներում կան փոքրիկ օբյեկտներ, ահռելի դատարկ տարածությունների մեջ. դատարկ տարածություններ, դատարկ հորիզոններ, դատարկ հարթություններ… յուրաքանչյուր մերկ բան միշտ մեծապես ազդել է ինձ վրա:

Երբ ես սկսեցի, ինձ վրա ուժեղ տպավորություն թողնող նկարիչներն էին Վան Գոգը, Սեզանը, Մաքսավոր Ռուսսոն: Երբ ես սիրեցի Մաքսավոր Ռուսսոյին, ես արդեն սիրում էի ժողովրդական արվեստը: Տարիքի հետ այդ արվեստն ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց ինձ համար:

Գյուղացու լավ կոփված եղանը շատ կարևոր է ինձ համար»:

«Անշարժությունն ապշեցնում է ինձ: Այս շիշը, այս բաժակը, մեծ քարը լքված են ծովափում, – սրանք անշարժ առարկաներ են, սակայն մեծ շարժում են առաջացնում իմ մտքում:

Մարդիկ, որ գնում են ծովափին լողանալու, և անց ու դարձ անում, շատ ավելի քիչ են ներգործում ինձ վրա, քան ծովաքարի անշարժությունը: Անշարժ առարկաները դառնում են ահռելի, շատ ավելի, քան շարժվողները: Անշարժությունն ինձ մտածել է տալիս մեծ տարածությունների մասին, որոնցում սկիզբ առած շարժումը չի դադարում որոշակի մի պահի: Շարժում, որը վերջ չունի: Ինչպես Կանտն է ասում, դա անվերջության անմիջական մուտքն է վերջավորի մեջ:

…Փաստորեն իմ փնտրածը անշարժ շարժումն է, մի բան, որն համարժեք է այսպես կոչված լռության ճարտասանությանը և կամ համր երաժշտությանը:

Ես սկսում եմ իմ նկարները հոգեկան ցնցումի ազդեցության տակ, որն ինձ ստիպում է փախչել իրականությունից: Այդ ցնցման պատճառը կարող է լինել կտավից դուրս ցցված փոքրիկ թելը, ընկնող ջրի կաթիլը, այս ներկը, որ մնացել էր այս սեղանի փայլող մակերեսին: Ամեն դեպքում ես ելման կետի կարիք ունեմ, անգամ եթե դա փոշու հատիկ է, կամ լույսի բռնկում:

Կարդալ նաև

Արվեստ Արվեստն իբրև հաղորդության լեզու Արա Գուրզադյան Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված… Արվեստ «Քանդակ» Բարբարա Հեփվորթ (1903-1975) Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում… Արվեստ Զրույց Կառլեն Մուրադյան – Վիլհելմ Դեկունինգ Մուրադյան: Դուք և Գորկին շատ մոտ ընկերներ եք եղել: Դեկունինգ: Կարծում եմ իսկապես շատ պայծառ, սարսափելի պայծառ անձնավորություն էր: Ճիշտ գաղափարներ ուներ: Գիտեք, ես բնազդաբար զգում էի, որ նա ճիշտ է: Զգացողություն ուներ: Եվ…