Խուան Միրո
Այս գործերում նկարչական տարածությունը կազմակերպող նրա գունա-գծային ազատությունն իր հետագա զարգացումն է ապրում` ստեղծելով գունային մորֆոլոգիայի արտակարգ հնչողություն: Գույնը հասնելով դոմինանտության` նոր իմաստ է տալիս ձևերին: Մանկական անմիջականությունն ու ինտելեկտուալ արտակարգ ճաշակը միահյուսվելով` հասունացած մրգից ծորացող հյութեղ բուրմունքի նման տարածվում են մեր ընդերքներում քաղցրահամ երջանկություն ծնելով: Այդ ստեղծագործությունները գամում են դիտողին: Հիպնոսացնում են նրան իրենց կախարդական մթնոլորտում: 30-ական թվականներին Միրոյի սյուրռեալիզմը հաղորդակցվում է մի կողմից` դադաիզմի, մյուս կողմից` աբստրակցիոնիզմի հետ: Սակայն իր բոլոր էքսպերիմենտներում Միրոն միշտ մնում է Միրո: Նրա անկրկնելի անհատականության կնիքը մնում է ցանկացած նյութի վրա, որի հետ նա գործ է ունենում: Նրա ձեռքի տակ կենդանանում և անսպասելի իմաստներ են ձեռք բերում ամենասովորական առարկաներն ու օբյեկտները: Մի բան, որ կյանքի երկրորդ կեսին հատկապես ակնառու դարձավ նրա արվեստում: Լինելով ձևագոյացման արվեստի մեծագույն վարպետներից մեկը` Միրոն երբեք ֆորմալիստ չի եղել, նրա, անգամ, ամենավերացական գործերը հոգեբանական իմաստների հզոր լիցքով են լիցքավորված, դրա համար էլ դրանց ազդեցությունն ահռելի է: Ահա թե ինչ է ասում նրա մասին քանդակագործ Ալբերտո Ջակոմետտին.
«Միրոն ինձ համար ազատության էությունն էր: Ավելի օդային, տարալույծ, թեթև քան այն ամենը, ինչ ես երբևէ տեսել էի: Ինչ-որ առումով նա կատարյալ է: Միրոն չի կարող որևիցե կետ դնել այնպես, որ այն իր ճշգրիտ տեղում չլինի: Նա այնքան ճշմարիտ նկարիչ է, որ հերիք է գունային երեք բիծ թողնի ընկնել կտավին, որպեսզի այն ապրի և նկար դառնա»:
30-ական թվակաները հարուստ էին գունա-գծային բազմաթիվ էքսպերիմենտներով, որոնց բազմազանությունն ուղղակի ապշեցնում է դիտողին: Գունային և ձևային այդպիսի համարձակություն դեռ չէր տեսել արվեստը: Դրանք այնքան անսպասելի են և միաժամանակ այնքան վստահորեն արված, որ անգամ կոմպոզիցիոն որոշ թերություններով հանդերձ, միևնույն է, ցնցում են մինչև վերջ: Երևի թե միայն մեծ վարպետներին է հաջողվում հասնել երեխաներին հատուկ ստեղծագործական ինքնավստահության: Եվ ի տարբերություն սյուրռեալիզմի մյուս վարպետների, որոնց իռացիոնալիզմն ի վերջո չափազանց ռացիոնալ և հաշվենկատ էր դառնում, և որոնց չհաջողվեց խուսափել ինտելեկտուալ որոգայթների փակուղիներից, Միրոյին մինչև վերջ էլ չդավաճանեց ահռելի ինտուիցիան և մանկական անմիջականությունը: Նրա արվեստը երջանկության խաղ էր, որը և երջանկության ճառագումն էր խաղացողի: Մի խաղացողի, որը երբեք չընկավ հոռետեսության գիրկը: Չընկավ դադաիզմի շրջանում, որի ազդեցությունը նա կրեց, սակայն չընդունեց դադաիզմի կողմից հայտարարված «նկարչության սպանությունը»: Չընկավ անգամ 1936-ին Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի և այնուհետև Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստները տակն ու վրա արեցին Եվրոպան և մասնավորապես իր սիրելի հայրենիքը` Իսպանիան: Դառնալով ֆրանկոյի ոխերիմ թշնամին` Միրոն տեղափոխվեց Փարիզ:
Այդ շրջանի ստեղծագործությունները երևի թե միակն էին նրա ստեղծագործական կյանքում, որոնք դարձան ներքին արձագանքը արտաքին իրադարձությունների: Այդ գործերում ծայրահեղ լարվածության սկսեց հասնել Միրոյի տագնապալի էքսպրեսիան: Շիկացած գույների իսպանական լարվածությունն էր ճչում կտավներից: Գեղագիտական մեծ օժտվածությամբ պատկերվում էր տանջանքը; օրգանական աշխարհի տանջանքը: Ահա թե ինչպես է նկարագրում այդ ժամանակաշրջանը Միրոյի ընկեր ու կենսագիր Ժակ Դյուպենը.
«Նա ոչ մի գաղափար չէր արտահայտում, ոչ մի բարոյական պահանջ չէր նկարազարդում – լսելի էր դառնում մահացու վիրավորված և սպառնալիքի տակ գտնվող մարդու ճիչն ու հեծկլտոցը: Պատմությանը դեռևս անհայտ, անբնական և սադիստական մի բարբարոսություն խեղում էր մարմինն ու ոգին, իրեն ենթարկելով ժողովուրդներին: Կտավների վրա, ուր մինչ այդ տարօրինակ ծաղրածուակերպ էակներ էին բնակվում, այժմ կախարդանքի ուժով հայտնվում են հրեշավոր գազաններ, բռնություն ու ավիրածություն»:
«Տղամարդն ու կինը կեղտակույտի առջև», «Նստած ֆիգուրներ», «Հանգստացող կատալոնացի գյուղացին» և «Նատյուրմորտ հին կոշիկով» կտավները ճչում են բիոլոգիական ագրեսիվ ցինիզմով: Դրանք իրենց հնչողությամբ արձագանքում են Սալվադոր Դալիի և Անդրե Մասսոնի պարանոիկ և բիոմորֆիկ սյուրռեալիզմին: Սակայն անգամ գտնվելով անասնական բնազդի ծայրահեղ արտահայտությունների եզրին` այնուհանդերձ Միրոյին հաջողվում է մնալ գեղեցիկի գեղագիտորեն թույլատրելի սահմաններում: Այդ ժամանակաշրջանի մասին նա գրում է.
«Սպառնացող դժբախտության անգիտակցական այդ զգացողությունն ունեի ես: Երբ անձրևից առաջ անդամներն են ցավում և խեղդող տոթի շունչն է բարձրանում: Դա ավելի շուտ մարմնական զգացողություն է, քան ոգեկան: Ես աղետի նախազգացում ունեի, որը պետք է տեղի ունենար շուտով, սակայն դեռ չգիտեի, թե ինչ աղետ է դա. դա Իսպանիայի քաղաքացիական պատերազմն ու Համաշխարհային երկրորդ պատերազմն էր… Ինչո՞ւ ես տվեցի նկարին «Տղամարդն ու կինը կեղտակույտի առջև» անվանումը: Որովհետև այդ ժամանակ ես զմայլված էի Ռեմբրանդտի բառերով. «Ես սուտակ ու զմրուխտ եմ գտնում աղբակույտի միջից»:»
1937-ին Փարիզում բացվեց Համաշխարհային նվաճումների մեծ ցուցահանդես: Իսպանական տաղավարում դեմ առ դեմ կախված էին Պիկասսոյի «Գեռնիկան» և Միրոյի «Հնձվորը, կամ ապստամբած կատալոնացի գյուղացին», 5 ու կես մետր 3.65-ի վրա ահռելի նկարը, որը Իսպանական Հանրապետության պատվերն էր: Մանկական ասոցիացիաների վրա հիմնվելով` համաժողովրդական ողբերգության իր ընկալումը Միրոն մարնմավորում է գյուղացու անհատական ողբերգության մեջ: Հաճախակի են դառնում նաև կանացի էրոտիկ ֆիգուրներն ու դիմանկարները; դրանք ներծծված են միջատների աշխարհից փոխառնված ագրեսիվ գունագեղության նախնադարյան հմայքով և կատարված են գունային թույլատրելի կոնտրաստների սահմանային հնարավորությունների վրա: Օրինակ, 1938-ին արված «Նստած կինը» յուղաներկ կտավը կառուցված է գլխավորապես սևի, կապույտի, կարմրի և դեղինի արխաիկ–դեկորատիվ սիմվոլիզմի հավասարակշռության վրա և մանկական անմիջականությամբ, հումորի և լրջության եզերքին հյութեղ երջանկություն է առաքում: Նախնական վառ գույներով զարմանալի վարպետությամբ հեքիաթային համադրություններ ստանալու կախարդական կարողությունը Միրոյի հանճարեղ արժանիքներից մեկն էր, որը չլքեց նրան իր ողջ կյանքի ընթացքում:
Սակայն սկսած 40-ականներից նա արդեն չէր բավարարվում միայն կտավով ու թղթով: Սկսվում է երկարատև հրապուրանքը գրաֆիկայով, խեցեգործությամբ, քանդակով և վերջապես գոբելենով: Վերադառնալով Բարսելոնա` նա երկարատև խեցեգործական աշխատանքի է լծվում իր վաղեմի բարեկամ, պրոֆեսիոնալ խեցեգործ Լորենս Արտիգասի հետ, նոր շունչ ներարկելով կիրառական արվեստի երևի թե ամենահին այդ բնագավառին: Միաժամանակ սկսվում են լիտոգրաֆիաների, քսիլոգրաֆիաների և օֆորտների սքանչելի շարքերը: Բազմաթիվ աշխատանքներ են արվում գուաշով, սկիպիդարյան ներկերով, յուղաներկով և խառը տեխնիկայով: