Բնություն և մշակույթ
Հայնրիխ Ռիկկերտ
«Մշակութաբանություն և բնագիտություն» գրքից
Հայնրիխ Ռիկկերտը (1863-1936) գերմանացի փիլիսոփա է, որը Վ. Վինդելբանդի հետ միասին գլխավորել է նեոկանտականության բադենյան թևը: Փիլիսոփայություն, պատմություն և գրականություն է ուսումնասիրել Բեռլինի, Ստրասբուրգի և Ֆրայբուրգի համալսարաններում: Կարևորագույն աշխատություններն են «Ճանաչողության առարկան», «Փիլիսոփայության համակարգը», «Կյանքի փիլիսոփայությունը»:
Գլխավոր խնդիրը, որ հուզել է փիլիսոփային, վերաբերում է պատմական ճանաչողության ինքնավարությանը: Պատմական ճանաչողության առարկան ըստ այդմ մշակույթն է, իսկ արժեքները, որոնց հետ հարաբերակցվում է ճանաչողությունը, մշակութային արժեքներն են, այսինքն` այն, ինչը մարդն իրագործում է պատմության մեջ: Ընթերցողին ենք ներկայացնում հեղինակի «Մշակութաբանություն և բնագիտություն» գրքի «Բնություն և մշակույթ» կենտրոնական գլուխը:
Տրամաբանական խնդիրներ առաջադրող խստորեն համակարգված հետազոտությունը պիտի մեկնարկի մեթոդների ֆորմալ տարբերության մասին որոշակի խորհրդածությունից, այսինքն` պատմական գիտության հասկացությունից ելնելով պիտի հասկանա մշակութա-բանության հասկացությունը: Քանի որ առանձին գիտությունները նախ սկսում են թեմատիկ տարբերություններից, և կատարվող աշխատանքի բաժանումները նաև հետագայում նախ և առաջ որոշարկվում են բնության և մշակույթի նյութական տարբերությամբ, ես պահանջվածից ավելին չասելու և տվյալ ուսումնասիրությանը հետաքրքրող առարկայից չհեռանալու համար սկսում եմ առարկայական հակադրությունից և հավելում ֆորմալ մեթոդական տարբերության բացատրությունը` դրանից հետո միայն բաժանման ֆորմալ և նյութական սկզբունքների միջև առկա տարբերությունը ցույց տալու համար:
Բնություն և մշակույթ բառերը միանշանակ չեն, և հատկապես բնության հասկացությունը մշտապես առավել հստակ որոշարկվում է այն հասկացությամբ, որի հետ հակադրության մեջ է: Այստեղ մենք լավագույնս կխուսափենք կամայականությունից առաջ եկող պատրանքներից, եթե առաջին հերթին հավատարիմ մնանք նախնական նշանակությանը: Բնական արգասիքները նրանք են, որոնք ազատ աճում են հողից: Մշակութային արգասիքներ տալիս է արտը, որ վարել և ցանել է մարդը: Հետևաբար բնությունը ինքնուրույնաբար գոյացածի, «ծնվածի» և իր սեփական «աճին» թողնվածի համակցություն է: Նրան հակադրվում է մշակույթը կա՛մ որպես հանուն որոշակի արժևորված նպատակների գործող մարդու ուղղակի արարում, կա՛մ էլ, եթե այն արդեն առկա է, առնվազն որպես իր վրա խարսխված արժեքների համար խնամվող մի բան:
Որքան էլ խորացնենք այդ հակադրությունը, դրա հետ մշտապես կապված է մնում հանգամանքը, որ բոլոր մշակութային պրոցեսներում մարմնավորված է մարդու կողմից ընդունված մի արժեք, հանուն որի դրանք տեղի են ունենում կամ հանուն որի դրանց մասին հոգ է տարվում, եթե դրանք արդեն կատարվել են. մինչդեռ ինքնին գոյացածը կամ աճածը կարող է և պիտի դիտարկվի արժեքայնությունից դուրս, եթե այն իսկապես ոչ այլ ինչ է, քան բնություն նշված իմաստով: Մշակութային օբյեկտներն, այսպիսով, մշտապես ունեն արժեք, ահա ինչու մենք կոչում ենք դրանք բարիքներ, այդպիսով միաժամանակ տարբերելով դրանք որպես արժեքավոր իրողություններ հենց իրենցից` արժեքներից, որոնք ինքնին վերցված իրականություն չեն և որոնցից կարելի է նաև հրաժարվել: Գիտությունը չի մտածում օբյեկտները որպես բարիքներ, այլ` արժեքների հետ դրանց կապից դուրս, և եթե մշակութային օբյեկտից անջատվում է ամեն արժեքայնություն, կարելի է ասել, որ այն վերածվում է սոսկ բնության կամ գիտականորեն դիտվում է որպես բնական օբյեկտ: Արժեքներին հարաբերվելու շնորհիվ, ինչը կարող է լինել կամ չլինել, մենք կարող ենք առանձնացնել գիտության օբյեկտների երկու տեսակ: Այստեղ դա հարկավոր է մեզ մեթոդաբանական նկատառումով միայն, քանի որ իրեն հատուկ արժեքայնությունից դուրս յուրաքանչյուր իրական մշակութային պրոցես պիտի դիտվի բնության հետ իր կապի մեջ և որպես հենց բնություն: Թե որքանով է արժեքներին հարաբերվելը որոշիչ կետ հանդիսանում պատմական մշակութաբանության տրամաբանական կառուցվածքի համար, պարզ կդառնա ավելի ուշ:
Իհարկե, գիտական օբյեկտների նյութական տարբերությունը կարելի է բանաձևել նաև այլ կերպ, ընդ որում այնպես, որ արժեքի հասկացությունը իսկույն պարզորոշ չի դառնում: Կցանկանայինք հակիրճ անդրադառնալ այս հանգամանքին, քանզի այստեղ գործ ունենք մի հասկացության հետ, որը վերջերս դրվում է մեթոդաբանական հետազոտությունների առաջին պլանում. դա հասկացումն է:
Հիշյալ հասկացությունը ակներևաբար կարող է մեծ կարևորություն վայելել մեթոդի տեսության մեջ: Սակայն ՙհասկանալ՚ բառը բավականին բազմանշանակ է: Ահա ինչու դրա հասկացությունը պահանջում է ավելի հստակ որոշարկում. դա առաջին հերթին վերաբերում է մշակութաբանության և բնագիտության տարանջատմանը, ինչի համար մենք վերցնում ենք հասկացումը իր հակադրության մեջ: Մենք պիտի տարբերենք այն ընկալումից` նկատի ունենալով այդ հասկացությունն այն իմաստով, որ ամբողջ զգայահասու աշխարհը, այսինքն` բոլոր անմիջականորեն տրված հոգեկան և ֆիզիկական պրոցեսները նշանակալի են որպես ընկալման առարկաներ: Այդուհանդերձ, տրամաբանական պարզության շահից ելնելով, մենք նաև չպիտի սահմանափակվենք հասկացող սուբյեկտի ակտերով, այլ մեզ համար էական պիտի լինեն հասկացվող օբյեկտները, և եթե ողջ անմիջականորեն հասանելի զգայահասու աշխարհը նշանակում է ընկալման օբյեկտ, ապա որպես հասկացման օբյեկտներ, եթե իհարկե այդ բառը պահպանում է որոշակի ճշգրիտ իմաստ, մնում են միայն ոչ զգայական նշանակությունները կամ զգայական պատկերները: Միայն դրանք են հասկացվում անմիջականորեն, և դրանք են, որ իրապես, ուր էլ պատահեն, գիտությունից պահանջում են ներկայացման բոլորովին այլ եղանակ, քան ֆիզիկական և հոգեկան իրականության կամ զգայահասու աշխարհի սոսկ ընկալելի առարկաները:
Ընկալելի և հասկանալի օբյեկտների այս տարբերակմամբ մենք դարձյալ մոտեցանք բնության և մշակույթի մեր ավելի վաղ արված հակադրությանը: Քանի որ հասկանալի նշանակությունները և զգայական պատկերները հանդիպում են միայն ընկալելի օբյեկտների հետ կապի մեջ, մենք կարող ենք նաև ասել, որ գիտության համար կան մի կողմից` օբյեկտներ, որոնք, ինչպես մշակույթը, նշանակություն ու իմաստ ունեն և որոնք այդ նշանակության ու իմաստի շնորհիվ հասկանում ենք մենք, և մյուս կողմից` կան օբյեկտներ, որոնք, ինչպես բնությունը, մեզ համար բոլորովին զուրկ են նշանակությունից ու իմաստից և հետևաբար մեզ համար մնում են անհասկանալի: Մշակութաբանության այսպես բնորոշված տարբերությունն անկասկած կարևոր է հատկապես պատմության մեթոդի դեպքում: Կարելի է մտածել, որ այն ավելի ընդգրկուն է բնության և մշակույթի նախապես ներկայացված տարբերությունից և կարող է ծառայել մեր առաջին տարբերակումը ավելի բարձր համընդհանրության ոլորտի հասցնելուն: Բնությունն ըստ այդմ կլիներ նշանակությունից զուրկ, միայն ընկալելի և անհասկանալի, իսկ մշակույթը` նշանակությամբ լեցուն, հասկանալի գոյություն, և իրականում դա այդպես էլ կա: