Ռուբիկոն

Բնություն և մշակույթ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հակառակ սրան պարզվում է, որ սահմանափակվելով հատուկ դիսցիպլիններով և էմպիրիկ մշակութաբանությունը բնախուզությունից սահմանազատելու փորձով, մենք առաջին պլան ենք մղում արժեքայնության գաղափարները և հասկանում, որ նախապես պիտի տրված լինի արժեքային մոտեցումը, եթե ռեալ օբյեկտները մեզ համար պիտի իմաստ կամ նշանակություն ունենան, ինչպես որ հակառակ դեպքում առանց օբյեկտների որևէ հարաբերության առ արժեքները չէր լինի ոչինչ, որ մենք բառիս լիարժեք իմաստով կարողանայինք ՙհասկանալ՚ որպես նշանակալից և իմաստալից: Մենք կարող ենք անգամ ասել, որ իրենց յուրակերպության մեջ իմաստն ու նշանակությունը որոշադրվում են առաջին հերթին արժեքի միջոցով և որ այդ պատճառով է հասկացումը առանց վերաբերության առ արժեքները մնում գիտականորեն անորոշ:

Ամեն դեպքում արդեն արժեքայնությունից ազատ բնության և արժեքայնությանը հաղորդակից մշակույթի տարբերակման մեջ մենք ունենք մեզ համար կարևոր մի պահ և կարող ենք ցույց տալ, որ միայն արժեքային վերաբերության մեթոդաբանական նշանակությունը պարզելու դեպքում կարելի է ապացուցել, թե ինչ կարևորություն ունի ոչ զգայական և զգայական կամ անհասկանալի և հասկանալի առարկաների տարբերությունը առանձին գիտական մեթոդների տրամաբանական կառուցվածքի համար:

Այսպիսով, նշված ներածականում մենք դեռևս շոշափեցինք միայն բնությանը և արժեքայնությանը հաղորդակից մշակույթի բաժանումը, առանց խորհելու ոչ զգայական, միայն ընկալելի, անհասկանալի և զգայական ու հասկանալի օբյեկտների բաժանման մասին. իսկ բացառապես արժեքի այն տեսակի մասին, որը մշակութային բարիքների է վերածում իրողությունները և այդկերպ դրանք դուրս բերում բնությունից որպես հատուկ առարկաներ, մենք դեռ կխոսենք:

Այն արժեքների պարագայում, որոնք դիտարկվում են ինքն ըստ ինքյան, անհնար է հարցնել` իրակա՞ն են դրանք արդյոք, այլ միայն` նշանակալի՞ են դրանք արդյոք: Մշակութային արժեքը կա՛մ փաստացիորեն նշանակալի է ճանաչվում բոլոր մարդկանց կողմից, կա՛մ նրա նշանակալիությունը և դրա հետ նաև օբյեկտների սոսկ անհատական նշանակությունը գերազանցող նշանակությունը, որոնց կարիքն այն ունի, սահմանվում են մշակույթի կրող հանդիսացող մեկ մարդու կողմից: Այնուհետև մշակույթի պարագայում չպիտի խոսվի բարձրագույն իմաստով սոսկ պահանջմունքի առարկաների մասին, այլ բարիքների, որոնց արժևորման և խնամքի հարցում մենք մեզ ավել կամ պակաս չափով պարտավորված ենք զգում հասարակության առաջ, որում ապրում ենք, կամ մեկ ուրիշ պատճառով, եթե իհարկե ընդհանրապես խորհում ենք արժեքների նշանակալիության մասին: Այդուհանդերձ իր մասին մտածել է տալիս ոչ միայն «բարոյական անհրաժեշտությունը», այստեղ ավելանում է նաև որևէ նորմի մասին մտքի արժեքայնությունը կամ բարիքի մեջ պիտոյական իրագործումը: Այնպես որ, մենք այստեղ սահմանազատում ենք մշակութային օբյեկտները ինչպես նրանից, ինչը թեպետ տարերային կերպով, սակայն արժևորվում և գնահատվում է բոլորի կողմից, այնպես էլ նրանից, ինչը որպես արժեք իր արժևորմամբ պարտական է ոչ միայն սոսկ մղմանը, այլև տրամադրության անհատական մոլուցքներին:

Որ բնության և մշակույթի այս հակադրությունը, այնքանով, որքանով խոսքը ռեալ օբյեկտների երկու խմբերի մասին է, իսկապես ընկած է առանձին գիտությունների բաժանման հիմքում, ինքնաբերաբար հասկանալի է:

Կրոնը, եկեղեցին, իրավունքը, պետությունը, բարքերը, գիտությունը, լեզուն, գրականությունը, արվեստը, տնտեսությունը, ինչպես նաև դրանց գործառման համար անհրաժեշտ միջոցները իրենց զարգացման որոշակի աստիճանի վրա մշակութային օբյեկտներ կամ բարիքներ են հենց այն իմաստով, որ դրանց արժեքը նշանակալի է ճանաչվում հասարակության բոլոր անդամների կողմից կամ այդ ճանաչումը պահանջվում է նրանցից: Ահա ինչու մենք այնքան պիտի ընդլայնենք մշակույթի մեր հասկացությունը, որպեսզի դիտարկենք նաև մշակույթի նախագոյացման և անկման շրջանները և մշակույթ պահանջող ու կասեցնող պրոցեսները, այնպես որ այն ընդգրկի կրոնագիտության, իրավագիտության, պատմության, բանասիրության, ազգային տնտեսության, հետևաբար բոլոր «հոգևոր գիտությունների» առարկաները, բացառությամբ հոգեբանության, և ահա ինչու մշակութաբանություն տերմինը միանգամայն յուրահատուկ անվանում է ոչ բնագիտական առանձին դիսցիպլինների համար: Հանգամանքը, որ գյուղատնտեսության մեջ օգտագործվող միջոցները` մեքենաները և քիմիական պարարտանյութերը նույնպես դասվում են մշակույթին, առարկության հիմք չի հանդիսանում մշակութաբանություն տերմինի կիրառության դեմ, ինպես կարծում էր Վունդտը, այլ ընդհակառակը` ցույց է տալիս, որ այն շատ ավելի սազական է ոչ բնագիտական առանձին դիսցիպլիններին, քան Վունդտի կիրառած «հոգևոր գիտությունը»: Իհարկե, տեխնիկական գյուտերը հիմնականում կատարվում են բնագիտության օգնությամբ, սակայն իրենք չեն պատկանում բնագիտական հետազոտության օբյեկտների թվին, թեպետ չեն դասվում նաև «հոգևոր գիտությունների» շարքը: Միայն մշակութաբանության մեջ է ներկայացվելիքը զարգացման տեղ գտնում, և թե ինչ նշանակություն կարող է այն ունենալ նաև «հոգևոր», այսինքն` լիարժեք ոգեղեն մշակույթի համար, ցուցման կարիք չունի:

Այնպիսի դիսցիպլինների մասին, ինչպիսիք են աշխարհագրությունը և ազգագրությունը, դժվար է ասել, թե որ տեսակին են դրանք պատկանում:

Այդ բանի որոշումը կախված է միայն նրանից, թե ինչ դիտակետից են դրանք քննում իրենց առարկաները, այսինքն` կախված նրանից, թե ինչի հետ են դրանք կապվում` բնության, թե մշակութային կյանքի: Երկրի արտաքին մակերեսը, որն ինքնին սոսկ բնական արգասիք է, որպես մշակութային ամեն զարգացման տեսադաշտ ստանում է նաև մեկ ուրիշ, սոսկ բնագիտական հետաքրքրություն, և պրիմիտիվ ժողովուրդները կարող են մի կողմից` դիտվել որպես «բնական ժողովուրդներ», սակայն մյուս կողմից` կարող է հետազոտվել նաև այն, թե նրանց դեպքում որքան հեռու է մշակույթի սկիզբը: Այս երկկողմանիությունը հաստատում է մեր ըմբռնումը, ըստ որի` խոսքը բնության և ոգու, այսինքն` մարմնի և հոգու տարբերության մասին չէ, և ըստ այդմ մենք կարող ենք առանց վարանելու ոչ բնագիտական առանձին գիտությունները հիշյալ նշանակությամբ կոչել մշակութաբանական գիտություններ:

Մինչ այժմ այս բառն օգտագործվել է նաև ուրիշ իմաստով, ահա ինչու գուցե վատ չի լինի, եթե մենք պարզորոշ սահմանազատենք վերջինս այն հայտնի հասկացությունից, որի մեջ մշակույթ տերմինն ունի մասամբ լայն, իսկ մասամբ նեղ տարածություն: Ես կսահմանափակվեմ մեկ օրինակով:

Որպես լայն ըմբռնման օրինակ ես ընտրել եմ մշակութաբանության հասկացությունն այնպես, ինչպես այն առաջադրվել է Պաուլ Հերմանի կողմից: Նրա հայացքները ավելի հեշտ է պարզաբանել` հաշվի առնելով, որ իր համոզիչ շարադրանքով նա ոչ միայն շրջանառության մեջ դրեց մշակութաբանական գիտություններ տերմինը հոգևոր գիտությունների փոխարեն, այլև նորագույն ժամանակներում մատնանշեց նորմատիվ և պատմական գիտությունների միջև առկա ֆունդամենտալ տարբերությունը:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հատվածներ օրագրից Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել,… Մշակութաբանություն «Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին Արա Գուրզադյան XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու… Մշակութաբանություն Արա Գուրզադյան. երկու խոսք Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»:…