Բնություն և մշակույթ
Եվ այդուհանդերձ, Հերմանը ցանկանում էր «մշակույթի բնորոշ հատկանիշ համարել… հոգեկան գործոնների գործառումը», թեպետ դա թվում էր նրան «հիշյալ բնագավառի միակ հնարավոր ճիշտ սահմանազատումը զուտ բնագիտության օբյեկտներից», և քանի որ նրա համար «հոգեկան տարրը … ամենաէական գործոնն է մշակութային շարժման մեջ, որի շուրջ պտտվում է ամեն բան», ապա նաև ՙհոգեբանությունը … ամենաառաջնային հիմքն է բարձր իմաստով ըմբռնված մշակութաբանական բոլոր գիտությունների համար»:
Ոգու մասին գիտություններ տերմինից նա խուսափում է սոսկ այն պատճառով, որ «ոտք դնելով պատմական զարգացման բնագավառ…, հոգեկան ուժերի հետ մեկտեղ մենք գործ ենք ունենում նաև ֆիզիկական ուժերի հետ»: Հետևաբար այդ հասկացության Հերմանի բնորոշումը չի սահմանափակվում` զուտ ոգու մասին գիտությունների օբյեկտ համարելով միայն հոգեկանը: Նա համարում է, որ ամբողջ իրականությունը, բաղկացած լինելով հոգեկան և ֆիզիկական գոյությունից, պատկանում է մշակութաբանական գիտություններին:
Այս մոտեցման մեջ անկասկած ճիշտ է այն, որ մշակութաբանական գիտությունները չեն սահմանափակվում հոգեկան պրոցեսների ուսումնասիրությամբ և որ ոգու մասին գիտություններ տերմինը, եթե դրա տակ նկատի ունեն միայն հոգեղեն կյանքի հետազոտություն, հենց այդ պատճառով էլ պակաս հարմար է վերոհիշյալ գիտությունը անվանելու համար: Սակայն հարկ է ավելի առաջ գնալ և հարցնել` իսկ մշակութաբանական գիտություններն ընդհանրապես ունե՞ն արդյոք էմպիրիկ հիմք, որով կարող են զատորոշել ֆիզիկական և հոգեկան գոյությունը, ինչպես դա անում է հոգեբանությունը և արդյոք «ոգու» հասկացությունը, որից օգտվում են մշակութաբանական գիտությունները, համընկնո՞ւմ է «հոգեկանի» հետ, որի հիման վրա կազմվում է հոգեբանությունը: Բայց անկախ սրանից, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է ցանկանում Հերմանը իր ճանապարհին ճշգրիտ կերպով բաժանել միմյանցից բնագիտությունը և մշակութաբանությունը: Նա ինքը եզրակացնում է, որ համաձայն իր որոշարկման` պիտի ընդունվի նաև կենդանական մշակույթը, սակայն նա չի կարող պնդել, որ կենդանական կյանքը ոգեղեն պրոցեսների նկատառմամբ, ամեն դեպքում, պատկանում է մշակութաբանական գիտություններին: Եվ հատկապես այն դեպքում, երբ մենք դիտարկում ենք այն որպես ոչ միայն մարդկային ոգու կյանքի ընդհանրապես, այլ մարդկային մշակութային կյանքի նախափուլ իմ նշած իմաստով: Եթե վերանա այդ վերաբերությունը մշակութային արժեքներին, ապա մենք «գործ կունենանք» բացառապես բնության հետ, և հետևաբար «այս բնագավառի միակ հնարավոր սահմանազատումը» այստեղ բոլորովին մերժվում է:
Իմպլիցիտ կերպով Հերմանը խոստովանում է դա, երբ որպես կենդանական կյանքի մշակութաբանական օրինակ է ներկայացնում արվեստի նկատմամբ հակումների զարգացումը և հասարակական կազմակերպվածքը, քանի որ արվեստի նկատմամբ հակումների և հասարակական կազմակերպվածքի մասին կենդանիների պարագայում իմաստ ունի խոսել լոկ այն դեպքում, երբ նկատի են առնվում այնպիսի պրոցեսներ, որոնք կարող են դիտվել մարդկային մշակույթի համաբանությամբ, այդ դեպքում դրանք կլինեն մշակութային պրոցեսներ իմ նշած իմաստով:
Բայց սա կենդանական կյանքի միակ հիմնավոր դիտարկումը չէ, քանի որ հրաշալիորեն երևում է, որ մարդկային մշակույթի մասին հասկացությունների փոխադրումը կենդանական համայնքների վրա մեծ մասամբ մոլորեցնող և խճճող համաբանություն է: Ի՞նչ պետք է հասկանալ «պետություն» բառի տակ, եթե այն նշանակում է ինչպես Գերմանական կայսրություն, այնպես էլ մեղուների փեթակ, կամ «արվեստի երկ» բառի տակ, եթե դրանով նշանակում ենք ինչպես Միքելանջելոյի Մեդիչիների դամբարանը, այնպես էլ թռչնաբունը: Ամեն դեպքում Հերմանի հասկացությունը հենց այն պատճառով, որ հոգեկանը դրա մեջ էական չափանիշ է, պիտանի չէ մշակույթի և բնության սահմանազատման համար, և նրա հետագա շարադրանքը ցույց է տալիս, որ հենց ինքը համաձայն չէ այդ հասկացությանը:
Ամեն դեպքում ես այլևս չեմ անդրադառնա սրան: Ես միայն ցանկանում էի օրինակի վրա մեկ անգամ էլ ցույց տալ, որ առանց արժեքային մոտեցման, որը տրոհում է բարիքները արժեքայնությունից զուրկ իրականությունից, անհնար է գտնել իմաստալից մշակույթի և իմաստազուրկ բնության հստակ բաժանում, և ես հիմա կուզեի միայն բացատրել, թե ինչու մշակույթի հասկացության որոշարկման պարագայում արժեք բառի փոխարեն այդքան հեշտությամբ հայտնվում է ոգեղենի` որպես հոգևորի, հասկացությունը:
Մշակութային պրոցեսներն իսկապես պիտի դիտարկվեն ոչ միայն արժեքայնության նկատառումով, այլև միաժամանակ դրանք արժևորող հոգևոր էակի, քանի որ արժեքները արժևորվում են միայն հոգևոր էակի կողմից, հանգամանք, որից բխում է, որ հոգևորն առհասարակ մարմնավորի հարաբերությամբ դիտվում է որպես արժեքային, իսկ իմաստալիին` հաղորդակից: Հետևաբար իսկապես որոշակի կապ գոյություն ունի բնության և մշակույթի միջև` մի կողմից, և բնության ու ոգու կամ հոգու միջև` մյուս կողմից, այնքանով որ մշակութային պրոցեսներում, քանի որ դրանք բարիքներ են, մշտապես պիտի լինի արժևորում և, հետևաբար, միաժամանակ նաև ոգեղեն կամ հոգևոր կյանք:
Որքան էլ, որ սա ճիշտ է, միևնույն է, շատ քիչ բան կարելի է հաստատել` ելնելով բնության և ոգու կամ հոգու հակադրության միջոցով կատարվող գիտությունների բաժանումից, չէ՞ որ հոգևորի մերկ առկայությունը, քանի որ հոգևոր գոյությունը նույնպես պիտի դիտվի որպես բնություն, դեռ չի կազմում մշակութային օբյեկտ, և հետևաբար այն չի կարելի օգտագործել մշակույթի հասկացության սահմանման համար: Այն ավելի շուտ կիրառելի կլիներ, երբ հոգևորի, որպես արժևորման անհրաժեշտ նախապայմանի մեջ մշտապես մտածվեր նաև ինքը արժեքը, ընդ որում` որպես համընդհանուր նշանակալի արժեք: Սա կարող է հաճախ պատահել, հատկապես երբ օգտվում են «ոգի» բառից. դա բացատրում է, թե ինչու ենք մենք հրաժարվում վերոնշված փորձերից: Սակայն չկա համընդհանուր նշանակալի արժեքի ոգու և արժևորման այսպիսի նույնականացման իրավունք, քանի դեռ ոգեղենի տակ հասկանում են հոգևորը: Ավելի շուտ հարկավոր է նույն հասկանալի կերպով զատել «ոգեղեն» կեցության, այսինքն` արժևորման հոգեկան ակտերը հենց արժեքներից և դրանց նշանակալիությունից, ինչպես զատում են իրական բարիքները իրենց հատուկ արժեքներից, և հասկանալ, որ «ոգեղեն արժեքների» դեպքում կարևորվում է ոչ թե ոգեղենը, այլ արժեքը: Այդկերպ նաև հոգեկանը այլևս չի օգտագործվի միայն բնության և մշակույթի սահմանազատման համար: Այն կապված է մշակույթի հետ սոսկ որպես արժևորման ակտ և անգամ որպես արժևորում այն չի համընկնում արժեքի հետ, որը մշակութային բարիք է ստեղծում իրականությունից:
Միանգամայն հակիրճ կերպով ես կանդրադառնամ որոշարկումներին, որոնք սահմանափակում են մշակույթի հասկացությունը համընդհանուր արժևորման արժանացած օբյեկտների նեղ խմբով:
Դրանք հիշատակվում են գլխավորապես այն պատճառով, որ դրանցից մի քանիսի շնորհիվ «մշակույթ» բառը շատերի համար ստացել է պարզապես ֆատալ մի կողմնակի իմաստ, որից ելնելով էլ հասկանալի է հրաժարումը մշակութաբանություն տերմինից: Ես նկատի չունեմ «մշակութային պայքար» և «էթիկական մշակույթ» արտահայտությունները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն գիտության հետ, և չեմ կարծում, թե որոշակի գծով լեզվի թյուր կիրառությունը, որը մշակույթի տակ հասկանում է միայն զանգվածային շարժումները կամ անցած ժամանակների պատերազմները որպես «ոչ բարոյական», չպիտի դասվի մշակույթին և կարող է թունավորել այդ բառի կիրառությունը:
Ես ավելի շուտ նկատի ունեմ այն, ինչը ամենալայն հասարակական կածիքի մեջ կապված է «մշակույթի պատմության» հասկացության հետ: Հակադրությունները, որոնք առկա են, ասենք, այսպես կոչված գիտության և քաղաքական պատմության միջև և որոնք հատկապես հետաքրքրական լուսաբանում են ստանում Դիտրիխ Շեֆերի և Գոթայնի գրվածքներում, պետք է վերցվեն միանգամայն ազատորեն, որպեսզի գիտությունների ներածության մեջ կիրառական լինեն երկու խմբերում էլ: Մի կողմից, համաձայն մեր որոշարկման, պետությունը մշակութային բարիք է, ինչպես ժողովրդական տնտեսությունը կամ արվեստը, և այստեղ անհնար է կամայական տերմինաբանություն տեսնել, իսկ մյուս կողմից` մշակութային կյանքը պետական կյանքի հետ լիովին նույնացնելը նպատակահարմար չէ: Քանզի որքան էլ ճիշտ է այն, որ, ինչպես դա ցույց է տվել հատկապես Շեֆերը, բոլոր բարձր մշակույթները զարգացել են պետության մեջ և թե ինչու է պատմության ուսումնասիրությունը իրավացի` առաջին պլանում դնելով պետական կյանքը, այնուամենայնիվ գոյություն ունեն բազում բաներ` լեզուն, արվեստը և գիտությունը, որոնք իրենց զարգացման մեջ բոլորովին անկախ են պետությունից, և բավական է հիշենք կրոնը` հասկանալու համար, թե որքան անհնար է բոլոր մշակութային բարիքները ստորադասել պետական կյանքին և, համապատասխանաբար, բոլոր մշակութային արժեքները` քաղաքական արժեքներին:
Գերմաներենից թարգմանությունը`
Սերգեյ Ստեփանյանի
“Natur und Kultur” “Kulturwissenschaft und Naturwissenschaft”