Ռուբիկոն

Հուլիուս Կեսար. «Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին» (հատված)

Հրապարակվել է
5 հուլիսի 2022

 

Ստորև ներկայացնում ենք հատված Հուլիուս Կեսարի «Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին» գրքից, որտեղ նկարագրված է Փարսալայի նշանավոր ճակատամարտը (Ք. ա․ 48 թ.)՝ Կեսարի և Պոմպեյուսի հակառակության վերջին ու վճռական դրվագը:

Աղբյուրը՝ Caesar, Commentarii de Bello Civili, The Loeb Classical Library, LCL 39.

Նախագրություն

Գիրք Գ., LXXXIV-XCIX. Փարսալայի ճակտամարտի նախապատրաստությունը: Պոմպեյուսի ծրագիրը և Սկիպիոնի ճառը. հաղթանակի ուխտը: Բանակների կազմը, դասավորությունը: Ճակատամարտի նկարագրությունը. Պոմպեյուսը ջախջախվում է և փախուստի դիմում, նրա զորքը անձնատուր է լինում: Կեսարի և Պոմպեյուսի կորուստները:

LXXXII. Պոմպեյուսը մի քանի օր անց հասավ Թեսսալիա և ճառ ասաց ամբողջ զորքի առաջ. նա երախտագիտություն հայտնեց իր զինվորներին և խրախուսեց Սկիպիոնի զինվորներին, թե երբ արդեն հաղթանակած լինեն, օրեն է, որ նրանք բաժին պահանջեն ավարից ու պարգևներից: Ապա բոլոր լեգեոնները հավաքեց մի ճամբարում, Սկիպիոնին դարձրեց իրեն համապատիվ, հրամայեց, որ փող հնչեցվի նրա դիմացից, և երկրորդ զորավարական վրանը խփվի նրա համար: Երբ երկու մեծ բանակների միանալով՝ Պոմպեյուսն առավել զորեղացավ, բոլորի կանխակալ կարծիքն ամրապնդվեց, և հաղթանակի հույսն այնքան աճեց, որ թվաց, թե ժամանակի ամեն կորուստ [միայն] ուշացնում է վերադարձն Իտալիա, և առհասարակ, եթե Պոմպեյուսն ինչ-որ բան դանդաղ կամ կշռադատելով աներ, ասում էին, թե դա մեկ օրվա գործ է, բայց նրան հաճելի է իշխանություն բանեցնելով՝ կոնսուլներին և պրետորներին ստրուկի տեղ պահել: Եվ ահա, իրար մեջ բացեիբաց վիճում էին պարգևների և քրմությունների համար, բաշխում կոնսուլությունն ըստ տարիների, մյուսները պահանջում էին նրանց տունն ու ինչքը, ովքեր Կեսարի ճամբարում էին: Իսկ խորհրդի ժամանակ նրանց մեջ խիստ հակառակություն ծագեց, թե պրետորության առաջիկա ընտրաժողովներին արդյո՞ք հարկ է հեռակայորեն հաշվի առնել Լուկիլիուս Հիրրուսի անձը,- քանզի սրան Պոմպեյուսն ուղարկել էր պարթևների մոտ. նրա մերձավորները աղաչում էին Պոմպեյուսին պահել խոստումը, որ տվել էր [Հիրրուսին] ճանապարհից առաջ, որպեսզի չթվար, թե սա խաբվել էր՝ [հավատալով] նրա հեղինակությանը, մյուսներն առարկում էին, թե հավասար ջանքի ու վտանգի մեջ չի կարող մեկը առավելություն ստանալ բոլորի նկատմամբ: 

LXXXIII. Կեսարի քրմության վրա ամենօրյա վեճերի ժամանակ Դոմիտիուսը, Սկիպիոնը և Լենտուլուս Սպինտերը բացահայտ կերպով անցան ամենածանր վիրավորանքների. Լենտուլուսը ի ցույց էր դնում պատկառելի տարիքը, Դոմիտիուսը պարծենում էր Քաղաքում[i] ունեցած հեղինակությամբ ու դիրքով, Սկիպիոնը վստահացած էր Պոմպեյուսի հետ իր ազգակցությամբ: Նաև Ակուտիուս Ռուֆուսը Պոմպեյուսի առաջ ամբաստանեց Լ. Աֆրանիուսին՝ զորքին դավաճանելու համար. վկայում էր, թե դա տեղի է ունեցել Իսպանիայում: Լ. Դոմիտիուսը խորհրդի ժամանակ հայտարարեց, թե իր կարծիքով պատերազմից հետո պետք է երեք ցուցակ հանձնել նրանց դատին, ովքեր պատկանում են սենատորական դասին և պատերազմում եղել են իրենց կողքին, որպեսզի վճիռներ արձակեն որոշակի անձանց վրա, որոնք մնացել էին Հռոմում, կամ որոնք եղել էին Պոմպեյուսի զորքերում, բայց ջանք չէին դրել պատերազմում. առաջին ցուցակում կլինեն նրանք, ովքեր կճանաչվեն ազատ ամեն դատաստանից, երկրորդում՝ նրանք, ովքեր կդատապարտվեն մահվան, երրորդում՝ նրանք, որոնց վրա կդրվի տուգանք: Մի խոսքով, բոլորը խոսում էին կա՛մ իրենց արժան պատիվների, կա՛մ դրամական պարգևների, կա՛մ թշնամիների հալածանքի մասին, և չէին մտածում, թե ինչ միջոցներով պիտի կարողանան հաղթել, այլ՝ թե ինչպես պիտի օգուտ քաղեն հաղթանակից:

LXXXIV. Երբ պարենի պաշարը պատրաստ էր, զորքը՝ կազդուրված, և Դիրրաքիոնի մարտերից հետո[ii] բավականին երկար ժամանակ էր անցել, և կարծես, կարելի էր բավարար չափով պատկերացում ունենալ զինվորների արիության մասին, Կեսարը մտածեց, որ հարկ է հետազոտել, թե Պոմպեյուսը ինչ նպատակ ունի կամ արդյոք մտադիր է ճակատամարտ տալ: Եվ ահա, զորքը հանեց ճամբարից և ճակատ կազմեց, սկզբում՝ մի հարմար դիրքում, Պոմպեյուսի ճամբարից փոքր-ինչ հեռու, իսկ հետագա օրերին իր ճամբարից առաջ խաղալով՝ զորաշարքը հասցրեց պոմպեյականների [զբաղեցրած] բլուրներին: Այդպես զորքն օրեցօր լցվեց ավելի մեծ վստահությամբ: Բայց հեծելազորում պահպանվեց հիշածս նախկին կարգը[iii], և քանի որ թվով շատ անգամ զիջում էին [թշնամուն], առաջամարտիկներից[iv]  արագոտն երիտասարդներին հրամայեց կռվել հեծյալների միջև. ընտրվել էին նրանք, որոնց զենքն արագազարկ էր, և որոնք ամենօրյա վարժությամբ ձեռք էին բերել նաև այդ տեսակ մարտի հմտություն: Սրա արդյունքը եղավ այն, որ երբ հարկ էր լինում, 1000 հեծյալներ նույնիսկ հարթ ու բաց վայրերում հանդգնում էին դիմագրավել 7000 պոմպեյականների գրոհին և մեծ ահ չէին զգում նրանց բազմությունից: Հիրավի այդ օրերին նա անգամ հաջող հեծելամարտ տվեց և այն երկու ալլոբրոգներից մեկին, որոնք, ինչպես վերևում ասացինք, փախել էին Պոմպեյուսի մոտ, սպանեց իր մի քանի զինակցի հետ[v]:

LXXXV. Պոմպեյուսը, որ ճամբար էր դրել բլրի վրա, ճակատ էր կազմում լեռան ցածրագույն ստորոտներում՝ ըստ երևույթին, շարունակ սպասելով, թե Կեսարը կմոտենա այդ դժվար տեղին: Կեսարը, տեսնելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ Պոմպեյուսին դրդել ճակատամարտի, դատեց, թե իր համար պատերազմ վարելու ամենահարմար եղանակը կլինի այն, որ բանակը շարժի այդ տեղից և մշտապես լինի ճանապարհներին. նա հույս ուներ, որ ճամբարներ փոխելով և անցնելով բազում վայրերով՝ դյուրություն կունենա հայթայթելու պարեն, նաև ճանապարհին մարտի որևէ առիթ կներկայանա, կամ ամենօրյա երթերով կհյուծի Պոմպեյուսի զորքերին, որոնք սովոր չեն տքնության: Այս որոշումից հետո երբ արդեն մեկնման ազդանշան էր տրվել, և վրանները հավաքված էին, աչքի զարնեց, որ Պոմպեյուսի մարտաշարքը, հակառակ ամեն օրվա սովորության, այս կարճ միջոցին բավականին առաջացել է պատվարից. և ահա թվաց, թե կարելի է ճակատամարտ մղել ոչ աննպաստ դիրքում: Եվ այնժամ, երբ զորասյունն արդեն հասել էր դարպասներին, Կեսարն ասաց յուրայիններին. «Մենք առայժմ պետք է հետաձգենք երթը և խորհենք ճակատամարտի մասին՝ այն, ինչ մշտապես պահանջել ենք: Ոգով պատրաստ լինե՛նք ճակատամարտին. հետագայում հեշտ չենք պատահի հարմար առիթի». [այս ասելուց հետո] անմիջապես դուրս է բերում զինավառ զորքը: 

LXXXVI. Պոմպեյուսը նույնպես, ինչպես հետո իմացվեց, բոլոր զինակիցների հորդորով վճռել էր ճակատամարտ տալ: Հիրավի, նա օրեր առաջ՝ խորհրդի ժամանակ, նույնիսկ հայտարարել էր, թե Կեսարի բանակը կջարդվի, մինչ մարտաշարքերը կբախվեն իրար: Երբ դրա վրա շատերը զարմացել էին, ասել էր. «Ես գիտեմ, որ գրեթե անհավատալի բան եմ խոստանում, բայց ըմբռնեցե՛ք իմ ծրագրի միտքը, որպեսզի ավելի սրտապնդված գնաք մարտի: Ես հավանության եմ բերել մեր հեծելազորին (և ինձ վստահեցրել են, որ կանեն դա), որ երբ [բանակները] ընդառաջ գան, նրանք անպաշտպան կողմից կհարձակվեն Կեսարի աջ թևի վրա և թիկունքից պաշարելով մարտաշարքը՝ փախուստի կմատնեն ժխորված զորքերին, նախքան մեր կողմից մի նետ կարձակվի թշնամու վրա: Այդպես, չվտանգելով լեգեոնները և գրեթե անարյուն՝ կավարտենք պատերազմը: Եվ դա դժվար չէ, քանզի հեծելազորով շատ ուժեղ ենք»: Նաև կոչ էր արել, որ ոգով պատրաստ լինեն հաջորդ օրվան, և քանի որ ներկայացել է ճակատամարտի առիթ, որին միշտ ձգտել են, չլինի, թե ի դերև հանեն իր կամ մյուսների հույսը:

Կարդալ նաև

Պատմություն ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը:… Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ…