Ռուբիկոն

Հուլիուս Կեսար. «Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին» (հատված)

Հրապարակվել է
5 հուլիսի 2022

XCIV. Այնժամ Կեսարը երրորդ մարտաշարքին, որ անզբաղ էր և մինչ այդ  պահը իր տեղում էր մնացել, հրամայեց գրոհի գնալ: Եվ ահա, երբ հոգնած զինվորներին փոխարինեցին նոր և անխոնջ ուժեր, իսկ մյուսները գրոհում էին թիկունքից, պոմպեյականներն անկարող եղան դիմանալու, և բոլորն առհասարակ թիկունք դարձրին: Հիրավի, Կեսարը չէր սխալվել, որ հաղթանակի սկիզբը կծագի այն կոհորտներից, որոնք չորրորդ շարքում դրված էին հեծելազորի դեմ, ինչպես ինքն էր զինվորներին քաջալերելիս հայտարարել: Քանզի առաջինը նրանք սասանեցին հեծելազորը, հենց նրանք կոտորեցին նետաձիգներին և պարսավորներին և հենց նրանք, ձախ թևից պաշարելով Պոմպեյուսի մարտաշարքը, փախուստի սկիզբը դրեցին: Իսկ Պոմպեյուսը, երբ տեսավ, որ իր հեծելազորը վանվել է, և հայացք դարձրեց, որ այն զորագնդերը, որոնց մանավանդ ապավինում էր, զարհուրած են, հույսը կտրելով նաև մնացածից՝ թողեց մարտադաշտը և անմիջապես ձին շրջեց դեպի ճամբար. հարյուրապետներին, որոնց պահակության էր դրել պրետորական դարպասների առաջ, կանչեց բարձր ձայնով, որպեսզի զինվորներն էլ լսեն. «Հսկեցե՛ք ճամբարը, և եթե մի վատթար բան պատահի, ջանադրաբար պաշտպանեցե՛ք: Ես կշրջեմ մյուս դարպասներով և կքաջալերեմ ճամբարի կայազորին»: Այս ասելուց հետո գնաց զորավարական վրան` ամեն բանից վհատված և այնուամենայնիվ սպասելով ելքին:

XCV. Երբ պոմպեյականները փախուստ տալով լցվեցին պատվարից ներս, Կեսարը, խորհելով, թե զարհուրած թշնամուն չպետք է հանգիստ առնելու ժամանակ տալ, զինվորներին կոչ արեց օգտվել բախտի շնորհից և գրոհի գնալ ճամբարի վրա: Նրանք, թեև սաստիկ շոգից տանջված էին (քանզի մարտը ձգվել էր մինչև կեսօր), սակայն ոգով պատրաստ լինելով ամեն դժվարության՝ անսացին հրամանին: Ճամբարը եռանդուն պաշտպանում էին այն կոհորտները, որոնք այնտեղ թողնվել էին պահակության համար, և շատ ավելի սաստիկ ուժով՝ թրակացիների և բարբարոսների օժանդակ ջոկատները: Քանզի այն զինվորները, որ փախել էին մարտադաշտից, սրտներում ահ և հոգնությունից հյուծված, շատերն էլ մի կողմ նետած զենքերն ու զինանշանները, ավելի շուտ մտածում էին հետագա փախուստի մասին, քան թե ճամբարի պաշտպանության: Նրանք էլ, ովքեր կանգնած էին պատվարի վրա, չկարողացան երկար դիմանալ արկերի տարափին, այլ վերքերից նվաղած՝ թողեցին դիրքը, և ահա բոլորը հարյուրապետների և ռազմական տրիբունների առաջնորդությամբ անմիջապես փախան դեպի բարձրաբերձ սարերը, որոնք հարում էին ճամբարին:

XCVI. Պոմպեյուսի ճամբարում կարելի էր տեսնել հյուսածո հովանոցներ, [դրանց տակ] շարված արծաթեղենի մեծ քանակություն, վրաններ՝ հատակներին կանաչ ճիմեր փռած,- Լուկիուս Լենտուլուսի և մի քանիսի վրանները նույնիսկ պատված էին թավիշով,- նաև շատ այլ իրեր, որ նշան էին անչափ պերճանքի և հաղթանակի վստահության. սրանցից կարելի էր հեշտությամբ դատել, որ նրանք, ձգտելով ավելորդ վայելքների, բնավ երկյուղ չէին ունեցել այդ օրվա ելքի վրա: Եվ նրանք Կեսարի խիստ տանջված ու համբերող զորքին, որ հաճախ զուրկ է եղել ամեն անհրաժեշտ միջոցից, պարսավում էին ճոխությունների համար: Երբ մերոնք արդեն պատվարի ներսում էին, Պոմպեյուսը մի ձի ճարեց, զորավարական տարբերանշանները պոկեց վրայից և ճամբարի հետին դարպասներից դուրս նետվելով՝ անմիջապես ձին փութացրեց դեպի Լարիսսա: Այնտեղ էլ կանգ չառավ, այլ պատահելով փախստական մի քանի յուրայինների՝ նույն արագությամբ, գիշերը չընդմիջելով երթը, 30 հեծյալների շքախմբով հասավ ծով և բարձրացավ ցորեն փոխադրող մի նավ: Ասում են՝ նա հաճախ բողոքում էր, թե այն աստիճան է խաբվել իր հույսերում, որ հենց այն զորախմբից, որից հաղթանակ էր սպասում, փախուստի սկիզբը եղավ, և որ ինքը կարծես գրեթե դավաճանության զոհ է դարձել: 

XCVII. Կեսարը, գրավելով ճամբարը, խիստ պահանջ դրեց զինվորների առաջ, որ չլինի, թե  ավարով տարված՝ գործն ավարտին հասցնելու առիթը ձեռքներից բաց թողնեն: Լսելի լինելով՝ սկսեց ամրություններով շրջապատել սարը: Քանի որ այս սարը զուրկ էր ջրից, պոմպեյականները, հույսը կորցրած, թողեցին դիրքը և ամբողջ բազմությամբ բարձր դարավանդներով սկսեցին ետ քաշվել դեպի Լարիսսա: Կեսարը, նկատելով այդ, տրոհեց իր զորքերը, լեգեոնների մի մասին հրամայեց մնալ Պոմպեյուսի ճամբարում, մի մասին ետ դարձրեց իր ճամբար, իր հետ տարավ չորս լեգեոն և ավելի դյուրին ուղիներով ջանաց կտրել պոմպեյականների ճանապարհը. 6000 ոտնաչափ առաջանալով՝ ճակատ կազմեց:  Տեսնելով այդ՝ պոմպեյականները կանգ առան մի սարի վրա: Այս սարի ստորոտով գետ էր հոսում: Կեսարը սրտապնդեց զինվորներին, և թեև նրանք ողջ օրվա անդուլ ջանքից ուժասպառ էին, և մութն արդեն ընկնում էր, այդուհանդերձ, գետը թումբով կտրեց սարից, որպեսզի պոմպեյականները չկարողանան գիշերով գնալ ջրի: Երբ այս գործն ավարտվեց, նրանք, դեսպաններ ուղարկեցին և սկսեցին բանակցել անձնատվության համար: Սենատորական դասից մի քանիսը, որ միացել էին նրանց, գիշերը փրկություն որոնեցին փախուստի մեջ: 

XCVIII. Լուսաբացին Կեսարը բոլոր նրանց, ովքեր հաստատվել էին սարի վրա, հրամայեց բարձունքներից իջնել հարթավայր և զենքերը վայր դնել: Երբ նրանք առանց առարկության հնազանդվեցին, ձեռքերը տարածած՝ ընկան գետնին և արցունք թափելով՝ նրանից կյանք աղերսեցին, [Կեսարը] մխիթարելով ստիպեց վեր կենալ, մի քանի խոսք ասաց իր մեղմության մասին, որպեսզի պակասեցնի վախը, և ներեց բոլորին, իսկ իր զինվորներին պատվիրեց նրանցից ոչ մեկին վնաս չտալ և ոչ էլ աչք ունենալ նրանց իրերի վրա: Այս խնամքը ցուցաբերելուց հետո հրամայեց, որ ըստ հերթի՝ իր մոտ գան մյուս լեգեոնները, իսկ նրանք, որոնց առաջնորդել էր, հանգիստ առնեն ու վերադառնան ճամբար. նույն օրը հասավ Լարիսսա:

XCIX. Այդ ճակատամարտում նա զոհ տվեց ոչ ավելի, քան 200 զինվոր, բայց կորցրեց քաջ այրերի՝ մոտ 30 հարյուրապետի: Սպանվեց նաև հիշածս Կրաստինուսը, որ մարտնչեց մեծագույն խիզախությամբ և ընկավ՝ սրի զարկ ստանալով դեմքին: Եվ զուր խոսք չէր այն, ինչ նա ասել էր մարտի գնալիս: Քանզի Կեսարը այնպես էր կարծում, որ այդ ճակատամարտում Կրաստինուսը ցուցաբերեց արտակարգ արիություն, և դատում, որ նրա վաստակն իր առաջ եղավ լավագույնը: Պոմպեյական բանակից, ըստ երևույթին, զոհվել էր մոտ 15000 զինվոր, բայց ավելի քան 24000-ը եկել էր անձնատվության (քանզի նույնիսկ այն կոհորտները, որոնք պահպանում էին բերդակները, անձնատուր էին եղել Սուլլային), շատերն էլ փախել էին հարևան համայնքներ. ճակատամարտից Կեսարին բերվեցին 180 զինանշան և 9 արծիվ: Լ. Դոմիտիուսը ճամբարից դեպի սար փախչելիս, երբ հոգնությունից ուժերը լքել էին նրան, սպանվեց հեծյալների կողմից:

[i] Բնագրում Հռոմը հաճախ հիշատակվում է միայն որպես “urbs”՝ «քաղաք», պրովինցական քաղաքները հիմնականում տրված են հոմանիշ “oppidum” ձևով: Թարգմանության մեջ սրանք տարբերելու համար Հռոմի նշանակությամբ գործածված “urbs”-ը  փոխադրել ենք մեծատառով՝ «Քաղաք»:

[ii] Դիրրաքիոնի մոտ Պոմպեյուսը երկու հաղթական մարտ է վարել, բայց զգուշանալով ծուղակից՝ վճռական գրոհ չի ձեռնարկել. կեսարական զորքերին իսպառ ջախջախումից փրկել է նրա այդ վարանումը (Գիրք Գ, LXII-LXXI): 

[iii] Այս կարգը Կեսարը հաստատել էր Դիրրաքիոնի մոտ կրած պարտությունից հետո, երբ թողնում էր իր ճամբարը (Գիրք Գ, LXXV):

[iv]  Բնագրում՝ “antesignani”, որ նշանակում է զինանշանից առաջ գտնվողներ. սրանք կանգնում էին լեգեոնի առաջին շարքերում՝ պաշտպանելու զինանշանը: Կեսարի բանակում »առաջամարտիկները« կազմում էին լեգեոնի ընտիր զորախումբը, որ ըստ անհրաժեշտության ուղարկվում էր սատարելու հեծալազորին, հետևակի թևերը ևն:

[v] Այս եղբայրները Կեսարի բանակում անօրենություններ էին գործել և լքել ճամբարը՝ խուսափելով դատաստանից, նրանց մատնությամբ Պոմպեիուսն իմացել էր հակառակորդի խոցելի կողմերը և կարողացել էր հաղթանակի հասնել Դիրրաքիոնի մոտ մղված մարտերում (Գիրք Գ, LIX-LXI):

[vi] Այսինքն՝ Պադուս գետից այն կողմ, այժմ՝ Պո:

[vii] Բնագրում՝ “evocati”. հռոմեական բանակի վետերաններ, որոնք զորավարի կոչին անսալով կամ նրա խոստումներով հորդորված՝ կամավոր վերադարձել էին ծառայության:

[viii] Բնագրում՝ “beneficiarii”. աստիճանավոր զորականներ, որոնք կատարում էին զորավարի համհարզի պարտականությունները և այդ պատճառով ազատված էին ծանր աշխատանքից. այս պաշտոնը նրանք ստանում էին՝ ի նշան զորավարի բարյացակամության, իբրև նրա շնորհ՝ “beneficium”:

[ix] Սրանց միջոցով Պոմպեյուսի հետ բանակցելու և հաշտության հասնելու փորձերը Կեսարը նկարագրել է այս գլխի XVII, XIX, LVII մասերում:

[x] Բնագրում՝ “manipularis”, զորական մանիպուլուսի, որը լեգեոնական զորատեսակ էր, կազմում էր լեգեոնի 1/30-ը կամ կոհորտի 1/3-ը, զինվորների քանակով հավասար էր 2 ցենտուրիայի՝ հարյուրյակի, որը սկզբնապես բաղկացած է եղել 100 զինվորից, ապա 60: 

Լատիներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Տիգրան Սիրունյան

Կարդալ նաև

Պատմություն ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը:… Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ…