Ռուբիկոն

«Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

6.         

Լոնդոնում գտնվելու նույն օրերին Դյագիլևն ու ես մտահղացանք մեկ այլ ծրագիր, որն անչափ իմ սրտովն էր: Այն արդյունք էր մեծ բանաստեղծ Պուշկինի նկատմամբ ունեցած մեր անսահման հիացմունքի ու համընդհանուր սիրո, բանաստեղծ, որի անունը արտասահմանցու համար սոսկ բառարանային է, ավա~ղ, բայց որի հանճարն իր ողջ բազմազանությամբ և ունիվերսալությամբ ոչ միայն առանձնապես մեզ թանկ էր ու սիրելի, այլև նշանակում էր մի ամբողջ ծրագիր: Պուշկինն իր բնությամբ, մտածելակերպով ու գաղափարաբանությամբ ամենակատարյալ ներկայացուցիչն էր այն արտասովոր սերնդի, որ սկիզբ էր առնում Պետրոս Մեծից և հրաշալի համակցումով կարողացել էր միաձուլել ամենատիպական ռուսական տարրերն ու արևմտյան աշխարհի հոգևոր հարստությունները:

Դյագիլևն անառարկելիորեն պատկանում էր այդ սերնդին, և նրա ողջ գործունեությունը հավաստիքն էր հենց այդ ծագման: Ինչ վերաբերում է ինձ, ես միշտ իմ մեջ զգացել էի նույն մտածելակերպի սաղմերը, որոնք պահանջում էին սոսկ զարգացում, ինչը արեցի հետագայում լիովին գիտակցորեն:

Տարբերությունը այդ և «հինգի» խմբի ( որ շուտով ակադեմիականության փոխակերպվեց և կենտրոնացավ Ռիմսկի-Կորսակովի ու Գլազունովի գլխավորած բելյաևյան խմբակում) մտածելակերպի միայն այն չէր, որ առաջինը, այսպես ասած, կոսմոպոլիտ էր, իսկ մյուսը` զուտ ազգայնական:

Ազգային տարրերը նշանակալի տեղ են գրավում թե՛ Պուշկինի, թե՛ Գլինկայի, թե՛ Չայկովսկու մոտ: Միայն թե դրանք անմիջականորեն բխում էին նրանց իսկ բնությունից, մինչդեռ մյուսների պարագայում ազգայնական միտումը ուսմունքային էսթետիզմ էր, որ նրանք ուզում էին պարտադրել բոլորին: Այդ ազգային, ազգագրական էսթետիկան, որ համառորեն զարգացնում էին նրանք, ըստ էության շատ հեռու չէր ցարերի ու բոյարների Հին Ռուսիայի մասին ֆիլմերի ոգուց: Թե՛ նրանց, թե՛ ի վերջո ժամանակակից իսպանացի «ֆոլկլորիստների» դեպքում, լինեն նրանք նկարիչ թե երաժիշտ, կարելի էր փաստել հենց այդ միամիտ, բայց վտանգավոր ձգտումը, որ մղում է նրանց վերակերտելու արդեն ժողովրդի հանճարով բնազդորեն ստեղծված արվեստը: Բավական ամուլ միտում և հիվանդություն, որով տառապում են շատ տաղանդավոր արվեստագետներ:

Այնուամենայնիվ արևմտականացումը նկատվում էր վերոհիշյալ երկու խմբերից թե՛ մեկում, թե՛ մյուսում, միայն թե դրանց ակունքներն էին տարբեր:

Չայկովսկին, ինչպես և Դարգոմիժսկին ու քիչ հայտնի մյուսները օգտագործելով ժողովրդական ՙմելոսը՚ չէին քաշվում դա ներկայացնել ֆրանսիական կամ իտալական ձևով, ինչպես արել էր Գլինկան: Ինչ վերաբերում է «ազգայնականներին», նրանք եվրոպականացնում էին իրենց ողջ երաժշտությունը, բայց ներշնչվելով բոլորովին տարբեր օրինակներից` Վագներից, Լիստից, Բեռլիոզից, այսինքն` նկարագրական ռոմանտիկ ոգուց և ծրագրային երաժշտությունից:

Անշուշտ, Չայկովսկին նույնպես չէր կարող խուսափել գերմանական ազդեցություններից: Սակայն, եթե անգամ կրել է Շումանի ազդեցությունը և նույնքան, որքան, օրինակ, Գունոն, դա նրան չի խանգարել մնալ ռուս, ոչ էլ Գունոյին` ֆրանսիացի: Երկուսն էլ օգտվել են մեծ գերմանացու, նաև փայլուն երաժշտի զուտ երաժշտական հայտնագործություններից, փոխառել նրա ֆրազային դարձվածքները, լեզվի առանձնահատկությունները, բայց առանց ենթարկվելու նրա գաղափարաբանությանը:

Վերը հիշատակածս ծրագիրը հանգեցրեց այն բանին, որ ստեղծեմ իմ «Մավրա» օպերան Պուշկինի «Տնակը Կոլոմնայում» չափածո նովելից վերցված սյուժեի հիման վրա: Այդ ընտրությամբ, որին համամիտ էր նաև Դյագիլևը, հաստատվում էր իմ վերաբերմունքը ռուսական մտքի քիչ առաջ տարբերակածս երկու հոսանքների նկատմամբ:

Երաժշտական պլանում Պուշկինի այդ պոեմն ինձ ուղիղ տանում էր դեպի Գլինկա ու Չայկովսկի, և ես վճռականորեն բռնեցի նրանց կողմը: Այսկերպ ճշգրտեցի իմ ճաշակն ու նախասիրությունները, իմ տարակարծությունը հակառակ էսթետիկայի վերաբերյալ և շարունակեցի այդ վարպետների հաստատած բարի ավանդույթը: Ահա ինչու իմ ստեղծագործությունը ձոնեցի Պուշկինի, Գլինկայի և Չայկովսկու հիշատակին:

7.         

Աշնանամուտին ես ստիպված էի կարճ ժամանակով ընդհատել այդ աշխատանքը, որ զբաղվեմ «Քնած գեղեցկուհին» բալետով, որի առաջին ներկայացումը պիտի լիներ շուտով: Այդ գործն ավարտելուց հետո մեկնեցի Լոնդոն:

Այնտեղ տեսա Չայկովսկու և Պետիպայի գլուխգործոցը Դյագիլևի բեմադրությամբ: Վերջինս գործն արել էր մեծագույն սիրով ու մեկ անգամ ևս վեր հանել բալետային արվեստի իր խոր իմացությունը: Նա դրա մեջ ներդրել էր իր ողջ հոգին ու ավյունը, այն էլ` ՙամենաանշահախնդիր՚ կերպով, քանզի խոսքն այստեղ չէր վերաբերում իբրև նորարար գնահատվելուն ու նոր ձևերով հանրության հետաքրքրությունը շարժելուն: Նա ներկայացնում էր դասական ու խիստ ընդունված մի բան և այդպիսով ցույց տալիս իր ոգու անհունությունն ու ազատությունը` կարողանալով ճիշտ ընկալել ոչ միայն մեր օրերի կամ անցյալ դարաշրջանների արժեքները,– ինչը չափազանց հազվագյուտ հատկություն է,– այլև մեզ անմիջապես նախորդող ժամանակաշրջանի:

Ինձ համար իսկական ուրախություն էր այդ բեմադրությանը մասնակցելը` և ոչ միայն Չայկովսկու հանդեպ տածած սիրո պատճառով, այլ դասական բալետի նկատմամբ ունեցած խոր հիացմունքի, բալետ, որն իր բուն էությամբ, իր կառուցվածքի գեղեցկությամբ և ձևերի ազնվականական խստությամբ լավագույնս համապատասխանում է արվեստի իմ ըմբռնմանը: Քանզի այստեղ, դասական պարում եմ տեսնում գիտական հայեցակարգի հաղթանակը հեղհեղուկության, կանոնինը` կամայականության, կարգինը` «պատահականի» նկատմամբ: Եթե կուզեք, այսկերպ ես արվեստում հասնում եմ ապոլլոնյան և դիոնիսյան սկզբունքների հավերժական հակադրությանը: Այս վերջինն իբրև վերջնանպատակ ենթադրում է էքստազը, այսինքն` ես-ի կորուստը, մինչդեռ արվեստը ամենից առաջ պահանջում է արվեստագետի ինքնագիտակցականություն:

Այս երկու սկզբունքներից իմ ընտրությունն, ուրեմն, չէր կարող կասկածի տակ դրվել: Եվ եթե ես ոչ միայն այն պատճառով, որ հավանում եմ, այլև նրա համար, որ ի դեմս դրա տեսնում եմ հենց ապոլլոնյան սկզբունքի կատարյալ արտահայտությունը:

8.         

Բիարրիցում գտնվելու վերջին ամիսներին նվիրվեցի «Սոնատ դաշնամուրի համար» երկիս ստեղծմանը: Չնայած գործը գրելիս որոշել էի պահպանել իմ լիակատար ազատությունը, բայց աշխատանքի ընթացքում ցանկություն ունեցա մոտիկից քննելու դասական վարպետների սոնատները` ձևի խնդիրների լուծման մեջ նրանց մտքի ուղղությանն ու զարգացմանը հետևելու համար:

Այս առիթով, ի թիվս այլ գործերի, նորից նվագեցի Բեթհովենի բազմաթիվ սոնատները: Երիտասարդությանս վաղ տարիներին մեզ գերհագեցրել էին նրա գործերով, հռչակավոր Weltschmerz*-ի «ողբերգության» հետ միաժամանակ պարտադրելով և այն բոլոր ծամծմված ֆրազները, որ ընդունված այդ կոմպոզիտորի վերաբերյալ մեկ դար շարունակ պարտադիր կարգով կրկնում էին` համարելով աշխարհի մեծագույն հանճարներից մեկը:

Երիտասարդ այլ երաժիշտների նման ես նույնպես զզվում էի մտային ու զգացմունքային այդօրինակ վերաբերմունքից, որն ընդհանուր ոչինչ չունի երաժշտական լուրջ դատողության հետ: Այդ տխրահռչակ մանկավարժությունն այնուամենայնիվ ունեցավ իր հետևանքը: Այն ինձ հեռու պահեց Բեթհովենից երկար տարիներ:

Կարդալ նաև

Երաժշտություն Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս Տիգրան Մանսուրյան – Հովհաննես Այվազյան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ինչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…