«Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից
«Չկա քնարականություն առանց կանոնների, և այդ կանոնները պիտի լինեն խիստ: Հակառակ դեպքում դա սոսկ հնարավոր քնարականություն է և գոյություն ունի ամենուր: Այն, ինչ գոյություն չունի ամենուր, քնարական արտահայտությունն է ու հորինվածքը: Դրա համար հարկավոր է վարպետություն, իսկ այն ձեռք է բերվում ուսանելով՚: Սենգրիայի այս խոսքերը լավագույնս համապատասխանում էին իմ նախաձեռնած գործին: Ես նպատակ ունեի ստեղծել քնարական մի երկ, երաժշտական բանաստեղծության նման մի բան և, առավել քան երբևէ, դրա մեջ գտնում էի խիստ կարգապահության բարերարությունը, որ մեզ պարգևում է մասնագիտական ճաշակ և հենց քնարական բնույթի ստեղծագործության մեջ դա կիրառել կարողանալու բերկրանք: Այս առումով տեղին կլիներ մեջբերել գերազանցապես քնարական համարվող կոմպոզիտորի խոսքերը: Ահա թե ինչ է ասում Չայկովսկին իր նամակներից մեկում. «Այն օրից, ինչ սկսել եմ ստեղծագործել, առջևս դրել եմ մի նպատակ` իմ գործում լինել այն, ինչ իրենց գործում եղել են ամենանշանավոր վարպետները, այսինքն` լինել նրանց նման արհեստավոր, ինչպես կոշկակարը… (Նրանք) ստեղծել են իրենց անմահ երկերը ճիշտ այնպես, ինչպես կոշկակարն է կարում իր կոշիկները, այն է` օր-օրի և շատ հաճախ` պատվերով»: Որքա~ն իրավացի է նա: Իրոք, եթե թվարկելու լինենք բառարանային ամենահայտնի անունները` Բախ, Հենդել, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, էլ չասած` հին իտալացիները,– մի՞թե նրանք բոլորը չեն ստեղծագործել այդկերպ:
13.
Ինձ համար, իբրև երաժիշտ-արարողի, ստեղծագործելը առօրյա գործ է, որ կոչված եմ անելու:
Ես գրում եմ, որովհետև ստեղծվել եմ դրա համար և չեմ կարող ապրել առանց դրա: Ինչպես ամեն օրգան, որ չի պահպանվում անընդմեջ գործուն վիճակում, ապաճում է, այդպես էլ կոմպոզիտորի ունակությունները թուլանում ու բթանում են, երբ դրանք չեն պահվում ջանքով ու վարժանքով: Անգետը կարծում է, թե ստեղծագործելու համար հարկավոր է սպասել ներշնչանքի: Մոլորություն է: Ես հեռու եմ ներշնչանքը ժխտելուց, ընդհակառակը, դա շարժիչ ուժ է, որ կարելի է գտնել մարդկային ցանկացած գործունեության մեջ, և ամենևին արվեստագետների մենատիրությունը չէ: Բայց այդ ուժը ծավալվում է միայն, երբ գործի է դրվում ջանքով, իսկ այդ ջանքն աշխատանքն է: Ինչպես ախորժակը գալիս է ուտելիս, այդպես էլ ճշմարիտ է նաև այն, որ աշխատանքն է իր հետ բերում ներշնչանք, եթե այն չի հայտնվել հենց սկզբից: Բայց միայն ներշնչանքը չէ, որ պետք է հաշվի առնել, այլև արդյունքը, այլ խոսքով` ստեղծագործությունը:
* Համաշխարհային վիշտ:
Ֆրանսերենից թարգմանությունը`
Արուս Բոյաջյանի