Ռուբիկոն

«Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

9.         

Մտածում էի որևէ հանրահայտ սյուժեով օպերայի կամ օրատորիայի մասին: Դրանով ուզում էի ունկնդրի ողջ ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե պատմության, այլ հենց երաժշտության վրա, որն այդկերպ կդառնար և՛ խոսք, և՛ գործողություն:

Այս նախագիծն էր զբաղեցնում միտքս, երբ «Ժամանակակից երաժշտության միջազգային ընկերության» հրավերով մեկնեցի Վենետիկ` փառատոնին նվագելու իմ «Սոնատը»: Օգտվեցի առիթից և մինչև Նիցցա վերադառնալս ավտոմեքենայով փոքր-ինչ շրջագայեցի Իտալիայով: Իմ վերջին հանգրվանը Ջենովան էր: Մի գրավաճառի մոտ պատահաբար գտա Ֆրանցիսկ Ասիզցու վերաբերյալ Յորգենսենի գիրքը, որի մասին լսել էի:

Երբ կարդացի այն, ինձ զարմացրեց մի դրվագ, որը հաստատում էր մեջս խորապես արմատավորված համոզմունքը: Հայտնի է, որ սրբի մայրենի լեզուն իտալերենն էր: Սակայն հանդիսավոր հանգամանքներում, օրինակ, աղոթքի ժամանակ նա գործածել է ֆրանսերենը (պրովանսալերե՞նը. նրա մայրը եղել է պրովանսուհի): Ես միշտ կարծել եմ, որ վսեմին առնչվող պարագաներում հարկավոր է առանձնահատուկ և ոչ թե առօրեական լեզու: Ահա ինչու որոնում էի մի լեզու, որը լիներ ամենահարմարը ենթադրյալ ստեղծագործության համար և, ի վերջո, կանգ առա լատիներենի վրա: Այդ ընտրությունն ուներ նաև այն առավելությունը, որ գործ ունեի ոչ թե մեռած, այլ քարացած և դրանով իսկ կոթողային ու ամեն քաղաքակրթությունից պաշտպանված նյութի հետ:

Տուն դառնալով` շարունակեցի մտորել նոր գործի սյուժեի շուրջ և որոշեցի ընտրել Հին Հունաստանի հանրահայտ առասպելներից մեկը: Մտածեցի, թե լիբրետոյի համար ամենից լավ կլինի դիմել Ժան Կոկտոյին` իմ վաղեմի բարեկամին, որն այն ժամանակ ապրում էր Նիցցայից ոչ հեռու և որին հաճախ էի տեսնում: Ինձ բազմիցս գայթակղել էր նրա հետ համագործակցելու գաղափարը: Հիշում եմ, անցյալում մենք միասին նույնիսկ ուրվագծել էինք որոշ ծրագրեր, բայց այս կամ այն պատճառով չէր հաջողվել դրանք իրականացնել:

Ես տեսել էի նրա «Անտիգոնեն», և ինձ շատ էր դուր եկել հին առասպելը մեկնելու և ժամանակակից ձևով ներկայացնելու նրա կերպը: Կոկտոն հրաշալի ռեժիսոր է: Նա գիտե վերաիմաստավորել արժեքները, տեսնել և զգալ դետալը, որը նրա համար միշտ մեծ կարևորություն ունի:

Դա վերաբերում է ինչպես դերասանների խաղի կարգավորմանը, այնպես էլ դեկորներին, զգեստներին, մինչև իսկ նվազագույն պարագաներին: Կոկտոյի այս արժանիքներով առիթ ունեցա հիանալու դեռ անցյալ տարի, նրա «Դժոխային մեքենա» պիեսի ժամանակ, որտեղ նրա ջանքերը հաջողությամբ համատեղվել էին ձևավորող Քրիստիան Բերարի մեծ տաղանդի հետ:

Երկու ամիս շարունակ հանդիպեցի Կոկտոյին, որին իմ գաղափարը շատ էր դուր եկել, և նա անմիջապես անցել էր գործի: Ընդհանուր համաձայնությամբ մենք ընտրեցինք Սոֆոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգության սյուժեն:

10.       

Նոր տարվա սկզբին Կոկտոյից ստացա «Էդիպուսի» վերջնական տեքստի առաջին մասը Ժան Դանիելուի լատիներեն թարգմանությամբ: Ամիսներ շարունակ մեծ անհամբերությամբ սպասել էի դրան` փութալով գործի անցնել: Կոկտոն փայլուն կերպով արդարացրեց իմ հույսերը: Այդքան կատարյալ և իմ բոլոր ցանկություններին համապատասխանող տեքստ չէի էլ կարող երազել: Լիբրետոյի մեջ խորանալու համեմատ լատիներենի իմ գիտելիքները, որ ձեռք էի բերել գիմնազիայում և, ավա~ղ, մոռացել վաղուց, վերստին կյանքի կոչվեցին, և ֆրանսերեն տեքստի օգնությամբ ես արագ յուրացրի այն: Ինչպես նախազգացել էի, մեծ ողբերգության իրադարձություններն ու կերպարները հրաշալի մարմնավորվում էին այդ լեզվում և դրա շնորհիվ օժտվում մոնումենտալ պլաստիկությամբ, տիրական ու վսեմ ընթացքով, որի դրոշմն է կրում հին առասպելը:

Ի~նչ ուրախություն է երաժշտություն հորինել պայմանական, գրեթե ծիսական և վեհ, ինքնին պատկառանք ներշնչող մի լեզվի հիման վրա:

Այլևս չես զգում նախադասության, ուղղակի իմաստով բառի գերիշխանությունը: Արտահայտչական արժեքը բավականաչափ ապահովող անշարժ կաղապարի մեջ ձուլվելով` այդ բառերն այլևս որևէ մեկնության կարիք չունեն: Կոմպոզիտորի համար տեքստն, այդպիսով, դառնում է բացառապես հնչունային նյութ: Նա կարող է մասնատել այն իր ուզածի պես և ողջ ուշադրությունը կենտրոնացնել տեքստը կազմող հիմնական տարրի` վանկի վրա: Մի՞թե տեքստի հետ այդպես չէին վարվում խիստ ոճի վարպետները: Դարեր շարունակ այդպիսին է եղել նաև եկեղեցու վերաբերմունքը երաժշտության նկատմամբ` այդկերպ թույլ չտալով երաժշտությանն ընկնել սենտիմենտալության, հետևաբար և անհատապաշտության մեջ:

11.       

Ամռան վերջին, աշնանն ու ձմռանը տանից գրեթե դուրս չեկա` ամբողջովին տարված «Էդիպուսի» աշխատանքով: Նյութի մեջ խորասուզվելու համեմատ ամբողջ լրջությամբ իմ առջև ծառանում էր երաժշտական ստեղծագործության մեջ նոտայի տևականության (tenue) խնդիրը: Տևականություն բառն այստեղ գործածում եմ ոչ թե նրա նեղ իմաստով, այլ դրան տալով ավելի մեծ նշանակություն, առավել լայն ընդգրկում: Ճիշտ ինչպես լատիներենը, որ չի կիրառվում առօրյա կյանքում, ինձ պարտադրում էր որոշակի տևականություն, այդպես էլ երաժշտական լեզուն պահանջում էր պայմանական մի ձև, որը կկարողանար պահել երաժշտությունը խիստ սահմաններում և թույլ չէր տա տարածվել` հեղինակի հաճախ կործանարար զեղումներին տուրք տալով: Կամավոր հանձն առա այդ պարտադրանքը` ընտրելով ժամանակով ստուգված, այսպես ասած, համապատասխան լեզվական ձևը: Պարտադրանքի, ազատորեն ընդունած տևականության անհրաժեշտությունը սկիզբ է առնում մեր բնության խորքերից իսկ և վերաբերում է ոչ միայն արվեստի ոլորտին, այլև մարդկային գործունեության գիտակցական բոլոր դրսևորումներին: Դա կարգի այնպիսի պահանջ է, առանց որի ոչինչ չի ստեղծվում և որի վերանալու հետ ամեն ինչ կազմալուծվում է: Իսկ ամեն կարգ պահանջում է պարտադրանք: Սխալ կլիներ դրա մեջ ազատության արգելք տեսնել: Ընդհակառակը, տևականությունը, պարտադրանքը նպաստում են դրա փթթմանը և ազատությանը խանգարում միայն կատարյալ ամենաթողության վերածվելու: Ճիշտ նույնկերպ արվեստագետ-ստեղծագործողը, փոխառելով միանգամայն պատրաստի և արդեն սրբագործված ձև, ամենևին չի սահմանափակում իր անհատականության դրսևորումը: Ավելին, այն ավելի է ակնհայտ դառնում, առավել ցայտունություն է ստանում, երբ գործում է պայմանական ու նախասահմանված շրջանակում: Ահա թե ինչը մղեց ինձ օգտվելու հեռավոր ժամանակների անվնաս ու անանուն բանաձևերից և դրանք լայնորեն կիրառելու ՙԷդիպուս՚ օպերա-օրատորիայում, որի խստամբեր ու հանդիսավոր ոգին առանձնապես համապատասխանում էր դրան:

12.       

«Դուո կոնչերտանտը» սկսեցի 1931 թվականի վերջին և ավարտեցի հաջորդ տարվա հուլիսի 15-ին: Այդ գործը գրելու շրջանը հիշողությանս մեջ սերտորեն կապվում է նոր լույս տեսած մի գրքի հետ, որ վայելում էի այդ օրերին: Դա հազվագյուտ խորաթափանցության և անասելի ինքնատիպության տեր մի հեղինակի` Շառլ-Ալբեր Սենգրիայի հայտնի «Պետրարկան» էր: Նրա երկի ու իմ գործի մեջ ինչ-որ ընդհանուր բան կար: Մեր մտքերը պտտվում էին նույն սյուժեների շուրջ, թեպետ այդ շրջանում մենք ապրում էինք միմյանցից հեռու և տեսնվում էինք հազվադեպ, սակայն մեր հայացքների, հակումների, գաղափարների հարազատությունը, որ նկատել էի դեռ քսան տարի առաջ մեր առաջին իսկ հանդիպումների ժամանակ, եղել էր միշտ և կարծես տարիների հետ նույնիսկ ամրապնդվել էր ավելի:

Կարդալ նաև

Երաժշտություն Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս Տիգրան Մանսուրյան – Հովհաննես Այվազյան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ինչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…