Ռուբիկոն

«Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Տարիքի հետ, հասունանալով ու ազատվելով այդ պատկերացումից, արդեն կարող էի օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել Բեթհովենի նկատմամբ այնպես, որ նա ինձ երևաց բոլորովին այլ լույսի ներքո: Ամենից առաջ ես նրա մեջ ճանաչեցի իր գործիքի անառարկելի տիրակալին: Հենց գործիքն էր ներշնչում նրան իր երաժշտական միտքը, որոշում դրա էությունը: Կոմպոզիտորների վերաբերմունքը հնչող առարկայի նկատմամբ կարող է լինել երկու տեսակ: Ոմանք ստեղծում են, օրինակ, երաժշտություն դաշնամուրի համար, մյուսները` դաշնամուրային երաժշտություն: Բեթհովենը որոշակիորեն պատկանում է այս վերջին կատեգորիային: Նրա դաշնամուրային վիթխարի ստեղծագործության մեջ առանձնապես հատկանշական է հենց «գործիքային» կողմը, և այդ այդքան արժևորում եմ դասական բալետը, ապա առումով նա անսահման թանկ է ինձ: Նրա մեջ գերիշխում է զարմանահրաշ «վինահարը», և այդ արժանիքով նա չի կարող հասու չլինել երաժշտության համար բաց լսողությանը:

Սակայն մի՞թե Բեթհովենի երաժշտությունն է ներշնչել հանկարծորեն երաժշտագետ դարձած մտածողներին, բարոյագետներին և նույնիսկ սոցիոլոգներին այդ զարմանահրաշ երաժշտին նվիրված նրանց անհամար գործերը: Այս առումով կուզեի մեջբերել խորհրդային «Իզվեստիա» օրաթերթից քաղած հետևյալ հատվածը. «Բեթհովենը ֆրանսիական հեղափոխության ժամանակակիցն է ու բարեկամը, և մնացել է դրան հավատարիմ նույնիսկ այն ժամանակ, երբ յակոբինյան դիկտատուրայի օրոք Շիլլերի տիպի թույլ նյարդերով մարդասերները երես թեքեցին դրանից`գերադասելով բռնապետներին տապալել թատրոնի բեմահարթակներում ստվարաթղթե սրերի օգնությամբ: Բեթհովենին` կայսրերին, իշխաններին ու մագնատներին հպարտորեն թիկունք դարձրած այս հանճարեղ պլեբեյին,– ահա այս Բեթհովենին ենք մենք սիրում իր աներեր լավատեսության, իր այրական տրտմության, պայքարից ներշնչված իր պաթետիկության, երկաթյա կամքի համար, կամք, որի շնորհիվ նա կարողացավ բռնել ճակատագրի կոկորդից»: Խորաթափանցության այս գլուխգործոցը պատկանում է ՍՍՀՄ-ի ամենաերևելի երաժշտական քննադատներից մեկին: Կուզեի իմանալ, թե այս մտածելակերպը ինչո՞վ է տարբերվում ռուսական հեղափոխությունից շատ առաջ, բուրժուական բոլոր դեմոկրատիաներում լիբերալիզմի ճոռոմախոսների կրկնած տափակություններից ու ծեծված ֆրազներից:

Չէի ասի, թե Բեթհովենի մասին այս մտայնությամբ գրված ամեն բան նույն որակի է: Բայց մի՞թե գործերի մեծ մասում ավելի շատ նրա ներշնչանքի աղբյուրների, քան բուն նրա երաժշտության վրա չի հիմնվում այս երաժշտի ներբողասացների ոգևորությունը: Նրանք կարո՞ղ էին արդյոք լցնել իրենց հսկա հատորները, եթե չունենային Բեթհովենի կյանքի ու լեգենդի արտաերաժշտական տարրերը սրտների ուզածի չափ ծաղկեցնելու և դրանցից այդ արվեստագետի վերաբերյալ իրենց եզրահանգումներն ու դատողություններն անելու հնարավորությունը:

Ի՞նչ փույթ, որ «Երրորդ սիմֆոնիան» ստեղծվել է հանրապետական Բոնապարտի կամ Նապոլեոն կայսրի կերպարի ներշնչանքով: Կարևորը միայն երաժշտությունն է: Սակայն երաժշտության մասին խոսելը վտանգավոր բան է և պատասխանատվություն է ենթադրում: Ուստի նախընտրում են խոսել կողմնակի բաների շուրջ: Դա դյուրին է և խորամիտ մարդու տպավորություն է ստեղծում: Սա ինձ հիշեցրեց Մալլարմեի և Դեգայի մի երկխոսությունը, որ քաղել եմ Պոլ Վալերիից: Մի օր Դեգան, որ ինչպես հայտնի է` սիրում էր մուսայի հոգու հետ խաղալ, հարցնում է Մալլարմեին.

«Չեմ կարողանում իմ սոնետն ավարտին հասցնել: Եվ սակայն, գաղափարների պակաս չեմ զգում»: Եվ Մալլարմեն մեղմորեն պատասխանում է. «Բանաստեղծություններ գրում են ոչ թե գաղափարներով, այլ բառերով»:

Այդպես է և Բեթհովենի պարագայում: Նրա իսկական մեծությունը ոչ թե նրա գաղափարների բնույթի մեջ է, այլ նրա հնչող սուբստանցի բարձր որակի:

Ժամանակն է, որ հաղթանակի այս տեսակետը և ժամանակն է ազատել Բեթհովենին «ինտելեկտուալների» ոչնչով չարդարացված այդ մենատիրությունից ու թողնել նրան այն մարդկանց, ովքեր երաժշտության մեջ փնտրում են միայն երաժշտություն: Սակայն, մյուս կողմից, ժամանակն է նաև,– և սա թերևս ավելի հրատապ է,– պաշտպանել նրան դատարկամիտների հիմարություններից ու գռեհկություններից. սրանք զվարճանում են ծաղրելով ու նսեմացնելով նրան, կարծելով, թե այդպես մոդայից ետ չեն մնում: Բայց զգուշացե՛ք, մոդան շատ վաղանցիկ է:

Ինչպես դաշնամուրային ստեղծագործությունների համար Բեթհովենի ելակետը եղել է իր դաշնամուրը, այդպես էլ սիմֆոնիաների, նախերգանքների ու կամերային երաժշտության դեպքում նրան հիմք է ծառայել իր գործիքային անսամբլը:

Բեթհովենի համար գործիքավորումը երբեք հանդերձավորում չէ. ահա ինչու այն աչքի չի զարնում: Խոր իմաստությունը, որով նա բաշխում է դերերը առանձին գործիքների, ինչպես և ամբողջական խմբերի դերերը, հոգածությունը, որ հանդես է բերում իր գործիքային գրության նկատմամբ, և ճշգրտությունը, որով մատնանշում է իր ցանկությունները,այս ամենը վկայում է, որ մենք գործ ունենք նախ և առաջ կառուցողական կարգի ուժի հետ: 

Հազիվ թե սխալվեմ, եթե պնդեմ, որ հենց հնչող նյութը հունցելու կերպն է Բեթհովենին տրամաբորեն հանգեցրել իր փառքը կազմող կոթողային ձևերի ստեղծմանը:

Կան մարդիկ, որոնք կարծում են, թե Բեթհովենը վատ է գործիքավորել, թե նրա հնչողությունն աղքատ է: Ուրիշները կամենում են անուշադրության մատնել նրա արվեստի այդ կողմը` գործիքավորումը, համարելով երկրորդական բան և ընդունելով միայն «գաղափարները»:

Առաջինները դրսևորում են ճաշակի բացակայություն, նյութի բացարձակ անգիտակություն և սահմանափակ ու վնասակար մտածելակերպ:

Անշուշտ, Վագների հարուստ գույներով ճոխ օրկեստրավորման կողքին Բեթհովենի գործիքավորումը խամրած կերևա: Համանման տպավորություն կարող է թողնել կենսախինդ ու լուսաշող Մոցարտի կողքին: Բանն այն է, որ իր գործիքային լեզվին սերտորեն կապված Բեթհովենի երաժշտությունն իր ամենաճշգրիտ և ամենակատարյալ արտահայտությունը գտել է հենց այդ լեզվի խստության մեջ: Եվ ովքեր այդտեղ աղքատություն են տեսնում, պարզապես հոտառություն չունեն: Իսկական խստությունն անչափ հազվագյուտ և դժվարհասանելի բան է:

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կարևորություն չեն տալիս Բեթհովենի գործիքավորմանը` նրա մեծությունը տեսնելով «գաղափարների մեջ», ապա այդ մարդիկ, անտարակույս, ամեն գործիքավորում դիտում են իբրև հանդերձ, գունազարդում, համեմունք և այդկերպ ընկնում են, թեև այլ ուղիով, նույն հերետիկոսության մեջ, ինչ առաջինները:

Թե՛ սրանք և թե՛ մյուսները հիմնովին սխալվում են` գործիքավորումը դիտարկելով երաժշտությունից դուրս, որը դրա իսկ առարկան է:

Գործիքավորման վերաբերյալ այս վտանգավոր տեսակետը, միացած նվագախմբային ճոխության հանդեպ մերօրյա վտանգավոր որկրամոլությանը, իսպառ աղճատել է հանրության կարծիքը. վերջինս հնչողության անմիջական տպավորության տակ այլևս չի տարբերում, թե այդ հնչողությունը երաժշտության հետ կազմո՞ւմ է մեկ ամբողջություն, թե՞ պարզապես «ցուցամոլություն» է: Օրկեստրավորումը դարձել է երաժշտությունից անկախ հաճույքի աղբյուր: Ճիշտ ժամանակն է իրերն իրենց տեղը դնելու: Կշտացե՛լ ենք նվագախմբային այդ խայտաբղետությունից և թանձր հնչողություններից, հոգնե՛լ ենք տեմբրերի առատությունից, այլևս չե՛նք ուզում այդ գերսնուցումը, որն աղավաղում է գործիքային տարրի էությունը, չափից դուրս ուռճացնում այն` փոխակերպելով «ինքնանպատակ» մի բանի: Այստեղ վերադաստիարակման մի ամբողջ աշխատանք կա անելու:

Կարդալ նաև

Երաժշտություն Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս Տիգրան Մանսուրյան – Հովհաննես Այվազյան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ինչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…