Վերջին բաների մասին
Օտտո Վայնինգեր
Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա հետմահու տպագրված «Վերջին բաների մասին» (Otto Weininger, Über die letzten Dinge, Wien, Leipzig, 1907) խորագրով գրքից: Եղերական և առեղծվածային ինքնասպանությունից մեկ տարի առաջ 22-ամյա այս ավստրիացի պատանին արդեն իսկ հռչակ էր ձեռք բերել իր «Սեր և բնավորություն» հոգեվերլուծական երկասիրությամբ, իրարամերժ մեկնությունների առիթ դարձել, արժանացել Վիեննայի համալսարանի պրոֆեսորի կոչման: Վերը նշված նրա երկրորդ գրքի մտահայեցողության սպեկտրը շատ ավելի լայն է, այն անհնարին է ներփակել գիտության որևէ բնագավառի, ինչպես և որևէ իզմի սահմաններում: Իր իսկ ձեռքով իրականացված հոդվածների, ակնարկների, նոթերի և, ի վերջո, աֆորիստական բնույթի մտորումների հավաքածուն թողնում է գերմանա-ավստրիական եզակի հոգի պարունակող տարբեր թեմաներով միահյուսված գեղարվեստական երկի տպավորություն: Պատահական չէ, որ Վայնինգերի անվան կողքին ուսումնասիրողները հիշատակում են ոչ միայն փիլիսոփաներին` Շոպենհաուերին, Նիցշեին, օրինակ, այլև Վագներին, Բեթհովենին, Հյոլդեռլինին, Գյոթեին և, տարբեր առնչություններ գտնելով, մշտապես շեշտում նրա ծայրաստիճան անսովոր, ինքնատիպ նկարագիրը: Ներկայացվածը` «Վերջին բաների մասին» գրքում զետեղված աֆորիստական մտորումների չնչին մասն է միայն:
Ամեն բարոյականության գերագույն արտահայտությունն է լինել:
***
Մարդը պիտի գործի այնպես, որ յուրաքանչյուր պահի մեջ լինի նրա ամբողջ անհատականությունը:
***
Քունն ու երազը, անշուշտ, ինչ-որ ընդհանրություն ունեն այն վիճակի հետ, որ ունեցել ենք մինչև մեր ծնվելը:
***
Հանրահաշիվը իմացական է, թվաբանությունը` հայեցողական:
***
Հավերժության ձևը ներկան է: Այժմեականի ու հարակայի մասին դատողությունները ձևակերպվում են միանման: Կապ բարոյականության հետ, որը ձգտում է բովանդակ ներկան հավերժության վերածել, աշխարհի ամբողջ ընդարձակությունը գիտակցության անձկության մեջ առնել:
***
Դետերմինիզմի գաղափարին պիտի հանգեցնի մշտապես այն փաստը, որ մեզ շարունակ պայքար է պարտադրվում: Առանձին դեպքում թերևս հնարավոր է հանգել էթնիկապես լրիվ ընդունելի որոշման, մարդը կարող է կողմնորոշվել դեպի բարին, սակայն որոշումը հարատև չի, նա պետք է շարունակի պայքարել: Ազատություն ասվածը կոնկրետ պահի համար է միայն:
Եվ դա է ընկած ազատության գաղափարի հիմքում: Իսկապես, մի՞թե բոլոր ժամանակների համար կոչված ազատություն կարելի է համարել այն, ինչ ես ձեռք եմ բերել նախկինում` ինչ-որ ժամանակ կատարած մեկ բարի գործողությամբ ու պայմանավորել վերջինով: Մարդու հպարտությունը ամեն ակնթարթ վերստին ազատ լինելու կարողության մեջ է: Ուրեմն, ազատություն գոյություն ունի, բայց ոչ ապագայի կամ անցյալի համար. մարդը վերջիններիս վրա զորություն չունի:
Այդ պատճառով է նաև, որ մարդն իրեն երբեք չի կարողանում հասկանալ, նա ինքնին ժամանակ չճանաչող գործողություն է` շարունակ իրականացվող եզակի մի գործողություն, որը ոչ մի պահ չի դադարում, եթե այդ պահը լիներ, նա իրեն կհասկանար:
Էթիկան կարելի է այսպես արտահայտել. գործիր լիովին գիտակցաբար, այսինքն` այնպես, որ յուրաքանչյուր պահի մեջ Դու որպես ամբողջություն լինես, ներառես քո ամբողջ անհատականությունը: Վերջինս մարդը վերապրում է իր կյանքի ընթացքում, միայն ժամանակի հաջորդականության հոսքի մեջ: Ուրեմն, ժամանակը բարոյազուրկ է, և ոչ մի մարդ, որքան էլ սուրբ լինի, կենդանության օրոք կատարյալ չէ: Եթե մարդը գեթ մեկ անգամ կամքի գերագույն լարումով գործի այնպես, որ իր «Ես» ի (նաև աշխարհի, քանի որ նա վերջինիս մանրակերտն է) համապարփակ էությունը դրսևորվի այդ պահի մեջ, ուրեմն նա հաղթահարել է ժամանակը ու աստվածային է դարձել:
Համաշխարհային երաժշտության մեջ այն մոտիվներն են ամենազորեղ, որոնցով փորձ է արվում տալ ժամանակի մեջ ժամանակի ճեղքման, ժամանակից դուրս ժայթքելու պատկերը, ուր մեկ տոնն այնքան շեշտակի է (Iktus) հնչում, որ կլանում է մեղեդու (որը որպես ամբողջություն պատկերում է ժամանակը) մյուս մասերը, և այդ մեկ տոնի շնորհիվ փառավորվում է ողջ մեղեդին: Գրալի մոտիվի ավարտական մասը «Պարսիֆալում», Զիգֆրիդի մոտիվը նման մեղեդիների թվին են պատկանում:
Այնուհանդերձ գոյություն ունի մի գործողություն, որն, այսպես ասած, ներառում է ապագան, կանխազգում ապագայում կատարվելիք բարոյազանցության ամեն հետդարձն իբրև ոչ պակաս մեղք, քան ամբողջ անբարո անցյալը` դրանով իսկ վեր բարձրանալով և՛ մեկից, և՛ մյուսից: Մարդու բնավորության արտաժամանակային դիրքորոշում: Վերածնունդ: Սա այն եզակի գործողությունն է, որի շնորհիվ ծնվում է հանճարը:
Բարոյականության պատվիրան. յուրաքանչյուր գործողության մեջ պիտի տեսանելի դառնա մարդու ամբողջ անհատականությունը, յուրաքանչյուր գործողություն պիտի լինի գիտակցության սղության հաղթահարում: Սակայն մարդը սովորաբար չի անում այն, ինչ ցանկանում է, այլ ժամանակին անում է ցանկացածը: Մարդն իր վճիռներով նախանշում է մի որոշակի ուղղություն, որով և առաջնորդվում է մինչև հաջորդ մտորման պահը: Մենք շարունակ չէ, որ ցանկանում ենք, այլ` ժամանակ առ ժամանակ, առիթից առիթ` խնայելով ցանկանալու մեր ունակությունը: Ցանկանալու տնտեսման սկզբունք, մի բան, որ բարձր կարգի մարդու մեջ արթնացնում է ծայրահեղ անբարոյականության զգացում: Ներկան ու հավերժությունը հարազատ են իրար: Անժամանակ, ընդհանրական, տրամաբանական դատողությունները ձևակերպվում են ներկա ժամանակով (տրամաբանությունը ձեռք բերված էթիկա է): Ուրեմն, յուրաքանչյուր ներկա պիտի բացարձակ հավերժության կրող լինի: Մենք նույնիսկ մեր ներաշխարհով մեզ պատճառաբանելու իրավունք չունենք: Ինքնորոշման նման դետերմինիզմը այն ծայրահեղ խաբուսիկ թեականությունն է, այն ծայրահեղ վտանգը, որից նույնպես անհրաժեշտ է խուսափել:
Ցանկացի՛ր, այսինքն` ցանկացի՛ր քեզ ամբողջովին:
Համայնավարության մեջ մի ճշմարիտ բան կա. յուրաքանչյուր մարդ նախ պետք է աշխատի ունենալ իր սեփականությունը ճիշտ այնպես, ինչպես ձգտում է փնտրել ու գտնել ինքն իրեն, իր ինքնատիպությունը, և այստեղ չի կարելի դրսից կանխավ սահմանափակել նրա հնարավորությունները: Մարդը թերևս կարող է հպարտանալ ձեռք բերած հարստությամբ ու իրավմամբ դիտել այն իբրև նաև ներքին աշխատանքի բարոյական խորհրդանիշ:
***
Պսիխոլոգիզմը կյանքի ամենահարմար ընկալումն է, քանի որ ըստ նրա այլևս ընդհանրապես որևէ պրոբլեմ գոյություն չունի: Դույզն-ինչ չընդունելով իր իսկ սեփական պրոբլեմները, ինչպես և ճշմարտություն հասկացությունը` նա կանխավ դատապարտում է նաև բոլոր հնարավոր լուծումները: Պատահականություն գոյություն չունի: Ընդունել պատահականությունը նշանակում է ժխտել պատճառականության օրենքը, համաձայն որի որոշակի հիմք պիտի ունենա նաև երկու տարբեր պատճառաշարքերի ժամանակավոր զուգադիպումը: Այն նշանակում է ոչնչացնել կյանքի հնարավորությունն իսկ: Մարդը, որ նախապես միտված է չարն հաղթահարելու, պատահականության առկայության դեպքում հետ կկանչվեր իր ուղուց: Պատահականությունն անհնարին կդարձներ նաև իրերի կապը, տիեզերքի միասնությունը: Եթե կա պատահականություն, ուրեմն չկա Աստված: