Ռուբիկոն

Վերջին բաների մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հնարավոր է նաև, որ մարդը տրվի ոչնչին, այդ դեպքում նա քայքայվում է` մասնատվելով զուտ նյութական ատոմների. բացարձակ հանցագործի վիճակ: Նման հոգեկան ոչնչացման նախանշանները հանցագործն ունենում է արդեն իր կյանքի ընթացքում: Դժոխքը բարու սարսափն է չարիքից, քանզի կրակը քայքայման հարուցիչն է. նա ամեն ձևավորված բան մոխիր ու փոշի է դարձնում: Սակայն դժոխք գոյություն չունի, բարի մարդը կերտում է իրեն, չարը` ոչնչացնում է ինքն իրեն:

***

Մարմնապես մարդը աշխարհ է գալիս հոր և մոր միջոցով, հոգեպես` երբ Բանը` Բացարձակը, ձգտում է դեպի Ոչինչը: Առասպել Ուրանոսի և Գայայի մասին: Ուստի մենք Աստծո զավակներ ենք և միաժամանակ հողի որդիներ: Հոգեպես մարդը կարող է հետևել նաև հորը կամ մորը. հորը` դառնալով Աստված, մորը` կործանվելով հոգեպես: Ուրեմն, մարդը ծնվում է առավել բարձր կարգի ժառանգականությամբ, քան կենդանին. նա վերագտնում է հորը, երբ մերժում է իրենով նախածին մեղքը, իսկ երբ հաստատում է այն, թաղվում է մայր հողի գաղտնածավալ ընդերքում:

***

Արդյոք էպիլեպսիան չի՞ նույնանում հանցագործի մենությանը: Արդյո՞ք վերջինս չի ընկնում, քանի որ շուրջն այլևս չի տեսնում իր ձեռքը բռնող որևէ ուժ:

***

Հոգեկան և ֆիզիկական երևույթների տարբերությունը հասկանալու համար ընդունենք հետևյալ ելակետը. ենթադրենք, թե հաստատ ապացուցված է, որ անբարո մղումները զուգորդվում են որոշակի մարմնաշարժումների, սրտի մեջ որոշակի զգացողությունների հետ, իսկ բարոյական մղումները մշտապես կապվում են մեկ այլ շարժուձևի, մարմնական այլ զգացողության հետ: Սակայն եթե նույնիսկ գիտությանը կամ դիցուք որևէ մեկին ճշտորոշ հայտնի ու ճանաչելի են այդ ուղեկցող ֆիզիկական երևույթները, խիստ անբարո կլիներ վերջիններս ընդունել իբրև մարդու հոգեկան մղումների բարոյականության կամ անբարոյականության չափանիշ: Ըստ ամենայնի` այստեղ է հոգեկանի և ֆիզիկականի տարբերությունը: Հոգեկանն ավելի, քան ֆիզիկականը պահանջում է չմիջնորդավորված ճանաչում: Սա էթիկայի նորմ է:

Արտաքին երևույթներից բացի մարդուն տրված է նաև մեկ այլ եղանակ, ճանաչողության և դատողության մեկ այլ գործիք` որոշելու համար, թե նա ինչ է անում, ինչ է զգում ու մտածում: Այդ իսկ պատճառով ճշմարիտ արդյունք կարող է տալ միայն ինքնադիտարկումը. փիլիսոփայությունն ու արվեստը ոչ այլ ինչ են, եթե ոչ խորին ինքնադիտարկման տարբեր ձևեր:

***

Միայն իր ներսը զննելով` մարդը կարող է հասնել աշխարհի խորության ընկալմանը: Աշխարհն իր բոլոր փոխադարձ կապերով մարդու մեջ է:

***

Այն հանգամանքը, որ մենք չենք պահպանել ոչ մի հիշողություն մեր ծննդին նախորդող վիճակի մասին, այնքան չնչին պատրվակ է մերժելու համար նախածին մեղքը, անկումը ճշմարիտ գոյությունից, որ ավելի ճիշտ կլիներ մտածել, թե դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ հակառակը` նախկին կյանքի վերաբերյալ հիշողությունը, պարզապես կհակասեր պատվիրազանցության գաղափարին: Չէ՞ որ հիշողությունը ժամանակի հասկացություն է ենթադրում, իսկ ժամանակը ի հայտ է գալիս միայն ծննդյան, պատվիրազանցության մեղքի հետ մեկտեղ: Առկա պրոբլեմները, հիվանդությունները, մեղքը, նախածին մեղքի վկայություններ են: Գոյություն-չգոյություն հարաբերությունը պետք է դիտարկել կողք-կողքի` բացառելով ժամանակային առումը:

***

Հանցագործին սպանության է մղում ծայրահեղ հուսահատությունը. դա նրա համար ներքին ահավոր դատարկությունը լրացնելու միջոց է: Երբ նա իր աննպատակ կյանքի վերջը չի տեսնում, ուզում է ի վերջո մի բան արած լինել, նրա միակ ցանկությունը, միակ անելիքը մնում է սպանելը, և այժմ արդեն նրա համար մեկ է, թե ում կսպանի: Սպանությունը երբեք չի նպատակամղվում մեկի դեմ, այլապես սպանության մոլուցքը իբրև հոգեբանական նախադրյալ չէր ունենա նման խորություն: Նա ձգտում է սպանել, ոչնչացնել. ուրիշ ոչինչ:

***

Անիրավացի են և՛ բուսակերները, և՛ վերջիններիս մերժողները. ով ուզում է չներգրավվել կենդանի արարածների սպանությանը, պիտի բավարարվի միայն կաթ խմելով, քանի որ պտուղ կամ ձու ուտողը նույնպես սպանություն է գործում` ոչնչացնելով սաղմը: Կաթը թերևս ամենաառողջարար սնունդն է այն պատճառով, որ ամենաբարոյականն է:

***

Մարդ այնքան տկար ու տհաս է, որ չի կարողանում երկար նայել արևին:

***

Ծնունդը երկչոտություն է, ուրիշ մարդկանց հետ կապ, քանի որ ինքդ քո հանդեպ խիզախ չես: Այդ է պատճառը, որ մոր արգանդում փնտրում են պաշտպանություն:

***

Հանցագործը ոչ միայն կենտրոնացված հայացք չունի, այլև ուղիղ չի քայլում (շան կորամեջք քայլվածք): Նա միշտ մեջքը ծուռ է քայլում (մեջքի կորության տարբեր աստիճաններ, ընդհուպ մինչև սապատ, իսկ սապատավորը, հաշմը միշտ չարամիտ է թվում):

* Ըստ հեղինակի` հիվանդությունն ընդհանրապես մեղք է, իսկ հիվանդը` մեղսագործ (ծ.թ.):

**Ըստ հեղինակի` հանցագործը ոչինչ է (չգոյություն. ծ.թ.):

***Այս համադրումը վերաբերում է հավանաբար «Տիեզերք» հասկացությանը (ծ.թ.):

Գերմաներենից թարգմանությունը`Ռուզան Մարգունու

 Gr. Otto Weininger «Über die letzten Dinge»

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ…