Ռուբիկոն

Մտքեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պասկալ

1

Սաղմոսներ էր երգում արար աշխարհ:

Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի:

Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է:

10

Կարգ:

Մարդիկ արհամարհել են կրոնը: Նրանք ատում են այն` երկյուղ կրելով, թե այդ կրոնը կարող է ճշմարիտ լինել. դա փարատելու համար նախ պետք է ցույց տալ, որ կրոնն ամենևին չի հակասում բանականությանը, ակնածանք ու հարգանք ներշնչել դրա նկատմամբ:

Այնուհետև այն դարձնել սիրո արժանի, բարեհոգի մարդկանց համոզել դրա ճշմարտության մեջ, իսկ հետո ցույց տալ, որ ճշմարիտ է:

Կրոնն արժանի է ակնածանքի, քանզի ըստ հարկի ճանաչել է մարդուն:

Արժանի է սիրո, որովհետև խոստանում է իսկական բարիք:

23

Թագավորներին թիկնապահներով, թմբկահարներով, իշխանավորներով և մեքենային հարգանք ու վախ ներշնչող ամենայն ածանցյալով շրջապատված տեսնելու սովորույթը ստիպում է, որ այդ հարգանքն ու վախը նրանց հպատակների մեջ արթնանա նաև այն ժամանակ, երբ թագավորները մենակ են, առանց ուղեկիցների, որովհետև այդ մարդիկ իրենց մտքում երբեք չեն տարանջատում տիրակալի անձը սովորաբար նրան ուղեկցող շքախմբից, իսկ ժողովուրդը, որ չգիտե, թե այդ տպավորությունը բխում է սովորույթից, կարծում է, որ դա բնական զորության արդյունք է. այստեղից էլ` այն խոսքը, թե Աստծո կնիքն է դրոշմված նրա դեմքին, և այլն:

25

Մարդու բնությանը հատուկ չէ միայն շարունակական առաջընթացը: Այն ունի իր վայրիվերումները:

Տենդին բնորոշ է դողն ու ջերմությունը, և մրսելը նույնքան լավ է ցույց տալիս տենդի սաստկությունը, որքան շոգելը:

Մարդու հայտնագործությունները դարեդար հանգում են միևնույն բանին:

Աշխարհի բարին ու չարն էլ ընդհանրապես նույնն են:

Plerumque gratae principibus vices.

33

Ունայնամիտ է նա, ով չի տեսնում աշխարհի ունայնությունը: Սակայն ո՞վ չի տեսնում դա ջահելներից բացի, որ տարված են աղմկելով, զվարճություններով և ապագայի մտքերով: Խլեք երիտասարդներից զվարճությունները, և դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք ձանձրույթից մեռնում: Այդ դեպքում են նրանք զգում իրենց ոչնչությունը` չճանաչելով այն, քանզի իրոք դժբախտություն է անտանելի մելամաղձության մեջ ընկնելը, երբ ստիպված են իրենք իրենց զննել ու դրա մեջ զվարճություն չգտնել:

41       

Երևակայություն:

Հենց սա է գերիշխում մարդու մեջ` մոլորության ու կեղծիքի այս տիրակալը, մանավանդ որ նենգ է, թեև ոչ միշտ: Նա կդառնար ճշմարտության աներկբա կանոն, եթե այդպիսին լիներ ստի համար: Ու թեև երևակայությունը շատ հաճախ խաբուսիկ է, ցույց չի տալիս իր այդ հատկությունը և նույն կերպ է ներկայացնում թե՛ ճիշտը, թե՛ կեղծը: Խոսքս խելապակասների մասին չէ, այլ` ամենից խելամիտների, և հենց նրանց մեջ է երևակայությունը մարդկանց համոզելու մեծագույն իրավունք ձեռք բերում: Որքան էլ բարձրաձայն հանդես գա բանականությունը, անզոր է իրերի իսկական արժեքը ներկայացնել:

Այս գոռոզ ու զորեղ կարողությունը թշնամի է բանականությանը, որը ջանում է հսկել և սանձել նրան, և իր ամենակարությունը ցուցադրելու համար մարդու մեջ ձևավորել է երկրորդ բնություն:

Երևակայությունն ունի իր երջանիկներն ու դժբախտները, առողջներն ու հիվանդները, հարուստներն ու աղքատները: Նա ստիպում է բանականությանը հավատալ, կասկածել, ժխտել: Թմրեցնում է զգայարանները կամ էլ գրգռում: Նա ունի իր խենթերն ու իմաստունները: Բայց ավելի շատ մեզ դառնացնում է այն, որ նա իր ընտրյալներին միանգամայն տարբեր, այնպիսի լիակատար ու համապարփակ վայելք է պարգևում, որ չի կարող տալ բանականությունը: Վառ երևակայության տեր մարդիկ բոլորովին այլ կերպ են բավականություն ստանում, քան դա կարող են անել շրջահայացորեն զգուշավորները: Նրանք մարդկանց նայում են վերևից: Վիճաբանում են հանդգնորեն և ինքնավստահ, մինչդեռ մյուսները` երկնչանքով ու անվստահորեն: Նրանց դեմքի զվարթությունը հաճախ բարենպաստ կարծիք է ստեղծում իրենց ունկնդիրների մեջ: Ահա ինչու այս կարծեցյալ իմաստունները վայելում են իրենց հար և նման դատավորների բարեհաճությունը: Երևակայությունը չի կարող իմաստնացնել անխելքներին, բայց կարող է նրանց երջանկացնել ի հեճուկս բանականության, որի համակիրները միայն դժբախտ են լինում: Մեկը պսակում է մարդկանց փառքով, մյուսը խարանում է ամոթով:

Ո՞վ է հռչակ ու համբավ տարածում, հարգ ու պատվի արժանացնում մարդկանց, գործերը, օրենքները, աշխարհի մեծերին, եթե ոչ ամենակարող այս երևակայությունը: Աշխարհի բովանդակ հարստությունները չնչին ու աննշան կթվային առանց նրա բարեհաճության: Չե՞ք կարծում արդյոք, թե այս դատավորը, որի պատկառելի ծերությունը հարգանք է ներշնչում մի ամբողջ ժողովրդի, ղեկավարվում է զուտ ու վսեմ բանականությամբ և իրերի մասին դատում է ըստ նրանց բնության` կանգ չառնելով երկրորդական հանգամանքների վրա, որոնք կարող են խոցել միայն թույլերի երևակայությունը: Տեսեք, թե նա ինչպես է քարոզ ունկնդրելու գնում ու հանդես բերում խիստ նախանձահույզ ջերմեռանդություն` ամրապնդելով իր հիմնավոր ողջախոհությունը հախուռն գթասիրությամբ: Ահա նա պատրաստ է լսելու օրինակելի ակնածությամբ: Հայտնվում է քարոզիչը, և եթե բնությունը նրան օժտել է խռպոտած ձայնով ու տարօրինակ դիմագծերով, եթե սափրիչն էլ վատ է սափրել ու, սրանից բացի, դեմքն էլ պատահաբար աղտոտվել է, ինչպիսի մեծ ճշմարտությունների մասին էլ նա խոսի, գրազ եմ գալիս, որ հօդս կցնդի մեր սենատորի լրջությունը:

Աշխարհի ամենամեծ փիլիսոփային կանգնեցրեք հնարավորինս լայն տախտակի վրա, որի տակ անդունդ է: Որքան էլ նրա բանականությունը վստահեցնի վերջինիս, որ ինքն ապահով է, միևնույն է, երևակայությունը հաղթանակ կտանի: Ուրիշները միայն այդ մտքից կարող են գունատվել ու քրտնել:

Ես չեմ անդրադառնա բոլոր հետևանքներին: Ո՞վ չգիտի, որ շատերը կորցնում են իրենց գլուխը կատուների, առնետների սոսկ տեսքից կամ քարածխի ճարճատյունից և այլ բաներից: Ձայնի հնչերանգը ազդում է նույնիսկ ամենախելոք մարդկանց վրա և բռնի փոխում խոսքը կամ բանաստեղծությունը: Սերը կամ ատելությունը ի զորու են փոխել արդարության դեմքը, և նախօրոք լավ վճարված փաստաբանը որքա~ն արդար է համարում իր պաշտպանած գործը: Եվ որքա~ն ազդեցիկ է թվում նրա համարձակ շարժուձևը վերջինիս տեսքից խաբված դատավորներին: Ծիծաղելի~ բանականություն, որ քամին անգամ կարող է այս ու այն կողմ քշել: Ես կարող եմ թվարկել մարդկային գրեթե բոլոր գործողությունները, որոնք ենթակա են նրա ցնցումներին: Քանզի բանականությունը, նույնիսկ ամենախոհեմ բանականությունը, ստիպված է իր տեղը զիջել և իբրև իր սկզբունք դարձնել այն դրույթները, որ երևակայությունն է հանդուգն կերպով ամենուր ներմուծել:

[Նա, ով կուզենա անսալ միայն բանականության ձայնին, մարդկանց մեծամասնության աչքին ցնորամիտ կերևա: Նա պիտի հանապազօր աշխատի ու տքնի, որ բան ու բարիք ստեղծի, թեկուզև երևակայական: Եվ երբ քունը բանականության հոգնությունը կթոթափի ու սքանչելի հանգիստ կպարգևի, նա պիտի իսկույն ևեթ վեր թռչի ու նորից վազի ցնորքի ետևից և աշխարհի այդ տիրակալի քմահաճույքները տանի:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ…