Ռուբիկոն

Մտքեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Կրոնի աներեր հեղինակության վրա հաստատված այս ամուր հիմքերը մեզ հասու են դարձնում, որ կա հավատի հավասարապես կայուն երկու ճշմարտություն. մեկն այն է, որ մարդն իր արարման կամ շնորհառության վիճակում վեր է կանգնած եղել ամենայն բնությունից, ասես նմանվել է Աստծուն, մասն է կազմել աստվածության, մյուսն այն է, որ արատավորության ու մեղքի շրջանում նա գահավիժել է նախկին վիճակից և նմանվել կենդանիներին:

Այս երկու դրույթն էլ հավասարապես հիմնավոր են և որոշակի:

Սուրբ Գիրքը բացեիբաց ներկայացնում է դա, երբ որոշ դրվագներում ասում է. “deliciae meae esse cum feliis hominum****”, “effundam spiritum meum super omnem carnem*****”, “dii estis******” և այլն, իսկ այլ մասերում մատնանշում է. “omnis caro foenum*******”, “homo assimilatus est jumentis insipientibus et similis factus est illis********”, “dixi in corde meo di filiis hominum*********”, eccle 3]:

138

Երկրորդ մաս:

Մարդն առանց հավատի չի կարող ճանաչել ճշմարիտ բարիքը, ոչ էլ արդարությունը:

Բոլոր մարդիկ ձգտում են երջանկության: Առանց բացառության, և տարբեր միջոցներ են գործի դնում դրա համար: Ամենքն են հետամուտ այդ նպատակին: Արդյունքը լինում է այն, որ ոմանք գնում են պատերազմի, մյուսները` ոչ, և երկուսի մեջ էլ նստած է տարբեր հայացքներով առաջնորդվող միևնույն ցանկությունը: Կամքը միայն նվազագույն քայլն է անում դեպի այդ նպատակը: Երջանկությունն է մարդկանց գործողությունների շարժառիթը, մինչև իսկ կորստյան գնացողների:

Եվ սակայն, հեռավոր ժամանակներից ի վեր դեռ ոչ ոք առանց հավատի չի հասել այդ նպատակին, որին մշտապես նկրտում են բոլորը: Ամենքն էլ դժգոհում են, – տիրակալ ու հպատակ, ազնվական ու ռամիկ, ահել ու ջահել, ուժեղ ու թույլ, գիտնական ու անգետ, առողջ ու հիվանդ, – բոլոր երկրներում բոլոր ժամանակներում, ամեն տարիքի ու դիրքի մարդիկ:

Այսքան երկարուձիգ, այսքան շարունակական ու միօրինակ փորձը մեզ պիտի հիմնավորապես համոզեր մեր իսկ ճիգերով բարիքին հասնելու մեր անկարության մեջ: Բայց օրինակը մեզ դաս չի տալիս: Չկա կատարյալ համանմանություն, որտեղ չլինի որևէ նուրբ տարբերություն, և դա է պատճառը, որ ակնկալում ենք, թե մեր սպասումը տվյալ դեպքում ի դերև չի լինի ինչպես նախորդ անգամ: Այսպիսով, ներկան երբեք մեզ չի գոհացնում, փորձառությունը խաբում է և, դժբախտությունից դժբախտություն տանելով, մեզ հասցնում մահվան` դրա հավերժական լրման:

Ի՞նչն է, ուրեմն, մեզ բարձրաձայն հայտարարում այն անհագության ու անզորության մասին, եթե ոչ այն, որ մի ժամանակ մարդն իր մեջ կրել է իսկական երջանկությունը, որից հիմա մնացել է լոկ մի նշույլ և ամբողջովին թափուր մի հետագիծ. թող նա ապարդյուն փորձի լցնել այդ բացը իրեն շրջապատող ամենայն բանով` ապավեն որոնելով բացակա իրերի մեջ, ինչը չի կարող գտնել նաև ներկա իրերում. դրանք բոլորն էլ անատակ են, քանզի այդ անհուն վիհը կարող է լցվել միայն անսահման ու անփոփոխ մեկ բանով` հենց Աստծով:

Միմիայն Նա է մարդու իսկական բարիքը: Եվ տարօրինակ բան. ինչ մարդը լքել է Աստծուն, բնության մեջ չկա ոչինչ, որ ունակ լինի փոխարինել Նրան` լուսատուներ, երկինք, երկիր, տարերք, բույսեր, կաղամբ, պրաս, կենդանիներ, միջատներ, հորթ, օձ, տենդ, ժանտախտ, պատերազմ, սով, արատներ, անառակություն, արյունապղծություն: Իսկական բարիքը կորցնելու պահից մարդուն ամեն ինչ կարող է հավասարապես թվալ բարիք, մինչև իսկ սեփական կործանումը, ինչն այնքան անհարիր է Աստծուն, բանականությանը, բովանդակ բնությանը:

Ոմանք այն փնտրում են իշխանության մեջ, մյուսները` հետաքրքրությունների ու գիտությունների, երրորդները` հեշտանքի:

Դրան իսկապես մերձեցածներն էլ կարծում են, թե բոլորին ցանկալի այդ համընդհանուր բարիքը պիտի չլինի առանձին իրերի մեջ, որոնք կարող են միայն մեկի ունեցվածքը դառնալ և մասնատված լինելով` ավելի շատ տխրեցնել իրենց տիրոջը որոշ մասի բացակայությամբ, քան գոհացնել նրան իր ունեցածով: Նրանք հասկացան, թե իսկական բարիքը պիտի այնպիսին լինի, որ միաժամանակ բոլորն ունենան լիարժեքորեն, որպեսզի նախանձը գլուխ չբարձրացնի, և որ ոչ ոք չզրկվի դրանից իր կամքին հակառակ: Հիմնավորելով, թե այդ ցանկությունն ի բնե հատուկ է մարդուն, քանզի անպայամանորեն առկա է բոլորի մեջ և չի կարող չլինել, նրանք եզրակացրին…

181

Աստծո ճանաչողությունը առանց սեփական թշվառության ճանաչման ծնում է հպարտություն: Սեփական թշվառության ճանաչումը առանց Աստծո ճանաչողության առաջ է բերում հուսահատություն:

Հիսուս Քրիստոսի ճանաչողությունը միջին դիրք է գրավում, քանզի այստեղ մենք գտնում ենք թե՛ Աստծուն, թե՛ մեր թշվառությունը:

185

  1. 9.

Մարդու անհամամասնությունը:

[Ահա թե ուր են մեզ հասցնում բնական գիտելիքները: Եթե դրանք ճշմարիտ չեն, ուրեմն մարդու մեջ բնավ ճշմարտություն չկա, իսկ եթե ճշմարիտ են, ապա դրանց մեջ նա տեսնում է խոնարհության լուրջ հիմքեր, այս կամ այն կերպ հնազանդություն հանդես բերելու պարտադրվածություն:

Եվ քանի որ նա չի կարող գոյություն ունենալ առանց այդ գիտելիքների նկատմամբ հավատ ունենալու, թախանձագին կխնդրեի նրան, որ նախքան բնության ամենախոր հետազոտություններին անցնելը մեկ անգամ լրջորեն ու հանգիստ դիտարկեր այն, քններ նաև իրեն և տեսներ, թե ինչ համամասնություն կա:]

Արդ, թող մարդը հայի համակ բնությունը նրա հոյակապ ու լիակատար վեհության մեջ, թող հայացքը թեքի իրեն շրջապատող անարժեք իրերից: Թող նայի այս շլացնող լույսին, որ հավերժական կանթեղի նման կախված է տիեզերքը լուսավորելու համար, թող երկիրը նրան մի կետ թվա այն լայնալիճ շրջանի համեմատ, որ գծում է այդ լուսատուն, թող նա զարմանա, որ այդ վիթխարի շրջանը խիստ աննշմար եզրածիր է այն բոլորագծին ի հակակշիռ, որ պարառում են երկնակամարում պտտվող լուսատուները: Բայց եթե մեր տեսողությունը սահմանափակվում է սրանով, թող մեր երևակայությունն ավելի հեռու գնա. այն ավելի շուտ կհոգնի ըմբռնելուց, քան կսպառի բնությունը: Տեսանելի աշխարհը լոկ աննշան մի նշույլ է բնության անհուն գրկում: Ոչ մի պատկերացում չի հասնի նրան. և որքան էլ ընդլայնենք մեր ըմբռնումները երևակայական տարածություններից այն կողմ, մենք ընդամենը կերկնենք հյուլեներ` իրերի իսկության համեմատ: Սա անեզրական ոլորտ է, որի կենտրոնն ամենուր է, շրջագիծը` ոչ մի տեղ: Վերջապես, դա Աստծո ամենազորության անգերազանցելի ու ակնհայտ դրսևորումն է, որի շուրջ մտորումների մեջ կորչում է մեր երևակայությունը:

Թող մարդն ինքն իրեն անդրադառնալով` նկատի, թե ինչ է ինքը գոյեղի համեմատ, թող իրեն մոլորված համարի բնության այդ խուլ անկյունում և իրեն կացարան ծառայող այդ նեղլիկ խցում, – նկատի ունեմ տիեզերքը, – թող սովորի գնահատել աշխարհը, տերությունները, քաղաքները և ինքն իրեն ըստ արժանվույն:

Ի՞նչ է մարդը անհունի մեջ:

Բայց    նույնքան         զարմանալի    հրաշք պատկերացնելու համար թող նա հետազոտի իրեն ծանոթ ամենանուրբ բաները, օրինակ, անհամեմատ այն մանրուկ մասերը, որ ներկայացնում է տիզը իր մարմնի փոքրության մեջ. հոդակապերով ոտիկներ, երակներ` այդ ոտիկների մեջ, արյուն` այդ երակներում, ավիշ` այդ արյան մեջ, կաթիլներ` այդ ավիշում, գոլորշիներ` այդ կաթիլներում: Սրանք դարձյալ տրոհելով` թող նա սպառի իր ուժերը դրանք ըմբռնելու վրա. և վերջին նյութը, որին կհասնի, թող արդեն լինի մեր զրույցի առարկան: Թերևս նա կմտածի, թե դա է բնության ծայրահեղ փոքրը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ…