Ռուբիկոն

Մտքեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ահա մեր իսկական վիճակը. դրություն, որ մեզ անընդունակ է դարձնում հաստատապես իմանալու և բացարձակապես անգիտանալու: Մենք լողում ենք անեզրական ոլորտում` միշտ անվստահ, միշտ երերուն, նետվելով մի ծայրից մյուսը: Կարծեցյալ սահմանը, ուր մտածում էինք հասնել ու հաստատվել, ցնցվում է, լքում է մեզ, իսկ հետամուտ լինելու դեպքում` խուսանավում մեր հետապնդումներից, սպրդում մեզնից և փաչխում հավիտենական մի փախուստով: Ոչինչ կանգ չի առնում մեր շուրջբոլորը: Սա մեր բնական վիճակն է, և սակայն, միանգամայն անհարիր մեր հակումներին: Մենք այրվում ենք ամուր հող ու հաստատուն, վերջնական հիմք գտնելու ցանկությունից,        որպեսզի այնտեղ բարձրացնենք անհունն ի վեր խոյացող մի աշտարակ, բայց մեր հիմը սասանվում է, և հողը բացվում է մինչև խորխորատները:

Արդ, բնավ չորոնենք ապահովություն և կայունություն. մեր բանականությունը միշտ հիասթափվում է երևույթների անհաստատությունից: Ոչինչ չի կարող ամրակայել վերջավորը երկու անվերջությունների միջև, որոնք պարփակում են նրան և խույս տալիս նրանից:

Քաջ գիտենալով սա, կարծում եմ, կմնանք հանգիստ, ամեն մեկս այն տեղում, ուր դրել է նրան բնությունը:

Միջին տեղը, որ մեզ բաժին է հանել բախտը, միշտ հեռու է երկու ծայրակետերից, և ի՞նչ փույթ, թե մեկ ուրիշը դույզն-ինչ ավելի խորագիտակ է իրերի հարցում. եթե այդպես է, ապա նա այդ ամենին նայում է փոքր-ինչ ավելի վերից. բայց մի՞թե նա էլ մշտապես անսահման հեռացած չէ ծայրակետից: Եվ արդյո՞ք մեր կյանքի տևողությունը նույնքան չնչին չէ հավիտենության մեջ, եթե նույնիսկ ձգվում է տասը տարի ավելի: Այս անվերջությունների տեսանկյունից բոլոր վերջավորներն իրար հավասար են, և ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի մեր երևակայությունն ավելի շուտ կենտրոնացնենք մեկի, քան մյուսի վրա:

Հենց միայն մեր` վերջավորի միջև անցկացված համեմատությունը ցավ է պատճառում մեզ:

Եթե մարդն առաջինը ուսումնասիրեր իրեն, կտեսներ, թե ինքն անընդունակ է ավելի հեռուն գնալու: Ինչպե՞ս է հնարավոր, որ մասը ճանաչի Ամբողջը: Սակայն նա գոնե կձգտի ճանաչել մասերը, որոնց հետ համամասնության մեջ է ինքը: Բայց աշխարհի բոլոր մասերը մեկը մյուսի նկատմամբ այնպիսի հարաբերության մեջ են կամ այնպես են կապակցված իրար, որ ըստ իս հնարավոր չէ ճանաչել մեկն առանց մյուսի և Ամբողջի:

Մարդն, օրինակ, կապ ունի իրեն ծանոթ ամեն ինչի հետ: Նա կարիք ունի վայրի` բնակվելու, ժամանակի` գոյատևելու, շարժման` ապրելու, տարրերի` ստեղծելու, ջերմության և ուտելիքի` սնվելու, օդի` շնչելու համար: Նա տեսնում է լույսը, զգում մարմինները, մի խոսքով` ամեն ինչ կապված է նրա ուխտով: Ուրեմն, մարդուն ճանաչելու համար հարկավոր է իմանալ, թե ինչն է պատճառը, որ ապրելու համար նա կարիք ունի օդի, իսկ օդի մասին դատելու համար` պարզել, թե ինչով է այն առնչվում մարդկային կյանքին և այլն:

Կրակն առանց օդի չի կարող լինել, ուստի մեկն իմանալու համար հարկավոր է իմանալ մյուսը:

Արդ, ամեն բան լինելով պատճառակիր ու պատճառող, օժանդակյալ ու օժանդակող, միջնորդավորված ու անմիջական և բնական ու անշոշափելի կապերով փոխկապակցված, ինչը միմյանց է շաղկապում ամենահեռավոր և ամենատարաբնույթ բաները, ըստ իս, հնարավոր չէ ճանաչել մասերը առանց ճանաչելու ամբողջը, ինչպես և ճանաչել ամբողջը առանց հանգամանորեն ճանաչելու մասերը:

[Իրերի հավերժությունն ինքնին կամ Աստծո մեջ պիտի որ մեզ դարձյալ զարմացնի մեր կարճատև կյանքի առումով: Բնության կայուն ու հարատև անշարժությունը մեր մեջ տեղի ունեցող մշտական փոփոխության համեմատ պետք է որ առաջացնի նույն զգացումը:]

Իրերը ճանաչելու մեր անկարողությունը ամբողջացնում է այն հանգամանքը, որ դրանք ինքնին պարզաբնույթ են, իսկ մենք կազմված ենք երկու հակադիր ու տարատեսակ բնությունից` հոգուց և մարմնից: Անհնարին է, որ մեր մեջ եղած դատողունակ մասը հոգևորից զատ այլ բան լինի, և մեր` պարզապես մարմնավոր լինելու ենթադրությունը ավելի քան կզրկեր մեզ իրերի ճանաչողությունից, քանզի չկա առավել անհասկանալի մի բան, քան այն միտքը, թե մատերիան ճանաչելի է ինքնին: Մեզ համար անհնար է պատկերացնել` նա ինչպե՞ս ինքնին ճանաչելի կլինի:

Եվ այսպես, եթե մենք պարզապես նյութեղեն ենք, ապա բնավ ոչինչ չենք կարող ճանաչել, իսկ եթե կազմված ենք ոգուց ու նյութից, ապա չենք կարող կատարելապես ճանաչել պարզաբնույթ բաները` հոգևոր կամ մարմնավոր:

Սա է պատճառը, որ գրեթե բոլոր փիլիսոփաները շփոթում են իրերի մասին եղած գաղափարները և խոսում են մարմնավորի շուրջ հոգևորի տեսանկյունից և հոգևորի մասին` մարմնավորի. նրանք համարձակորեն պնդում են, թե մարմինները ձըգտում են ցած, նկրտում դեպի իրենց կենտրոնը, խույս տալիս իրենց քայքայումից, երկնչում դատարկությունից, թե նրանք ունեն հակումներ, համակրանքներ ու հակակրանքներ, բաներ, որ հատուկ են միմիայն ոգեղեններին: Եվ խոսելով ոգեղենների մասին` նրանց դիտարկում են վայրի տեսանկյունից, վերագրում մի տեղից մյուսը շարժվելու հնարավորություն, ինչը բնորոշ է մարմիններին:

Այս զուտ իրերի մասին եղած գաղափարներն ընդունելու փոխարեն, մենք դրանք գունազարդում ենք մեր հատկություններով և մեր բաղադրյալ էությունը դրոշմում մեր իսկ հայեցած ամենապարզ բաներում:

Տեսնելով, որ մենք ամեն բան կազմում ենք ոգուց և մարմնից, ո՞վ չի հավատա, թե այդ խառնուրդը մեզ համար խիստ հասկանալի է: Եվ այնուհանդերձ, հենց սա է ամենից քիչ հասկանալին. մարդն ինքնին բնության ամենազարմանահրաշ արարածն է, քանզի չի կարողանում ըմբռնել, թե ինչ է մարմինը, առավել ևս` թե ինչ է ոգին, և առառավելն` թե մարմինն ինչպես կարող է միանալ ոգուն: Սրա մեջ է նրա ծայր բարդությունն ու խրթինությունը, և սակայն, հենց դա է նրա բուն էությունը. “modus quo corpobirus adhaerent spiritus comprehendi ab homine non potest, et hoc tamen homo est”:

[Ահա պատճառների այն մասը, որ մարդուն դարձնում է այդքան տկարամիտ բնությունը ճանաչելու գործում: Բնությունն անվերջ է երկակիորեն, մարդը վերջավոր է և սահմանափակ. այն հարատևում է և հավերժորեն պահպանում իր էությունը, մարդը անցողիկ է ու մահկանացու: Մասնավորապես իրերը քայքայվում են և փոփոխվում ամեն վայրկյան: Մարդը տեսնում է դրանք սոսկ անցողակի: Նրանք ունեն իրենց սկզբունքն ու վախճանը: Մարդը չի ընկալում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Նրանք պարզաբնույթ են, մարդը կազմված է երկու տարբեր բնություններից:]

Ինչևէ, մեր անզորության ապացույցն ամբողջացնելու համար ավարտեմ միտքս այս երկու դիտարկումներով…

186

  1. 3

Մարդը սոսկ եղեգ է` ամենադյուրաբեկը բնության մեջ, բայց մտածող եղեգ: Նրան ջարդելու համար կարիք չկա, որ ամբողջ աշխարհը սպառազինվի.          թեթև գոլորշին, ջրի մի կաթիլը բավական են մարդուն սպանելու համար: Սակայն աշխարհի կողմից ոչնչացվելու դեպքում էլ նա ազնվանում է առառավելն, քան իրեն կյանքից զրկողն է, քանզի գիտակցում է իր մահը և այն գերակայությունը, որ աշխարհն ունի իր հանդեպ, այնինչ աշխարհը հասու չէ դրան:

Մեր ողջ արժանիքը մտածելու մեջ է: Հենց դրանով պիտի վեհանանք և ոչ թե տարածությամբ ու ժամանակով, որ չենք կարող լցնել:

Արդ, ջանանք լա՛վ մտածել. ահա բարոյականության սկզբունքը:

187

Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ:

* Թարգմանված է` ըստ Blaise Pascal “Pensռes”, Gallimard, 1977: Գիրքն ամբողջությամբ լույս է տեսել ՙՍարգիս Խաչենց՚ հրատարակչության ՙ“Իմացություն” գրադարան՚ մատենաշարով (2003):

** Francesco Sbarra. “La forza del’opinione” (ֆրանչեսկո Սբարրա. ՙԿարծիքի ուժը՚:) Պասկալը հիշողությամբ է ներկայացրել այդ հեղինակի վերոհիշյալ գործը:

*** Անցնում է ինչպես հիշողությունը մեկօրյա հյուրի մասին (Շարրոն, ՙԻմաստություն՚, V, 14)

**** Բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էր մարդկանց որդիների հետ (Առակներ, 8. 31)

***** Իմ հոգուց կը հեղեմ ամէն մարմնի վրայ (Յովել, 2. 27)

****** Աստուածներ էք դուք (Սաղմոս, 81. 6)

******* Ամէն մարմին նման է խոտի (Եսայի, 40. 6)

******** Մարդը … Հավասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց (Սաղմոս, 48. 13)

********* Ես սրտիս մէջ մարդու որդիների խօսքերի համար ասացի, որ Աստուած պիտի դատի նրանց, որպեսզի ցոյց տայ, թէ իրենք էլ անասուններ են (Ժողովող, 3. 18)

Ֆրանսերենից թարգմանությունը` Արուս Բոյաջյանի

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ…