Մտքեր
Ահա մոլորության սկզբունքներից մեկը, բայց ոչ միակը:
Մարդն իրոք եղել է իրավացի, որ միավորել է այդ երկու ունակությունները, թեև խաղաղ գոյակցության ժամանակ երևակայությունը միշտ գերիշխող էեղել, բայց պատերազմի դեպքում էլ առավել ևս հաղթող է դուրս եկել: Բանականությանը երբեք չի հաջողվի հաղթանակ տանել երևակայության հանդեպ, մինչդեռ երևակայությունը կարող է նրան հաճախ գահընկեց անել:]
Մեր դատավորները հմտորեն են օգտվել այդ առեղծվածից: Նրանց կարմիր հանդերձները, կզաքիսե դարձծալով պատմուճանները, որ գցում են ուսերին` նմանվելով փափկամորթ կատուների, պալատները, ուր անցկացնում են դատավարությունները, շուշանի ծաղիկները, – այս ամբողջ փառահեղ ճոխությունը չափազանց անհրաժեշտ է ու կարևոր: Եթե բժիշկները չհագնեին պարեգոտ ու մաշիկ կամ իրավագետները չդնեին քառակուսի գլխարկներ և չկրեին շատ լայն վերնազգեստներ, երբեք չէին կարողանա մոլորեցնել մարդկանց, որոնք անզոր են դիմակայել այդ խիստ բնական տեսարանին: Եթե դատավորները դատեին իսկապես արդարորեն, իսկ բժիշկները տիրապետեին բուժելու ճշմարիտ արվեստին, քառակուսի գըլխարկ դնելու կարիք չէր լինի. այս գիտությունների մեծությունն ինքնին կարժանանար բավականաչափ հարգանքի: Բայց ունենալով միայն մտացածին գիտելիքներ` նրանք պիտի դիմեին երևակայությունը ցնցող այդ սին միջոցներին, քանզի դրա հետ գործ ունեն և դրա շնորհիվ են, հիրավի, հարգանք վայելում: Միայն զինվորականները կարիք չունեն կերպարանափոխության, որովհետև, իրոք, նրանց գործը հիմնավոր է. նրանք հաստատում են իրենց իշխանությունը ուժով, մինչդեռ այլք` ծամածռությամբ:
Ահա ինչու մեր թագավորները նույնպես չեն փորձել կերպարանափոխվել: Նրանք չեն զգեստավորվել արտառոց հանդերձներով տիրակալ երևալու համար: Բայց դրա փոխարեն շրջապատված են եղել թիկնապահներով ու սպառազինված զինվորներով: Սոսկ բռունցքի և ուժի տեր այս աժդահակ զինյալները, առջևից ընթացող շեփորահարներն ու թմբկահարները, ուղեկից լեգիոնները ստիպել են ցնցվել ամենից խիզախներին: Բանը միայն հանդերձը չէ, այլև ուժը: Եվ չափազանց նրբանկատ պիտի լինես, որ կարողանաս հանձին շահնշահի, իր հոյակերտ պալատում շրջապատված քառասուն հազար ենիչերիներով, տեսնել մեկ այլ մարդու:
Հերիք է, որ տեսնենք պատմուճանով ու գլխարկով փաստաբանին, որպեսզի արդեն նպաստավոր կարծիք կազմենք նրա բանիմացության մասին:
Երևակայությունը տնօրինում է ամեն ինչ, նա է ստեղծում գեղեցկություն, արդարություն ու երջանկություն, որն այս աշխարհի մեծագույն արժեքն է: Սրտանց կուզեի տեսնել ինձ միայն խորագրով ծանոթ իտալերեն այս գիրքը, որ ինքնին հազար ու մի գիրք արժե. «Dell’opinione regina del mondo»**: Եվ նույնիսկ չընթերցած` կստորագրեի դրա տակ, եթե, իհարկե, այնտեղ ոչ մի վատ բան չկա:
Ահա մոտավորապես հետևանքները այդ խաբուսիկ ունակության, որը կարծես մեզ տրված է միտումնավոր` անպայման մոլորության մեջ գցելու համար: Բայց մոլորության ուրիշ սկզբնապատճառներ էլ շատ ունենք:
Մեզ մոլորեցնելու ունակ են ոչ միայն հին տպավորությունները. նորույթի հմայքները նույն ազդեցությունն ունեն: Այստեղից էլ այն վեճ ու կռիվը, որ մարդիկ ունենում են միմյանց հետ` կա՛մ մանկության պատիր տպավորություններին տուրք տալու, կա՛մ էլ նորույթների ետևից խիզախորեն վազ տալու համար: Ո՞վ է գտել ոսկե միջինը, թող ի հայտ գա և ապացուցի իր իրավացիությունը: Չկա որևէ բնական սկզբունք, նույնիսկ մանկուց ի վեր, որ կեղծ տպավորության տեղ չդրվի, կա՛մ կրթության, կա՛մ զգայարանների պատճառով:
«Քանի որ, – ասում են ոմանք, – դեռ մանկության տարիներին ոչինչ չտեսնելով սնդուկում` դուք կարծել եք, թե այն դատարկ է, հավատացել եք հնարավոր դատարկությանը: Բայց դա ձեր զգայարանների ստեղծած պատրանքն է` արմատավորված սովորույթով, ինչը պիտի գիտությունն ուղղի»: Ուրիշներն էլ ասում են. «Քանի որ դպրոցում ձեզ սովորեցրել են, թե դատարկություն բնավ չկա, խեղաթյուրել են ձեր առողջ դատողությունը, որ մինչ այդ թյուր տպավորությունը շատ հստակ ըմբռնում ուներ դատարկության մասին. հարկ է շտկել այն` դիմելով ձեր նախնական բնությանը»: Արդ, ի՞նչն է խաբում, զգայարաննե՞րը, թե՞ ստացած կրթությունը:
Մոլորության մեկ այլ սկզբնապատճառ էլ կա. հիվանդությունները: Դրանք աղճատում են մեր դատողությունն ու զգայությունը: Եվ եթե լուրջ հիվանդությունները խեղաթյուրում են նշանակալիորեն, կասկածից վեր է, որ թեթև տկարություններն էլ իրենց ազդեցությունն են թողնում որոշակի չափով:
Մեր սեփական շահը նույնպես մեր աչքը հաճույքով հանող հրաշալի միջոց է: Աշխարհի ամենաարդար մարդուն իսկ չի թույլատրվում իր գործի դատավորը լինել: Ես գիտեմ մարդկանց, որ նման անձնասիրություն չդրսևորելու համար ընկել են հակառակ ծայրահեղության մեջ` դառնալով աշխարհի ամենաանարդարը: Միանգամայն արդար գործը նրանք կարող են հիմնովին տանուլ տալ, եթե դա հանձնարարել են իրենց մերձավորները: Արդարությունն ու ճշմարտությունը երկու այնքան նուրբ սայրեր են, որ մեր գործիքները շատ կոպիտ են դրանց ճշգրտորեն հարմարեցվելու համար: Նույնիսկ հաջողելու դեպքում դրանք բթացնում են սայրը, ավելի շատ գործ ունենում մնացյալի, քան նրա հետ, առնչվում սխալին, քան ճշմարտին:
[Մարդն, ուրեմն, այնքան մեծ հաջողությամբ է ստեղծված, որ չունի ճշմարտության հասնելու ոչ մի ճշգրիտ սկզբունք և մոլորության հանգելու բազում սքանչելի սկզբունքներ: Հիմա տեսնենք, թե քանիսն են դրանք: Սակայն նրա մոլորությունների հիմնական պատճառը այն պայքարն է, որ տեղի է ունենում զգայարանների ու բանականության միջև:]
Մարդը բնական մոլորություններով լի արարած է, մոլորություններ, որ անուղղելի են առանց շնորհի: Ոչինչ նրան ցույց չի տալիս ճշմարտությունը: Ամեն ինչ խաբում է նրան: Ճշմարտության երկու սկզբունքները` բանականությունն ու զգայարանները, բացի այն, որ յուրաքանչյուրին պակասում է շիտակությունը, փոխադարձաբար մոլորեցնում են իրար. զգայարանները շփոթեցնում են բանականությանը կեղծ երևույթներով, այդ նույն խաբեությունը նրանք հրամցնում են հոգուն և իրենց հերթին դա ստանում հոգուց: Վերջինս վրեժ է լուծում: Հոգու կրքերը մթագնում են զգայարանները և նրանց համար կեղծ տպավորություններ ստեղծում: Բանականությունն ու զգայարանները ստում են միմյանց ու խաբում իրար հերթ չտալով: Սակայն այս մոլորությունից բացի, որ առաջանում է պատահաբար կամ տարասեռ ունակությունների միջև խելամտության պակասից…
43
Մենք երբեք չենք սահմանափակվում ներկայով: Փորձում ենք կռահել ապագան` համարելով այն շատ դանդաղաքայլ և ասես արագացնելու համար նրա ընթացքը, կամ հիշում ենք անցյալը` կարծես ջանալով կանգնեցնել հույժ վաղանցիկը: Այնքան ենք անխոհեմ, որ թափառում ենք մեզ այլևս չպատկանող ժամանակների մեջ ու անտեսում ենք մեզ տրված ժամանակը: Եվ այնքան ենք ունայնամիտ, որ խորհում ենք փոշիացած օրերի մասին ու առանց մտածելու բաց թողնում միակ առկան: