Մտքեր
Բանն այն է, որ ներկան սովորաբար մեզ ցավ է պատճառում: Մենք փորձում ենք չտեսնելու տալ, քանզի այն վշտացնում է մեզ, իսկ երբ հաճելի է դառնում, ափսոսում ենք, որ փութանցիկ է: Մենք ջանում ենք այն պահել ապագայի միջոցով և մտածում ենք իրերը կարգավորել մեր իշխանությունից դուրս մի ժամանակի մեջ, որին վստահ չենք, թե կհասնենք:
Թող ամեն ոք քննության առնի սեփական մտքերը: Կտեսնի, որ դրանք ամբողջապես տարված են կա՛մ անցյալով, կա՛մ ապագայով: Մենք գրեթե չենք խորհում ներկայի մասին, և եթե խորհում ենք, ապա միայն այն պատճառով, որ ապագան տնօրինելու իմացությամբ օժտվենք: Ներկան երբեք մեր նպատակը չէ: Անցյալն ու ներկան մեր միջոցներն են լոկ, մենք հետամուտ ենք միայն ապագային: Այսպիսով, մենք երբեք չենք ապրում, բայց հույս ենք փայփայում, որ կապրենք: Շարունակ մեզ տրամադրելով երջանկության` անկարելի է, որ երբևէ չհասնենք դրան:
54
Բռնակալությունը համընդհանուր և այդ կարգից դուրս իշխանություն հաստատելու ձգտումն է: Ուժեղների, գեղեցիկների, սրամիտների ու բարեպաշտների ամենատարբեր շրջանակներում ամեն մեկն իշխանություն ունի իր ոլորտում և ոչ այլուր:
Երբեմն նրանք հանդիպում են իրար, և ուժեղն ու գեղեցիկը անմիտ կռիվ են մղում` փորձելով մեկը մյուսի նկատմամբ գերիշխանություն հաստատել. անմիտ, որովհետև նրանցից յուրաքանչյուրի տիրապետությունը այլ բնույթի է: Եվ համաձայնության չեն գալիս: Նրանց մեղքն այն է, որ կամենում են իշխել ամենուր: Ինչն անկարելի է նույնիսկ ուժի համար, նա անելիք չունի գիտելիքների բնագավառում և տեր ու տնօրեն է միայն արտաքին գործողություններում:
Բռնություն:
Բռնություն է, երբ ուզում են մի ճանապարհով ձեռք բերել ինչ-որ բան, որին կարելի է հասնել մեկ այլ ուղիով: Տարբեր արժանիքներին տրվում է տարբեր տուրք. հաճելիությանը` սիրո, ուժին` վախի, գիտությանը` վստահության:
Այս տուրքերը պիտի տրվեն. արդարացի չէ դրանք մերժելը, ինչպես անարդար է այլ տուրք պահանջելը:
Այսպիսով, սխալ ու բռնատիրական են հնչում այս խոսքերը. «Ես գեղեցիկ եմ, ուրեմն պիտի վախենան ինձնից, ես ուժեղ եմ, ուստի պիտի սիրեն ինձ, ես…»: Սխալ ու բռնատիրական է նաև մեկ այլ պնդում. «Նա ուժեղ չէ, ուրեմն հարգանքի արժանի չէ: Նա ճարպիկ ու խորամանկ չէ, ուստի նրանից վախենալու ոչինչ չունեմ»:
64
Երբ նայում եմ կյանքիս կարճատևությանը, որ ընկղմված է նախորդող ու հաջորդող հավերժության մեջ (“memoria hospitis unius diei praetereuntis”***), իմ զբաղեցրած ու անգամ նշմարած այն չնչին տեղին, որ խորասուզված է տարածությունների անվերջանալի անհունության մեջ, որ անծանոթ են ինձ, իսկ ես` նրանց, սարսափում եմ ու զարմանում` տեսնելով ինձ ավելի շուտ այստեղ, քան մի այլ տեղ, քանզի չկա որևէ հիմնավորում, թե ինչու այստեղ և ոչ այնտեղ, ինչու հիմա և ոչ այն ժամանակ: Ո՞վ է ինձ դրել այստեղ: Ու՞մ հրամանով ու ցուցումով է ինձ այս տեղն ու ժամանակը վիճակվել:
91
Ի՞նչն է պատճառը, որ կաղ մարդը մեզ չի զայրացնում, իսկ կաղ միտքը վրդովեցնում է: Այն, որ կաղն ընդունում է մեր ուղիղ քայլքը, իսկ մտքից կաղացողը պնդում է, թե այդ մենք ենք կաղում: Չլիներ այս փաստը, կկարեկցեինք նրան, և ոչ թե կզայրանայինք:
Էպիկտետոսը հարցադրում է առավել շեշտակիորեն. «Ինչու՞ չենք բարկանում, երբ ասում են, թե մեր գլուխն է ցավում, և վրդովվում ենք, երբ ակնարկում են, թե սխալ ենք դատում կամ վատ ընտրություն անում»:
Սրա պատճառն այն է, որ մենք համոզված ենք, թե մեր գլուխը չի ցավում և թե չենք կաղում, բայց այնքան էլ վստահ չենք, թե ճիշտ ընտրություն ենք անում. այնպես որ, մենք ամբողջովին վստահում ենք միայն մեր տեսողությանը, և երբ մեկ ուրիշը կատարելապես տեսնում է հակառակը, դա մեզ տարակուսելու տեղիք է տալիս և զարմացնում:
Առավել ևս, երբ շատ-շատերն էլ ծանակում են մեր ընտրությունը, մինչդեռ հարկավոր է մեր իմացությունը գերադասել ուրիշների իմացությունից, իսկ դա համարձակ ու դժվարին քայլ է: Հակասություն երբեք չի կարող լինել կաղին առնչվող դատողությունների մեջ:
Մարդն այնպես է ստեղծված, որ եթե նրան շարունակ կրկնում են, թե նա անխելք է, հավատում է դրան: Եվ քանի որ մարդն ինքն իր հետ միշտ ներքին զրույց է վարում, մտքում կրկնելիս էլ հավատում է դրան, ուստի կարևոր է ինչպես հարկն է կարգավորել մտքերը: “Corrumpunt bonos mores colloquia prava.” Պետք է հնարավորին չափ լռության մեջ լինել և զրուցել միայն Աստծո հետ, որը, ինչպես գիտենք, միակ ճշմարտությունն է. այսկերպ կարող ենք համոզվել դրանում:
94
Արդարություն, ուժ:
Արդարացի է, որ ամենայն արդարը հարատևի, անհրաժեշտ է, որ հույժ ուժեղը շարունակվի:
Արդարությունն առանց ուժի անզոր է, ուժն առանց արդարության` բռնակալ:
Արդարությունն առանց ուժի վիճարկելի է, քանզի միշտ կլինեն չարամիտներ: Ուժն առանց արդարության դատապարտելի է: Ուստի հարկ է համատեղել արդարությունն ու ուժը և այնպես անել, որ արդարը լինի ուժեղ կամ ուժեղը` արդար:
Արդարությունը վիճաբանության առարկա է: Ուժը խիստ ընդունելի է և անառարկելի: Ահա ինչու չկարողացան ուժ հաղորդել արդարությանը, քանզի ուժը հակադրվում էր արդարությանը, նրան համարում անարդար, իսկ իրեն` արդար:
Այսպիսով, չկարողանալով արդարությանը ուժ հաղորդել` ուժը համարեցին արդարություն:
102
Ես կարող եմ շատ լավ պատկերացնել մարդուն առանց ձեռքերի, ոտքերի, նույնիսկ առանց գլխի, եթե փորձից չիմանայինք, որ գլուխը ոտքերից ավելի անհրաժեշտ է: Սակայն ես չեմ կարող պատկերացնել նրան առանց մտքի: Այդ դեպքում նա կլիներ քար կամ գազան:
111
Մենք այնքան մեծամիտ ենք, որ ուզում ենք ճանաչված լինել արար աշխարհի և նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք գալու են մեզնից հետո: Եվ այնքան ունայնամիտ, որ մեզ շրջապատող հինգ-վեց մարդու հարգանքից զվարթությամբ ու գոհությամբ ենք լցվում:
122
Պիրրոնականների գլխավոր փաստարկն այն է, – ես մի կողմ եմ թողնում երկրորդականները, – որ մենք ամենևին էլ համոզված չենք սկզբունքների ճշմարտության մեջ հավատից ու հայտնությունից դուրս և դրանք մեր մեջ զգում ենք մեր իսկ բնությամբ: Բայց բնատուր զգացումը դրանց ճշմարտության համոզիչ ապացույց չէ, քանզի հավատից դուրս չունենալով այլ համոզում, թե մարդը ստեղծվել է մի բարի աստծո կամ մի չար դևի կողմից կամ պատահաբար, կասկածի տակ է առնում մեզ տրված այդ սկզբունքների ճշմարիտ կամ կեղծ կամ անորոշ լինելը` համաձայն մեր ծագման:
Ավելին. հավատից դուրս ոչ ոք վստահ չէ իր արթուն կամ քնած լինելուն, եթե նկատի ունենանք, որ քնած ժամանակ մարդ կարծում է, թե հաստատապես նույնքան արթուն է: Մեզ թվում է, թե տեսնում ենք տարածություններ, պատկերներ, շարժումներ, զգում ենք, թե ինչպես է թռչում ժամանակը, չափում այն և վերջապես գործում ենք նույն կերպ, ինչ արթմնի վիճակում: Այնպես որ, մեր կյանքի կեսը քնած անցկացնելով, ինչպես մենք ենք խոստովանում կամ մեզ է այդպես թվում, որևէ պատկերացում չենք կազմում ճշմարտության մասին, քանզի մեր բոլոր զգացմունքներն այս դեպքում պատրանք են: Ո՞վ գիտե, առաջինից փոքր-ինչ տարբեր մեկ այլ քուն չէ՞ արդյոք մեր կյանքի այն կեսը, որ կարծում ենք, թե անցկացնում ենք արթմնի և որից արթնանում ենք, երբ մտածում ենք, թե քնած ենք: