Մտքեր
Ես կփորձեմ նրան ցույց տալ դրա ներսում գտնվող անդունդը: Կջանամ պատկերել ոչ միայն տեսանելի աշխարհը, այլև բնության անհունությունը, որ կարելի է ընկալել նվազագույն հյուլեի շրջանակում: Թող այնտեղ նա հայտնաբերի անհամար տիեզերքներ, ուր ամեն մեկն ունի իր երկնակամարը, մոլորակները, իր երկիրը նույն համամասնությամբ, ինչ մեր տեսանելի աշխարհը, և այդ երկրում թող նկատի արարածների, վերջապես տիզերի, ի դեմս որոնց նա դարձյալ կգտնի այն, ինչ ունեցել են առաջինները. և մյուսների մեջ էլ անվերջ ու անդադար տեսնելով միևնույն բանը` թող նա կորչի այդ հրաշալիքների մեջ, որ իրենց փոքրությամբ նույնքան ապշեցուցիչ են, որքան մյուսներն իրենց մեծությամբ. քանզի ինչպե՞ս չզարմանաս, որ աշխարհում մինչ այդ աննշան մեր մարմինը, – աշխարհ, որ ինքն էլ աննշմար է համայնի գրկում, – այժմ մի հսկա է, մի աշխարհ կամ ավելի շուտ համակություն անհասանելի ոչնչի համեմատ: Ով իրեն կդիտի այսպես, կսարսափի իրենից և իր ապավենը տեսնելով այն զանգվածի մեջ, որ բնությունն է պարգևել իրեն այդ երկու անդունդների` անսահմանության ու ոչնչի միջև, կցնցվի` նկատելով այդ հրաշքները և, կարծում եմ, իր հետաքրքրասիրությունը զմայլանքի փոխած` առավել տրամադիր կլինի դրանք հայելու լռության մեջ, քան մեծամտորեն հետազոտելու:
Ի վերջո, ի՞նչ է մարդը բնության մեջ: Ոչինչ` անսահմանության համեմատ և ամեն ինչ` ոչնչի բաղդատությամբ, միջակայություն` ոչնչի և համայնի միջև, անասելի հեռու` ծայրակետերն ընկալելուց: Իրերի վախճանն ու նախապատճառները նրա համար անհաղթահարելիորեն սքողված են անթափանց գաղտնիքում:
Նույնքան անընդունակ` տեսնելու ոչինչը, որտեղից դուրս է բերվել ինքը, որքան անսահմանությունը, որ կլանում է իրեն, ուրիշ էլ ի՞նչ պիտի անի նա, եթե ոչ նշմարի որոշ երևութականություն իրերի ոլորտում` դրանց ո՛չ նախապատճառին, ո՛չ վախճանին երբևէ հասու դառնալու հուսահատության մեջ: Ամեն բան բխել է ոչնչից և տարվել դեպի անսահմանություն: Ո՞վ կարող է հետևել այս զարմանալի ընթացքին: Այդ հրաշքին հասու է միայն դրա հեղինակը: Դա վեր է ցանկացած մեկ ուրիշի ուժերից:
Այդ անսահմանությունները հայելու անզոր` մարդիկ հանդգնորեն անցան բնության ուսումնասիրության, ասես ինչ-որ համամասնություն կարող էր լինել իրենց ու նրա միջև:
Տարօրինակ մի բան` նրանք ուզեցին հասկանալ իրերի սկզբունքը և այդկերպ հասնել մինչև համայնի ճանաչողության նույնքան անսահման մեծամտությամբ, որքան իրենց օբյեկտն է. քանզի կասկածից վեր է, որ նման մտադրություն հնարավոր չէ ունենալ առանց մեծամտության կամ անչափելի ունակության, ինչպիսին հատուկ է բնությանը:
Լինելով խելամուտ` մենք հասկանում ենք, որ բնությունը դրոշմել է իր և իր արարչի պատկերը ամենայն բանի մեջ, և գրեթե ամեն ինչ նմանվում է նրա երկակի անվերջությանը: Սա է պատճառը, ինչպես տեսնում ենք, որ բոլոր գիտությունները անսահմանափակ են իրենց հետազոտությունների ընդգրկունությամբ, քանզի ո՞վ է կասկածում, օրինակ, որ մաթեմատիկան կարող է ներակայացնել անթիվ-անհամար խնդիրների անվերջություն: Դրանք նաև անսահման են իրենց սկզբունքների բազմազանությամբ և նրբությամբ, քանզի ո՞վ չի տեսնում, թե իբրև վերջնական առաջարկված այդ սկզբունքները չեն հաստատվում իրենք իրենցով և հիմնվում են այլ սկզբունքների վրա, որոնք իբրև հենակետ ունենալով այլ դրույթներ` երբեք չեն ենթադրում լինել վերջինը:
Սակայն բանականության համար վերջնական համարվող այդ սկզբունքները մենք չենք դարձնում, ինչպես նյութական իրերի դեպքում, այն, ինչ անվանում ենք անտրոհելի կետ, որից այն կողմ մեր զգայարաններն այլևս ոչինչ չեն ընկալում, թեև այդ կետը տրոհելի է անվերջ և տրոհելի է ի՛ր բնույթով:
Անսահմանության մասին այս երկու գիտություններից մեկը` անվերջ մեծության գիտությունը, ավելի քան ակնառու է. ահա թե ինչու քչերն են հավակնում ամենայն բանի իմացությանը: «Ես կխոսեմ ամեն ինչի մասին», – ասում էր Դեմոկրիտը:
Սակայն անվերջ փոքրը տեսանելի չէ: Փիլիսոփաներն ավելի շուտ կարծում են, թե հասել են դրան, և հենց այդտեղ էլ բոլորը գայթում են: Սա տեղիք է տվել այնքան սովորական դարձած խորագրերի. «Իրերի սկզբունքները», «Փիլիսոփայության սկզբունքներ» և համանման այլ վերտառություններ` իրականում նույնքան պերճախոս, թեև համեստ`երևութապես, քան այն մյուսը, որ աչք է ծակում. «De omni scibili»:
Բնականաբար մարդ կարծում է, թե առավել ունակ է հասնելու իրերի կենտրոնակետին, քան շոշափելու դրանց շրջագիծը, թէ՞ աշխարհի տեսանելի լայնարձակությունը գերազանցում է մեզ ակնհայտորեն: Բայց որովհետև մենք ավելի գերակա ենք փոքր իրերի հանդեպ, մեզ առավել ընդունակ ենք համարում դրանց հասու դառնալու. ընդսմին, ոչ պակաս ունակություն է պետք որքան ոչինչը, նույնքան և համայնը ըմբռնելու համար: Այն անչափ պետք է թե՛ մեկի, թե՛ մյուսի դեպքում: Եվ ինձ թվում է, թե նա, ով կընկալի իրերի վերջնական սկզբունքները, կկարողանա նաև հասնել անվերջության ճանաչողությանը: Մեկը կախում ունի մյուսից, և մեկը տանում է դեպի մյուսը: Այս ծայրակետերը շոշափում են միմյանց և իրարից հեռու լինելու պատճառով միավորվում ու գտնում են իրար Աստծո մեջ, միմիայն Աստծո:
Արդ, ճանաչենք մեր սահմանը: Մենք ինչ-որ բան ենք, բայց ամբողջը չենք: Մեր ունեցած գոյութենականը մեզնից թաքցնում է ոչնչից ծնունդ առած առաջին սկզբունքների իմացությունը, և մեր ունեցած գոյութենականի մասնիկը մեր տեսողությունից սքողում է նաև անսահմանությունը:
Մեր բանականությունը իմացական իրերի կարգում նույն տեղն է գրավում, ինչ մեր մարմինը բնության տարածականության մեջ: Ամեն առումով սահմանափակ այս վիճակը, որ միջակայություն է երկու ծայրակետերի միջև, առկա է մեր բոլոր կարողությունների մեջ: Մեր զգայարանները չեն ընկալում ամենայն ծայրահեղը. չափազանց մեծ աղմուկը խլացնում է մեզ, չափից դուրս ուժեղ լույսը` կուրացնում, խիստ մեծ հեռավորությունը և անչափ մոտությունը խանգարում են տեսողությանը: Հույժ երկար կամ հակիրճ խոսքը մթագնում է իմաստը, գերագույն ճշմարտությունը զարմացնում է մեզ: Ես գիտեմ մարդկանց, որ չեն կարող հասկանալ, թե զրոյից հանելով չորս ստանում ենք զրո: Առաջին սկզբունքները մեզ համար խիստ ակներև են. ուժգին հաճույքը նեղություն է տալիս, ծայրաստիճան համահնչությունը երաժշտության մեջ` տհաճություն պատճառում, շատ բարեգործությունը` զայրույթ շարժում: Մենք ուզում ենք առավելագույնս հատուցել մեր պարտքը: “Beneficia eo usque laeta sunt dum videntur exsolvi posse; ubi multum antevenere, pro gratia odium redditur”. Մենք չենք զգում ո՛չ ահավոր շոգը, ո՛չ սոսկալի ցուրտը. ծայրահեղ որակները թշնամի են մեզ և ոչ զգայելի:
Մենք դրանք այլևս չենք զգում, տառապում ենք դրանցից: Խակ ջահելությունը և զառամ ծերությունը խոչընդոտում են միտքը, չափազանց և նվազագույն կրթությունը` նույնպես:
Եվ վերջապես, ծայրահեղ երևույթները մեզ համար դրսևորվում են այնպես, ասես բնավ չեն եղել, իսկ մենք էլ չենք եղել դրանց համար, նրանք խույս են տալիս մեզնից, մենք` նրանցից: