Մտքեր
[Եվ ո՞վ է կասկածում, որ եթե միասին երազ ենք տեսնում, եթե այդ երազները դեպքի բերումով ներդաշն են իրար, որ սովորական բան է, կամ եթե արթուն ենք մենության մեջ, ապա մենք իրերը շրջված չենք տեսնում: Եվ վերջապես, քանի որ առավել հաճախ ենք անրջում, քան երազ տեսնում և երազները մեկը մյուսի վրա կիտում, հնարավոր չէ՞ արդյոք, որ կյանքի այս կեսն էլ ինքնին մի երազ է, որին միահյուսվում են մյուս երազները և որից արթնանում ենք մենք մահանալիս: Այդ արթմնի երազում մենք նույնքան քիչ ենք հասու դառնում ճշմարտի և բարու սկզբունքներին, որքան բնական քնի ժամանակ: Եվ մեզ հուզող այս բազմազան մտքերը գուցե լոկ պատրա՞նք են` նման ժամանակի հոսքին կամ մեր երազների սին տեսիլքներին:]
Ահա և այս և մյուս կողմի գլխավոր փաստարկները. ես մի կողմ եմ թողնում երկրորդականները, ինչպիսիք են պիրրոնականների դատողություններն ընդդեմ սովորույթի, կրթության, տարբեր երկրների բարքերի թողած դրոշմի և համանման այլ բաների, որոնք թեև գրավում են այդ դատարկ հիմնավորումները դավանանքի վերածող հասարակ մարդկանց մեծամասնությանը, փլուզվում են պիրրոնականների աննշան շնչից: Մնում է աչքի անցկացնել նրանց գրքերը. և եթե բավարար չափով համոզիչ չեն այդ փաստարկները, ապա շատ շուտով կհամոզվեք դրանցում, միգուցե և խորապես: Կանգ առնեմ դոգմատիկների միակ ուժեղ կողմի վրա, այն է` բնական սկզբունքները կասկածից վեր են, եթե խոսենք շիտակ ու անկեղծ:
Սրան պիրրոնականները հակիրճ ձևով հակադրում են մեր բնության անորոշությունը ներառող մեր ծագման անորոշությունը: Ինչին դոգմատիկները, – քանի դեռ աշխարհը կա, – պիտի պատասխանեն:
Ահա և մարդկանց միջև այն բաց պատերազմը, որտեղ ամեն ոք պիտի կողմնորոշվի և անհրաժեշտաբար հարի կա՛մ դոգմատիկներին, կա՛մ պիրրոնականներին: Քանզի ով կմտածի չեզոք մնալ, գերազանցապես կդառնա պիրրոնական: Այդ չեզոքությունը այս կաբալայի էությունն է: Ով նրանց դեմ չէ, ըստ էության նրանց կողմ է. նրանք իրենց կողմ չեն, չեզոք են ու անտարբեր, ամեն ինչից կախյալ`առանց բացառության:
Արդ, նման իրավիճակում ինչպե՞ս կվարվի մարդը: Մի՞թե կկասկածի ամեն ինչին: Կասկածի տակ կառնի՞, որ արթուն է, որ իրեն կսմթում են կամ այրում: Կերկմտի՞ արդյոք, թե կասկածում է: Կասկածի կենթարկի՞ իր գոյությունը: Բայց սա արդեն չափազանցություն է, և ես կարող եմ փաստել, որ երբևէ չի եղել իսկական, կատարյալ պիրրոնական:
Բնությունը պաշտպանում է անզոր բանականությունը և թույլ չի տալիս նրան այս աստիճան զառանցանքի տրվել:
Թե՞, ընդհակառակը, նա կասի, որ հաստատապես ճշմարտության տեր է, նա, ում որքան էլ չշտապեցնեն, ի վիճակի չէ ցույց տալու դրա համար որևէ վկայագիր և ստիպված է հրաժարվել ձեռք բերածից: Ուրեմն, ի՞նչ քիմեռ է մարդը, ի՞նչ նորընծա էակ, ի՞նչ հրեշավոր արարած, ի՞նչ քաոսային տեսակ, հակասությունների ի՞նչ ամբողջություն, ի՞նչ հրաշք:
Ամենայն բանի դատավոր, անխելք անձրևորդ, ճշմարտության պահապան, անորոշության ու մոլորության խառնակույտ, տիեզերքի փառք ու պսակ և թերմացք:
Ո՞վ գլուխ կհանի այս խառնաշփոթից: [Անշուշտ, սա գերազանցում է դոգմատիզմն ու պիրրոնականությունը և մարդկային ամեն փիլիսոփայություն: Մարդը գերազանցում է մարդուն: Արդ, թող պիրրոնականներին վերագրեն այն, ինչի մասին այդքան բարձրաձայն ասել են նրանք, այն է` ճշմարտությունը մեզ ո՛չ հասանելի է, ո՛չ էլ մեր որսացուն է, այն հողի մեջ չէ և երկնային սպասավոր է. ճշմարտությունը Աստծո գրկում է, մարդ կարող է ճանաչել այն իր հոժարակամ բացահայտման համեմատ: Անստեղծ ու մարմնավորյալ ճշմարտությամբ հասու դառնանք, ուրեմն, մեր իսկական բնությանը:] [Բանականությամբ ճշմարտություն որոնելիս չի կարելի խուսանավել երեք դպրոցներից մեկնումեկից:]
[Չի կարելի լինել պիրրոնական, ակադեմիական առանց խեղդելու բնությունը, հնարավոր չէ լինել դոգմատիկ առանց հրաժարվելու բանականությունից:]
Բնությունը շփոթության մեջ է գցում պիրրոնականներին, իսկ բանականությունը` դոգմատիկներին: Արդ, ի՞նչ կդառնաս դու, ո~վ մարդ, որ քո բնատուր բանականությամբ ես որոնում իսկական կոչումդ: Դու չես կարող խույս տալ այդ դպրոցներից որևէ մեկից, ոչ էլ մնալ դրանցից մեկում:
Գիտե՞ս արդյոք, ո~վ գոռոզամիտ, թե ինչ պարադոքս ես ինքդ քեզ համար: Դարձիր խոնարհ, անզո՛ր բանականություն: Լռակյաց եղիր, անմի՛տ բնություն, գիտցիր, որ մարդն անսահման գերազանցում է մարդուն, և քո տիրոջից իմացիր իսկական կոչմանդ մասին, որին անգիտակ ես դու:
Ականջալուր եղիր Աստծուն:
Ի վերջո, եթե մարդ երբևէ արատավորված չլիներ, իր անմեղության մեջ վստահաբար կըմբոշխներ ճշմարտությունն ու երանությունը: Եվ եթե մարդ միայն անդառնալիորեն արատավորված լիներ, ոչ մի գաղափար չէր կազմի ո՛չ ճշմարտության, ո՛չ երանության մասին: Բայց որքան էլ տարաբախտ լինենք, դեռ ավելին` եթե նույնիսկ մեր կոչման մեջ մեծության նշույլ իսկ չլիներ, միևնույն է, մենք պատկերացում ունենք երջանկության մասին, թեև անհասանելի է այն: Մենք ընկալում ենք ճշմարտության պատկերը և տեր դառնում միմիայն ստի, ընդունակ չենք բացարձակ անգիտության ու հավաստի գիտության, խորապես ակնհայտ է այն, որ եղել ենք կատարելության մի աստիճանում, ինչից ի դժբախտություն մեզ գահավիժել ենք:
[Արդ, գիտակցենք, որ մարդն անսահմանորեն գերազանցում է մարդուն և անհասկանալի մնում ինքն իրեն առանց հավատի սատարի: Քանզի ո՞վ չի տեսնում, որ չճանաչելով բնության այս երկակի վիճակը` մարդը հայտնվում է իր բնության ճշմարտության անհաղթահարելի անգիտության մեջ:] Սակայն զարմանալի է, որ մեր ճանաչողությանը անհասանելի խորհուրդը` մեղքի փոխանցումը, այնպիսի բան է, առանց որի մենք չենք կարողանա ճանաչել ինքներս մեզ:
Անկասկած, չկա մեր բանականությունն առավել ցնցող մի բան, քան այն միտքը, որ առաջին մարդու մեղքը մեղապարտ դարձրեց նրանց, ովքեր հեռու են կանգնած այդ ակունքից և կարծես ոչ մի մասնակցություն չունեն դրան: Նման շղթայականությունը մեզ թվում է ոչ միայն անհնարին, այլև նույնիսկ հույժ անարդար, քանզի առավել հակասող ինչ կարող է լինել մեր խղճուկ արդարության կանոններին, քան հավերժական տանջանքի մատնելը հոժարակամ մեղք գործելու անընդունակ երեխային, մեղք, որին կարծես անմասն է նա և որը գործվել է նրանից վեց հազար տարի առաջ: Իհարկե այս ուսմունքը խիստ ծանր է վիրավորում մեզ, և սակայն, առանց այս խորհրդի, որ ամենից անըմբռնելին է, անհասկանալի կմնայինք ինքներս մեզ: Մեր կացության հիմնահանգույցը իր շրջադարձերն ու ոլորաններն է ունենում այս անդունդի մեջ: Այնպես որ, մարդն առավել անհասկանալի է դառնում առանց այդ խորհրդի, քան այդ խորհուրդն է անհասկանալի մնում մարդուն:
[Այստեղից կարծես հետևում է, թե Աստված, կամենալով մեր էության այս խրթինությունը անըմբռնելի դարձնել հենց մեզ, հանգուցակետը թաքցրել է այնքան բարձրում կամ, ավելի ճիշտ, այնքան ցածրում, որ անկարող ենք դրան հասնել: Այնպես որ, մենք ի զորու ենք իսկապես ճանաչել ինքներս մեզ ոչ թե մեր բանականության գոռոզամիտ վայրիվերումներով, այլ պարզ ու շիտակ հնազանդությամբ: