Ռուբիկոն

Պասկալ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մաքս Պիկարդ

Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է:

Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել և ստեղծագործել է Գերմանիայի և Շվեյցարիայի տարբեր քաղաքներում, Բեռլինից մինչև Լուգանո: Մահացել է 1961-ին Շվեյցարիայում:

Բազմաթիվ գրքերի հեղինակ է` «Վերջին մարդը» (1921), «Մարդկային դեմքը» (5-րդ հրատ. 1947), «Լռության աշխարհը» (2-րդ հրատ. 1950), «Քանդված և անքանդելի աշխարհ» (1951), «Անքակտելի ամուսնություն» (2-րդ հրատ. 1952), «Փախուստ Աստծո առջև» (3-րդ հրատ. 1953), «Ֆիզիոգնոմիկայի սահմանները» (2-րդ հրատ. 1952), «Ատոմականացումը ժամանակակից արվեստում» (1956), «Հիտլերը մեզանում» (1945), «Մարդը և բառը» (1955) և այլն:

Անդրե Ժիդին գրած իր նամակներից մեկում (10.XII. 1921) Ռ. Մ. Ռիլկեն այսպես է նկարագրում Մաքս Պիկարդին. «…Ահավոր այս խոստովանության հեղինակը` պարոն Մաքս Պիկարդը (ծագումով բադենցի և, ի դեպ, բժիշկ), իմ իմացած պարզագույն, ամենաբարեսիրտ մարդն է: Կասսներն ու ես նրբին, խորագույն հարգանք ենք տածում նրա հանդեպ, անգամ ավելին` մենք սիրում ենք նրան: Նա գրողի ճիշտ հակառակն է, թերևս նույնիսկ գրող չէ: Դա տառապող մարդն է, և նրա տառապանքն ունի այն առավելությունը, որ սարսափելի ճշտություն է:

Այս ամենը ես պատմում եմ Ձեզ, որովհետև պարոն Պիկարդը մտադիր է մի քանի օրով Փարիզում լինել»:

Պասկալի մասին այս հոդվածը տպագրվել է 1961ին «Universitas» ամսագրում (Nr. 4):

«Քրիստոսի hոգեվարքը կտևի մինչև աշխարհի վերջը. մինչ այդ մարդ պետք է արթուն կենա»:

Այս նախադասությունը Պասկալի գոյության և նրա մտածողության առանցքն է:

Հնարավո՞ր է արդյոք այդ նախադասության որևէ մեկնաբանություն: Ոչ, յուրաքանչյուր մեկնաբանություն կնվաղի նախադասության գերհագեցվածությունից, կա լոկ սա` նախադասությունը, այլք տեղ չունեն այստեղ: Մի ժամանակ կար նույնիսկ միայն Բանն առանց բառի, Բանը. խաչված Քրիստոս, ոչ թե երկու հազար տարի առաջ խաչված, այլ վաղուց ի վեր, մարդու անկումից ի վեր, և քանի դեռ մարդիկ հավետ անկյալ են, Քրիստոսը գամված խաչին այստեղ, իսկ մարդն այնտեղ, նրա հայացքը հառած խաչին, ակնդետ և անքուն: Այս հանդիպակացության ծանրությունը միշտ աճում էր մարդու և Աստծո միջև լռության պատճառով. աշխարհում առկա ողջ մենությունը ծագում է այս հանդիպակացության մենությունից: Աշխարհը պայթած կլիներ այս հանդիպակացության ծանրությունից, եթե ուղի հարթած չլիներ բառի մեջ, թեթևացնող մարդկային չափի մեջ` բառի:

Ես ասացի` յուրաքանչյուր մեկնաբանություն կնվաղեր նախադասության ինտենսիվությունից. «Քրիստոսի հոգեվարքը կտևի մինչև աշխարհի վերջը. մինչ այդ մարդ պետք է արթուն կենա»: Մարդն ինքն է նվաղում այս նախադասությունից, անգոյանում դրա առջև, կորչում դրանում և հաջորդ ակնթարթին ծնվում նորից, արթուն մնալու համար: Անձի սկիզբն ու վերջը կողք-կողքի են: Անցողիկ ժամանակ այլևս չկա, կա միայն այս նախադասության հավերժական ներկան. մարդ միաժամանակ աշխարհի սկզբում է, մարդու առաջին անկման և միաժամանակ վերջում, նոր աշխարհի և նոր մարդու, խաչելությունից հետո Աստծո վերադարձի առջև, երբ արթնությունն ու քունը մեկ են:

Ալբերտ Բեգենը Պասկալի մասին իր գրքում ասում է. «Մարդ չպետք է քնի», սա պետք է հասկանալ այսպես` Աստծո հանդեպ սերը յուրաքանչյուրից արթնություն, մեղքի գիտակցում և տենչանք է պահանջում` մեղքի մեջ չմեռնելու համար:

Այս մեկնաբանությունը չափազանց խիզախ է` բյուրգերական-բարեպաշտ, այն չի տեսնում տագնապալի այդ նախադասության պահանջը, մարդուց ամենայն մարդկային չափից վեր պահանջող, որ մարդը չքնի: Սա պետք է հասկանալ ոչ թե մարդուց, այլ միայն անմիջականորեն հենց խաչված Աստծուց ելնելով. երկրագունդը ցնցվում էր, իսկ վարագույրը տաճարում պատռվում, երբ Աստված մահանում էր խաչի վրա: Երկրաշարժը շարունակվում է դրանից ի վեր և չի թողնում, որ մարդը քնի, իսկ տաճարի վարագույրի պատռվածքը հասնում է մարդու աչքին, կտրում քնի համար փակված կոպը և պատռում այն հանուն արթնության: Մարդը դադարում է իրական լինելուց, երբ քնած է այդ Աստծո իրականության առջև: Մարդիկ ոչ թե Աստծո, այլ իրենց համար պետք է արթուն մնան: «Երբ Հիսուսն իր ընկերներին քնած է գտնում, – ասում է Պասկալը, – բարկանում է ոչ թե այն վտանգի համար, որ նրանք ենթարկում են իրեն, այլ այն վտանգի, որ իրենց են ենթարկում»: Պասկալը չի հանգում այդ նախադասությանը աստվածապաշտությամբ կամ փիլիսոփայական դիտարկմամբ, ոչ թե նա է նախադասությանը հանգում, այլ նախադասությունն է հանգում նրան, ներխուժում նրա մեջ: Պասկալն ավելի շատ տեսնում է, քան լսում այն: 1654-ի նոյեմբերի 23-ին, երկուշաբթի երեկոյան տասն անց կեսից մինչև մոտավորապես կեսգիշերից մեկ ժամ անց, երբ նա 31 տարեկան էր, այն ներխուժում է նրա մեջ, և նա գրի է առնում թղթի վրա հռչակավոր կտակը, որը միշտ կրում էր իր հետ բաճկոնի աստառի մեջ կարված`

Հուր.

«Աբրահամի Աստված, Իսահակի Աստված, Հակոբի Աստված, և ոչ փիլիսոփաների ու գիտնականների: Համոզվածություն, համոզվածություն, զգացմունք, բերկրանք, խաղաղություն…

Մոռանալ աշխարհն ու ամենայն բան, բացի Աստծուց…

Ես հեռացա Նրանից…

Թող, որ ես առհավետ չբաժանվեմ Նրանից…»

Այդ գիշերվա հրո փայլքում նա այդուհետ տեսավ Քրիստոսին և մարդուն` նրա առջև արթուն կանգնած մարդուն:

2

Այդ գիշերվա հուրը բոցավառվում էր ոչ թե ինչ-որ հուզական հավատացյալի, այլ պալատական վարքուբարքով մի պարոնի, բարձր պաշտոնյայի որդու առջև, պարոն, որ բարձր աշխարհում ընկերներ ուներ, շփվում էր ազատախոհների հետ և հմուտ էր դրամ վաստակելու մեջ: Պարոն, որ ամուր կանգնած էր իր դիրքերում և առավել հաստատուն էր դարձել գիտության միջոցով. արդեն 17 տարեկանում Պասկալը, որ ծնվել էր 1623-ին Կլերմոնում, գրել էր հոդված կոնական հատույթների մասին, 1647-ին նա հրատարակում է մի աշխատություն դատարկության, դատարկ տարածության վերաբերյալ` պնդելով, որ բնությունը ոչ մի հակակրանք չունի դատարկ տարածության հանդեպ, նա փորձեր է անում այդ ուղղությամբ Պյուի-դը-Դոմի վրա և Փարիզում, գրում է հեղուկների հավասարակշռության, օդի կշռի մասին և այլն: Նա հռչակ է ձեռք բերում որպես ուսյալ; Դեկարտը ցանկանում է ծանոթանալ 24-ամյա Պասկալի հետ և երկու անգամ հանդիպում է նրան: Նույնիսկ մեր ժամանակ Վալերին այնքան նշանակալից է համարում Պասկալին որպես գիտնականի, որ ափսոսում է Պասկալի` ճշգրիտ գիտությունից անորոշ կրոնական մտահայեցմանն անցնելու համար. բայց կարելի՞ է արդյոք Պասկալին թելադրել, թե նա ինչ պիտի անի: Նրանից է պետք է հանձնարարական ստանալ` ինչ անել և ինչպես ապրել:

Վերն ասացի, որ Պասկալը պարոն էր, նա հպարտ էր իր գիտական աշխատանքներով, պայքարում էր մրցակիցների դեմ իր առաջատարության համար, հաստատում իրեն մեծ մաթեմատիկոս Ֆերմայի կողքին: Տեղի չի տալիս նաև ճիզվիտների դեմ պայքարում յանսենիզմի համար. խոցող էր և ուրախ իր հարձակումների զորությամբ և բանականության ուժով: Պասկալն այսպիսով փափուկ մեկը չէր, ով հեշտորեն տրվում է փոփոխության և փոխակերպության, նա պինդ էր և կարող էր վերաձևավորվել միայն «հրով»:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:… Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ… Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա…