Պասկալ
Նրա մասին ասում են, որ միշտ հիվանդ է եղել, նևրոտիկ, որ միշտ վախի մեջ է ապրել: Իրոք երիտասարդ հասակից, հատկապես 24 տարեկանից ի վեր, նա հիվանդ է եղել գրեթե անընդմեջ: Բայց Պասկալի նման ոգին ապրում է ոչ թե հիվանդությամբ, այլ ընդհակառակը` հիվանդությունն է ապրում Պասկալով, այսինքն` մարմինը, Պասկալի մարմինը, ուզում էր մասնակից լինել այն ոգուն, որը Քրիստոսի հետ տանջվում էր խաչի վրա: Ստորինը` մարմնականը, մղվում է բարձրին` ոգուն, մարմնականն ուզում է այրվել այդ կրակում: Ինձ թվում է` կանխազգալով, որ այդ կրակը վերափոխելու է իրեն, Պասկալը նախօրոք թաքնվում է դրանից գիտական աշխատանքներում, ասես չուզենալով, որ իրեն գտնեն, խորը թաղվում է դրանցում փոխակերպության առջև խարխափից և միաժամանակ վախից, ինչպես տեղի է ունենում բոլոր նրանց հետ, ովքեր փոխակերպվում են: Համենայն դեպս փոխակերպմանը նախորդող գիտական գործունեությունն ու հետագա արթնությունը խաչի առջև պետք է դիտել համատեղ. Պասկալի նման ոգու մոտ ներկան, անցյալն ու ապագան միեղեն են:
«Քրիստոսի հոգեվարքը կտևի մինչև աշխարհի վերջը. մինչ այդ մարդ պետք է արթուն կենա», այս նախադասությունն այնքան զորեղ է, որ ներկայում, որում ասվել է, այն չունի որևէ տեղ, այնպես որ, ետ է քաշվում դեպի անցյալ` իրենից առաջ եղածը ներառելով իր մեջ. անցյալը, ներկան և ապագան միեղեն են: Սրա հետ համահունչ է այն, որ Պասկալը պատմականորեն չի մտածել և իր գրվածքներում պատմությունից օրինակներ չի մեջբերել. մեջբերել է միայն Աստվածաշնչի սուրբ պատմությունից:
3
Սխալ է նաև ասել, թե վերածննդի շրջանում աշխարհի միջնադարյան պատկերի տարրալուծման պատճառով Պասկալը խճճվել ու վախվորել է, այնպես որ, ստիպված է եղել խաչից կառչել: Պասկալը վախեցել էր ոչ թե ժամանակից, այլ Քրիստոսից, որ լինելով Աստված, մարդու նման խաչի վրա էր: Այդ հակադրության լարվածությունն այնքան զորեղ էր, որ այն նրա համար ներթափանցում էր ողջ աշխարհի կառուցվածքը, աշխարհը նրան թվում էր կառուցված այդ հակադրության վրա: Նա գրում է` «Մեր կրոնն իմաստուն ու խելահեղ է: Այնպես որ, կրոնի ճշմարտությունը դուք կարող եք հենց կրոնի մթության մեջ ճանաչել»: Կամ գրում է. «Մենք ճշմարիտ ոչինչ չենք կարող իմանալ, չենք կարող նաև որևէ բան հաստատ իմանալ»: Կամ` «Մենք ճշմարտության պատկերն ենք կրում մեր մեջ և տնօրինում միայն մոլորություն». «Մարդու խեղճությունը գալիս է մեծությունից, իսկ մեծությունը` խեղճությունից, նա խեղճ է, որովհետև խեղճ է, բայց մեծ է, երբ գիտի դա»: Այս հակադրությունների աղբյուրը հենց Քրիստոսի մեջ Աստծո հակադրությունն է խաչված Քրիստոսի միջի խղճուկ մարդուն: Այս հակադրությունն անթափանցելի է բանականության համար: Սակայն Պասկալն ասում է իրեն և ուրիշներին. «Ճշմարտությունը մենք ճանաչում ենք ոչ թե խելքով, այլ սրտով: Սիրտն ունի իր հիմքերը` խելքի համար անճանաչելի»: Պասկալը սրտով է ճանաչել Աստծուն, որը մարդ էր դարձել իր սրտով:
«Իր վեհասքանչությամբ, – ասում է Պասկալը, – Քրիստոսն այն ամենն է, ինչ վեհ է, որովհետև նա Աստված է, իսկ իր մահկանացու կյանքով` այն ամենը, ինչը խղճուկ է ու նսեմ: Այդ իսկ պատճառով բոլոր անձանց մեջ լինել կարողանալու և կյանքային յուրաքանչյուր իրադրությունում օրինակ ծառայելու համար նա այդ դժբախտ գոյավիճակը վերցրեց իր վրա»:
4
Պասկալը մահացավ 1662-ին, 39 տարեկան հասակում: Ասում են` այդ տեսակ ինտենսիվությունը նրան հյուծեց ժամանակից շուտ: Երևի այդպես է: Որպես մարդ նա կախված էր այն ուժերից, որ ծախսում էր, բայց դա տեղի էր ունենում միայն ֆիզիոլոգիական ոլորտում, այնպես որ, նա մահացավ միայն մարմնապես, մեկ անգամ: Սակայն ժամ առ ժամ նա մահանում էր այն նախադասությամբ` «Քրիստոսի հոգեվարքը կտևի մինչև աշխարհի վերջը. մինչ այդ մարդ պետք է արթուն կենա»: Մարմնական մահը միայն մեկն էր բազմաթիվ այն մահերից, որ նա տանում էր յուրաքանչյուր ակնթարթ:
5
Ի՞նչ է Պասկալը մեր ժամանակների համար: Նրան կշտամբել են, թե նկատի չի առել, որ քրիստոնյան ներհյուսված է պատմության և հանրության մեջ և որ քրիստոնյայի համար խնդիրներ կան հանրության և պատմության մեջ: Սակայն ու՞ր է հանրությունն այսօր: Այն փոխարինված է բյուրոկրատական կազմակերպությամբ, այսօր մարդիկ կառավարվում են և ոչ թե սիրվում հանրության մեջ: Մարդը պետք է նորից նշմարվի որպես առանձին մարդ, որպեսզի կարելի լինի ձևավորել հանրություն: Առանձին մարդն այսօր չկա բոլորովին, նա միայն անցում է մյուսին, որը ևս չկա: Իսկ նա, ով չի քնում, որովհետև Քրիստոսի հոգեվարքը խաչի վրա մինչև աշխարհի վերջն է տևում, դա է առանձին մարդը. նա չի կարող փոխարինվել մեկ ուրիշով, և հենց ինքն էլ պետք է արթուն մնա: Եվ այսպես, իրոք նորից կա առանձին մարդը, նորից կա նաև առանձինը, առանձին իրադարձությունը: Ժամ առ ժամ անհամար կուտակվող դեպքերն ու օբյեկտները փոշիանում են այդ նախադասության առջև: Այլևս այնպես չէ, ինչպես այսօր, երբ ինչ-որ բան տեղի է ունենում ոչ թե տեղի ունենալու համար, որ ինչ-որ բան տեղի ունենա, այլ միայն ինչ-որ բան ընթացքի մեջ պահելու` ընթացքի մեքենայությունը չընդհատելու համար: Եվ նորից կա միայն մեկը. առանձին իրադարձությունն ու առանձին մարդը: Նորից ինչ-որ բան կա. ծնվում է ներկայությունը: Մեզ այսօր չի հերիքում ներկայությունը, որ մենք ներկա կարող ենք լինել որևէ մարդու և որևէ իրի համար, որ մենք ժամանակ, նշանակում է նաև սեր կարող ենք ունենալ նրանց համար:
Մենք մի բան էլ ենք զգում Պասկալի այդ նախադասությունից, որ պակասում է մեզ այսօր` ոգու կիրքը: Ոգու կիրքն այնքան հազվադեպ է այսօր, որ մեզ վտանգ է սպառնում Պասկալի մոտ այն դիտել որպես հուշարձանային, թանգարանային մի բան: Սակայն Պասկալի կիրքն այնքան ինտենսիվ է, որ չի կարող պարզունակորեն քարացվել, այն կենդանի է, ինչպես այդ նախադասությունը գրի առնելու պահին: Ոգու կիրքը ներկա է մեր առջև, այն ի վիճակի է նաև մեզանում ոգու կիրք ծնելու:
Պասկալի մտքերից մեկը որպես վերջաբան` «Մարդու ողջ արժանապատվությունը նրա մտածողության մեջ է, դրա հիման վրա պետք է մենք մեզ կառուցենք, և ոչ թե տարածության ու ժամանակի, որոնք թերևս երբեք չենք սպառի: Ջանանք այսպիսով ճիշտ մտածել, դա է բարոյականության հիմքը»:
Գերմաներենից թարգմանությունը`Արա Գուրզադյանի