Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն
Ներկայացնում ենք դրվագներ գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, հերմենևտիկայի հիմնադիր Ֆրիդրիխ Շլայերմախերի (1968–1834) «Հերմենևտիկայի ներածություն» զեկույցից (1832), որում շարադրված են տվյալ գիտակարգի նրա ըմբռնման հիմնադրույթները։
Աղբյուրը՝ Schleiermacher, Hermeneutik und Kritik, Suhrkamp, Frankfurt am Main, 1977.
1․ Հերմենևտիկան, որպես հասկացման արվեստ դեռևս գոյություն ունի ոչ ընդհանուր իմաստով, այլ մի շարք առանձին հերմենևտիկաների տեսքով։
1․ Միայն հասկացման արվեստ, ոչ հասկացման շարադրանք։ Վերջինս կլիներ կարդալու և գրելու արվեստի հատուկ մաս, որը կախված կլիներ միայն ընդհանուր սկզբունքներից։
Հերմենևտիկան, եթե հետևենք հայտնի ստուգաբանությանը, դեռևս ֆիքսված նշանակություն ունեցող խիստ գիտական տերմին չէ․ ա) սեփական մտքերը ճիշտ շարադրելու արվեստ, բ) ուրիշի մտքերը որևէ երրորդ մեկին ճիշտ փոխանցելու արվեստ, գ) ուրիշի մտքերը ճիշտ հասկանալու արվեստ։ Գիտական հասկացությունը վերաբերում է երրորդին, որը գտնվում է առաջինի և երկրորդի միջև։
2․ Բայց ոչ միայն օտար լեզվի դժվար տեղերին։ Ծանոթությունը առարկայի և լեզվի հետ ավելի շուտ ենթադրվում է։ Եթե առկա են երկուսն էլ, ապա այդ տեղերը դժվարություն կառաջացնեն միայն այն պատճառով, որ անհասկանալի էին նաև ավելի դյուրինները։ Միայն գեղարվեստական հասկացումն է մշտապես ուղորդում խոսքը և գիրը։
1․ Սովորաբար հավատացել են, թե հետևելով ընդհանուր սկզբունքներին կարելի է հիմնվել մարդկային առողջ բանականության վրա։ Բայց այդ դեպքում հետևելով առանձին հանգամանքներին կարելի է հիմնվել առողջ զգացողության վրա։
Ընդհանուր հերմենևտիկայի տեղը դժվար է մատնանշել։
1․ Երկար ժամանակ այն համարվել է տրամաբանության կցորդ, բայց հենց որ հրաժարվեցին տրամաբանության ամեն կիրառությունից, այդ բանը դադարեց։ Փիլիսոփան հակված չէ հաստատել այդ տեսությունը, քանի որ ինքը հազվադեպ է ցանկանում հասկանալ, մինչդեռ համարում է, որ ինքը պիտի անհրաժեշտաբար հասկացվի։
2․ Մեր պատմության շնորհիվ փիլիսոփայությունը դարձել է պոզիտիվ ինչ-որ բան։ Ահա ինչու մոտեցումը հերմենևտիկային սոսկ դիտարկումների հանրագումար է։
Հավելում։ Ինչպես տեսակով, այնպես էլ լեզվապես հատուկ հերմենևտիկան սոսկ դիտարկումների հանրագումար է և չի բավարարում ոչ մի գիտական պահանջի։
Առաջ մղել հասկացումը առանց գիտակցելու (կանոնները) և դիմել դրանց միայն առանձին դեպքերում կնշանակի գործել անհամարժեքորեն։ Հարկավոր է միավորել այս երկու տեսակետերը, եթե անհնար է հրաժարվել դրանցից։ Դա տեղի ունի երկակի փորձի միջոցով։ 1) Այնտեղ, որտեղ թվում է, թե մենք գործում ենք ամենաանարվեստ ձևով, հաճախ գոյանում են անսպասելի դժվարություններ, որոնց լուծման հիմքերը ընկած են ավելի վաղ տեքստերում։ Այսպիսով, ամեն բան ստիպում է մեզ ուշադիր լինել նրա նկատմամբ, ինչը կարող է լուծման հիմք լինել։ 2) Եթե մենք ամենուր գործում ենք համաձայն արվեստի կանոնների, ապա ի վերջո հանգում ենք կանոնների անգիտակից կիրառության՝ չխախտելով արվեստի կանոնները։
3․ Քանի որ խոսելու և (համապատասխանաբար) հասկանալու արվեստները հակադրված են, իսկ խոսքը կազմում է սոսկ մտածողության արտաքին կողմը, հերմենևտիկան հարկ է հասկանալ արվեստի հետ կապի մեջ, հետևաբար՝ փիլիսոփայորեն։
Բայց հաշվի առնելով, որ մեկնելու արվեստը կախված է կոմպոզիցիայից և ենթադրում է այն։ Զուգահեռականությունը, սակայն կայանում է նրանում, որ այնտեղ, ուր խոսքը անարվեստ է, հասկացվելու համար այն հեևմենևտիկայի կարիք չունի։
4․ Խոսքը միջնորդավորում է մտածողության համընդհանրությունը և այստեղից պարզ է դառնում հռետորիկայի և հերմենևտիկայի փոխադարձ պատկանելությունը և դրանց ընդհանուր հարաբերությունը դիալեկտիկային։
1․ Իհարկե, խոսքը մտածողության միջնորդություն է նաև առանձին մարդու համար։ Մտածողությունը ավարտուն է դառնում ներքին խոսքում, և այդքանով խոսքը ինքը կայացած միտքն է։ Բայց այնտեղ, որտեղ մտածողը անհրաժեշտ է համարում ֆիքսել իր համար որևէ միտք, այդտեղ գոյանում է նաև խոսքի արվեստը, նախնականի փոխակերպությունը, որից հետո անհրաժեշտ է դառնում մեկնությունը։
2. Հերմենևտիկայի և հռետորիկայի փոխադարձ պատկանելությունը կայանում է նրանում, որ հասկացման ամեն գործողություն խոսելու գործողության շրջում է, երբ գիտակցվում է, թե ինչ միտք է ընկած խոսքի հիմքում։
3․ Այդ երկուսի կախվածությունը դիալեկտիկայից այն է, որ իմացության ամեն կայացում կախված է երկուսից էլ (խոսքից և հասկացումից)։
Հավելում։ Այսպես, ընդհանուր հերմենևտիկան պատկանում է ինչպես քննադատությանը, այնպես էլ քերականությանը։ Բայց քանի որ առանց այս երեքի ոչ միայն անհար է իմացության հաղորդումը, այլև դրա հաստատումը, իսկ ամեն ճիշտ մտածողություն հանգում է ճիշտ խոսքի, հարկ է այդ երեքը կապել դիալեկտիկայի հետ։
[․․․]
5․ Ինչպես որ ամեն խոսք ունի երկակի հարաբերություն լեզվի ամբողջությանը և իր ստեղծողի մտածողության ամբողջությանը, այդպես էլ ամեն հասկացում բաղկացած է երկու պահերից՝ խոսքի հասկացումից, որպես խոսքից դուրս բերված և խոսքի հասկացումից, որպես մտածողի մեջ եղած փաստի։
1․ Ամեն խոսք ենթադրում է արդեն տրված լեզու։ Իհարկե, այս պնդումը կարելի է շրջել և ոչ միայն բացարձակորեն առաջին խոսքի հարաբերությամբ, այլև հետագա ողջ պրոցեսի, քանի որ լեզուն գոյանում է միայն խոսելու շնորհիվ․ բայց հաղորդումն ամեն դեպքում ենթադրում է լեզվի համընդհանրություն, այսինքն՝ դրա որոշակի իմացություն։ Եթե անմիջական խոսքի և հաղորդման միջև ինչ-որ բան սեպվում է, այսինքն՝ ծագում է խոսքի արվեստ, ապա մասամբ դա կապված է մտահոգության հետ, որ լսողին լեզվի մեր կիրառության մեջ ինչ-որ բան օտար մնաց։
2․ Մտածողությունը նախորդում է ամեն խոսքի։ Սա ևս կարելի է շրջել, բայց հաղորդման առնչությամբ այն մնում է ճշմարիտ, քանզի հասկացման արվեստը սկսվում է միայն մտածողության առաջխաղացման մեջ։
Առանց բառերի միտքը դեռ ավարտուն և պարզ չէ։ Բայց քանի որ հերմենևտիկան տանում է մտածված բովանդակության հասկացման, իսկ մտածված բովանդակությունը իրական է միայն լեզվի միջոցով, հերմենևտիկան այսպիսով հիմնվում է քերականության՝ որպես լեզվի իմացության վրա։ Եթե մենք դիտարկենք մտածողությունը լեզվական հաղորդման գործողության մեջ, ապա չենք գտնի այդ պրոցեսի մեջ ոչ մի այլ միտում բացի նրանից, որը ցույց է տալիս բոլորի համար ընդհանուր իմացությունը։ Այսկերպ բացահայտվում է հերմենևտիկայի և քերականության ընդհանուր հարաբերությունը դիալեկտիկային որպես իմացության միասնության մասին գիտությանը։ Այնուհետև ամեն խոսք հասկացվում է տվյալ պատմական հանրության կյանքի կամ իր պատմության իմացության հիման վրա։ Իսկ պատմության գիտությունը էթիկան է։ Բացի այդ լեզուն ունի իր բնական կողմը․ և մարդու ոգու տարբերությունները պայմանավորված են մարդու ֆիզիկական սկզբունքով և երկրի մարմնով։ Հետևաբար հերմենևտիկան արմատավորված է ոչ միայն լեզվի մեջ, այլև ֆիզիկայի։ Իսկ էթիկան և ֆիզիկան հղում են մեզ դիալեկտիկային, որպես իմացության միասնության գիտությանը։