Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն
3․ Այս առումով ամեն մարդ մի կողմից այն տեղն է, որտեղ տվյալ լեզուն ստանում է ուրույն ձև և մարդկային խոսքը կարելի է հասկանալ միայն լեզվի ամբողջականությունից ելնելով։Մյուս կողմից մարդը մշտապես զարգացող ոգին է և նրա խոսքը կարելի է մեկնել որպես հոգևոր զարգացման փաստ, որը գործակցում է ուրիշ փաստերի հետ։
[․․․]
6․Հասկացումը սոսկ այս երկու պահերի (քերականական և հոգեբանական) փոխներթափանցումն է։
1․ Մենք չենք հասկանա խոսքը որպես ոգու փաստ, քանի դեռ չենք հասկացել այն որպես լեզվական նշանակում, քանի որ լեզվի մեջ արմատավորված լինելը կազմավորում է ոգին։
2. Խոսքն անհասկանալի է նաև որպես լեզվի կազմավորում, եթե չի հասկացվում որպես ոգու փաստ, որովհետև ոգու մեջ է հիմնավորված ամեն անհատական ազդեցություն լեզվի վրա, որը կայանում է խոսքի միջոցով։
7․ Երկու պահերն էլ լիովին հավասարազոր են, և անարդար կլիներ քերականական մեկնությունը համարել ավելի ցածր, իսկ հոգեբանականը՝ ավելի բարձր։
1․ Հոգեբանականը ավելի բարձր է, եթե մենք դիտարկում ենք լեզուն որպես միջոց, որով առանձին մարդը հաղորդում է իր մտքերը, քերականականը այդ դեպքում սոսկ նախորդող դժվարությունների վերացումն է։
2․ Քերականականը ավելի բարձր է, եթե մենք դիտարկում ենք լեզուն որպես բոլոր անհատների մտածողությունը պայմանավորող, իսկ առանձին մարդուն՝ որպես լեզվի և խոսքի տեղը, որպես ընդամենը այն, որի մեջ այն հայտնակերպվում է։ Այդ դեպքում հոգեբանական մեկնությունը լիովին ստորադաս է, ինչպես և առանձին մարդու գոյությունն ընդհանրապես։
1․ Այս երկակիությունից ինքնաբերաբար բխում է կատարյալ նույնությունը։
[․․․]
8․ Խնդրի լուծումը բացարձակ կլինի այնժամ, երբ յուրաքանչյուր կողմը մշակված լինի այնպես, որ հակառակ կողմի մշակումը ոչինչ չխախտի արդյունքի մեջ, կամ, եթե յուրաքանչյուր կողմ, լինելով մշակված առանձին, լիովին փոխարինի մյուսը, որն իր հերթին կպահանջի ոչ պակաս բծախնդիր մշակում։
1․ Այս երկակիությունն անհրաժեշտ է անգամ եթե յուրաքանչյուր կողմ փոխարինում է մյուսը համաձայն 6-րդ կետի։
2․ Յուրաքանչյուր կողմ կատարելության է հասնում այն ժամանակ, երբ ավելորդ է դարձնում մյուսը և իր ներդրումն ունի դրա կառուցման մեջ, քանզի լեզուն կարելի է սովորել միայն հասկանալով կենդանի խոսքը, իսկ մարդու ներքին աշխարհը, ինչպես և հակազդելու նրա եղանակը իրենց հերթին կարող են հասկացվել նրա խոսքի միջոցով։
9․ Մեկնությունն արվեստ է:
1․ Յուրաքանչյուր կողմն ինքնին։ Քանզի երկուսն էլ ինչ-որ վերջավոր և անվերջ որոշարկվածի կառուցումն են։ Լեզուն անվերջ ինչ-որ բան է, որովհետև յուրաքանչյուր տարր որոշարկելի է մյուսների կողմից հատուկ եղանակով։ Նույնը վերաբերում է նաև հոգեբանական կողմին։ Քանզի անհատականի ամեն հայեցողություն անվերջ է։ Եվ արտաքին ազդեցությունները մարդու վրա ասիճանաբար անվերջ պակասող են։ Այդպիսի կառուցումը չի կարող տրվել կանոնների շնորհիվ, որոնք իրենց մեջ են կրում իրենց կիրառության հաստատունությունը։
2․ Եթե քերականական կողմը հնարավոր լիներ ավարտել առանձին, ապա կպահանջվեր լեզվի կատարյալ իմացություն, իսկ մյուս դեպքում մարդու լիակատար իմացություն։ Երկուսն էլ չեն կարող լինել, այնպես որ հարկ է մեկից անցնել մյուսին, իսկ ինչպես անցնելու կանոններ չկան։
[․․․]
10․ Այդ արվեստի հաջող գործարկումը հիմնվում է լեզվական տաղանդի և առանձին մարդու իմացության տաղանդի վրա։
1․ Առաջին տաղանդի տակ մենք հասկանում ենք ոչ թե օտար լեզու սովորելու դյուրինությունը, քանզի մայրենի և օտար լեզվի միջև տարբերությունը այս պահին չի քննվում, այլ լեզվի կենդանիությունը, համաբանության և տարբերության զգացումը և այլն։ Կարող է թվալ, թե Հռետորիկան (քերականությունը) և հերմենևտիկան այսկերպ պիտի մշտապես միասին լինեն։ Սակայն, ինչպես հերմենևտիկան նաև այլ տաղանդ է պահանջում, հռետորիկան (քերականությունը) իր հերթին ունի իր, հերմենևտիկայից տարբեր լեզվական տաղանդը։ Լեզվական տաղանդը, իհարկե, նրանց երկուսի համար ընդհանուր է, սակայն հերմենևտիկական ուղղությունը կառուցում է այն հռետորիկայից (քերականությունից) տարբեր եղանակով։
2․ Մարդկային իմացությունն այստեղ առավելապես համընկնում է մտքերի բաղադրման սուբյեկտիվ տարրի հետ։ Նույնքան քիչ են այդ պատճառով միասին հերմենևտիկան և մարդու գեղարվեստական պատկերումը։ Սակայն հերմենևտիակական սխալների մեծ մասը ծագում է այդ տաղանդի (մարդու գեղարվեստական պատկերման) բացակայությունից կամ դրա կիրառության բացակայությունից։
3․ Որքան որ այդ տաղանդները (հայտնի չափով) բնական ընդհանուր ձիրքեր են, այնքան էլ ընդհանուր ձիրք է հերմենևտիկան։ Որևէ կողմից թույլ լինելը նշանակում է լինել նաև ապաշնորհ, և մյուս կողմը կարող է օգնել միայն ընտրել մյուս կողմից այն, ինչը չի հաջողվել ուրիշներին։
Հավելում։ Գերազանց տաղանդը պահանջվում է ոչ միայն բարդ դեպքերի համար, այլև նրա համար, որ երբեք կանգ չառնեն անմիջական նպատակի առաջ (առանձին տաղանդի), այլ ավելի շուտ ամենուր երկու ուղղությունների նպատակները հետապնդելու համար, հմմտ․ 8 և 9 կետերը։
[․․․]
11․ Ամեն խոսք իսկույն չի դառնում մեկնության առարկա։ Որոշ խոսքերի արժեքը մեկնության համար զրոյական է, իսկ որոշներինը՝ բացարձակ է․ շատերի տեղը այդ երկու կետերի արանքում է։
1․ Զրոյական արժեք ունի այն, ինչը չունի փաստացի հետաքրքրություն և նշանակություն չունի լեզվի համար։ Խոսքում են, որովհետև լեզուն պահպանում է իրեն միայն կրկնության շարունակականության մեջ։ Բայց այն, ինչը կրկնում է միայն արդեն եղածը, ինքնին ոչինչ է։ Բայց այդ զրոն բացարձակ ոչինչ չէ, այլ մինիմում։ Քանզի միայն նրա մեջ է զարգանում նշանակալին։
Մինիմումը գործնական ընդհանուր խոսքն է և սովորական կյանքի ամենօրյա զրույցը։
2․ Յուրաքանչյուր կողմի համար կա մաքսիմում, մասնավորապես քերականական խոսքի համար, որը հիմնականում արգասավոր և նվազագույնս կրկնվող է՝ դասականը։ Հոգեբանական կողմից ամենաինքնատիպը և նվազագույնս սովորականը օրիգինալն է։ Բացարձակ է միայն այս երկուսի նույնությունը, հանճարեղը և նախատիպայինը լեզվի համար մտքերի սերման մեջ։
3․ Սակայն դասականը չպիտի լինի անցողիկ, այլ պիտի որոշարկի հետագա սերումը։ Այդպես էլ օրիգինալը։ Սակայն նաև բացարձակը (մաքսիմումը) չպիտի ազատ լինի ավելի նախնականի և ընդհանուրի կողմից որոշարկվելուց։
Հավելում։ Մաքսիմումի և մինիմումի միջև ընկածը ձգտում է երկուսից մեկին՝ ա) սովորականին, հարաբերական բովանդակազրկությանը և վայելուչ շարադրանքին, բ) հանճարեղությանը, լեզվի դասականությանը, որը կարող է չլինել օրիգինալ, և (մտքերի) կապակցման օրիգինալությանը, որը կարող է չլինել դասական։
[․․․]
12․ Եթե (մեկնաբանության քերականական և հոգեբանական) երկու կողմերն էլ կիրառեն ամենուր, ապա դրանք մշտապես տարբեր հարաբերության մեջ են։
1․ Դա բխում է արդեն նրանից, որ քերականականորեն աննշանակալին կարող է չլինել նաև հոգեբանորեն աննշանակալի և հակառակը՝ ոչ ամեն աննշանակալիից է նշանակալին զարգանում երկու կողմերով հավասարաչափ։