Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն
[․․․]
14․ Տարբերությունը գեղարվեստական և ոչ գեղարվեստական մեկնությունների միջև կապված է ոչ թե յուրայինի և օտարի կամ խոսքի և տեքստի միջև եղած տարբերության հետ, այլ նրա, որ մեկը ուզում են հասկանալ մյուսից ավելի լավ։
1․ Եթե արվեստը պահանջվեր միայն օտարալեզու և հին տեքստերի համար, ապա սկզբնական ընթերցողի համար այն կլիներ անօգուտ, և արվեստը կախված կլիներ նրա և մեր միջև առկա տարբերությունից։ Այդ տարբերությունը նախ հարկ է վերացնել լեզվի և պատմության հետ ծանոթությամբ․ և այդպիսի հավասարեցումից հետո միայն սկսել մեկնությունը։ Տարբերությունը օտարալեզու հին և ժամանակակից տեքստի միջև, որը գրված է հարազատ լեզվով, լոկ այն է, որ հավասարեցման գործողությունը ամբողջությամբ չի նախորդում, այլ ուղեկցում է մեկնությունը և ավարտվում է նրա հետ միաժամանակ, ինչը հարկ է նկատի ունենալ։
2․ Եվ խնդիրը միայն տեքստը չէ։ Այլապես արվեստի կարիքը կբացատրվեր միայն խոսքի և տեքստի միջև առկա տարբերությամբ, այսինքն՝ կենդանի ձայնի բացակայությամբ և ուրիշ անձնական ազդեցությունների պակասով։ Սակայն վերջինները իրենք մեկնության կարիք ունեն և երբեք ստույգ չեն։ Իհարկե, կենդանի ձայնը հեշտացնում է հասկացումը, իսկ գրողը պիտի հաշվի առնի դա (այն, որ նա չի խոսում)։ Եթե նա հետևեր դրան, ապա մեկնության արվեստի կարիք չէր լինի, բայց իրականությունը այլ է։ Հետևաբար, եթե անգամ նա դրան չի հետևում, մեկնության արվեստի կարիքը հիմնվում է ոչ միայն այդ տարբերության վրա։
Հավելում։ Այն, որ մեկնության արվեստը ավելի շատ հարաբերվում է տեքստի հետ, քան բանավոր խոսքի, ծագում է նրանից, որ խոսքը որպես կանոն ունի բազում օժանդակ միջոցներ, որոնք ապահովում են անմիջական հասկացում, որոնցից տեսքտը զուրկ է նաև այն պատճառով, որ ընթացիկ խոսքային հոսքի մեջ հատկապես առանձին կանոնները, որոնք դժվար է հիշել, ընդհանրապես հնարավոր չէ կիրառել։
3․ Եթե խոսքը և գիրը այդպես են հարաբերվում իրար, ապա չի մնում ոչ մի ուրիշ տարբերություն բացի վերը նշվածից, և մեկնության մեջ, որը պահպանում է արվեստի կանոնները մենք հետևում ենք նույն նպատակին, ինչ առօրյա խոսքը ընկալելիս։
15․ Այս անփույթ պրակտիկան արվեստի մեջ կարծում է, թե հասկացումը կգա ինքն իրեն և ձևավորում է նպատակը բացասականորեն․ հարկ է խուսափել չհասկացումից։
1․ Այս պրակտիկան ելնում է նրանից, որ իբրև թե կարելի է բավարարվել աննշանով կամ առնվազն սահմանափակ հետաքրքրությամբ և դնել հեշտ հասանելի նպատակներ։
2․ Բայց այն ևս դժվարին դեպքերում ապաստան է փնտրում արվեստի մեջ և այդկերպ հերմենևտիկան իր ծագմամբ պարտական է ոչ գեղարվեստական պրակտիկային։ Տարվելով դժվարին դեպքերով՝ այն դարձավ դիտարկման համակարգ, ահա ինչու՝ իսկույն հատուկ հերմենևտիկա, քանզի դժվարին դեպքերը հեշտ է դիտարկել որևէ հատուկ բնագավառում։ Այդպես գոյացան աստվածաբանական և իրավական հերմենևտիկաները, և բանասերներին հետաքրքրում էին միայն հատուկ նպատակներ։
3․ Այդ մոտեցումը հիմնվում է խոսողի և լսողի լեզվի և ոճի նույնականության վրա։
16. Խիստ պրակտիկան ելնում է նրանից, որ չհասկացումը գոյանում է ինքն իրեն և հասկացումը հարկ է ցանկանալ յուրաքանչյուր փնտրվելիք կետում։
1․ Հիմնվում է նրա վրա, որ հասկացման մեջ անհրաժեշտ է ստուգություն և խոսքը՝ երկու կողմերից դիտված, պիտի դրանց մեջ լիովին բացահայտի իր իմաստը։
Հավելում։ Փորձով ստուգված է, որ մինչև չհասկացման գոյանալը գողարվեստական և գեղարվեստական հասկացման միջև տարբերությունը աննկատ է։
2․ Այդ տարբերությունը ելնում է խոսքի և ոճի միջև տարբերությունից, որը, սակայն, հիմնվում է նույնականության վրա և ոչ գեղարվեստական պրակտիկայից խույս տվողը աննշանություն է։
17․ Հարկ է խուսափել երկու բանից՝ բովանդակության որակային չհասկացումից և առոգանության չհասկացումից, այսինքն՝ քանակայինի չհասկացումից։
Հավելում։ Խնդիրը կարելի է սահմանել նաև բացասականորեն․ խուսափել նյութական (որակային) և ֆորմալ (քանակային) չհասկացումից։
1․ Օբյեկտիվ դիտարկման մեջ որակային սխալ կլինի լեզվի մեջ խոսքի մեկ տարրի փոխարեն մեկ այլ տարրի ոչ ճիշտ տեղադրումը, երբ մենք, օրինակ, շփոթում ենք երկու բառերի նշանակությունները։
Սուբյեկտիվ դիտարկման մեջ որակային չհասկացումը գոյանում է, երբ մենք սխալ ենք որոշարկում խոսքային որևէ արտահայտության կապերը՝ վերագրելով նրան այլ հարաբերություններ, քան նրանք, որոնք իր շրջանում խոսողը հաղորդում էր դրան։
2․ Քանակային չհասկացումը սուբյեկտիվորեն հարաբերվում է խոսքային որևէ տարրի ներազդման ուժի հետ, այն նշանակալիության (ընգծվածության), որը դրանց է հաղորդում խոսողը․ այն համաբանորեն օբյեկտիվ է, այն հարաբերվում է տեղի հետ, որը խոսքի տարրը զբաղեցնում է աստիճանակարգման մեջ, օրինակ՝ գերադրական աստիճանը։
3․ Քանակային չհասկացումից, որը սովորաբար թերագնահատում են, մշտապես զարգանում է որակային չհասկացում։
4. Բոլոր խնդիրները այդ բացասական արտահայտության մեջ են։ Դրանց բացասականության պատճառով մենք չենք կարող դրանցից կանոններ արտածել, այլ պիտի ելնենք ինչ-որ դրական խոսքային արտահայտությունից, մշտապես հաշվի առնելով այդ բացասականը։
5․ Բացի այդ հարկ է տարբերել դրական և ակտիվ չհասկացումը։ Վերջինս ներդրում է, որը, սակայն, իր սեփական նախապաշարվածության հետևանք է և չի կրում իր մեջ որոշակի հետևանքներ այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել մաքսիմումի՝ լինելով հիմնված բոլորովին կեղծ նախադրյալների վրա։
[․․․]
18․ Արվեստը կարող է զարգացնել իր կանոնները միայն դրական բանաձևից, իսկ սա «պատմականն է և ինտուիտիվը (մարգարեականը), տվյալ խոսքի օբյեկտիվ և սուբյեկտիվ վերստեղծումը»։
1․ Վերստեղծել օբյեկտիվ պատմականորեն նշանակում է հասկանալ, թե ինչպես է պահում իրեն խոսքը լեզվական ամբողջի մեջ և ինչպես է պահում իրեն իմացությունը, որը խոսքի մեջ է որպես լեզվի ստեղծման։ Օբյեկտիվորեն ինտուիտիվ եղանակով նշանակում է ճանաչել, թե ինչպես է խոսքը տրված որպես հոգևիճակ, սուբյեկտիվորեն ինտուիտիվ եղանակով նշանակում է կանխատեսել, թե ինչպես են նրա մեջ եղած մտքերը ներազդում խոսողի մեջ և ինչպես են ազդում նրա վրա հետագայում։ Առանց հաշվի առնելու այդ երկուսը չհասկացումն անխուսափելի է։
3․ Խնդիրը կարելի է ձևակերպել նաև այսպես․ «հասկանալ խոսքը սկբում հեղինակի հետ հավասար, իսկ հետո գերազանցել նրան»։ Քանի որ մենք չունենք անմիջական իմացություն այն մասին, թե ինչ է կատարվում նրա հոգում, մենք պիտի գիտակցենք շատ բան նրանից, ինչը նա չէր գիտակցում, բացառելով այն դեպքերը, երբ նա, խորհրդածելով, դառնում է ինքն իր ընթերցողը։ Օբյեկտիվ կողմից նա այստեղ էլ չունի մեր ունեցած տվյալներից տարբեր տվյալներ։
4․ Այսպես ձևակերպված խնդիրը անվերջ է, քանի որ այն, ինչ մենք ուզում ենք տեսնել խոսքի պահի մեջ, ինչ-որ անվերջություն է անցյալում և ապագայում։ Դրա արդյունքում նաև այդ արվեստը, ինչպես և ցանկացած ուրիշը, կարող է առաջ բերել ոգեշնչանք։ Որքան չի ոգեշնչում տեքստը, այնքան այն զուրկ է նշանակալիությունից։ – Իսկ թե որչափ և ինչ կողմից է հարմար մոտենալ տեքստին, հարկ է լուծել պրակտիկայում, և այդ հարցը լավագույն դեպքում վերաբերում է հատուկ, բայց ոչ մի դեպքում ընդհանուր հերմենևտիկային։