Ռուբիկոն

Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն

Հրապարակվել է
29 մարտի 2023

2․ Հոգեբանական մինիմումի մեկնությունը կիրառվում է, երբ առարկայի օբյեկտիվությունը գերակշռում է։ (Սրան է դասվում) զուտ պատմությունը, առավելապես մանրամասները, քանզի ամեն համապատկեր սուբյեկտիվորեն երանգավորված է։ Էպոս։ Գործնական բանակցություններ, որոնք հավակնում են մտնել պատմության մեջ։ Ամեն դիդակտիկա խիստ ձևով։ Բոլոր այս դեպքերում սուբյեկտիվը կիրառվում է ոչ թե որպես մեկնության պահ, այլ դառնում է դրա արդյունքը։ Քերականականի մինիմում հոգեբանական մեկնության մաքսիմումի առկայությամբ՝ նամակներում, այն է՝ իսկական։ Դիդակտիկականի և պատմականի փոխհաջորդումը նրանց մեջ։ Քնարերգություն։ Բանավեճ։ 

Հավելում։ Հերմենևտիկական կանոնները պիտի ավելի շուտ դառնան դժվարությունների կանխարկման մեթոդ, քան դրանց վերացման տեղեկագիր։

[․․․]

13․ Մեկնության մեթոդի մեջ չկա այլ բազմազանություն բացի վերը նշվածից։

Օրինակ, զարմանալի տեսակետը, որ ծագել է Ն․ Կ․-ի պատմական մեկնության վերաբերյալ բանավեճից, իբր գոյություն ունեն մեկնության բազում եղանակներ։ Պատմական մեկնության հաստատումը սոսկ արդարացի հաստատումն է նորկտակարանային հեղինակների կապի իրենց դարաշրջանի հետ։ (Ժամանակային հասկացություն ռիսկային տերմինը)։ Բայց այն կեղծ է դառնում, հենց որ հերքում է քրիստոնեության ունակությունը ստեղծելու նոր հասկացություններ և ամեն բան բացատրելու արդեն առկայի միջոցով։ Պատմական մեկնության հերքումը արդար է, եթե հակադրված է միակողմանիությանը և կեղծ է, եթե հավակնում է համընդհանրության։ Բայց այդ դեպքում բանը հանգում է քերականական և հոգեբանական մեկնությունների հարաբերակցմանը, քանզի նոր հասկացությունները գոյանում են հոգեկան ինքնատիպ գրգիռներից։ 

2․ Նույնքան քիչ (բազմազանությունը գոյանում է), եթե պատմական մեկնությունը հասկացվում է լոկ որպես պատմական հանգամանքների իմացություն։ Չէ՞ որ այդ իմացությունը անգամ այդ մեկնությանը նախորդող ինչ-որ բան է, որովհետև օգնում է վերականգնել կապը հռետորի և սկզբնական լսողի միջև և, ինչպես հայտնի է, ճշտվում է նախապես։ 

3․ Այլաբանական մեկնություն։ Ոչ այլաբանության մեկնություն, որի մեջ փոխաբերական իմաստը միակն է, անկախ այն բանից ընկած է արդյոք հիմքում իրական ինչ-որ բան, ինչպես սերմնացանի առակի դեպքում, թե հորինված, ինչպես հարուստ մարդու մասին առակում։ Այլ այնպիսին, որի մեջ ուղիղ իմաստը մտնում է անմիջական համատեքստի մեջ, բայց ենթադրվում է փոխաբերական իմաստ։ Չի կարելի ազատվել նրանից ընդհանուր դրույթով, ըստ որի խոսքը կարող է ունենալ միայն Մեկ իմաստ, ինչպես սովորաբար ենթադրում է քերականությունը։ Չէ՞ որ ամեն ակնարկ արդեն երկրորդ իմաստ է, և նա, ով այն չի ընկալում, չնայած որ հետևում է ընդհանուր համատեքստին, բաց է թողնում խոսքի մեջ դրված իմաստներից մեկը։ Մյուս կողմից, նա, ով կգտնի ակնարկ, որը չկար խոսքի մեջ, մշտապես սխալ կմեկնի այն։ Ակնարկը գոյանում է, եթե մտքերի շարքի մեջ ներհյուսվում է ուղեկցող պատկերացումներից մեկը, որը, ինչպես կարծում են, նույնքան հեշտորեն կարող է գոյանալ նաև ուրիշ շարքի մեջ։

Սակայն ուղեկցող պատկերացումները ոչ թե պարզապես առանձին ու աննշան են, այլ ինչպես ամբողջ աշխարհը դրված են մարդու մեջ, թեկուզ որպես աղոտ ստվեր, բայց նրա կողմից մտածվում են որպես իրական։ Ահա ինչու գոյություն ունի տարբեր շարքերի զուգահեռականություն մեծի և փոքրի մեջ, այնպես որ յուրաքանչյուրի մոտ կարող է զուգորդություն ծագել մյուս շարքի տարրի հետ․ ֆիզիկականի և էթիկականի, երաժշտականի և գեղանկարչականի և այլ զուգահեռականություն։ Նրա վրա ուշադրություն արժե դարձնել այն ժամանակ, երբ փոխաբերական արտահայտություններն առիթ են ընձեռում դրա համար։ Բայց այն, որ այդպես վարվում էին նաև առանց առիթի, երբ Հոմերոս կամ Աստվածաշունչ էին կարդում, ունի իր ուրույն պատճառը։ Հոմերոսի և Հ․Կ․-ի դեպքում առաջինի (Հոմերոսի) եզակիության մեջ որպես հանրակրթական գրքի, իսկ Հ․Կ․-ի դեպքում որպես գրականությունից ընդհանրապես, որից քաղում էին ամեն բան։ Հավելենք դրան նաև երկուսի դիցաբանական բովանդակությունը, որը, մի կողմից, ունի իր շարունակությունը գնոմիկական գրականության մեջ, իսկ մյուս կողմից՝ պատմության։ Սակայն միֆի համար տեխնիկական մեկնությունը կիրառելի չէ, քանի որ դրա հիմունքը անհատական չէ և սովորական հասկացման տատանումը ուղիղ և փոխաբերական իմաստների միջև բավականին պայմանական է դարձնում այստեղ երկակիությունը։ – Ն․Կ․-ի դեպքում մի քիչ այլ է և դրա նկատմամբ մոտեցումը բացատրվում է երկու պատճառներով։ Նախ՝ նրա կապը Հին Կտակարանի հետ, որից բացատրության այդպիսի եղանակը փոխառված և տարածված էր սկզբնավորվող գիտական մեկնության վրա։ Երկրորդ, Հ․Կ․-ից ավելի առաջադեմ պատկերացմամբ, ըստ որի Սուրբ Ոգին գրքի հեղինակն է։ Չի կարելի դիտարկել Սուրբ Ոգին որպես ժամանակի մեջ փոփոխվող առանձին գիտակցություն։ Այստեղից էլ ամեն ինչում ամեն ինչ գտնելու հակումը։ Համընդհանուր ճշմարտությունները և առանձին որոշակի պատվիրանները բավարարում են այդ հակումը ինքն ըստ ինքյան, բայց առավել չափով առանձինը և աննշանը ափերից հանում են այն։

4․ Մենք այստեղ չենք կարող խուսափել հարցից, իսկ չարժե՞ արդյոք Սուրբ հոգու պատճառով այլկերպ դիտարկել Սուրբ Գիրքը։ Չարժե այդ դեպքում ակնկալել դոգմատիկական վճիռ աստվածաշնչության վերաբերյալ, քանզի այդ վճիռն ինքը պիտի հիմնվի մեկնության վրա։ Նախ՝ չարժե կանխասել առաքյալների գրավոր և բանավոր խոսքի միջև տարբերությունը։ Չէ՞ որ ապագա եկեղեցին պիտի կառուցվեր առաջինի վրա։

Բայց հենց այդ պատճառով պետք չէ այնուհետև կարծել, թե Գրերում ամբողջ քրիստոնեական աշխարհը անմիջական առարկա է։ Բոլոր Գրերը ուղղված են որոշակի մարդկանց և հետագայում կարող էին սխալ հասկացվել, եթե սխալ հասկացվեին նրանց կողմից։ Իսկ այդ մարդիկ չէին կարող ցանկանալ այլ բան, բացի նրանց մեջ որոշակիություն գտնելուց, քանզի ամբողջականությունը նրանց համար պիտի բաղադրվեր բազում առանձին մասերից։ Այդպես էլ դրանք պիտի մեկնվեն, ենթադրելով, որ եթե հեղինակները լինեին մեռյալ գործիքներ, ապա Սուրբ Հոգին կխոսեր նրանց միջոցով այնպես, ինչպես կխոսեին իրենք։

5․ Վատագույն շեղումն այս ուղղությամբ կաբբալիստական մեկնությունն է, որը ձգտելով ամեն ինչում գտնել ամեն ինչ, դիմում է առանձին տարրերին և դրանց նշաններին։ – Մենք տեսնում ենք, որ եթե ինչ որ բան իր մղման մեջ կարելի է կոչել մեկնություն, ապա նրա մեջ չի լինի ոչ մի ուրիշ բազմակիություն, բացի նրանից, որ բխում է մեր կողմից հաստատված երկու կողմերի տարբեր հարաբերակցություններից։

Հավելում։ Ե՜վ դոգմատիկ, և՜ այլաբանական մեկնությունը, փնտրելով բովանդակություն և նշանակալիություն, ելնում է նրանից, որ որսը քրիստոնեական ուսմունքի համար պիտի լինի հնարավորինս հարուստ և որ Սուրբ Գրում ոչինչ անցողիկ և չնչին չէ։ 

Հիմնվելով այս դրույթի վրա հանգում են աստվածաշնչվածության գաղափարին։ Չնայած կարծիքների բազմազանությանը այս առումով լավագույն միջոցը կլինի պարզելը, թե ինչպիսի հետևանքների կբերի դրանցից ամենաարմատականը։ Արդ, Սուրբ Ոգու ուժը գործում է մտքի մեջ դրա գոյացման պահից մինչև գրի առնվելը։ Սակայն տարբերակների առկայության պայմաններում այսպիսի պատկերացումը մեզ ոչնչով չի օգնի։ Իսկ այդպիսիք գոյություն ունեին արդեն նախքան Գրի կազմումը։ Հետևաբար արդեն այս փուլում հնարավոր չէ խուսափել քննադատությունից։ Սակայն նաև առաքելական Նամակների առաջին ընթերցողները ստիպված կլինեին վերացարկվել հեղինակների մասին մտքից և նրանց մասին իմացությունից, ինչը կբերեր մեծագույն խառնաշփոթ։ Եթե այս առնչությամբ նաև հարցնեն, թե ինչու Սուրբ Գիրը չգոյացավ լիովին հրաշալի եղանակով, առանց մարդկանց մասնակցության, ապա հարկ է պատասխանել, որ հավանաբար Աստծո Ոգին ընտրեց այդ եղանակը (այն է՝ մարդկանց միջոցով) լոկ այն պատճառով, որ ամեն բան վերագրի որոշ հեղինակների։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը Աղբյուրը՝ The Guardian Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կենսագիրը հայտնաբերել է նախկինում անհայտ դասախոսությունների ծավալուն նյութ, որը կարող է փոխել արևմտյան փիլիսոփայության առաջատար դեմքերից մեկի շուրջ ձևավորված ընկալումները։ Փիլիսոփայի ավելի… Փիլիսոփայություն Հանս-Գեորգ Գադամեր. Էսթետիկա և հերմենևտիկա Ներկայացնում ենք գերմանացի փիլիսոփա, հերմենևտիկայի խոշոր տեսաբան Հանս Գեորգ Գադամերի (1900–2002) «Էսթետիկա և հերմենևտիկա» զեկույցը (1864)։ Աղբյուրը՝ Hans-Georg Gadamer, Ästhetik und Hermeneutik, in: Algemeen Nederlands Tijdschrift voor Wijsbegeerte en… Փիլիսոփայություն Թոմաս Հոբս. Պատկերացման մասին Ներկայացնում ենք մեկ գլուխ անգլիացի փիլիսոփա, գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ Թոմաս Հոբսի (1588-1679) «Լևիաթան» գրքից: Աղբյուրը՝ Thomas Hobbes, Leviathan or The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil, 1651. 1. Այն, որ…