Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն
19․ Նախքան արվեստին դիմելը պետք է սուբյեկտիվորեն և օբյեկտիվորեն նմանվել հեղինակին։
1․ Օբյեկտիվ կողմից, ուսումնասիրելով ժամանակակից հեղինակի լեզուն, ինչն ավելի որոշակի է, քան առաջին ընթերցողներին նմանվելը, որոնք իրենք պիտի առաջինը նմանվեին իրեն։ Սուբյեկտիվ կողմից՝ ուսումնասիրելով նրա ներքին և արտաքին կյանքը։
2․ Սակայն կատարելության և´ դրանում, և´ մյուսում կարելի է հասնել միայն մեկնության շնորհիվ։ Քանզի միայն ուսումնասիրելով հեղինակի ստեղծագործությունները կարելի է ծանոթանալ նրա բառարանին, նրա կյանքի բնույթին և հանգամանքներին։
20․ Հեղինակի բառարանը և պատմական դարաշրջանը կազմում են ամբողջություն, որի ներսում առանձին ստեղծագործությունները հասկացվում են որպես մասեր, իսկ ամբողջությունը, իր հերթին, մասերից։
1․ Կատարյալ իմացությունը մշտապես շարժվում է այս կարծեցյալ շրջանով, որի մեջ ամեն մաս կարող է հասկացվել միայն համընդհանուրից, որի մասն է կազմում, և՝ հակառակը։ Եվ ցանկացած իմացություն գիտական իմացություն է լոկ այն դեպքում, եթե այդպես է կազմված։
2․ Ասվածը ենթադրում է նմանում հեղինակին և դրանից բխում է նախ, այնքան ավելի լավ ենք պատրաստված մեկնության, որքան ավելի լավ ենք այն յուրացրել և, երկրորդ, որ ոչ մի մեկնվող առարկա հնարավոր չէ հասկանալ միանգամից, այլ որ ամեն նոր ընթրեցում հարստացնելով ունեցած նախաիմացությունը, բերում է մեզ ավելի լավ հասկացման։ Միայն աննշանակալիի մեջ ենք մենք բավարարվում նրանով, ինչը հասկացել ենք միանգամից։
21․ Եթե որոշակի բառարանի իմացությունը ձեռք է բերվում միայն հենց մեկնության պրոցեսում շնորհիվ բառագիտության և ցաքուցրիվ դիտարկումների, ապա ինքնուրույն մեկնությունը դառնալ չի կարողանա։
1․ Միայն անմիջական փոխառությունը լեզվի իրական կյանքից աղբյուր է տալիս բառարանի իմացության համար, որը հարաբերականորեն ազատ է մեկնություններից։ Հունարեն և լատիներեն լեզուների դեպքում մենք ունենք այդպիսինը ոչ բավարար չափով։ Ահա ինչու բառագիտությունից առաջին աշխատությունները հասել են մեզ նրանցից, ովքեր մշակել են ողջ գրականությունը։ Բայց հենց այդ պատճառով նրանք մշտական ուղղումների կարիք ունեն հենց մեկնության շնորհիվ և ամեն գեղարվեստական մեկնություն իր հերթին պիտի օգնի դրան։
2․ Որոշակի բառարանի տակ ես նկատի ունեմ հատուկ տեսակի բարբառ, փուլ և լեզվական բնագավառ, իսկ վերջինը նկատի ունեմ ելնելով պոեզիայի և արձակի միջև եղած տարբերությունից։
3․ Սկսնակը պիտի անի առաջին քայլերը՝ ձեռքի տակ ունենալով այդ օժանդակ միջոցները, սակայն ուրույն մեկնությունը պիտի հիմնվի միմիայն այդպիսի տեղեկությունների հարաբերականորեն ինքնուրույն հավաքման վրա։ Քանզի լեզվի բոլոր սահմանումները, որոնք կան բառարաններում և ամփոփոխ ձեռնարկներում ելնում են հատուկ և անհուսալի մեկնությունից։
4․ Հատկապես Նոր Կտակարանի վերաբերյալ կարելի է պնդել, որ դրա մեկնության անստուգության և կամայականության պատճառը թաքնված է մեծ իմաստով այդ թերության մեջ։ Որովհետև առանձին դիտարկումները հանգեցնում են հակադիր համաբանությունների։ – Ճանապարհը դեպի նորկտակարանային լեզուն սկսվում է դասական հնադարից, անցնում է հունամակեդոնական մշակույթով, հրեական առաջին գրողներով, որոնք են Հովսեփը և Փիլոնը, նորականոն գրքերով և Սեպտուագինտայով, որպես ամենաստույգ մոտեցում հրեական լեզվին։
(…)
22. Եթե անհրաժեշտ պատմական իմացությունները քաղվում են միայն պրոլեգոմեններից, մեկնությունը ինքնուրույն դառնալ չի կարող։
1․ Պրոլեգոմենների վիճակը քննադատական ապարատի հետ միասին մտնում է ամեն հրատարակչի պարտավորությունների մեջ, որը հավակնում է լինել միջնորդ։ Դրանք իրենց հերթին հիմնվում են միայն իմացության վրա այն ամենի, ինչը վերաբերում է գրականության շրջանակի տեքստին և նրան, ինչը առաջ եկավ տեքստի հեղինակի մասին հետագայում։ Ուրեմն իրենք մեկնության կարիք ունեն։ Բացի այդ այդ պրոլեգոմենները ուղղված են նրան, ու նախագծի մեջ աշխատանքը սկզբնաղբյուրի հետ բոլորովին չի մտնում։ Բարեխիղճ մեկնաբանը պիտի քիչ-քիչ քաղի ամեն ինչ հենց աղբյուրներից, ահա ինչու նրա աշխատանքը այդ տեսանկյունից շարժվում է առավել դյուրինից դեպի առավել բարդը։ Սակայն առավել վնասակար է այն կախվածությունը, երբ պրոլեգոմենների մեջ արվում են նշումներ, որոնք կարելի է քաղել հենց մեկնվող երկից։
2․ Ն․Կ․-ի վերաբերյալ այդ նախաիմացություններից կազմեցին մի ողջ բնագավառ՝ ներածություն։ Այն իրականում աստվածաբանական գիտության օրգանական տարր չէ։ Սակայն պրակտիկանում նպատակահարմար է, ինչպես սկսնակի, այնպես էլ ուսուցչի համար, քանզի դրա օգնությամբ ավելի դյուրին է միավորել բոլոր առնչվող հետազոտությունները։ Բայց նաև մեկնաբանը պիտի մշտապես նպաստի նրան, որ արդյունքները լինեն բազմանան և հստակեցվեն։
Հավելում։ Այդ նախաիմացությունները դրվագորեն հավաքելու և օգտագործելու եղանակներից կախված, գոյանում են մեկնության զանազան, բայց միևնույն ժամանակ միակողմանի դպրոցներ, որոնք իրենց ոճավորության համար արժանի են կշտամբանքի։
23․ Նաև առանձին տեքստի ներսում եզակին հասկացվում է ելնելով ամբողջից, ահա ինչու ավելի բծախնդիր մեկնությանը պիտի նախորդի ամփոփիչ ընթերցումը, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմվի ամբողջի մասին։
1․ Նա հիշեցնում է շրջան, սակայն նախնական հասկացման համար անհրաժեշտ է այնպիսի իմացություն ամբողջի մասին, որը ստացվում է լեզվի մասին ընդհանուր իմացությունից։
2. Վերնագրերը, որոնք կազմում է հեղինակը, չափազանց չոր են նպատակին հասնելու համար նաև տեխնիկական մեկնության կողմից, իսկ օգտվելով ամփոփումներից, որոնք հրատարակիչները տալիս են նաև պրոլեգոմենների համար, հայտնվում ես նրանց իսկ մեկնության իշխանության տակ։
3․ Գտնել առաջնորդող գաղափարներ, որոնք չափանիշ կլինեին մնացյալի համար, իսկ տեխնիկական կողմից գտնել հիմնական ուղին, որը կբերեր եզակիի հայտնությանը։ Դա անխուսափելի է ինչպես տեխնիկական, այնպես էլ քերականական կողմից, ինչը շատ հեշտորեն հաստատվում է չհասկացումների բազմազանությամբ։
4․ Աննշան դեպքերում դրանից հեշտ է հրաժարվել, իսկ դժվար դեպքերում դրանից, ինչպես երևում է, քիչ օգուտ կա, բայց դա այնքան ավելի անխուսափելի է։ Ընդհանուր ամփոփումներից նվազագույն օգուտը խրթին հեղինակների բնորոշ նշանն է։
Հավելում։ Ընդհանուր մեթոդաբանական կանոններ՝ ա) սկսել ընդհանուր դիտարկումից, բ) զուգակցել երկու ուղղությունները՝ հոգեբանականը և քերականականը, գ) միայն երբ դրանք հատվեն, կարելի է առաջ շարժվել, դ) եթե չեն համաձայնեցվում, հարկ է վերադառնալ, մինչև որ չգտնվի սխալը հաշվարկի մեջ։
Երբ մենք դիմենք մասնավորի մեկնությանը, ապա թեպետ պրակտիկայում մեկնության երկու կողմերն էլ միշտ կապված են, բայց տեսության մեջ դրանք պետք է բաժանել և խոսել յուրաքանչյուրի մասին առանձին, փորձելով շարժվել այնպես, որ երկրորդ կողմը չպահանջվի, կամ՝ ընդհակառակը, որ դրա արդյունքը դրսևորվի առաջինի մեջ։ Քերականական մեկնությունը նախորդում է։
Գերմաներենից թարգմանությունը՝ Սերգեյ Ստեփանյան