Հանս-Գեորգ Գադամեր. Էսթետիկա և հերմենևտիկա
Այդ ամենը հատուկ է նաև արվեստի լեզվին։ Իհարկե, խոսում է այստեղ ոչ արվեստագետը։ Կարելի է, իհարկե, հետաքրքրվել, թե իր ասածից ավելի ինչ է ուզում ասել արվեստագետը իր երկերից մեկում և ինչ է ուզում մյուս երկերում։ Սակայն արվեստի լեզուն ենթադրում է իմաստի ավելացում, որը տեղի է ունենում հենց երկի մեջ։ Դրա վրա է հիմնվում վերջինիս անսպառությունը, որը տարբերում է այն բովանդակության վերապատումից։ Այստեղից հետևում է, որ գեղարվեստական երկը հասկանալու գործում մենք չենք կարող բավարարվել հերմենևտիկայի այն փորձված կանոնով, որ այս կամ այն տեքստի կողմից հանձնարարված մեկնողական խնդիրը ավարտվում է mens auctoris-ով։ Ընդհակառակը՝ արվեստի լեզվի վրա հերմենևտիկական տեսակետի տարածումով պարզ է դառնում, թե որքան չի սպառվում այստեղ առարկան հեղինակի սուբյեկտիվ պատկերացումներով։ Այս հանգամանքն իր հերթին ունի սկզբունքային նշանակություն և տվյալ առումով էսթետիկան ընդհանուր հերմենևտիկայի կարևոր տարր է։ Նշենք դա որպես հետևություն։ Ամեն բան, որ նայում է մեզ ավանդույթի ամենալայն իմաստով, առաջադրում է հասկացման խնդիր և հասկացումը սկզբունքորեն համազոր չէ մեր մեջ ուրիշի մտքերի կրկնակի գործունությանը։ Սա համոզիչ պարզությամբ սովորեցնում է մեզ ոչ միայն արվեստի փորձը, ինչպես ասվեց վերը, այլ հավասարապես նաև պատմության հասկացումը։ Իսկապես, պատմության մեջ ներգրավված մարդկանց սուբյեկտիվ մտքերի, նախագծերի, հույզերի հասկացումը չէ պատմաբանի իսկական խնդիրը։ Պատմության մեծ ու իմաստավորված ամբողջը, որին միտված են հետազոտողի մեկնողական ջանքերը, ահա թե ինչն է պահանջում հասկացում։ Պատմության մեջ ներգրավված մարդկանց սուբյեկտիվ կարծիքները, հազվադեպ են լինում այնպիսին, որ ուշ պատմական գնահատականը հաստատի նրանց գնահատականը ժամանակակիցների կողմից, եթե ընդհանրապես լինում են։ Իրադարձությունների նշանակությունը, դրանց խճճվածությունը և դրանց հետևանքները, ինչպես որ դրանք պատկերվում են պատմական հետահայաց դիտման մեջ, նույնպես իրենց հետևում են թողնում mens auctoris-ը, ինչպես որ այդ mens auctoris-ը իրենց հետևում են թողնում գեղարվեստական երկի փորձը։
Գեղարվեստական երկի համապարփակությունը համընդգրկուն է: Երբ ես մի անգամ ձևակերպեցի[2]․ գոյությունը, որը կարող է հասկացվել, լեզու է, ապա դա ոչ մի դեպքում մետաֆիզիկական թեզ չէր, այլ նկարագրություն, հասկացման կենտրոնից, այստեղ բացվող տեսադաշտի անսահման լայնությունից։ Կարելի է, իհարկե, հեշտությամբ ցույց տալ, որ ամբողջ զգայական փորձը բավարարում է այս թեզին, ինչպես, ասենք, բնության փորձը։ Ի վերջո Գյոթեի համապարփակ դիտարկումը, որ ամեն ինչ սիմվոլ է, նշանակում է, որ ամեն բան ցույց է տալիս մեկ ուրիշ բան, ներառում է իր մեջ հերմենևտիկական մտքի համընդգրկուն ձևակերպումը։ Գյոթեի «ամենը» խոսում է յուրաքանչյուրի և բոլորի մասին ոչ թե այն, թե ինչ է այն, այլ ինչպես է ներկայանում մարդկային հասկացմանը։ Չկա ոչինչ, որ ոչինչ չասեր մտքին։ Բայց այստեղ թաքնված է ուրիշ մի բան․ սա չի վերաբերում մեկ որոշակի նշանակությանը, որով իրը շրջված է դեպի մարդը։ Սիմվոլիկի գյոթեական հասկացության մեջ հավասար չափով ներառված են թե´ բոլոր իրերի աներևութությունը, թե´ եզակիի որպես ամբողջի փոխարինող ֆունկցիան։ Քանզի միայն այն պատճառով, որ գոյության ամենաթափանցությունը թաքնված է մարդու աչքից, այն բացահայտվելու կարիք ունի։ Որքան էլ համապարփակ լինի հերմենևտիկական միտքը, որ առկա է Գյոթեի ասույթում, մի կարևոր իմաստով այն գտնում է իր արդարացումը միայն արվեստի փորձում։ Իսկապես, գեղարվեստական երկի լեզուն ունի այն տարբերակիչ հատկանիշը, որ առանձին երկը կենտրոնացնում է իր մեջ և արտահայտում է սիմվոլիկ գծերը, որոնք, ինչպես սովորեցնում է հերմենևտիկան, հատուկ են համայն գոյին։ Համեմատելով այն ամեն ուրիշ բառային և ոչ բառային ավանդույթի հետ, դրա մասին կարելի է ասել, որ ցանկացած ներկա ժամանակի համար այն համարվում է բացարձակ ներկա՝ բերելով այդկերպ իր խոսքը ամեն ապագայի։ Վստահելի ինտիմությունը, որով մեզ հուզում է արվեստի երկը, միևնույն ժամանակ խորհրդավոր եղանակով սովորականի սասանումն ու քանդումն է։ Ուրախ և ահեղ սարսափի մեջ այն ոչ միայն բացահայտում է հին ճշմարտությունը՝ «այդ դու ես»,- այն նաև ասում է մեզ․ «դու պե´տք է փոխես քո կյանքը»։
Գերմաներենից թարգմանությունը՝ Սերգեյ Ստեփանյան
[1] Այդ իմաստով «Ճշմարտության և մեթոդի» մեջ , 71, ես քննադատում եմ էսթետիկականի Կիրկեգորի հասկացությունը (շարժվելով նրա ճանապարհով)։
[2] «Ճշմարտություն և մեթոդ», S. 450։