Երկխոսություն գեղանկարիչների հետ
Կորին Հյուբներ-Բեյլ*
(* Դասավանդում է Բրեստի համալսարանում։ Հրատարակել է Պիեռ Ռևերդիի մասին աշխատություն՝ “Une poétique de la marge”, éd. Champion-Slatkine, 1993)
Բանաստեղծի մշտական երկխոսությունը ամենամեծ արվեստագետների հետ նրա ստեղծագործությունը վերածում է արարման հասկացության վերաբերյալ իր համարժեքը չունեցող խորհրդածության վայրի։ Թվում է, թե գեղանկարիչների ու բանաստեղծների երկխոսությունը XX դարի էսթետիկայի ամենանշանակալի երևույթն է, բայց թերևս նման «բարձրակարգ զրույցներ» չեն եղել մինչև Ռընե Շառի ստեղծագործությունը։ Քանզի բազում են միմյանց հետ համագործակցած, փոխհարստացրած արվեստագետները և, ընդհակառակը, սակավ նրանք, որոնց խոսքը իմաստավորվել է մյուսի հետ նման տևական շփումից, և այն էլ ունենալով մարդկանց այնպիսի լայն ընտրություն, որ նրանց կոչել է «իր էական դաշնակիցները»։ Առաջին իսկ ժողովածուից («Զանգեր սրտի վրա») Ռընե Շառը բացում է իր պոեզիան կերպարվեստագետ Լուի Սերրիեր-Ռընուի հայացքի առաջ, որը 1928թ. գիրքը համալրում է գծանկարներով։ Սյուրռեալիզմի ոլորտում այնուհետև կգան նրա ամենաականավոր ժամանակակիցները՝ Դալին («Արթին և այլ բանաստեղծություններ», 1930թ.), Կանդինսկին («Անտերունչ մուրճը»,1934թ.), սակայն պոեզիայի ու գեղանկարչության զուգակցումը կշարունակվի նրա ողջ կյանքի ընթացքում դարի նշանավոր գեղանկարիչների համագործակցությամբ. Մատիս («Փոշիացած պոեմ», 1947թ.), Միռո («Ծառերի ու որսորդի տոնը», 1948թ.), Ստալ («Բանաստեղծություններ», 1952թ.), Բրաք («Lettera amorosa», 1953թ.), Պիկասսո («Ֆլորայի սանդուղքը», 1958թ.). Ջակոմեւոաի («Վերադարձ դեպի վերին հոսանք», 1965թ.), Վիեյրա դա Սիլվա («Յոթ դիմանկար», 1975թ.), եթե չթվարկենք նաև այն մի քանի ժողովածուները, որոնց վրա բանաստեղծի հետտ հաճախ բազմիցս աշխատել է միևնույն նկարիչը (Միռո, Բրաք, Պիկասսո)։ Հարկ կլիներ ավելացնել նաև շատ ու շատ անուններ՝ Արպադ Սցենես, Վիֆրեդո Լամ, Ցաո Վու-Կի, Պիեռ Շարբոննիե, Մաքս էռնստ. Ժան Հյուգո, Անրի Լորան, մինչև իսկ Ալեքսանդր Գալպերին «Լույս աշխարհ ելած մահարձանի» (1987թ.) և մահվանից հետո «Ներբող առ կասկածյալ մի կնոջ» վերջին ժողովածուի՝ համար նկարազարդված քսանյոթ վիմագրություններով և «տասներեք սկզբնատառերով։
Համագործակցության ձևերը բազմաթիվ են. ժողովածուն ամբողջությամբ է տրվում նկարչի երևակայությանը. մեկ այլ անգամ՝ միայն մեկ կամ մի քանի բանաստեղծությունը կամ նույն ժողովածուն ժամանակի մեջ և բարեկամների ցանկությամբ առաջարկվում է մի քանի արվեստագետների (ինչպես «Անտերունչ մուրճը»՝ Կանդինսկուն 1934թ., Պիկասսոյին 1945թ. և Միռոյին 1975թ.)։ Շառը կդառնա հազվագյուտ հրատարակությունների, փոքրածավալ գործերի. բացառիկ երկերի առաջամարտիկը շնորհիվ ալեսցի հրատարակիչ-արհեստավոր Պիեռ-Անդրե Բենուայի («PAB») կամ “Cashier d’Art”–ի հիմնադիրներ Քրիստիան և Իվոննա Զերվոսների գործակցության, որոնց միջոցով բանաստեղծը կապ կհաստատի ժամանակակից շատ նկարիչների հետ։ Բացվում են այդ հրատարկված հրաշալիքների բազում ցուցահանդեսները. «Մեթ» հաստատության կազմակերպած ցուցահանդեսը Սեն-Պոլ-դը-Վանսում 1971թ.. որը նույնությամբ ցուցադրվում է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում (ինչը 1974թ. ծնունդ տվեց «Արվեստի աշխարհը ներումի աշխարհ չէ» գրքին), ցուցահանդես Պապերի Պալատում 1990թ., չհաշված 1980թ. Ազգային գրադարանում նկարազարդ ձեռագրերի ցուցահանդեսը, ձեռագրեր, որ առաջին անգամ տրամադրել էր բանաստեղծը։ (Այդ միջոցառումների վկայությունն են կատալոգները։) Ռընե Շառը չի շահարկել պոեզիայի և նկարչության այդ երակը հրատարակչական նպատակների համար, եթե նույնիսկ թանգարաններն ու նկարահավաքները իրենց վայելքն են գտել նրա գանձերի մեջ (Կամպրեդոն հյուրանոցի շատ թանկարժեք թանգարան-գրադարանում. տխուր իրողություն, որից կվիրավորվի բանաստեղծը իր կյանքի վերջին տարիներին)։ Իր աշխատասենյակի գաղտնարանում նա պահում էր այն ձեռագրերը, որ կարդացել ու սիրել էին նկարիչները, և առաջին տեղում դարձյալ Խուան Միռոն էր («Ցասում և խորհուրդ» բանաստեղծությունների համար, 1948թ.), Ֆեռնան Լեժեն («Արևի շողի մեջ քայլող մարդը», 1949թ.), Լուի Ֆեռնանդեսը («Տրանսպարանտներ», 1949թ.), Վիկտոր Բրոները («Օգնություն կամ ոչ», 1950թ.), Պիեռ Շարբոննիեն («Չորս հիացնողներ. Ջանադիր կինը», 1950թ.), Վիֆրեդո Լամը («Օձի կենացը», 1952թ.), ժան Արպը («Երկրային դրասանգ», 1952թ.), ժակ Վիյոնը («Չմնացող բարեկամուհին», 1954թ.), Ժան Հյուգոն («Անզարդ գիշերվա մասին», 1957թ.), Ժոզեֆ Սիման («Մենք ընկնում ենք», 1963թ.), Դընիզ էստեբանը («Կորած մերկությունը», 1978թ.), ինչպես նաև Ալբերտո Ջակոմետտին, Մարի-էլեն Վիեյրա դա Սիլվան, Ժորժ Բրաքը, Պաբլո Պիկասսոն, Անրի Մատիսը։ Նկարազարդված ձեռագիրը հասնում է Միջնադար. «Գոսացած տան դեմ» գործում բանաստեղծը հիշատակում է մանրանկարիչ ժան Ֆուքեին (XV դ.) նկարիչներ Լասկոյի, Կարպաչչոյի և Պուսսենի կողքին։ Ընդգծենք՝ բազմանշանակալից է այն, որ պատերազմից հետո է միայն (երբ Դիմադրությունը հիմնականում կարևորում է ձեռագրերը, գրությունը, տոմսակներն ու արյան իրենց ողջ ուժով ծանրացած բառերը) Շառը անձնատուր լինում դրանց, որոնց միանում է նրա սքանչելի գեղագրությունը բարեկամների ձեռքով։
Այս ուշադրությունը նյութին ամենամոտ գտնվող նկարչությանը, – քանզի արվեստն անշնորհակալ պայքար է, – նրան մղում է ստեղծագործական աշխատանքի արթուն գիշերներին։ Այսպես նա մշակում է «Անքնության նոթատետրը» (1955-1958)՝ բաղկացած թղթի կամ կեչու կեղևների վրա, որ ինքն էր համբերատարորեն չորացրել, տուշով, գուաշով արված հիսուներկու գործերից։ Այդ աշխատանքների մեծ մասը վերատպվեց 1972թ. «Թալիսմանային գիշերը» ժողովածուում, Ժնևում Սկիրայի հրատարակած «Արարչության շավիղները» մատենաշարով։ Դրանք զուգորդված էին բանաստեղծություններով կամ բանաստեղծական առանձին հատվածներով (որոնցից մի քանիսը գրված էր հենց նկարների վրա), տարբեր ժողովածուներից արված քաղվածքներով։ Սա նշանակում է շարունակական անցում նկարելու գործից գրելու գործին խոսքի այնպիսի հայտնությամբ, որին չի նախորդում որևէ իմացություն։ Եվ քանի որ բանաստեղծությունը, գծանկարը կամ գեղանկարը, իրականի ամենայն պատկերացումից հեռու, ճշմարտության կարգից ազատ են արձակում մի հիմնական էներգիա, ուստի երկը բառացիորեն ստեղծում է մի ամբողջական աշխարհ՝ պատառ առ պատառ դուրս բերված «մարդկանցից ու իրերից ամեն օր մերժվող իրականությունից, որի «ցամաքած հատվածները միայն այստեղից-այնտեղից» ձեռք է բերում արվեստագետը «անշնորհակալ պայքարի վերջում»։
Խոսքը բնավ նկարազարդման մասին չէ։ Բանաստեղծությունը կամ նկարը այդ ճշմարտության մասնիկներն են, ճշմարտություն, որին չի կարելի հասնել ոչ մեկ այլ տեղ կամ ոչ մեկ այլ կերպ։ Եթե կա կապ, ապա ոչ դիմախոսության կամ այն բանի մեջ, ինչը հասկանալի ներկայանում է աչքին։ Քանզի Շառի պոեզիան պահանջում է բացարձակ ու դաժան ուշադրություն՝ խիստ հեռու սյուրռեալիստական անպատեհ ու սքանչելի մերձեցումներից, ամբողջովին փակ իր իսկ ակնհայտության հանդեպ կամ, ընդհակառակը՝ բաց անլուծելի հարցի առջև (շատ քննադատներ են դա նկատել), դա այն պոեզիան է, որը նկարչության նման միավորում է ինտելեկտն ու զգայասիրությունը, հույզն ու խորհրդածությունը, անձկությունն ու անխռովությունը։ Որոշ համագործակցություններ մեզ խռովալից ու զգոն են պահում այն հարցերի միահյուսվածքին դեմ հանդիման, որ առաջ են քաշում նկարիչն ու բանաստեղծը ի պատասխան մեր սեփական հարցադրումների։ Սակայն դրանք այն պատասխանները չեն, որ այդ գրքերը իսկապես տալիս են մեզ։ Ամեն արվեստագետ հետևում է իր անհանգիստ ուղուն, եթե նույնիսկ ավարտուն գործը կազմում է անխռով ամբողջություն։ Պարզ է, որ եթե Շառը իրեն իրավունք է վերապահում առաջարկված գծանկարը աչքի անցկացնելու (նրա կապը PAB–ի հետ երբեմն տեղի է տալիս քննադատությունների, խիստ պատեհ ցանկությունների), ապա նկարիչը չունի այդ հնարավորությունը բանաստեղծության կապակցությամբ, որ առաջարկվում է նրան ինչպիսին որ այն կա՝ ինքն իր մեջ ներփակված ամբողջականությամբ, և ընթերցանությունը ծավալվում է մեր սրտում արթնացած արձագանքին համապատասխան։ Ահա ինչու հենց սկզբից մարդ այն զգացումն է ունենում, որ ամեն ոք շարունակում է իր երազը, պարբերաբար կրկնվող սեփական թեմաների կամ պատկերների զարգացումը, սա մասնավորապես ակնբախ է Ջակոմետտիի, Միռոյի կամ Պիկասսոյի պարագայում։