Ռուբիկոն

Երկխոսություն գեղանկարիչների հետ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եվ սակայն, համանմանություն փնտրելու մերժման մեջ անգամ ծնվում է հրաշքը։ Այսպես, 1951թ. Նիկոլա դը Ստալը «Փոշիացած պոեմից» ընտրում է տաս­ներկու տեքստ և ամբողջ ամառ լծվում փայտի վրա տասնչորս սև և մեկ գունավոր վիմագրությունների ստեղծմանը։ Այսպես են ծնունդ առնում «Բանաստեղ­ծությունները», որոնք նույն ձմռանը ցուցադրվում են ժակ Դյուբուրի փարիզյան պատկերասրահում։ Ան­հասանելի իրականության սևեռուն առեղծվածը ակնհայտ է նկարչությունն իր ամենատարրական, երկրաչափական ձևին հանգեցնող սև բծերի խորհրդավոր ու հզոր դասավորության մեջ. նյութի պայքար ընդդեմ դատարկության ու լռության, այս վերջինը նույնիսկ ինքնասպանության կհասցնի նկարչին 1955թ. մարտին։ Առաջին ուսումնասիրու­թյունը, որ Ռընե Շառը նվիրում է արվեստագետին, պարզապես կրում է «Ստալի փայտը» խորագիրը. այն մատնանշում է, որ այդ փորագրանկարները այս երկու մարդկանց համար վկայությունն են այն անհուն խոր կնիքի, որ մի ժամանակ բացահայտեցին նրանք Հիմալայներում։ «Միաժամանակ երկնքում ու երկրում աքսորական» այդ երկու ընկերները (երկուսն էլ հսկա­ներ) իրենց ընդհանուր թափառումների ընթացքում մտածում էին «Ձյուներից նողկալին» բալետի մասին, որի համար նկարիչն ուսումնասիրում էր դեկորներ ու զգեստներ, մինչդեռ բանաստեղծը գրում էր լիբրետտոն։ Երաժշտության պակասի պատճառով (Դալլապիկոլլան, Ստրավինսկին, Մեսսիանը հրաժարվում են առաջարկից) այդ ծրագիրը չի իրականանում։ Մնում է միայն չափազանց սերտ բարեկամությունը, որն ընդհատվում է նկարչի վաղաժամ մահով։ Նրա հոգում ապրող և նրան կործանող կիրքը երևան է գալիս «Կինաբարիս» (նրա սիրած գույնը) և «Libera II» բանաստեղծություններում։ Հակադրություններից, փխրուն հավասարակշռությունից, տանջալից անկա­յունությունից ստեղծված Ստալի նկարչությունը բա­նաստեղծության նման ձգտում է մոտենալ «անհայտին ու աստղերի կայսրությանը»։ Ըստ «Բոի տե­ղեկագրի» Դժոխքի հովտի վրա իշխում է քարուքանդ դղյակով այդ գյուղը, «Ապագայով օժտված ավե­րակները, այդ անկապ ավերակները, ֊քանի դեռ չես եկել այնտեղ, ո՜վ լիացած մարդ, – իրենց բեկորներից գալիս են դեպի քո սերը։ Այսպես է իրեն հուսալի ու քո վրդովեցուցիչ անճարակությունից դուրս ելած տես­նում թագավորությունն ամփոփող վարդը»։ Սա Ստալի ընտրած բանաստեղծություններից մեկն էր, գեղեցիկ գրությունը բանաստեղծի, որը փորագրում է կիկլոպյան ժայռերի վրա միստրալի հնարած ժանյակ­ները. «Մոտենում եմ քո սև թանաքե սփռոցին, Ռընե՛։ Մենք արժեքավոր ուղու վրա ենք։ Խորհիր իմ մոլուցքների, ինչպես և իմ նկատառումների մասին», – կգրի նկարիչը բանաստեղծին։ Նրա մահից տասը տարի անց Շառը կտա վերջնական ձևավորումը. «Ստալը նկարեց։ Եվ եթե նա իր լիահոժար կամքով վաստակեց այդ դժվարին հանգիստը, ապա մեզ շնորհեց անսպասելին, ինչը ոչինչ պարտական չէ հույսին»։ Հիշատակելով նկարչական գործերը՝ բանաստեղծը երբեք չի փորձում քննադատությամբ զբաղվել։ Նախ բանաստեղծություններն են, որ ձև են տալիս հույզին, դա է հենց «Կորոյի և Կուրբեի իտալուհին. խիճ ջարդողները» (այն ոչնչացավ 1945թ. փետրվարին Դրեզդենի ռմբակոծության ժամանակ)։ Այղ բանաստեղծությունները լույս տեսան “Cahiers d’Art-ում 1938թ.։ Դրանք ոչ թե նկարների մեկնաբանություններ են, այլ ավելի շուտ մարդկային կացության վերաբերյալ ստեղծագործությունների առաաջ քաշած հարցադրումներ։ Նույնը կլինի և ցուցահանդեսների կատալոգների առաջաբանների պարագայում, որոնք նա բարեկամաբար շարադրում է ժամանակակից գեղանկարիչների համար, առանց տեխնիկային կամ արվեստի պատմությանն անդրադառնալու մտահոգությունն ունենալու, անչափ ճիշտ ինտուիցիայով և դիտողի վրա կտավի ազդեցությունը ամենախորքից դուրս բերող մոգական ձևակերպման բարձրագույն իմաստով։ Նա ժողովում է իր էսսեները (թեև բառը չի համապատասխանում լուսեղեն ու «ժայթքող գյուտերին) «Սեղմ արվեստ» հատորում 1950թ. այնուհետև 1955թ. սկսած «Հիմքի և գագաթի որոնումների» հրատարակություններում և վերջապես 1979թ. «Ննջող պատուհաններ և երդիկ՝ տանիքին» ժողովածուում։

Որոշ գործերի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը մշտառկա է մնում իր ողջ կյանքի ընթացքում։ Դրանց թվին է պատկանում Պիկասսոյի ստեղծագործությունը, որի հետ, սակայն, նա ոչ թե մտերիմ էր, այլ ավելի շուտ ընդհանուր բարեկամական կապ ուներ, մոտ էր էլյուարին։ 1936թ. լույս է տեսնում «Կախում հրաժեշտից» ժողովածուն, որի ֆրոնտիսպիսում տեղ էր գտել նկարչի մի գծանկարը, այնուհետև 1939թ. “Cahiers d’Art”–ում տպագրվում է մի բանաստեղծություն ընդդեմ Իսպանիայի պատերազմի, մի նոր գծանկարի զուգակցությամբ։ «Անտերունչ մուրճի» վերջնական տարբերակը «Առաջին ջրաղացի հետ» լույս է տեսնում Պիկասսոյի՝ չոր ասեղով արված չորս փորագրանկարներով։ Վերջինիս դուր էր եկել գիրքը, և նա կամեցել էր իր մասնակցությունը բերել։ Մի իսկական համագործակցություն կկայանա Պիեռ-Անդրե Բենուայի շնորհիվ, որին Շառը հանդիպել էր 1954թ.։ Նկարչի դիմակների նման փորագրանկարները տեղ կգտնեն «Ֆլորայի սանդուղքը» (1958թ., մայիս), «Ինչու՞ է թռչում օրը» (1960թ., հուլիս) և «Տրանսպարանտներ» (1967թ.) ժողովածուներում։ 1965թ. Իվոննա Զերվոսի համար Պիկասսոն նկա­րազարդում է «Վաղորդայնների շիկնանքը», 1966թ. Ալբիոնի սարահարթում միջուկային մի գործարանի տեղակայման դեմ ազգագիրը միավորում է նկարչին ու բանաստեղծին («Պրովանսը Օմեգա չէ»), 1967թ. Պիկասսոն Դալիից հետո դարձյալ նկարազարդում է «Արթին և այլ բանաստեղծություններ» ժողովածուն։

Իր կողմից Ռընե Շառը մի քանի տեքստ է նվիրում Պիկասսոյին. բանաստեղծություններից բացի («Տա­րեդարձ» և «Թաղման դիմակ») 1939թ., «Փրկության հազար տախտակները»։ Այս վերջինը 1969թ. իբրև առաջաբան զետեղվում է գծանկարների գրքում, թեև բանաստեղծի ոգին չէր փոխվել։ Այդ խորհրդա­ծությունը շարունակվում է «Պիկասսոն էտեզիական քամիների ներքո» գրվածքում (1973թ.)՝ նկարչի մահ­վան տարին Ավինյոնում բացված ցուցահանդեսի կատալոգի առաջաբանում (այն վերստին տեղ է գտնում «Ննջող պատուհաններ և երդիկ՝ տանիքին» ժողովածուում, 1979թ.)։ Բանաստեղծի աչքում նկարիչը մարմնավորում է ստեղծարար էներգիան՝ անհետացած աստվածների էներգիան։ Դոն Ժուանի նման նա «կոպտացնում է սրբազանը», «կատաղի կործանարար» գործում՝ անկեղծորեն վճռելով բռնել իր զոհին «հրահրիչ ու հաղթանակող» խիզախու­թյամբ։ Մեր դարաշրջանը դարանակալող ֆրանկոյականությանը, նացիզմին և ամենայն ամբողջատիրությանը Պիկասսոն պատասխանում է «սքանչելի մարդասպանի» նման։ Նա հենց արյունահեղ դարի մարմնացումն է, «այն նկարիչը, որ լավագույնս և գրե­թե առանց այլաբանությունների արտահայտեց ժա­մանակի այս հրաբորբոք մասնատումը, որ երբևէ եղել է Պատմության ավանդից ի վեր»։ Այդ թունավորու­թյունը կարող էր միայն գայթակղել մարտնչող բա­նաստեղծին՝ մինչև իսկ ենթարկվելով ամենագոյութենական վտանգին անգոյության դեմ սեփական պայքարում։

Կարդալ նաև