Երկխոսություն գեղանկարիչների հետ
Երկար տարիներ է ձգվում բանաստեղծի խորհրդածությունը Բրաքի ստեղծագործության շուրջ։ Նյութերը ժողովվում են «Նկատի ունենալով Ժորժ Բրաքին» խորագրով «Հիմքի և գագաթի որոնումներ» հատորում։ Հարկավոր է մասնավորապես վերստին կարդալ «Վիտրաժի ներքո» երկխոսությունը, որտեղ իրերի նկատմամբ նկարչի ուշադրությունը նրան մղում է ազատել դրանք իրենց պատահական կերպարանքից՝ իրականին ավելի լավ միացնելու համար, քանզի «նկարել չի նշանակում պատկերել», ինչպես շեշտել է բանաստեղծը մի այլ տեղ (1952թ. հրատարակված «Օր ու գիշեր» գրառումների ժողովածուում, որ կազմել էր Բրաքը Շառի հետ ծանոթանալուց շատ առաջ)։ Բանաստեղծի համար «Բրաքը այն մարդն է, որ մեր ձեռքերը դնել կտա մեր աչքերի վրա, որպեսզի սովորեցնի ավելի լավ նայել և առավել հեռուն տեսնել՝ անցնելով պատմական դեպքերի ու գերեզմանների գիծը»։ «Անուղղելի շուրթերում» Շառը զուգակցում է Բրաքի նկարներին՝ ներողություն խնդրելով իր անհաջող, հաճախ ասույթային մեկնաբանությունների համար («Մնում է երկնայինը, սպանվածը» «Աղավնիով նատյուրմորտի» համար)։ Նման զորեղ բարեկամությունը կարժևորվի այս երկու մարդկանց սքանչելի համագործակցությամբ՝ նույնքան քնարական, որքան որոշակիորեն ինտելեկտուալ, նրբին լրջությամբ, Կեցությամբ մտահոգ, որի վկայությունն է «նկարազարդված» գործերի ընտրությունը՝ «Ջրերի արևը» 1949թ., որտեղ նկարիչն արծարծում է թռչնի մոտիվը, «տեսարան ձկնորսների կտավի համար» Պետրարկայի նշանի տակ և «Lettera amorosa» Մոնտևերդիի հովանու ներքո, որ լույս է տեսնում Բրաքի մահվան տարին՝ 1963թ., խորհրդավոր ու խորին համաձայնությամբ, որտեղ «անակնկալների իսկ կարգավորությունը տրամաբանություն է մատնանշում» ըստ Ժորժ Բլենի (Փարիզի ժամանակակից արվեստի և «Մեթ» հաստատության ցուցադրության կատալոգում 1971թ.):
Ռընե Շառին գրավել են այլ արվեստագետներ ևս։ Հարկ կլիներ դարձյալ հիշատակել Մարի-էլեն Վիեյրա դա Սիլվային, նկարիչ, որ զբաղվել է քաղաքների թեմայով, արտաքին տարածությամբ՝ հետագայում գրադարանների հետ միասին անցնելու համար ներքին տարածքների, նա իր հարգանքի տուրքը կմատուցի Շառին մի նկարում, որտեղ երևան կգան ժողովածուների խորագրերը։ Նրա ստեղծագործության սուր գծայնությունը, պատկերված մակերեսի մասնատումը, փախչող բազմաթիվ գծերը, – ամեն բան ինչ-որ ձևով հիշեցնում են ձեռագիր, ընդգծում, որ նկարը բանաստեղծության էջի նման կարդալու համար է։ Նրան նվիրված գրվածքները, մասնավորապես «Նորովի շնորհակալությունը» «Վաղորդայններ» ժողովածուում (1955-1957թթ.), «Հրդեհված գրադարան» խորագրով բաժնում (որի սկզբում զետեղված բանաստեղծությունը ձոնված է Բրաքին) ունեն ամենայն մեկնությունից խիստ տարբեր ասույթային բնույթ «այս բանտային խելահեղ աշխարհում» մարդու կայացման վերաբերյալ, այսպես «Ցածրանիստ գիշերվա ու հալածանքների երկիր» (III) կամ «Աստվածները վերադառնում են, ընկերնե’ր» (V)։ «էական դաշնակիցներում» Շառը կհուշի, որ այդ նկարներում «մենք կռվի մեջ ենք մեր իսկ խորհրդի, անըմբռնելի շիկնանքի ու ագահության հետ», հավաստելով, թե որքան է իր հայացքը ներքնայնացված գեղանկարչության առումով։
Քանզի շատ հաճախ նկարչի աշխատանքի դիտարկումը մի տեսակ խորհրդածելու ձև է պոեզիայի մասին, ուստի արարումը շփոթվում է նույն մղման մեջ։ Մի՞թե հարցը չի վերաբերում գրությանը, երբ նա ասում է Միռոյին. «Ծանոթ բան է նկարչի ձեռքի թափ տալը ակունքների այդ ձգողականության վրա, որը դրանց աստիճանական հայտնությամբ շեղում է պատկերներն իրենց նպատակից։ Շնչավորված այն մղումից, որ ներառում է իր մեջ, պատկերները սեղմվում են իրար։ Եվ պարզեցման մեջ, որին ենթարկվում են նրանք ու որը դեպի ակունքները վերադարձի ուտոպիական հարստությունն է, ուստի ծայրագույն թևը, մի ուժ, ամենաներքին ու շաղկապման մի ուժ այդ պատկերները վերցնում է իր վրա»։ ճիշտ նույնն է բանը Ժորժ դը Լա Տուրի պարագայում, որին հայտնաբերել էր Շառը 1934թ. ցուցահանդեսի ժամանակ և որի «Բանտարկյալը» ուղեկցելու էր բանաստեղծին Սերեստի Դիմադրության իր P.C.-ի պատին («Հիպնոսի թերթիկներ 178»)։ Բանաստեղծը արտասովոր կերպով մոտեցել էր Հերակլիտին «Ցասում և խորհրդի» «Ձևական բաժանում» բաժնով, ուր տեղ են գտել հանրահայտ ասույթներ պոեզիայի մասին («Բանաստեղծը միակողմանի կայունության մարդն է», «Ապացույցների յուրաքանչյուր փլուզմանը բանաստեղծը պատասխանում է ապագայի համազարկով»). գեղանկարչության կամ բանաստեղծության թռիչքը համապատասխանում է մեր կայացմանը անհամաձայնությունից կամ լույս ու մութից ստեղծված ներդաշնակության շնորհիվ։
Վերջապես, 1985թ. «Վան Գոգի հարևանները» ժողովածուն դառնում է բացառիկ երևույթ (առաջին հրատարակությունը զարդարված է Գալպերինի մի գուաշանկարով)։ Այստեղ չկա գեղանկարչության ոչ մի մեկնություն, ավելի շուտ առկա է մի եղբայրություն բնանկարում և մոտալուտ մահվան մեջ։ Ժողովածուի բանաստեղծություններին զուգակցող տեքստը (բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը, սակայն, ակնարկ են նկարների մասին, այսպես, «Ձկնորսական նավեր Սենտ-Մարի-դը-լա-մերի ափին» նկարը գրքի սկզբում դրված բանաստեղծության մեջ, «L’avant-Glanum»-ը, խորագիր, որ հիշեցնում է Սեն– Ռեմին. տեղի հոգեբուժարանում էր գտնվում Վան Գոգը) վկայակոչում է հուսահատության մեջ ծնված այդ համերաշխության մասին, «ճպուռի փորով այդ երկիրը հաղորդակցվել է մեզ հետ ձեռքի ու բռունցքի միջոցով։ Ի՞նչ հնոցից և ի՞նչ դրախտից է հայտնվել Վան Գոգը։ Եվ ի՞նչ գերագույն տառապանքով է իրագործել այդ խճաքարերը, խրճիթները, ցորենի դաշտերը, այգիներն ու գետը։ Նրբակերտ նկարներ։ Տարիներ անց, բազում դժբախտությունների ճաղերի մեջ սեղմված իմ կյանքն ինձ հալածում էր նման բնության մեջ։ Ես տարբերում էի այդ կյանքը և դրա փոխանակությունն էի զգում Վինսենթի աչքերի խորքում. մինչդեռ այդ աչքերը իրենց ճշմարտությամբ, իրենց նոր ծաղիկներով հարստացնում էին չխաղացված ու հալչող ձյունից մեռած իմ աչքերը»։ Անկարելի է իբրև արձագանք չլսել Վինսենթի նույն բառերը ուղղված Թեոյին. «Չես կարող միշտ ասել, թե ինչն է փակում, պատնեշում, ասես թաղում քեզ, բայց և այնպես զգում ես ինչ-որ արգելք, պատնեշ, պատեր» (1880թ. հուլիսի նամակ)։ Իր վերջին ժողովածուներում բանաստեղծը ազատություն կտա մի անչափելի տխրության՝ նման Վան Գոգի վերջին նկարին: Եթե «բառերը, որ ծնվելու են, գիտեն մեր մասին այն. ինչ մենք չգիտենք իրենց մասին», ապա նրանք բացահայտում են վերջին գիտակցման ողբերգական մոտեցումը, քանզի բանաստեղծի համար մահը հաղթահարելու միակ ձևը արարելն է։ («Մենք մահվան հանդիման միայն մեկ միջոց ունենք՝ արվեստ ստեղծել նախքան նրա գալը»։) Բանաստեղծական ակտը բյուրեղացնում է մեր արցունքները, նրանց հաղորդում ձև ու լքվածություն և այդ պահի մեջ մեզ պարգևում «ջղաձիգ անխռովություն»։ Քանզի բանաստեղծությունը տագնապ է, «արևին ամենամոտ վերք»: Արվեստագետը բացում է մեր աչքերը այդ վնասվածքի վրա, որին չի առաջարկված ոչ մի ապաքինում, սակայն մեր մենության ու մահվան դաժան գիտակցությունը առավել գեղեցիկ է դարձնում մեկ ուրիշի տառապանքը կիսելու՝ այդ պարբերական ու բացառիկ գործակցության հնարավորությունը։ Միթե դա չեն նշանակում այն հուզիչ գործերը, որտեղ կարելի է կարդալ դարի ամենամեծ բանաստեղծներից մեկի զարմանալի ու լուռ երկխոսությունը իրեն համազորների, իր «պարտեզի ընկերների» հետ, որ գուցե միակն են նրա անչափելիության համեմատ։