Ռուբիկոն

Պիկասսոն խոսում է

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պիկասսո

Պիկասսոն խոսում է, 1923

Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին հառած անընդհատ փնտրում է երջանիկ պատահականությամբ իր ճանապարհին հայտնվելիք դրամապանակը: Մեր հետաքրքրությունը շարժում, եթե չասենք` հիացմունքի է արժանանում ինչ-որ բան գտնողը, և էական չէ, թե ի՞նչ է գտածը, կամ թե արդյո՞ք նախապես ուներ փնտրելու մտադրություն:

Ինձ վերագրվող բազմաթիվ մեղքերի մեջ ոչինչ ավելի կեղծ չէ, քան ենթադրելը, թե փնտրտուքի հակումն է աշխատանքիս ամենակարևոր խթանիչը: Նկարում եմ ցույց տալու համար, թե ինչ եմ գտել, ոչ թե այն, ինչ փնտրում եմ: Արվեստի մեջ մտադրությունը բավարար չէ, և ինչպես իսպանացիներս ենք ասում` սերը պիտի ապացուցվի փաստերով, ոչ թե բառերով: Արդյունքում կարևոր է, թե ինչ ես անում, ոչ թե` ինչպիսի մտադրություն ունեիր:

Բոլորս գիտենք, որ արվեստը ճշմարտություն չէ:

Արվեստը սուտ է, որ մեզ ստիպում է հասկանալ ճշմարտությունը, գոնե այն ճշմարտությունը, որ մեզ վիճակված է հասկանալ: Արվեստագետը պիտի գտնի ուրիշներին սեփական ստերի ճշմարտացիության մեջ համոզելու միջոցը: Իսկ եթե իր ստեղծագործության մեջ սոսկ ցույց է տալիս, թե ինչ է փնտրել ու վերափնտրել`1 իր ստերն ընդունել տալու համար, երբեք ոչնչի չի հասնի:

«Որոնում»-ի գաղափարը հաճախ է ճանապարհից շեղել գեղանկարչությանը` արվեստագետին ստիպելով մոլորվել անիմաստ տեսությունների մեջ: Սա գուցե արդի արվեստի ամենամեծ թերությունն է նույնիսկ: Փնտրտուքի հակումը թունավորել է նրանց, ովքեր լավ չեն հասկացել արդի արվեստի բոլոր դրական և որոշիչ տարրերը. այդ հակումը նրանց ստիպել է նկարել անտեսանելին, որ ըստ էության «աննկարելին» է:

Մոդեռն արվեստին հակադրում են նատուրալիզմը: Հետաքրքիր է` արդյոք որևէ մեկը երբևէ տեսե՞լ է բնական արվեստի գործ: Իրարից տարբեր բնությունը և արվեստը չեն կարող նույնը լինել: Արվեստով մենք արտահայտում ենք մեր հայեցակետն այն մասին, ինչ բնություն չէ: 

Վելասկեսը մեզ թողել է իր ժամանակակիցների վերաբերյալ սեփական հայացքը: Անկասկած, վերջիններս տարբեր էին իր նկարածից, բայց Ֆիլիպ Չորրորդին մենք ընկալում ենք սոսկ այնպես, ինչպես Վելասկեսն է նկարել: Ռուբենսն էլ է արել այդ թագավորի պորտրեն, որում նա լրիվ ուրիշ մարդ է: Հավատում ենք Վելասկեսի նկարածին, որովհետև նա մեզ համոզել է իր հայացքի ճշմարտացիության մեջ:

Սկսած առաջին` պրիմիտիվ նկարիչներից, որոնց գործերն ակնհայտորեն տարբեր են բնությունից, մինչև Դավիդը, Էնգրը ու նույնիսկ Բուգրոն, բոլորը կարծում էին, թե նկարում են բնությունը, ինչպես կա. արվեստը միշտ արվեստ է եղել, և ոչ բնություն: Եթե արվեստի տեսանկյունից նայենք, կոնկրետ կամ աբստրակտ ձևեր չկան, այլ միայն`առավել կամ պակաս համոզիչ ստեր: Անկասկած, այս ստերն անհրաժեշտ են մեր հոգևոր կեցությանը, քանզի նրանց միջոցով է, որ ձևավորում ենք կյանքի վերաբերյալ մեր Էսթետիկական տեսակետը:

Կուբիզմը տարբեր չէ գեղանկարչական որևէ այլ դպրոցից: Նույն սկզբունքներն ու նույն տարրերը բնորոշ են բոլորին: Կարևոր չէ, որ երկար ժամանակ կուբիզմը հասկացված չի եղել և որ նույնիսկ այսօր մարդիկ կան, որ դրանում ոչինչ չեն տեսնում: Ես անգլերեն չեմ կարդում, և անգլերեն գիրքն ինձ համար դատարկ տեքստ է: Բայց դա չի նշանակում, թե անգլերեն լեզուն գոյություն չունի. ինչո՞ւ պիտի ինձանից բացի որևէ մեկին մեղադրեի, որ չեմ հասկանում չգիտեցածս:

«Էվոլյուցիա» բառն էլ հաճախ եմ լսում: Ինձ անընդհատ խնդրում են բացատրել, թե ինչպես է իմ նկարչությունը զարգացել: Ինձ համար արվեստում ո՛չ անցյալ կա, ո՛չ ապագա: Եթե արվեստի գործն ի վիճակի չէ միշտ ներկայում ապրելու, չարժե դրա վրա կենտրոնանալ: Հույների, եգիպտացիների, այլ ժամանակաշրջաններում ապրած մեծ նկարիչների արածը անցյալի արվեստ չէ. գուցե այսօր այն առավել քան երբևէ կենսունակ է: Արվեստն ինքն իրեն չի զարգանում, մարդկանց մտքերն են փոխվում և դրանց հետ` արտահայտչաեղանակները: Երբ խոսակցություններ եմ լսում որևէ արվեստագետի էվոլյուցիայի վերաբերյալ, թվում է, թե խոսողներն այդ մարդուն պատկերացնում են երկու հանդիպակաց հայելիների առջև կանգնած, որ անվերջ արտացոլում են նրա պատկերը և որ հայելիներից մեկի հաջորդական արտացոլանքները դիտարկվում են որպես անցյալ, իսկ իրական պատկերը համարվում է նրա ներկան: Չեն մտածում, որ բոլորն էլ նույն պատկերներն են տարբեր պլաններում: Փոփոխությունը էվոլյուցիա չէ: Եթե արվեստագետը փոփոխում է իր արտահայտչաեղանակը, դա սոսկ նշանակում է, թե ինքը փոխել է մտածելու իր կերպը, և որ այս փոփոխությունը կարող է շատ լավ արդյունքի հասցնել կամ շատ վատ:

Իմ արվեստի մեջ գործածված եղանակները չպիտի դիտարկվեն որպես էվոլյուցիա կամ որպես գեղանկարչության անհայտ իդեալին մոտեցնող փուլեր: Ամեն ինչ ներկայի համար եմ արել, նաև հուսալով, որ դա կմնա ներկայում: Երբեք չեմ մտածել փնտրելու հակման մասին: Երբ արտահայտելու որևէ բան եմ գտել, արել եմ առանց մտածելու անցյալի կամ ապագայի մասին: Չեմ կարծում, թե նկարչությանս մեջ կիրառած տարբեր եղանակներում իրարից արմատապես տարբեր տարրեր գործածած լինեմ: Եթե ինձ հետաքրքրող թեմաները մեկից ավելի արտահայտչաեղանակներ են ենթադրել, երբեք չեմ երկմտել դրանք բոլորը կիրառելու: Երբեք փորձեր և փորձարկումներ չեմ արել: Հենց որ ասելու բան եմ ունեցել, ասել եմ այն եղանակով, որը դրա համար ճիշտ եմ կարծել: Տարբեր մոտիվները անխուսափելիորեն տարբեր արտահայտչաեղանակներ են պահանջում: Դա իր մեջ չի ներառում ո՛չ էվոլյուցիա, ո՛չ առաջընթաց, այլ` արտահայտելիք մտքի ու դրան հարմար արտահայտչաեղանակների ադապտացիա:

Անցումնային արվեստ չկա: Արվեստի ժամանակագրական պատմության մեջ կան մյուսներից ավելի արդյունավետ, ավելի ամբողջական ժամանակաշրջաններ: Եթե գրաֆիկորեն պատկերեինք արվեստի պատմությունը, ինչպես բուժքույրն է անում հիվանդի ջերմության կորը գծելով, նույն անհարթ գծագրերը կունենայինք, որոնք կապացուցեին, թե արվեստի մեջ վերընթաց-առաջընթաց չկա, այլ միայն` վերելքներ և անկումներ, որ կարող են վրա հասնել ցանկացած պահի: Նույնը կարող ենք ասել որևէ առանձին արվեստագետի վերաբերյալ: Բոլորը կարծում են, թե կուբիզմն անցումնային արվեստ է` մի փորձ, որ պիտի հետագա արդյունքների հանգեցնի: Այդպես մտածողները չեն հասկացել կուբիզմը: Այն սերմ չէ, ոչ էլ սաղմ, այլ արվեստ, որ հիմնականում գործ ունի ձևերի հետ, և երբ որևէ ձև իրացված է, այլևս ապրում է սեփական կյանքով: 

Երկրաչափական ձև ունեցող անօրգանական նյութը անցումնային նպատակների համար չէ, այլ որ մնա, ինպես որ կա. այն միշտ կունենա սեփական ձևը: Բայց եթե էվոլյուցիոնիզմի օրենքը կիրառենք արվեստի պարագայում, պիտի խոստովանենք, որ ցանկացած արվեստ անցումային է: Այնինչ արվեստը չի ենթարկվում այս փիլիսոփայական բացարձակներին: Եթե կուբիզմն անցումային արվեստ է, համոզված եմ, որ միակ բանը, որ նրանից կծնվի, կլինի կուբիզմի մի ուրիշ տեսակ:

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ «Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն» Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված) 8. Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից… Արվեստ Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական…