Պիկասսոն խոսում է
(…) Անրի Ռուսսոն առանձնահատուկ դեպք չէ: Ընդամենը յուրահատուկ հոգեկերտվածք է իր կատարելության աստիճանում: Այս նկարչի գործերից առաջինը, որ ձեռք բերեցի, ինձ վրա զարմանալի տպավորություն գործեց:
Մի օր գնում էի Նահատակների փողոցով: Ինչ-որ հնավաճառ իր խանութի պատի երկայնքով նկարներ էր դասավորում: Ուշադրությունս գրավեց մի դիմանկար: Կնոջ դեմք էր` խիստ ու թափանցող, պարզ ու վճռական հայացքով. ֆրանսուհու հայացք: Ահռելի մեծ նկար էր: Գինը հարցրեցի:
«Հարյուր սու,– պատասխանեց առևտրականը,– կտավը կմաքրեք ու կկարողանաք աշխատել վրան»:
Սա ֆրանսիական դպրոցին պատկանող ամենաճշմարտացի հոգեբանական դիմանկարն է: (…) Անցումային արվեստ գոյություն չունի. կան լավ կամ վատ նկարիչներ: Հետաքրքրասեր լրագրողներն ու նկարչության սիրահարները գալիս են մեզ հետ հանդիպելու, որպեսզի մեզանից մի քանի դոգմատիկ ճշմարտություն կորզեն կամ այնպիսի բնորոշումներ, որ նրանց բացատրեին մեր արվեստը, ընդգծելով նրա մանկավարժական նշանակությունը, որ ես կտրականապես մերժում եմ:
Մենք նկարչությամբ ենք զբաղվում: Ինչ է, կուզեին, որ դրանից բացի նաև ճշմարտություն և մաքսիմնե՞ր արտադրեինք:
Չնայած Էնգրի և Դելակրուայի մտքերի անթոլոգիաներ են հրատարակվում, փշաքաղվում եմ դրա մասին մտածելիս: Դելակրուայի ո՞ր միտքը կարող է «Սարդանապալ»-ի հետ նույն նժարին դրվել:
Արվեստն ի՞նչ է:
Իմանայի էլ, չէի ասի:
Ես չեմ փնտրում` գտնում եմ:
PICASSO, “Lettre sur l’art”, in Ogoniok, Moscou, nr 20, 16 mai 1926.
Traduit du russe par C. Motchoulsky, in Formes, nr 2, février 1930
Զրույցներ Պիկասսոյի հետ, 1935
Կարող ենք նաև արվեստգետի հաշվին գրանցել այն սրամտությունը, թե ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան զենքը գեներալի ձեռքում: Ավելացնենք, որ ավելի վտանգավոր բան չկա, քան արդարադատությունը դատավորի ու վրձինը նկարչի ձեռքում: Մտածեք, թե ինչ սպառնալիք է հասարակության համար: Բայց այսօր մարդիկ այլևս քաջություն չունեն պոետներին ու նկարիչներին հասարակությունից դուրս վռնդելու, որովհետև չեն գիտակցում նրանց վտանգավորությունը:
Ի դժբախտություն ինձ, կամ գուցե բարեբախտաբար, ես իրերը դասավորում եմ ըստ իմ սերերի: Ի՞նչ դժբախտ է այն նկարիչը, որ խարտյաշ կանանց է սիրում, բայց ինքն իրեն թույլ չի տալիս նրանց մտցնելու իր կտավների մեջ, որովհետև չեն ներդաշնակվում մրգերի զամբյուղի հետ: Որքա՞ն խղճալի է այն նկարիչը, որ ատում է խնձորները, բայց ստիպված է անընդհատ գործածել դրանք, որովհետև լավ են նայվում գորգի ֆոնին:
Ես նկարներիս մեջ դնում եմ ամենը, ինչ սիրում եմ: Իրերի գործն է. թող հարմարվեն իրար:
Նախկինում նկար ստեղծելը առաջ գնալ էր նշանակում: Ամեն օրը նոր բան էր բերում: Յուրաքանչյուր նկար հավելումների հանրագումար էր: Իմ նկարը ավերումների հանրագումար է: Ես կտավ եմ անում, հետո ոչնչացնում եմ այն: Բայց վերջին հաշվով ոչինչ կորած չէ. կարմիրը, որ ինչոր տեղից հանել եմ, ի հայտ է գալիս մի ուրիշ տեղում:
Շատ հետաքրքիր կլիներ, եթե լուսանկարչական ապարատով ֆիքսեինք ոչ թե որևէ նկարի փուլերը, այլ նրա կերպարանափոխությունները: Գուցե նշմարեինք, թե ինչ ճանապարհով է միտքը շարժվում դեպի իր երազանքի կոնկրետացումը: Բայց ամենահետաքրքականն այն է, որ նկատում ենք, որ իր խորքում նկարը չի փոխվում, որ նախնական տեսիլքը գրեթե անփոփոխ է մնում` հակառակ արտաքին կողմերին: Հաճախ տեսնում եմ լույս և ստվեր, որ դնում եմ կտավիս մեջ, հետո ջանք չեմ խնայում դրանք ՙջարդելու՚, ավելացնելով մի գույն, որ հակառակ էֆեկտն է առաջացնում: Լուսանկարելուց հետո նկատում եմ, որ այն, ինչ ներմուծել էի նախնական տեսակետս ուղղելու համար, անհետանում է և որ ի վերջո լուսանկարչության տված պատկերը համապատասխանում է իմ առաջին տեսիլքին, որ կար ամենասկզբում, մինչև իմ կամքով արված ձևափոխությունները:
Կտավը նախապես չի մտածվում և ֆիքսվում. նկարելու ժամանակ այն հետևում է մտքի ընթացքին: Երբ ավարտված է, ավելի շատ է փոխվում` կախված նայողի վիճակից: Կտավն իր կյանքն է ապրում, ինչպես կենդանի մի էակ, կրում է այն փոփոխությունները, որ առօրյա կյանքը պարտադրում է մեզ: Բնական բան է, որովհետև կտավը ապրում է միայն հանդիսատեսի միջոցով:
Նկարելիս մտածում եմ օրինակ սպիտակ գույնի մասին ու մի քիչ սպիտակ եմ դնում: Բայց չեմ կարող շարունակել աշխատանքս, մտածել ու անընդհատ սպիտակ դնել. գույները գծերի նման հետևում են հուզականության շարժմանը: Դուք տեսել եք այն կտավի էսքիզը. նշել էի, թե որտեղ ինչ գույն պիտի դնեմ: Դրանից ի՞նչ մնաց: Սպիտակն ու կապույտը, որոնց մասին նախապես մտածել էի, նկարիս մեջ են, բայց ոչ նախատեսված տեղում և ոչ էլ որոշված քանակությամբ: Իհարկե կարելի է նկար հավաքել չափվածձևված և իրար համապատասխանող կտորներից, բայց կկորցնես դրաման:
Ես կուզեի այնպես նկարել կարողանալ, որ մարդիկ երբեք չտեսնեին, թե ինչպես է նկարս ստեղծվել: Դա ի՞նչ կարող է տալ: Ուզում եմ, որ իմ կտավից միայն հույզ բխի:
Աշխատանքն անհրաժեշտություն է մարդու համար:
Ձին մենակ չի գնում քեղերի արանքում կանգնելու:
Մարդը հորինել է զարթուցիչը:
Ամեն նկարի սկզբում ինչ-որ մեկը կա, որ աշխատում է ինձ հետ: Այնինչ վերջում թվում է, թե մենակ եմ աշխատել:
Որևէ կտավ սկսելով, հաճախ գեղեցիկ բաներ ես գտնում: Պիտի պաշտպանվես դրանցից, ոչնչացնես նկարդ, անվերջ վերանկարես: Հերթական գեղեցիկ գյուտը ոչնչացնելով, արվեստագետն այն չի հանում իր նկարից, այլ ձևափոխում է, խտացնում, ավելի էական դարձնում: Հաջողությունը մերժված գյուտերի արդյունքն է: Հակառակ դեպքում դառնում ես սեփական նկարչությանդ երկրպագուն: Ես ինձ ոչինչ չեմ վաճառում: Իրականում շատ քիչ գույների հետ ենք աշխատում: Նրանց բազմաքանակության պատրանք է առաջանում, եթե գույները ճիշտ տեղում ենք դրել:
Աբստրակտ արվեստն ընդամենը նկարչություն է: Իսկ դրամա՞ն:
Աբստրակտ արվեստ գոյություն չունի, պիտի միշտ ինչ-որ բանից սկսել: Այնուհետև կարող ես միջից հանել իրականության արտաքին կողմերը. այլևս ոչ մի վտանգ չկա, քանի որ իրի գաղափարը թողել է իր անջնջելի հետքը: Նա սադրել է արվեստագետին, գրգռել նրա գաղափարները, հույզերը շարժման մեջ դրել: Գաղափարներն ու հույզերը վերջնականապես այդ ստեղծագործության գերին կլինեն. ինչ էլ որ անեն, չեն կարողանա խույս տալ նկարից. նրա անբաժանելի մասն են, մինչդեռ նրանց ներկայությունն արդեն նշմարելի չէ: Ուզի թե չուզի` մարդը բնության գործիքն է. բնությունը մարդուն պարտադրում է նրա բնույթը, արտաքինը: Դինարում ու Պուրվիլում արած իմ նկարներում ես գրեթե նույն տեսիլքն եմ ունեցել: Բայց դուք ինքներդ նկատել եք, թե որքան տարբեր է Բրետանում արված կտավների մթնոլորտը Նորմանդիայում նկարվածներից, որովհետև ճանաչել եք Դիեպի քարափների լույսը: Ես չեմ փորձել պատճենել այդ լույսը, դրան հատուկ ուշադրություն չեմ դարձրել: Ընդամենը ողողվել եմ դրանով. աչքերս տեսել էին այդ լույսը և ենթագիտակցությունս գրանցել էր նրանց տեսածը. ձեռքս արձանագրել էր զգացողություններս: Բնությանը չես հակառակվի: Նա ավելի ուժեղ է, քան ամենաուժեղ մարդը: Բոլորիս շահերից բխում է, որ լավ լինենք իր հետ: Կարող ենք մեզ որոշ ազատություններ թույլ տալ, բայց միայն դետալների հարցում: