Ռուբիկոն

Պիկասսոն խոսում է

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Կուբիզմն ավելի հեշտությամբ բացատրելու համար փորձել են առնչություններ տեսնել նրա ու մաթեմատիկայի, եռանկյունաչափության, քիմիայի, հոգեվերլուծության, երաժշտություն ու էլի չգիտես թե ինչի հետ: Այս ամենը հորինվածքներ են, եթե չասենք անհեթեթություններ: Դա վատ արդյունք տվեց` մարդկանց կուրացնելով ինչ-որ տեսություններով:

Կուբիզմը մնացել է գեղանկարչության սահմանների և սահմանափակումների մեջ, երբեք չհավակնելով ավելի հեռուն գնալ: Կուբիզմն իր մեջ ներառում և օգտագործում է գծանկարը, կոմպոզիցիան և գույնը ճիշտ նույն եղանակով, ինչ մյուս դպրոցները: Գուցե մեր թեմաները տարբեր են, քանի որ գեղանկարչության մեջ ներմուծել ենք մինչ այժմ անտեսված առարկաներ և ձևեր: Մենք մեր աչքերն ու ուղեղը բաց ենք արել մեզ շրջապատող ամեն ինչի առաջ:

Մենք ձևին և գույնին տալիս ենք նրանց ողջ անհատական նշանակությունը, որքան որ մեզ հաջողվում է գտնել այն, մեր թեմաների մեջ պահպանում ենք հայտնագործության ցնծությունը, անսպասելիի հաճույքը, մեր նկարներում թեման ինքը պիտի հետաքրքրություն առաջացնի: Բայց ի՞նչ իմաստ ունի ասել, թե ինչ ենք անում, եթե յուրաքանչյուր ոք կարող է ինքը տեսնել, եթե ցանկանա:

Marius DE ZAYAS, “Picasso speaks”, interview de Picasso

In The Arts, New York, mai 1923, vol. III, n՛ 5, p. 315-326. Traduit de l’anglais par Dennis Collins.

Նամակ արվեստի մասին, 1926

Ինձ սովորաբար որոնողի տեղ են դնում. ես չեմ փնտրում, ես գտնում եմ:

Ուզում են կուբիզմից ֆիզկուլտուրա սարքել:

Ամեն օր կարելի է հանդիպել տարբեր հալից ընկածների, որ իրենց «թափով տղա» են երևակայում և կարծում են, թե «թափը» ամեն ինչ քառակուսու հանգեցնելու մեջ է:

Իմ կատարելապես տրամաբանական գործը, իմ գործը, որին նվիրել եմ բոլոր ջանքերս, նրանց ծառայում է ընդամենը ինչ-որ արհեստական, իրականությունից զուրկ բան մոգոնելու համար: Նայեք օրինակ Իքսին… Ա՛յ թե «հաջողակն» է: 1900-ին հայրը նրան ասել է. «Տղա՛ս, կգնաս Փարիզ նոր արվեստ սովորելու»: Նա հնազանդվել է: Փարիզ հասնելով սկսել է նոր արվեստ սարքել նույնքան լավ, որքան Printemps2խանութները: Հանգիստ կարող եք պատկերացնել, թե որքան անտանելի են ինձ համար սրանք բոլորն էլ, որ կապկում են իմ արվեստը, իմ աշխատանքները, մինչև իսկ ժեստերս:

Սյուրռեալիստական դպրոցի որոշ հետևորդներ ալբոմիս մեջ հայտնաբերել են գրչով արված որոշ էսքիզներ ու գծանկարներ, որտեղ սոսկ կետեր և գծեր են: Ասեմ, որ շատ եմ հավանում աստղագիտական քարտեզները: Եթե ինձ հարցնեք, դրանք շատ գեղեցիկ են` իրենց բովանդակային նշանակությունից անկախ: Մի օր, ուրեմն, սկսեցի նկարել կետերի բազմություններ, որ իրար էին միանում ասես երկնքում կախված գծիկներով ու բծերով: Մտածում էի մի օր օգտագործել դրանք իմ կոմպոզիցիաներում որպես զուտ գրաֆիկական տարր: Բայց այս սյուրռեալիստների՛ն նայեք: Տեսե՛ք, թե ինչ խորամանկն են: Նրանք եզրակացրին, որ այս նկարները ճշգրտորեն համապատասխանում են իրենց վերացական գաղափարներին:

Մի օր Ժան Կոկտոյին պատմեցի 1925-ին ինձ պատահած մի դեպք: Ընկերներս ուզում էին ինձ տանել Դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդես, վատ ճաշակի այս հրեշավոր ցուցադրությանը, որն այնուամենայնիվ որոշ ուսուցողական արժեք ուներ: Բարեկամներս ինձ ասում էին. «Կտեսնեք, Պիկասսո, կտեսնեք, որ դուք եք մեղավոր ամբողջ այս ճարտարապետության համար: Այնտեղ կգտնեք ինքներդ ձեզ, կճանաչեք ձեր ձեռքերի աշխատանքը»: Հնարավոր է, որ այսպես խոսելով կարծում էին, թե ինձ հաճույք են պատճառում:

Պատկերացրեք, որ Միքելանջելոն գալիս է ճաշելու բարեկամների մոտ և նրան այսպես են դիմավորում. «Գիտե՞ք, հենց նոր Ռենեսսանս ոճի բուֆետ պատվիրեցինք, որ ներշնչված է ձեր Մովսեսից»: Պատկերացնո՞ւմ եք Միքելանջելոյի դեմքը: Ի՞նչ մոլագարություն է անընդհատ ժամանակակիցների գործերից ներշնչվելը: Ամեն անգամ, երբ նկատում եմ, որ ինձ կրկնօրինակում են, գրեթե ֆիզիկական ցավ եմ զգում:

Դեկորատիվ արվեստը մի բան է, գեղանկարչությունը` մեկ այլ բան: Մեկը գործածական նշանակություն ունի, մյուսն ազնվական զբաղմունք է:

Բազկաթոռը մեջքը հենելու համար է: Սա գործածելի իր է: Արվեստ չէ:

1906-ին Սեզանի` այս հանճարեղ Արպինյիի3 ազդեցությունը տարածվեց ամենուր: Գույների ռիթմի ու ձևերի հակադրման ու համադրման արվեստը շատ արագ լայն տարածում գտավ: Իմ առջև երկու խնդիր էր կանգնած: Ես հասկանում էի, որ նկարչությունը ներքին արժեք ունի, առարկաների ռեալ պատկերումից անկախ: Ինքս ինձ հարցնում էի, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի փաստերը ներկայացնել այնպես, ինչպես գիտես, քան` ինչպես տեսնում ես: Քանի որ նկարչությունը սեփական գեղեցկություն ունի, կարելի ստեղծել վերացական գեղեցկություն, միայն թե այն շարունակի նկարչական լինել:

Երկար տարիներ կուբիզմի միակ առարկան «նկարչություն նկարչության համար»-ն էր: Այն մերժում էր իր զգայական իրականության մաս չկազմող ցանկացած տարր:

Մաթեմատիկոս Պրենսեն, որ ներկա էր մեր գեղագիտական վեճերին, հղացավ նկարիչների համար հատուկ երկրաչափություն ստեղծելու գաղափարը: Ի միջի այլոց, դա այնքան էլ յուրահատուկ միտք չէ, որովհետև բոլոր ակադեմիաներն ընդունում են Լեոնարդո դա Վինչիի երկրաչափությունը:

Գույնն արդյունավետ է սոսկ այնքանով, որքանով որ ներկայանում է որպես ծավալը կառուցող տարրերից մեկը: Բոլորը գիտեն, որ ցանկացած ճերմակ մակերես միշտ ավելի մեծ է երևում, քան նույն չափերի սև մակերեսը: Տարրական բան է, նույնիսկ երեխայական: Այնուամենայնիվ դա չի խանգարում որոշ հիմարների, որ անմիջապես դրանից դուրս բերեն օրենքներ և ընդհանուր կանոններ, որոնցով ինձ պիտի բացատրեն նկարելու արվեստը:

Ինձ համար որևէ նկար ավարտ չէ, ոչ էլ վերջնական ձեռքբերում, այլ երջանիկ պատահականություն և փորձառություն: Ձևերի ոլորտում գույնը չափի էտալոն է: Ոչ մի ցանկություն չունենք խրվելու գիտական երկրաչափության մեջ, այնուամենայնիվ որոշ համառ դիտարկողներ առիթը բաց չեն թողնում այս թեմայի շուրջ ամեն կարգի տեսական հետազոտություններ անելու: Ավելի վատ նրանց համար: Այսպես են կործանվում թույլերը… Սեփական աշխատանքներից ապշած կուբիստ նկարիչները սկսեցին տեսություններ կառուցել

դրանք արդարացնելու համար: Այնինչ կուբիզմը երբեք ծրագիր չի ունեցել: Որևէ կտավ կարող է ներկայացնել իրերի գաղափարը, մյուս կողմից` կարող է ներկայացնել իրերի արտաքին կողմը, առանց վնաս հասցնելու դրանց:

Իրականում երբեք չենք պատճենում բնությունը, ոչ էլ նմանակում ենք նրան, այլ թույլ ենք տալիս, որ երևակայական առարկաները իրական կերպարանք առնեն: Բայց չարժե մեկնակետ ունենալ նկարչությունը բնությանը հասցնելու համար. պետք է բնությունից գնալ դեպի նկարչություն: Նկարիչներ կան, որ արևը դեղին բծի են վերածում, բայց ուրիշներն էլ կան, որ իրենց արվեստի և խելքի շնորհիվ դեղին բիծը վերափոխում են արևի:

Բնությունից վերցված տարրերը ծառայում են նկարի բազմազանությանը: Այդպես է, որ մոտենում ենք մեծ վարպետների իդեալին, որոնք սեփական ընկալումով առաջնորդվելով, ներկայացնում են իրերի բնական կերպարանքները: Կարծում եմ, որ ցանկացած նկարչության սկզբնաղբյուրում կգտնենք սուբյեկտիվորեն կազմակերպված որևէ տեսիլք կամ ներշնչված պայծառացում, ինչպես Ռեմբոյի մոտ: Ես ոչ մի կարևորություն չեմ տալիս սյուժեին, բայց անսահմանորեն կարևորում եմ առարկան: Հարգեք առարկան:

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ «Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն» Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված) 8. Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից… Արվեստ Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական…