Ռուբիկոն

Պիկասսոն խոսում է

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ֆիգուրատիվ և ոչ ֆիգուրատիվ արվեստ էլ չկա:

Ամեն ինչ մեզ ֆիգուրների ձևով է երևում: Նույնիսկ մետաֆիզիկայի մեջ գաղափարներն արտահայտվում են ֆիգուրներով, ուրեմն հասկանում եք, թե որքան անհեթեթ է մտածել ֆիգուրատիվ պատկերները բացառող նկարչության մասին: Պերսոնաժը, իրը, շրջանակը ֆիգուրներ են. դրանք առավել կամ պակաս ինտենսիվությամբ ազդում են մեզ վրա: Որոշ ֆիգուրներ ավելի մոտ են մեր զգացողություններին, առաջացնում են հույզեր, որ ազդում են մեր զգայական կարողությունների վրա, մյուսները հատկապես ինտելեկտին են ուղղված: Պետք է դրանք բոլորն էլ ընդունեմ, որովհետև միտքս նույնքան կարիք ունի զգացողությունների, որքան զգայարաններս: Կարծում եք` ինձ հետաքրքրո՞ւմ է, թե ինչ-որ կտավ երկու պերսոնաժ է ներկայացնում: Այս երկու պերսոնաժները գոյություն են ունեցել, այժմ այլևս գոյություն չունեն: Նրանց տեսնելն ինձ նախնական հույզ է տվել, քիչ-քիչ նրանց իրական ներկայությունը ջնջվել է, ինձ համար հնարանք են դարձել, հետո անհետացել են, կամ, ավելի ճիշտ, վերածվել են այս կամ այն պրոբլեմի: Ինձ համար սրանք այլևս պերսոնաժներ չեն, այլ` ձևեր ու գույներ. ճի՛շտ հասկանանք, սրանք ձևեր ու գույներ են, որ ամփոփում են երկու պերսոնաժի գաղափարը և պահպանում նրանց կյանքի թրթիռը:

Ես իմ նկարչության հետ վարվում եմ, ինչպես կվարվեի իրերի հետ: Պատուհան նկարելիս ես ինձ զգում եմ պատուհանից նայելիս. եթե այս բաց պատուհանն իմ նկարում լավ չի նայվում, վարագույրը քաշում եմ ու փակում այն, ինչպես որ կանեի, եթե իմ սենյակում լինեի: Պիտի նկարչությանը վերաբերվել ինչպես կյանքին` ուղղակիորեն: Իհարկե նկարչությունն իր պայմանականություններն ունի, որ պիտի հաշվի առնվեն, որովհետև այլ կերպ հնարավոր չէ: Դրա համար պիտի անընդհատ կյանքն աչքիդ առաջ ունենաս:

Արվեստագետն ամեն տեղից եկող զգացողությունների կիզակետ է. երկնքից, երկրից, թղթի կտորից, անցորդից, սարդոստայնից: Ուրեմն պիտի տարբերություն չդնես իրերի մեջ: Ազնվական իրեր չկան: Պիտի քեզ անհրաժեշտը վերցնես ամեն տեղից, բացի սեփական գործերից: Սարսափում եմ ինքս ինձ կրկնօրինակելուց, բայց երբ ինձ ինչ-որ հին գծանկարներ են ցույց տալիս, չեմ երկմտում ուզածս վերցնելու այնտեղից:

Երբ կուբիզմ էինք անում, մտադրություն չունեինք կուբիզմ անելու. ուզում էինք արտահայտել մեր մեջ եղածը: Ոչ ոք մեզ համար գործողությունների ծրագիր չի կազմել, իսկ մեր բանաստեղծ ընկերները ուշադրությամբ հետևել են մեր ջանքերին, բայց երբեք ոչինչ չեն թելադրել: Այսօր երիտասարդ նկարիչներն իրենց համար ծրագիր են մշակում և ջանում են այն իրագործել հանձնարարություն կատարող խելոք աշակերտի պես:

Նկարիչը լիության ու դատարկության վիճակներ է ունենում: Դրանում է արվեստի գաղտնիքը: Ես զբոսնում եմ Ֆոնտենբլոյի անտառում: Կանաչ գույնից սիրտս սկսում է խառնել: Պիտի այդ զգացողությունը պարպեմ որևէ կտավի վրա: Նկարում կանաչն է իշխում: Նկարիչն այնպես է նկարում, կարծես անհետաձգելի պահանջ ունի ազատվելու իր զգացողություններից ու տեսիլքներից: Մարդիկ դա վերցնում են, որպեսզի մի քիչ ծածկեն իրենց մերկությունը: Մարդիկ վերցնում են ինչ կարող են, ինչպես որ կարող են: Կարծում եմ` ի վերջո ոչինչ էլ չեն վերցնում, այլ ծածկում են իրենց անհասկացողությունը: Նրանք ամեն ինչ ստեղծում են իրենց պատկերի համաձայն` Աստծուց մինչև որևէ նկար: Ահա ինչու նկարչությունը ոչնչացնողը նկարը կախելու կեռիկն է: Նկարչությունը միշտ ինչ-որ կարևորություն ունի, գոնե մարդու սարքած նկարչությունը: Այն օրը, երբ նկարն ավարտվում է ու պատից կախվում, այն մի ուրիշ տեսակի կարևորություն է ձեռք բերում, իսկ նկարչության վերջը գալիս է: 

Գեղեցկության ակադեմիական ուսուցանումը կեղծ է: Մեզ խաբել են, բայց այնքան լավ են խաբել, որ այլևս անզոր ենք ճշմարտության հետքն իսկ գտնելու: Պարթենոնի գեղեցկությունները, Վեներաները, Հավերժահարսերը, Նարցիսները բոլորն էլ սուտ են: Արվեստը գեղեցկության կանոնի կիրառումը չէ, այլ այն, ինչ բնազդն ու ուղեղը կարող են ընկալել կանոնից անկախ: Երբ սիրում ես որևէ կնոջ, գործիքները ձեռքդ չես առնում նրա մարմնի չափերը վերցնելու համար, սիրում ես նրան, որովհետև դրա ցանկությունն ունես, մինչդեռ ամեն ինչ արվել է, որպեսզի նույնիսկ սիրո մեջ կանոն ներմուծվի: Ճշմարիտն ասած` Պարթենոնն ընդամենը ֆերմա է, որի վրա տանիք են դրել, սյուներ և քանդակներ են ավելացրել, որովհետև Աթենքում մարդիկ կային, որ աշխատում էին և ուզում էին արտահայտվել: Կաևորը արվեստագետի գործը չէ, այլ էությունը: Սեզանն ինձ չէր հետաքրքրի, եթե ապրած և մտածած լիներ Ժակ-Էմիլ Բլանշի պես, նույնիսկ եթե նրա նկարած խնձորը տասն անգամ ավելի գեղեցիկ լիներ: Մեզ հետաքրքրողը Սեզանի անհանգստությունն է, Սեզանի դասերը, Վան Գոգի տառապանքը, այսինքն` մարդու դրաման: Մնացածը կեղծ է:

Բոլորն ուզում են հասկանալ նկարչությունը: Իսկ ինչո՞ւ չեն փորձում հասկանալ թռչունների երգեցողությունը: Ինչո՞ւ են սիրում գիշերը, ինչ-որ ծաղիկ, այն ամենը, ինչ շրջապատում է մարդուն, առանց փորձելու հասկանալ դրանք: Մինչդեռ նկարչությունն ուզում են հասկանալ: Թող հասկանան, որ արվեստագետի համար ստեղծագործելն անհրաժեշտություն է, որ նա ևս աշխարհի չնչին մի մասնիկ է, որին չարժե ավելի մեծ կաևորություն տալ, քան բնության այնքան երևույթների, որոնցով հմայվում ենք, բայց չենք փորձում բացատրել: Նկար բացատրողները հիմնականում սխալ ճանապարհով են գնում: Մի անգամ Գերտրուդ Ստայնն ինձ ուրախ-ուրախ ասաց, որ վերջապես հասկացել է, թե ինչ է պատկերված իմ նկարում. երեք երաժիշտ: Իսկ ես նատյուրմորտ էի նկարել:

Բացառությամբ մի քանիսի, որ նկարչության համար նոր հորիզոններ են բացում, այսօրվա երիտասարդությունը չգիտի, թե ուր գնա: Փոխանակ քննադատեն մեր որոնումները և մեր արածի ճիշտ հակառակն անեն, նրանք փորձում են վերակենդանացնել անցյալը: Մինչդեռ կյանքը բաց է մեր առջև, ամեն ինչ դեռ նոր պիտի արվի, ոչ թե կրկնվի արդեն արվածը: Ինչո՞ւ են հուսահատորեն կառչում արդեն իրականացվածից: Կիլոմետրերով նկարչություն կա «ինչ-որ մեկի նման» տեսակի, բայց հազվադեպ է պատահում, որ տեսնես սեփական ոճով աշխատող երիտասարդի:

Ուզենա էլ, մարդ չի կարող ինքն իրեն կրկնել: Կրկնությունը մտքի օրենքներին հակառակ ընթացք է ենթադրում` դեպի առաջ փախուստին հակառակ:

Ես հոռետես չեմ, չեմ ատում արվեստը, որովհետև չէի ապրի, եթե կյանքիս բոլոր ժամերը նրան չնվիրաբերեի: Ես սիրում եմ արվեստը որպես կյանքիս միակ նպատակ: Արվեստի հետ կապված ցանկացած բան, որ անում եմ, ինձ մեծ ուրախություն է պարգևում: Այնուամենայնիվ չեմ հասկանում, թե ինչու են բոլորն ուզում արվեստով զբաղվել, նրանից հաշիվ պահանջել ու սեփական հիմարությանը տուրք տալով` խոսել արվեստի մասին: Թանգարաններն էլ են սուտ, արվեստով հիմնականում խաբեբաներ են զբաղվում: Հատկապես չեմ հասկանում, թե ինչպե՞ս է, որ հեղափոխական երկրներում արվեստի վերաբերյալ նույնիսկ ավելի մեծ նախապաշարմունքներ ունեն, քան իրենց դարն ապրած երկրներում: Մենք թանգարանների կտավներին ենք վերագրել մեր հիմարությունները, սխալները, մեր մտքի պարտությունները: Նկարը դարձրել ենք մանր, ծիծաղելի մի բան: Մենք կապվել ենք առասպելներին, փոխանակ հետաքրքրվեինք այդ նկարները ստեղծած մարդկանց ներքին կյանքով: Դիկտատուրա է անհրաժեշտ… նկարիչների դիկտատուրա… մեկ նկարչի դիկտատուրա, որ ոչնչացնենք բոլոր նրանց, ովքեր խաբել են մեզ, բոլո՛ր սրիկաներին, որ ոչնչացնենք խաբեության առարկաները, վերջ տանք սովորույթներին, ոչնչացնենք հմայքը, պատմությունը ու էլի շատ ուրիշ բաներ: Բայց ողջամտությունը միշտ հաղթում է: Պիտի նախ և առաջ նրա դեմ հեղափոխություն անենք: Ամենաիսկական բռնապետը կպարտվի ողջամտության դեմ պայքարում…

Բայց գուցե չպարտվի:

Christian Zervos, “Conversations avec Picasso”,

in Cahiers d’art, Paris, n՛ spécial, 1935, p. 173-178.

1 Ֆրանսերենում` «chercher» և «re-chercher»:

2 Մեծ և թանկարժեք խանութների ցանց:

3 Անրի Արպինյի (Henri Harpignies)` ֆրանսիացի նկարիչ, ակվարելիստ: Մեծ հաջողություն է ունեցել տասնիններորդ դարի ֆրանսիական բուրժուազիայի շրջանում:

Ֆրանսերենից թարգմանությունը`

Նունե Աբրահամյանի

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ «Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն» Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված) 8. Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից… Արվեստ Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական…