Պիկասսոն խոսում է
Պիկասսո
Պիկասսոն խոսում է, 1923
Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին հառած անընդհատ փնտրում է երջանիկ պատահականությամբ իր ճանապարհին հայտնվելիք դրամապանակը: Մեր հետաքրքրությունը շարժում, եթե չասենք` հիացմունքի է արժանանում ինչ-որ բան գտնողը, և էական չէ, թե ի՞նչ է գտածը, կամ թե արդյո՞ք նախապես ուներ փնտրելու մտադրություն:
Ինձ վերագրվող բազմաթիվ մեղքերի մեջ ոչինչ ավելի կեղծ չէ, քան ենթադրելը, թե փնտրտուքի հակումն է աշխատանքիս ամենակարևոր խթանիչը: Նկարում եմ ցույց տալու համար, թե ինչ եմ գտել, ոչ թե այն, ինչ փնտրում եմ: Արվեստի մեջ մտադրությունը բավարար չէ, և ինչպես իսպանացիներս ենք ասում` սերը պիտի ապացուցվի փաստերով, ոչ թե բառերով: Արդյունքում կարևոր է, թե ինչ ես անում, ոչ թե` ինչպիսի մտադրություն ունեիր:
Բոլորս գիտենք, որ արվեստը ճշմարտություն չէ:
Արվեստը սուտ է, որ մեզ ստիպում է հասկանալ ճշմարտությունը, գոնե այն ճշմարտությունը, որ մեզ վիճակված է հասկանալ: Արվեստագետը պիտի գտնի ուրիշներին սեփական ստերի ճշմարտացիության մեջ համոզելու միջոցը: Իսկ եթե իր ստեղծագործության մեջ սոսկ ցույց է տալիս, թե ինչ է փնտրել ու վերափնտրել`1 իր ստերն ընդունել տալու համար, երբեք ոչնչի չի հասնի:
«Որոնում»-ի գաղափարը հաճախ է ճանապարհից շեղել գեղանկարչությանը` արվեստագետին ստիպելով մոլորվել անիմաստ տեսությունների մեջ: Սա գուցե արդի արվեստի ամենամեծ թերությունն է նույնիսկ: Փնտրտուքի հակումը թունավորել է նրանց, ովքեր լավ չեն հասկացել արդի արվեստի բոլոր դրական և որոշիչ տարրերը. այդ հակումը նրանց ստիպել է նկարել անտեսանելին, որ ըստ էության «աննկարելին» է:
Մոդեռն արվեստին հակադրում են նատուրալիզմը: Հետաքրքիր է` արդյոք որևէ մեկը երբևէ տեսե՞լ է բնական արվեստի գործ: Իրարից տարբեր բնությունը և արվեստը չեն կարող նույնը լինել: Արվեստով մենք արտահայտում ենք մեր հայեցակետն այն մասին, ինչ բնություն չէ:
Վելասկեսը մեզ թողել է իր ժամանակակիցների վերաբերյալ սեփական հայացքը: Անկասկած, վերջիններս տարբեր էին իր նկարածից, բայց Ֆիլիպ Չորրորդին մենք ընկալում ենք սոսկ այնպես, ինչպես Վելասկեսն է նկարել: Ռուբենսն էլ է արել այդ թագավորի պորտրեն, որում նա լրիվ ուրիշ մարդ է: Հավատում ենք Վելասկեսի նկարածին, որովհետև նա մեզ համոզել է իր հայացքի ճշմարտացիության մեջ:
Սկսած առաջին` պրիմիտիվ նկարիչներից, որոնց գործերն ակնհայտորեն տարբեր են բնությունից, մինչև Դավիդը, Էնգրը ու նույնիսկ Բուգրոն, բոլորը կարծում էին, թե նկարում են բնությունը, ինչպես կա. արվեստը միշտ արվեստ է եղել, և ոչ բնություն: Եթե արվեստի տեսանկյունից նայենք, կոնկրետ կամ աբստրակտ ձևեր չկան, այլ միայն`առավել կամ պակաս համոզիչ ստեր: Անկասկած, այս ստերն անհրաժեշտ են մեր հոգևոր կեցությանը, քանզի նրանց միջոցով է, որ ձևավորում ենք կյանքի վերաբերյալ մեր Էսթետիկական տեսակետը:
Կուբիզմը տարբեր չէ գեղանկարչական որևէ այլ դպրոցից: Նույն սկզբունքներն ու նույն տարրերը բնորոշ են բոլորին: Կարևոր չէ, որ երկար ժամանակ կուբիզմը հասկացված չի եղել և որ նույնիսկ այսօր մարդիկ կան, որ դրանում ոչինչ չեն տեսնում: Ես անգլերեն չեմ կարդում, և անգլերեն գիրքն ինձ համար դատարկ տեքստ է: Բայց դա չի նշանակում, թե անգլերեն լեզուն գոյություն չունի. ինչո՞ւ պիտի ինձանից բացի որևէ մեկին մեղադրեի, որ չեմ հասկանում չգիտեցածս:
«Էվոլյուցիա» բառն էլ հաճախ եմ լսում: Ինձ անընդհատ խնդրում են բացատրել, թե ինչպես է իմ նկարչությունը զարգացել: Ինձ համար արվեստում ո՛չ անցյալ կա, ո՛չ ապագա: Եթե արվեստի գործն ի վիճակի չէ միշտ ներկայում ապրելու, չարժե դրա վրա կենտրոնանալ: Հույների, եգիպտացիների, այլ ժամանակաշրջաններում ապրած մեծ նկարիչների արածը անցյալի արվեստ չէ. գուցե այսօր այն առավել քան երբևէ կենսունակ է: Արվեստն ինքն իրեն չի զարգանում, մարդկանց մտքերն են փոխվում և դրանց հետ` արտահայտչաեղանակները: Երբ խոսակցություններ եմ լսում որևէ արվեստագետի էվոլյուցիայի վերաբերյալ, թվում է, թե խոսողներն այդ մարդուն պատկերացնում են երկու հանդիպակաց հայելիների առջև կանգնած, որ անվերջ արտացոլում են նրա պատկերը և որ հայելիներից մեկի հաջորդական արտացոլանքները դիտարկվում են որպես անցյալ, իսկ իրական պատկերը համարվում է նրա ներկան: Չեն մտածում, որ բոլորն էլ նույն պատկերներն են տարբեր պլաններում: Փոփոխությունը էվոլյուցիա չէ: Եթե արվեստագետը փոփոխում է իր արտահայտչաեղանակը, դա սոսկ նշանակում է, թե ինքը փոխել է մտածելու իր կերպը, և որ այս փոփոխությունը կարող է շատ լավ արդյունքի հասցնել կամ շատ վատ:
Իմ արվեստի մեջ գործածված եղանակները չպիտի դիտարկվեն որպես էվոլյուցիա կամ որպես գեղանկարչության անհայտ իդեալին մոտեցնող փուլեր: Ամեն ինչ ներկայի համար եմ արել, նաև հուսալով, որ դա կմնա ներկայում: Երբեք չեմ մտածել փնտրելու հակման մասին: Երբ արտահայտելու որևէ բան եմ գտել, արել եմ առանց մտածելու անցյալի կամ ապագայի մասին: Չեմ կարծում, թե նկարչությանս մեջ կիրառած տարբեր եղանակներում իրարից արմատապես տարբեր տարրեր գործածած լինեմ: Եթե ինձ հետաքրքրող թեմաները մեկից ավելի արտահայտչաեղանակներ են ենթադրել, երբեք չեմ երկմտել դրանք բոլորը կիրառելու: Երբեք փորձեր և փորձարկումներ չեմ արել: Հենց որ ասելու բան եմ ունեցել, ասել եմ այն եղանակով, որը դրա համար ճիշտ եմ կարծել: Տարբեր մոտիվները անխուսափելիորեն տարբեր արտահայտչաեղանակներ են պահանջում: Դա իր մեջ չի ներառում ո՛չ էվոլյուցիա, ո՛չ առաջընթաց, այլ` արտահայտելիք մտքի ու դրան հարմար արտահայտչաեղանակների ադապտացիա:
Անցումնային արվեստ չկա: Արվեստի ժամանակագրական պատմության մեջ կան մյուսներից ավելի արդյունավետ, ավելի ամբողջական ժամանակաշրջաններ: Եթե գրաֆիկորեն պատկերեինք արվեստի պատմությունը, ինչպես բուժքույրն է անում հիվանդի ջերմության կորը գծելով, նույն անհարթ գծագրերը կունենայինք, որոնք կապացուցեին, թե արվեստի մեջ վերընթաց-առաջընթաց չկա, այլ միայն` վերելքներ և անկումներ, որ կարող են վրա հասնել ցանկացած պահի: Նույնը կարող ենք ասել որևէ առանձին արվեստագետի վերաբերյալ: Բոլորը կարծում են, թե կուբիզմն անցումնային արվեստ է` մի փորձ, որ պիտի հետագա արդյունքների հանգեցնի: Այդպես մտածողները չեն հասկացել կուբիզմը: Այն սերմ չէ, ոչ էլ սաղմ, այլ արվեստ, որ հիմնականում գործ ունի ձևերի հետ, և երբ որևէ ձև իրացված է, այլևս ապրում է սեփական կյանքով:
Երկրաչափական ձև ունեցող անօրգանական նյութը անցումնային նպատակների համար չէ, այլ որ մնա, ինպես որ կա. այն միշտ կունենա սեփական ձևը: Բայց եթե էվոլյուցիոնիզմի օրենքը կիրառենք արվեստի պարագայում, պիտի խոստովանենք, որ ցանկացած արվեստ անցումային է: Այնինչ արվեստը չի ենթարկվում այս փիլիսոփայական բացարձակներին: Եթե կուբիզմն անցումային արվեստ է, համոզված եմ, որ միակ բանը, որ նրանից կծնվի, կլինի կուբիզմի մի ուրիշ տեսակ: