Զրույց
Կառլեն Մուրադյան – Վիլհելմ Դեկունինգ
Մուրադյան: Դուք և Գորկին շատ մոտ ընկերներ եք եղել:
Դեկունինգ: Կարծում եմ իսկապես շատ պայծառ, սարսափելի պայծառ անձնավորություն էր: Ճիշտ գաղափարներ ուներ: Գիտեք, ես բնազդաբար զգում էի, որ նա ճիշտ է: Զգացողություն ուներ: Եվ երբ տեսա նրան քայլելիս Յունիոն հրապարակի մերձակայքում, որտեղ ապրում էր, ասացի. «Թույլ տվեք կրկին տեսնել Ձեզ: Դեհ, մի օր, եթե դեմ չեք, կցանկանայի գալ Ձեր արվեստանոցը»: Նա շատ բարեհամբույր էր. «Իսկ ինչո՞ւ ոչ հենց հիմա»: Ապա գնացինք նրա արվեստանոցը, և ես շատ տպավորվեցի տեսածիցս: Նկատի ունեմ հրաշալի մթնոլորտը, անաղարտորեն մաքուր:
Մուրադյան. Դա Յունիոնի 36-ի արվեստանո՞ցն էր:
Դեկունինգ. Այո, ճիշտ է: Հենց այնտեղ, որտեղ դուք եք ապրել մի կարճ ժամանակ, երբ փոքր տղա էիք: Եվ ես սարսափելի տպավորված էի նրա բոլոր գործերով, թե՛ գծանկարներով, թե՛ գունանկարներով և թե՛ իր ունեցած վիթխարի քանակի վրձիններով: Մեծ քանակությամբ ներկ և վրձիններ, ֆոտոստատներ:
Մուրադյան: Ֆոտոստատնե՞ր:
Դեկունինգ: Այո: Նա իրեր, նկարների դետալներ հայտնաբերելու եղանակներ ուներ: Իհարկե, ավելի ուշ շատերը դա կիրառեցին, բայց առաջին անգամ ես դա տեսա նրա արվեստանոցում: Նրա շնորհքը չունեին: Կար որոշ կասկածամտություն և թյուրըմբռնում, այնպես որ հենց նույն նկարները, որ նա նկարել էր այդ օրերին, ավարտի բերվեցին երեսնականերին և այժմ շատ հայտնի են ու չեն կրում այլոց ազդեցությունը: Գիտեք, իհարկե, նա եկավ այստեղ երբ 16 տարեկան էր, ուրեմն չէր կարող շատ բան սովորել, որովհետև 20-ում թե 21-ում արդեն դասավանդում էր Grand Central School of Art-ում: Եվ ես ճանաչում էի նրա աշակերտներից ոմանց, նա շատ լավ ուսուցիչ էր: Ես եկա 1926-ին և որոշ չափով ավելի օրինավոր կրթություն էի ստացել Հոլանդիայում, սակայն շատ բաներ, որ ենթադրում էի, թե գիտեմ, նա շատ ավելի լավ գիտեր: Նա գերբնական բնազդ ուներ բոլոր արվեստների հարցում, հատկապես քանի որ հայ էր: Նա պետք է որ դպրոց գնացած լիներ Հայաստանում, արվեստի մասին սովորած լիներ Հայաստանում` նախքան Միացյալ Նահանգներ գալը:
Մուրադյան: Երբևէ պատմե՞լ է Ձեզ, թե արվեստի մասին իր գաղափարները որտեղից են գալիս:
Դեկունինգ: Նա ինձ պատմում էր պատմություններ իր երիտասարդությունից:
Մուրադյան: Ի՞նչ էր մտածում Ամերիկայի մասին:
Դեկունինգ: Ասում էր, որ ատում է այն: Շատերն էին ատում Ամերիկան: Բոլոր ինտելեկտուալները, բոլոր գրողները, նկարիչները: Նրանց կարծիքով սա գոմ է և այստեղ արվեստ չկա: Կարծում եմ տրամաբանական է, որ արվեստագետը չի սիրում այս երկիրը, որովհետև, գիտեք, թանգարանները և պատկերասրահները անարդար էին մեր հանդեպ: Համարում էին, որ Եվրոպայից չի եկել, լավը չէ, իսկ այն, ինչ գնահատելի էր Ամերիկայի և ամերիկյան նկարիչների մեջ, գավառական արվեստն էր: Ահա այդպիսի նկարիչներ: Եվ դա միակ բանն էր, որ կարող էին տեսնել: Այն պահից, երբ վտարանդի նկարիչները սկսեցին գալ Եվրոպայից, թանգարաններն ու պատկերասրահները սկսեցին ուշադրություն դարձնել Գորկու վրա, որովհետև Անրի Բրետոնը, Մաքս Էռնստը և բոլոր այդ կարգի մարդիկ գիտեին Գորկուն, որպես սոսկալի (terrific) նկարչի և չէին կարող հավատալ, որ նա հայտնի չէր այստեղ: Սակայն նա ինչոր կերպ հաջողեցնում էր ապրել: Քիչ ու միչ դաս էր տալիս և հազվադեպ նկար վաճառում: Բայց մինչև վերջ էլ չստացավ հավուր պատշաճի: Այժմ երիտասարդները գտնում են, որ նա սոսկալի է և, երբ հիմա նայում են նրա գործերը, կարծում են` դա Գորկի է, ոչ թե Պիկասսո: Իհարկե, ինձ շատ են կապում Գորկու հետ, և ես շատ բան եմ սովորել նրանից:
Մուրադյան: Ի՞նչ եք սովորել Գորկուց:
Դեկունինգ: Աշխատելաձևը: Գտել ես մի ընկեր, որն իրապես լավն է և շատ խելացի: Դժվար է բացատրել: Դա տեխնիկա չէ: Դա նման է համերգի, պարզապես ճիշտ գաղափարներ ստանալու: Գիտեք ինչ եմ ուզում ասել: Նա ճիշտ էր: Նկատի ունեմ, որ նա անում էր դա ճիշտ ձևով: Նա պայթուցիկ էր:
Մուրադյան: Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր Գորկու ինքնատիպ ավանդն արվեստում:
Դեկունինգ: Նրա գաղափարը պատկերի մասին: Այժմ Գորկին ընդմիշտ ունի իր ուրույն պատկերը: Գիտեք, այն նման էր բուրմունքի: Զգացմունքը, իրերը նկարելու ձևերը, գծանկարելու ձևը: Այդ ամենը սարսափելիորեն Գորկի էր: Նրա մեկնաբանությունը միշտ գորկիական էր:
Մուրադյան: Արդյո՞ք նրան բնորոշող բաներից մեկը բարակ, նուրբ գիծը չէ:
Դեկունինգ: Չքնաղ, այո: Այն շատ անձնական և գեղեցիկ է: Նա հասկանում էր ամեն ինչ: Նա ուներ սարսափելի և խորհրդավոր խորաթափանցություն: Նա ըմբռնում էր ամեն ինչ բնության, նկարչության մեջ: Ես գիտեի, որ նա ճիշտ է: Նկատի ունեմ, որ նա ինձ համար ճիշտ էր, որովհետև գիտեր իսկությունը: Եվ ուներ առողջ բանականություն, որն իհարկե նրան դժվարըմբռնելի էր դարձնում: Նա ուներ մեծաքանակ հետևորդներ: Դրա պատճառով մշտապես խոսում էին նրա դեմ:
Բայց երբ դասախոսում էր, օրինակ, նկարիչների միության սրահում, դահլիճը լեփ լեցուն էր լինում, որովհետև գիտեին նաև, որ նա հետաքրքիր շատ բան գիտի: Նա գրված գրքերից առաջ էր:
Մուրադյան: Ի՞նչ նկատի ունեք:
Դեկունինգ: Նա ուներ բոլոր այդ բաները մինչև սյուրռեալիստները, և սյուրռեալիստներն ասում էին նրան, որ նա արդեն ունի դրանք: Ուզում եմ ասել նա ուներ ֆանտաստիկ բնազդ, ճշմարիտը տեսնելու շնորհ: Չկա ճիշտ և սխալ եղանակ, սակայն նրա համար, ով գիտի, ճիշտ եղանակ կա: Եվ նա լի էր հակասություններով, նաև նկարչական իմաստով: Կասեր. «Նայիր այս փետրավոր ծառերին, դրանից է, որ նրանք այդքան հիասքանչ են: Գիտեք, ես իրոք զգում եմ դրանք որպես նկարված փետուրներ»: Դժվարին կյանք ուներ: Ամեն ինչ մի տեսակ մռայլ էր, և ոչինչ իսկապես շատ լավ չէր ընթանում, ո՛չ նկարները, ո՛չ կյանքը և ո՛չ փողը: Իսկ նա կասեր. «Ա~հ, դա ընդամենը մի բաժակ սուրճ է, մի կտոր թխվածք»: Ասում էր որոշակի հայկական առոգանությամբ: Նա ինքնատիպ վարվելաձև ուներ:
Մուրադյան: Ի՞նքն էր սեփական գործերի անողորմ քննադատը:
Դեկունինգ: Նա կանգնում էր հասակով մեկ, բեղերը կախ նայում ցած, և ես գիտեի, որ մտածում է ինչ-որ բանի մասին: «Սակայն գիտես,– ասում էր նա,– դու պետք է մեկընդմիշտ հաշտվես ինձ հետ, կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպես եմ տառապել: Ես միշտ պիտի հաշտվեմ ինքս ինձ հետ»: Վերջին խոսքը միշտ նրանն էր: Թախծում էր: Արտակարգ տղա էր, արտակարգ անձնավորություն: Բայց դժվար: Օհ, նա հայ էր, հա՛յ:
Մուրադյան: Երբևէ հետևե՞լ եք նրան նկարելիս:
Դեկունինգ: Օհ, շատ անգամ: Նա սիրում էր, երբ դիտում էին: Նա ինչ-որ առումով միայնակ էր:
Մուրադյան: Կարո՞ղ եք նկարագրել նկարելու նրա մեթոդը:
Դեկունինգ: Օգտագործում էր մեծ քանակությամբ վրձիններ, փոքր, մեծ ներկապնակներ: Անչափ վստահ էր: Նա մշտապես համակված էր արվեստագետ լինելու զգացումով: Հիանալի վրձիններ ուներ: Խելքը գնում էր բոլոր այդ տարբեր ձևերի վրձինների համար: «Հիմա գիտեմ»` կասեր: Եվ վերջապես, նրա արվեստանոցում ես գտնում էի վրձիններ, որոնք մինչև իսկ հայտնի չէին ինձ: Բայց նա ինձ ոչինչ չէր ասում: Ես չեմ հարցրել նրան, որովհետև գիտեի, որ կասեր.