Ռուբիկոն

Զրույց

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

«Օհ, ինչ-որ խանութից»: Այո: Նա այդպիսին էր:

Մուրադյան: Ուզո՞ւմ էր պահել իր գաղտնիքները:

Դեկունինգ: Այո: Նա միշտ մատնում էր դրանք ինչ-որ կերպ: Սակայն ուզում եմ ասել, որ նա արտառոց կերպար էր: Ուզում եմ ասել, չէի ցանկանա նրան այլ կերպ տեսնել: Այլապես նա Գորկին չէր լինի: 

Մուրադյան: Ի՞նչ խնդրի հետ էր բախվել նա արվեստում:

Դեկունինգ: Դե՛հ, ես շատ եմ ազդվել նրանից: Նա ավելի շատ գիտեր: Երբ ունես ինչ-որ բանի բնազդ, բայց դեռևս չես կարողանում գործի դնել և հանդիպում ես ճիշտ մարդու, ապա բնականորեն կառչում ես նրանից: Չեմ ուզում ծանրաբեռնել իմ անձնականով, բայց ինձ թվում է, նա էլ ինձ էր սիրում: Բայց կասկած չկա, որ նա էր Բոսը: Այդպիսի անհատականություն էր, և ես պետք է հաշտվեի դրա հետ: Նա էր գլխավորը: Օրինակ՝ երբ քայլում էինք, նա կարող էր հանկարծ անսպասելիորեն անցնել փողոցը: Ասում եմ. «Կուզեի, որ այլևս նման կերպ չվարվես, Արշի՛լ, որովհետև դու ճիշտ պահին անցար և բաց թողեցիր մեքենան, բայց ես նրա վրա վազեցի»: Միշտ ներողություն էր խնդրում, շատ քաղաքավարի էր: Պարզապես մի տեսակ եսակենտրոն էր: 

Մուրադյան: Քո նկարչության մասին դիտողություն անո՞ւմ էր:

Դեկունինգ: Գիտեք, ես ուրախ էի, որ ճանաչել եմ Գորկուն, քանի որ ինքս էլ նկարիչ էի: Սովորաբար իմ որոշ գործերի մասին Գորկին ասում էր` շատ ինքնատիպ է, բայց ասելու տոնը այնքան էլ լավ չէր հնչում: Հասկանում եք, ինչ նկատի ունեմ: Ունես շատ ինքնատիպ նկարներ, որոնք շատ լավ նկարներ չեն: Տարբերություն կա ինքնատիպ և մեծ նկարիչ լինելու, կամ ինքնատիպ լինելու և օրենքները կոտրելու մեջ:

Մուրադյան: Գորկին և Ջեկսոն Պոլոկը իրար չէի՞ն սիրում:

Դեկունինգ: Իրականում Պոլոկը շատ կռվարար մարդ էր: Մի անգամ ներկա էի մի երեկոյի, երբ նա սկսեց վիրավորել Գորկուն. հարբած էր: Պատրաստվում էր այսպես անել, այնպես անել և ասաց Գորկուն. «Դու քոսոտ նկարիչ ես»: Գորկին աչքը չթարթեց: Նա հանեց երկար դանակը, որ միշտ պահում էր գրպանում: Նա օգտագործում էր դա որպես մատիտի սրիչ, սովորություն ուներ երկար գլուխներով մատիտների խրձեր պատրաստել, որովհետև դրանցով էր նկարում: Ասում էր, թե օգտագործում է գծագրության իր մատիտները, «որպես վիրաբուժական գործիքներ»: Հրաշալի սրած մատիտ էր, և հետո նրա խոշոր ձեռքերը: Այս մասում հարթ, շատ գեղեցիկ ձեռքեր: Այդ մատիտով կարողանում էր անել աննկարագրելի գծանկարներ, գեղեցիկ գծանկարներ` արված շատ սուր ծայրով: Այսպես, նրա համար սովորույթ էր դարձել դուրս հանել այդ մեծ դանակը և մատիտ սրել, երբ ինչ-որ մեկը ցանկանում էր անախորժություն պատճառել: Մարդիկ գիտեին, որ նրա մոտ չարժե հիմարություն անել: Դուք հասկանում եք` ինչ նկատի ունեմ: Գորկին ուղղակի պատասխանեց նրան. «Դեհ, մենք տարբեր նկարիչներ ենք»:

Մուրադյան: Գորկին ֆիզիկապես ուժե՞ղ էր:

Դեկունինգ: Շատ ուժեղ:

Մուրադյան: Երբեմն նա չափից դուրս ներկ էր օգտագործում:

Դեկունինգ: Այո: Որովհետև նա կարող էր: Նա օգտագործում էր ավելի շատ ներկ, քան որևիցե մեկը: Գերազանցում էր բոլորին: Հարկադրված էր: Դա գեղեցիկ էր երևում, դա գեղեցիկ էր: Նման անձնավորությունը կարող էր ունենալ շատ նկարներ: Նա կարող էր չարչարվել մի գծանկարի վրա: Օրինակ` նկարեց այն կիսադեմ գծանկարը, սև գլխով սպիտակ ֆոնի վրա: Եվ օրեցօր ներկ էր ավելացնում, և նկարները դառնում էին հոյակապ: Դրանք դառնում էին բոլորովին տարբեր: Դա նման էր կառուցման: Հարկ է ուսումնասիրել դա: Բայց նա ուներ իրեն տանջելու հատուկ ձև, ներկեր` շերտ-շերտի վրա: Եվ նկարները դառնում էին այսպես հաստ: Բարձրացրու` կասեր նա: Ես դժվարությամբ էի դա անում, որովհետև բավական ծանր էր: Բայց նա շարունակում էր հավատարիմ մնալ իրեն:

Մուրադյան: Դա երեսնականների հաստ ոճն էր:

Դեկունինգ: Այո երեսնականներինը:

Մուրադյան: Հետագայում անցավ բարակ ոճի:

Դեկունինգ: Այո: Նա սովորաբար նկարում էր տարբեր եղանակներով: Շատ տարբեր եղանակներով: Նա նման բաներ էր անում արդեն այն ժամանակ, երբ եկան Եվրոպացիները: Համարձակ էր: Արշիլով մենք վերադառնում ենք դեպի շատ անձնական արվեստ: Նա մահացավ շատ երիտասարդ, բայց նրա ամբողջ գործը շատ ինքնատիպ էր, իսկ վերջում` ճիշտ: Բոլոր նկարները, որոնք հայտնի են որպես տիպիկ գործեր, այլ բան չեն, քան մաքուր Գորկի: Դուք հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել: Ի միջի այլոց խոսում էր Հայաստանի և իր պատանեկության մասին: Ես գիտեմ, այնտեղ շատ գաղտնիքներ կային, և նա հասկանալու շնորհք ուներ:

Մուրադյան: Նա զարմանալի կերպար էր: 

Դեկունինգ: Վայելչակազմ, վայելչակազմ: Գեղեցիկ կոստյումներ ուներ: Բրդյա, փափուկ կոստյումներ: Գեղեցիկ տաբատներ: Նա շատ հմայիչ մարդ էր: Խոշոր աչքերով, գիտեք:

Մուրադյան: Ձեր արվեստանոցը մոտ էր:

Դեկունինգ: Ես արվեստանոց ունեի 21-րդ փողոցում, երբ ձեղնահարկ վարձեցի: Ձեղնահարկի առաջին բնակիչներից մեկն էի: Այդ գաղափարն իրականում ինձ տվեց մեկ այլ հայ նկարիչ` Ռաուլ Հագը: Բայց նա դժվար մարդ էր, և ես իմացա, որ երբ այս հայ մարդիկ հանդիպում էին, պարզապես քննադատում էին իրար: Բայց երբ Գորկին մահացավ, Ռաուլ Հագը ողբում էր և մի նամակ ուղարկեց, որում գրել էր, թե սիրել է նրան: Նրանք սովորաբար վիճում էին հայերեն, ինչպես երկու վաղեմի հայեր Հայաստանում: Նրանք սոսկալի երևակայություն ունեին, նման ժողովրդական բանահյուսությանը, որը և օգտագործում էին իրար դեմ: Շատ կծու և սուր միաժամանակ: Բայց դա        երբեք  չէր       անհանգստացնում     Գորկուն: Նրանք դա անում էին ֆանտաստիկ ձևով: 

Մուրադյան: Ռուբեն Նաքյանը նույնպես Գորկու լավ ընկերն էր:

Դեկունինգ: Այո: Նա հայ էր, բայց ծնվել էր Ամերիկայում` ի տարբերություն Գորկու և Հագի, որոնք ծնվել էին հին երկրում: Այսպես, օրինակ, ես տեսա Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Ես տեսա այն Գորկու հետ: Հարցրեցի նրա կարծիքը: Նա պատասխանեց. «Դա հայկական չէ»: «Դեհ, Սարոյանը հայ է, ասացի»: Գորկին պատասխանեց. «Ոչ մի հայ չէր ուղարկի իր որդուն նպարավաճառից պարտք խնդրելու: Նա ինքն անձամբ կգնար պարտք խնդրելու, բայց երբեք չէր ուղարկի իր որդուն»: Ես երբեք չմոռացա դա: Շատ զգացված էի: Հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ: Ես գիտեի հայերին. երբ նրանք միասին էին լինում, նրանք վիճում էին միմյանց հետ և անբարեհաճ էին իրար հանդեպ: Պատճառը նրանց այնտեղից լինելն էր: Այս իմաստով Հագն իրենց լքած հրաշալի աշխարհի` Հայաստանի մասին իր գաղափարով շատ նման էր Գորկուն: 

Մուրադյան: Նա խոսո՞ւմ էր իր ընտանիքից:

Դեկունինգ: Դեհ, ես հանդիպեցի Ձեր մորը և հորը, որովհետև դուք ապրում էիք այնտեղ ինչ-որ ժամանակ, բայց ընտանիքի մյուս անդամներին` ոչ: Նա շատ բարձր էր խոսում իր մոր մասին, որովհետև տարիներ շարունակ զբաղված էր նրա դիմանկարով: Նրա հայրը` հսկա մի մարդ, ձին հեծած, հրամայում է մարդկանց ինչ անել: Դա նման էր ժողովրդական բանահյուսության: 

Մուրադյան: Նա սովորաբար կանգնա՞ծ էր աշխատում:

Դեկունինգ: Հիմնականում կանգնած: Զավեշտական դիրքեր ուներ: Հաճախ նկարում էր ուրիշներին հակառակ ոճով: Եթե նա Ձեզ նկարում էր, ապա երկար ժամանակ կնայեր ձեզ, և ապա կշրջվեր մեջքով:

Կարդալ նաև

Արվեստ «Քանդակ» Բարբարա Հեփվորթ (1903-1975) Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում… Արվեստ «Վերապրումի» սկզբունքն իրականության վերարտադրության համատեքստում (հանգուցային դրույթներ) Արա Խզմալյան Արիստոտելի միմեսիսը վիճահարույց, հակասական մեկնությունների առիթ տվող էսթետիկական տերմիններից է, որ վաղուց հեռացել է իր նախնական իմաստից ու նշանակությունից: Հասկացությունը թարգմանվել է որպես ընդօրինակում, որը, ինչպես գրում են անտիկ էսթետիկայի… Արվեստ Արվեստն իբրև հաղորդության լեզու Արա Գուրզադյան Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված…