Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Ջորջ Սանտայանա
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու հուշարձաններն են, քանի որ դիմել են միայն հայեցողությանը, ընդ որում, բոլոր քաղաքակիրթ դարերում ի սպաս են դրել հսկայական ջանք, հանճար ու փառք, և այդուհանդերձ, ավելի պակաս, քան տրամադրվել է արդյունաբերությանը, պատերազմին կամ կրոնին: Այնուամենայնիվ, կերպարվեստը, որի մեջ էսթետիկական զգացումն արտահայտվում է գրեթե անխառն ձևով, բոլորովին էլ միակ բնագավառը չէ, որտեղ մարդիկ դրսևորում են գեղեցկության իրենց ընկալունակությունը: Մարդկության արդյունաբերական բոլոր դրսևորումներում նկատելի է այդ ձգտումը, որի պատճառով աչքը հրապուրվում է իրերի արտաքին կողմով. հանուն դրա ամենասովորական ձեռնարկություններում որքան ժամանակ և ջանք են զոհաբերում, նույնիսկ բնակարանի, հագուստի կամ ընկերների ընտրության հարցում մարդ զերծ չէ իր էսթետիկական գզացողության վրա դրանց թողած ազդեցությունից: Վերջերս բացահայտվել է, որ անգամ շատ կենդանիների տեսակներ գոյատևել են աչքի համար իրենց առավել գրավիչ գույների ու ձևերի սեռական ընտրության շնորհիվ: Հետևաբար մեր բնության մեջ պետք է որ գոյություն ունենա գեղեցիկը նկատելու և գնահատելու շատ հիմնավոր և տարածված մի ձգտում: Մտքի օրենքների որևէ նկարագրություն չի կարող լիովին համազոր լինել` որևիցե նշանակություն այդքան ակնառու ձևով փոխանցելու համար:
Առարկայի անկարևորության պատճառով չէ, որ աշխարհն այսքան քիչ ուշադրության է արժանացրել էսթետիկայի տեսությունը. դրա պատճառն ավելի շուտ ուսումնասիրության համար համապատասխան շարժառիթների պակասը և պատահական ջանքերի փոքր հաջողությունն է: Պարզապես հետաքրքրասիրությունը և իմաստավորելու հանդեպ սերն այն կրքերը չեն, որոնք բավարարելու համար մենք կարող ենք ազատ ժամանակ շռայլել. դրանք պահանջում են ոչ միայն ձերբազատում գործերից, այլ, ինչն ավելի հազվադեպ է, նախատրամադրվածության և ատելության թոթափում, որոնք առկա են մեր մտքի այդպիսի նշանակետ չհանդիսացող բոլոր գաղափարների համար:
Արդ, ինչը գլխավորապես նպաստել է աշխարհին հայտնի այսօրինակ հետազոտությանը, եղել է կա՛մ աստվածաբանական կիրքը, կա՛մ գործնական կիրառությունը: Բոլորիս համար ակնհայտ է, որ, օրինակ, գեղեցիկի մասին գրվածքները կարող են բաժանվել երկու խմբի. մի խմբում փիլիսոփաները էսթետիկական փաստերը ներկայացրել են իրենց մետաֆիզիկական սկզբունքների լույսի ներքո և իրենց ճաշակի մասին տեսությունը դարձրել իրենց համակարգի արդյունք կամ «տողատակի հղում», իսկ մյուս խմբում արվեստաբանները կամ քննադատները խիզախել են դիմել փիլիսոփայության` ինչ-որ չափով ընդհանրացնելով հասարակության ասույթները կամ զգացմունքային դիտորդի դատողությունները: Միանգամից ուղղակիորեն ու տեսականորեն առարկային դիմելը շատ հազվադեպ է եղել. բնության և բարոյականության խնդիրները զբաղեցրել են մտածողներին, իսկ գեղեցիկի արարումն ու նկարագրությունը կլանել են արվեստագետներին. այսպիսով` երկու արտացոլումների միջև էսթետիկական փորձառությունը մնացել է անլիարժեք ու անհետևողական:
Մի հանգամանք էլ, որ նույնպես նպաստել է էսթետիկական տեսության բացակայությանը կամ ձախողմանը, երևույթի սուբյեկտիվությունն է, որի հետ գործ ունի: Մարդն ինքն իր հանդեպ կանխակալ է. մտացածին ամեն բան անիրական ու համեմատաբար անկարևոր է թվում նրան: Մենք բավարարված ենք լինում միայն այն ժամանակ, երբ մեզ պատկերացնում ենք շրջապատված մեր էությունից անկախ առարկաներով և օրենքներով: Մեր նախնիները երկար են խորհրդածել տիեզերքի կառուցվածքի շուրջ, մինչև հանգել են այդ մտքին, որը բոլոր խորհրդածությունների գործիքն է: Ժամանակակիցները նույնպես, անգամ հոգեբանության բնագավառում, սկզբնապես ուսումնասիրել են ընկալման նշանակությունը և իմացության տեսությունը, որի միջոցով մենք, թվում է, տեղյակ ենք դառնում արտաքին երևույթներին. նրանք համեմատաբար անտեսել են երևակայության և հույզերի` բացառապես սուբյեկտիվ և մարդկային բնագավառը: Մենք դեռևս գործնականում պիտի ճանաչենք այն ճշմարտությունը, որ ընկալումների վիթխարի աշխարհը մեր այս արհամարհված զգացմունքներից է քաղում իր բոլոր արժեքները, եթե ոչ նաև իր գոյությունը: Իրերը հետաքրքիր են, քանի որ մեզ հետաքրքրում են, և անհրաժեշտ են, քանի որ նրանց կարիքն ունենք: Եթե մեր ընկալումները կապված չլինեին մեր հաճույքների հետ, մեր աչքերը վաղուց փակած կլինեինք այս աշխարհի դեմ. եթե մեր գիտակցությունը մեր կրքերին չծառայեր` երազկոտության ծույլ ազատության մեջ ընկած, մենք կկասկածեինք, թե արդյո՞ք երկու անգամ երկուսը չորսի է հավասար:
Տակավին այնքան ուժգին է անխառն հուզական երևույթների անարժեքության և անկարևորության տարածված զգացումը, որ նրանք, ովքեր բարոյական խնդիրները սրտին մոտիկ են ընդունել և իրենց մեջ կոչում են տեսել, հաճախ փորձեր են ձեռնարկել` բացահայտելու ինչ-որ արտաքին ճշմարտություն և գեղեցկություն, որոնց ընկալումը և հայտնաբերումը կկազմեին մեր գեղագիտական զգացումները, ճիշտ այնպես, ինչպես որ մեր մտավոր գործունեությունը մարդկանց կարծիքով արտաքին փաստի ընկալում կամ հայտնագործում է: Այս փիլիսոփաները կարծես զգում են, որ եթե բարոյական և գեղագիտական դատողությունները օբյեկտիվ ճշմարտության և սոսկ մարդկային էության արտահայտություններ չեն, դրանք դատապարտված են մնալու անհույս առօրեականության մեջ: Դատողությունը ծեծված չէ, որովհետև, համենայն դեպս, հիմնվում է մարդկային զգացմունքների վրա. առօրեականությունը, ընդհակառակը, բաղկացած է վերացարկված մարդկային հետաքրքրություններից, և միայն այն դատողություններն ու կարծիքներն են իսկապես անկարևոր, որոնք վերստուգվելու կարիք չունեն և որևէ դեր չեն խաղում կյանքի կանոնակարգման և հարստացման մեջ:
Երկուսն էլ` բարոյագիտությունը և գեղագիտությունը, շատ են տուժել սուբյեկտիվի հանդեպ կանխակալ կարծիքից: Նրանք ավելի կտուժեին, եթե երկուսի քննության առարկան գոնե մասամբ օբյեկտիվ չլիներ: Բարոյագիտությունը գործ ունի վարքի, ինչպես նաև հուզականության հետ, հետևաբար քննարկում է դեպքերի պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև դրանց արժեքի վերաբերյալ մեր դատողությունները: Էսթետիկան հակված է նաև ներառել արվեստի պատմությունն ու փիլիսոփայությունը և մի շարք նկարագրական ու քննադատական հարցեր ավելացնել գեղեցիկի նկատմամբ մեր զգայունակության տեսությանը: Այդ կապակցությամբ որոշակի խճճվածություն է առաջացել այս հետազոտության մեջ, բայց միաժամանակ հարակից բնագավառներ կատարվող էքսկուրսն աշխուժացնում է քննարկումը` հավանաբար ավելի հետաքրքրելով լայն ընթերցողին:
Մենք, այնուամենայնիվ, կարող ենք տարբերակել բարոյագիտությանը և գեղագիտությանը հատուկ երեք սկզբունքներ և նյութին մոտենալու երեք տարբեր ուղիներ: Առաջինը բարոյական կամ գեղագիտական ընդունակության դրսևորումն է ինքնին, դատողության փաստացի արտաբերումը և գովասանքի, կշտամբանքի կամ հրահանգի արտահայտությունը: Սա գիտության հարց չէ, այլ` բնավորության, խանդավառության, ընկալման նրբության և զգացմունքի գեղեցկության: Սա էսթետիկական կամ բարոյական գործունեություն է, մինչդեռ բարոյագիտությունը կամ գեղագիտությունը, որպես գիտություններ, մտավոր գործունեություն են, որոնց համար բարոյականության կամ էսթետիկայի գործունեությունը քննության առարկա է: