Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Երբ մեկն ասում է ձեզ, թե գեղեցկությունը Աստծո դրսևորումն է զգացմունքների մեջ, դուք ցանկանում եք հասկանալ նրան, դուք նրա ասած անորոշության մեջ խոր ճշմարտություն եք փնտրում, մեծարում եք նրան մտքի թռիչքի համար, և ձեր հարգանքը կարող է անգամ դրդել ձեզ համաձայնել նրա ասածին, որպես մի դյուրըմբռնելի պնդման:
Դրա հետևանքով ձեր միտքն այդ ժամանակից սկսած կարող է ազդեցություններ կրել բառացի դոգմայի կողմից, որի շուրջ արագորեն կխմբվեն ձեր բոլոր համակրանքներն ու հակակրանքները, և որքան ավելի քիչ արմատացած լինեք ձեր նախկին համոզմունքի մեջ, այնքան ավելի անվերապահորեն կհավատաք նորին: Դուք հետևած կլինեք Մեֆիստոֆելի խորհրդին.
Հետևեք բառերին,
Ապահով դարպասով
Մտեք տաճարն ապահովության:
Այնուհանդերձ, խորհրդածությունը պիտի որ ցույց տար ձեզ, որ վարպետի խոսքը չի պարունակում բնության էության և ծագման վերաբերյալ ոչ մի օբյեկտիվ գնահատական, այլ նրա չափազանց խճճված զգացմունքների անորոշ արտահայտությունն է:
Աստծո հատկանիշներից մեկը, նրա կատարելություններից մեկը, որ մտահայում ենք նրա մասին մեր պատկերացումներում, այն է, որ նրա կամքի և կարծիքի, նրա էության ազդակների և կյանքի իրադարձությունների միջև չկա երկվություն կամ հակադրություն: Այս ենք մենք սովորաբար սահմանում որպես ամենազորություն և արարում: Արդ, գեղեցիկի մասին խորհրդածության մեջ ընկալման մեր կարողությունները նույն կատարելությունն ունեն. գեղեցկության փորձառությունից և երջանկությունից, մեր էության և շրջապատի միջև դիպվածային ներդաշնակությունից ենք մենք քաղում աստվածային կյանքի մեր իմացությունը: Ուրեմն, գեղեցկությունն Աստծո մարմնացումը զգացումներում անվանելն իսկապես տեղին է, քանի որ զգացմունքի բնագավառում գեղեցկության ընկալումը լուսաբանում է այն համապատասխանությունը և կատարելությունը, որ մենք ընդհանուր առմամբ մարմնավորում ենք Աստծո գաղափարի մեջ: Այս համաբանությունների մթնոլորտում գտնվողները հազիվ թե լինեն նրանք, ովքեր կարիք կունենան հարցնելու, թե որոնք են այս կատարելության պայմանները և տարատեսակները, այլ կերպ ասած, ինչպես է պատահում, որ մենք ընկալում ենք գեղեցիկն առհասարակ կամ աստվածայնության ինչ-որ ակնկալություն ենք ունենում: Միայն այն փիլիսոփաները, որոնք թավալվում են էպիկուրյան խոզանոցում, ինչ-որ բան գիտեն այդ մասին: Սակայն ավելի հեշտ է տպավորության տակ լինել, քան խրատվել. հասարակությունն առհասարակ պատրաստ է հավատալու, թե որտեղ ազնվական լեզու կա ոչ առանց դժվարըմբռնողության, այնտեղ կլինեն հիմնավոր գիտելիքներ: Այս կապակցությամբ մենք, այնուհանդերձ, պետք է տարբերակենք երկու որոշակի պահանջ: Առաջինը կապված է ըմբռնման հետ. մենք փնտրում ենք մարդկային ֆունկցիայի այնպիսի մի տեսություն, որը կընդգրկի դրա կիրառման բոլոր հնարավոր դեպքերը` լինեն դրանք ազնվական թե տարրական: Պլատոնականները հազիվ թե մեզ օգնեն այս հարցում: Մյուս պահանջը կապված է ներշնչանքի հետ. մենք ցանկանում ենք սնված լինել վեհ մտքի ասույթներով ու խոստովանություններով, որոնց մեջ գեղագիտական ֆունկցիան առաջնային կլինի: Այս պահանջին համապատասխանելով` նման մտածողները կարող են շահել մեր հիացմունքը:
Գերադասելի է զգալ գեղեցկությունը, քան հասկանալ, թե ինչպես ենք հասնում այդ զգացողությանը: Երևակայություն և ճաշակ ունենալը, լավագույնը սիրելը, բնության հայեցության շնորհիվ կատարյալի հանդեպ վառ հավատի հասնելը, այս ամենը ավելին, շատ ավելին է, քան ցանկացած գիտություն կարող է ակնկալել: Բանաստեղծները և փիլիսոփաները, ովքեր արտահայտում են այս էսթետիկական փորձառությունը և իրենց օրինակով խթանում նույն ֆունկցիան մեր մեջ, մեծ ծառայություն են մատուցում մարդկությանը և ավելի բարձր պատվի են արժանի, քան պատմական ճշմարտություն հայտնագործողները: Խորհրդածությունը իսկապես կյանքի մի մասն է կազմում, սակայն` վերջին մասը: Դրա առանձնահատուկ արժեքը հետաքրքրասիրությունը բավարարելն է, իրերն ու երևույթները բացահայտելը և բացատրելը, սակայն ամենամեծ հաճույքը, որը փաստորեն ստանում ենք խորհրդածելուց, փոխառված է այն փորձառությունից, որի շուրջ մտորում ենք: Մենք հաճախ չենք տրվում հիշողությունների ի սեր մարդկային կյանքի գիտական իմացության, բայց ավելի հաճույքով արթնացնում ենք այն հուշերը, որոնք ինչ-որ ժամանակ թանկ են եղել: Եվ ես քիչ հույս կունենայի հետաքրքրելու ընթերցողին ներկա վերլուծությամբ, եթե վստահ չլինեի նման հարցի ձգողականության մեջ, որը կապվում է շատ հաճույքների հետ:
Սակայն գործնական գեղագիտական փորձառության գերազանցության ճանաչումը տեսական գեղագիտության համեմատ չպետք է թույլ տա մեզ որպես գեղագիտական զգացողության բացատրություն ընդունել այն, ինչն իրականում սոսկ նրա արտահայտությունն է: Երբ Պլատոնը խոսում է հավերժական գաղափարների մասին, որոնցից կազմված է ամեն կատարյալը, նա դառնում է բարոյական գիտակցության խոսնակը: Մեր գիտակցությունն ու ճաշակն են հաստատում այս գաղափարները. դատողություն անել, ըստ էության, նշանակում է իդեալ հաստատել, և բոլոր իդեալները բացարձակ ու հավերժական են դրանք պարունակող դատողության համար, որովհետև իրը լավ կամ գեղեցիկ համարելիս ու հայտարարելիս մեր դատողությունը կտրուկ է, և մեր դատողությամբ ստեղծված չափանիշը այդ դեպքում կարևոր և վերջնական է լինում: Սակայն հաջորդ պահին, երբ միտքը մեկ այլ հիմք է ունենում, կյանքի է կոչվում նոր իդեալ, ներկա դատողության համար ոչ պակաս բացարձակ, ինչպիսին հին իդեալն էր նախորդի համար: Ուրեմն, եթե մենք արտահայտում ենք մեզ համակած զգացմունքները և խոստովանությունները, ինչը պատահում է դատելու ընթացքում, լիովին ճշմարիտ կլինենք` ասելով, որ մենք մշտապես մեր առջև ունենք մի բացարձակ իդեալ և որ արժեքը համապատասխան է այդ իդեալին: Այսպիսով, եթե փորձենք նաև սահմանել այդ իդեալը, հազիվ թե կարողանանք նրա մասին ասել պակաս վեհ և ավելի որոշակի մի բան, քանի որ այն մարմնացումն է անսահման լավի: Քանի որ դա այն անասելի և անիրական կատարելությունն է, որ անդադար հետևում է ցանկացած գեղեցիկ բանի և աստղի նման լուսավորում օթևանից, ուր հավերժություն է տիրում:
Այս փորձառության արտահայտության համար պիտի դիմենք բանաստեղծներին, ամենից ոգեշնչված քննադատներին, իսկ լավագույն դեպքում` Պլատոնի անմահ այլաբանություններին: Սակայն եթե կամենում ենք ավելի շուտ բազմապատկել մեր գիտելիքները, քան զարգացնել մեր զգայունակությունը, պիտի փակենք այս բոլոր հմայիչ գրքերը, քանի որ մեզ ամենից հուզող հարցերի վերաբերյալ որևէ խորհուրդ չենք գտնի դրանց մեջ, մասնավորապես` ինչպե՞ս է մտքում կազմավորվում իդեալը, և տրված առարկան ինչպիսի՞ հարաբերության մեջ է գտնվում նրա հետ, ո՞րն է բոլոր գեղեցիկ առարկաների համընդհանուր տարրը, և ո՞րն է բացարձակ իդեալի հիմքը, որի մեջ բոլոր իդալները ձգտում են միախառնվել, և վերջապես, ինչպե՞ս ենք մենք զգայուն դառնում առհասարակ գեղեցկության նկատմամբ կամ արժևորում այն: Այս հարցերը կարող են գտնել իրենց պատասխանները, եթե իսկապես հնարավոր է մարդկային բնության մասին որևէ գիտություն: Այսպիսով մենք, ուրեմն, հեռու ենք պլատոնականների ներըմբռնումն անտեսելուց, ինչը հույս ունենք բացատրել և որոշ իմաստով հաստատել` ցույց տալով, որ այն բնական և երբեմն էլ մեր էության կարևոր հիմքերի բարձրագույն արտահայտությունն է: